ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

Written by

in

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28-ին տելեգրամի իր պաշտոնական ալիքում կատարած գրառմամբ որոշ մանիպուլյատիվ պնդումներ է արել։ 

Այսպես, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ կառավարությունը 2022 թվականին ՀԱՊԿ-ի կողմից իր պարտավորությունները չկատարելու առնչությամբ փոխում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը, Զախարովան գրել էր․ «Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, և կազմակերպությունը, հակառակ ձեր պնդումներին, արագ արձագանքեց․ ուղարկվեց դիտորդական առաքելություն՝ հենց Հայաստանի տարածք, ինչպես սահմանված է կանոնադրությամբ։ Դուք Երևանում անձամբ եք ընդունել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։ Մի՞թե կարծում եք՝ նա եկել էր Հարավային Կովկասով հիանալու։ Ո՛չ, դա անդամ երկրների տարածքը պաշտպանող կառույցի առաքելությունն էր։ Իսկ դուք ոչինչ չարեցիք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար՝ ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական առումով»։

Ռուսաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Զախարովան, նախկինում ևս պնդել են, թե ՀԱՊԿ-ը պատշաճ արձագանքել է 2022 թվականի սեպտեմբերյան հարձակմանը՝ ընտրողաբար ներկայացնելով կամ շրջանցելով կարևոր փաստերը։ 

Կարդացեք նաև՝ «Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

«Փաստերի ստուգման հարթակը» նախկինում բազմիցս (1, 2, 3) անդրադարձել է նման պնդումներին՝ վերականգնելով իրադարձությունների ժամանակագրությունը և համադրելով կողմերի պաշտոնական հայտարարությունները։ Այս անգամ FIP.am-ն ուսումնասիրել է Զախարովայի ներկայացրած առանձին պնդումները։ 

«Արձագանքել է» չի նշանակում «կատարել է պարտավորությունները»

Զախարովան Փաշինյանի այն պնդմանը, որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր անվտանգության պարտավորությունները, իր գրառմամբ պատասխանում է՝ կազմակերպությունը «օպերատիվ արձագանքել է» և առաքելություն ուղարկել Հայաստան։

Ըստ էության, այս հայտարարությունը փաստացի չի պատասխանում Փաշինյանի պնդմանը։ Խնդիրն այն չէ, թե ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները եկե՞լ են Հայաստան, թե՞ ոչ։ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետություններից մեկի դեմ ագրեսիան կամ նրա անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակումը համարվում է հարձակում բոլոր անդամ պետությունների դեմ։ Այդ պետության դիմումի դեպքում մյուս անդամները պարտավորվում են անհապաղ անհրաժեշտ օգնություն տրամադրել՝ ներառյալ ռազմական։ Հետևաբար, գնահատող առաքելություն ուղարկելը դեռ ինքնին չի նշանակում 4-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունների կատարում։ 

Հայկական կողմի մտահոգությունն այն է, թե ՀԱՊԿ-ն իրադարձությունները ճանաչե՞լ է որպես անդամ պետության դեմ հարձակում և գործարկե՞լ է դրանից բխող պաշտպանության մեխանիզմները։

2022 թվականին ՀԱՊԿ-ի սեպտեմբերի 14-ի պաշտոնական հաղորդագրությամբ առաքելությունը պետք է՝

  • գնահատեր իրավիճակը,
  • զեկույց պատրաստեր պետությունների ղեկավարների համար,
  • իսկ աշխատանքային խումբը՝ մշտադիտարկեր իրավիճակը։

Որևէ ձևակերպում Ադրբեջանի հարձակման, ագրեսիայի կամ Հայաստանի տարածքների օկուպացման մասին այս որոշման մեջ չկար։

Ինչո՞ւ Փաշինյանը չստորագրեց ՀԱՊԿ-ի առաջարկած փաստաթուղթը 

Նույն գրառման մեջ Զախարովան նաև պնդում է, թե 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովում «կազմակերպության առաքելության տեղակայման մասին որոշման» տեքստը համաձայնեցվել էր և պատրաստ էր ստորագրման, սակայն Փաշինյանը հրաժարվել է ստորագրել այն։ 

«Ինչպես հայտնի է, դուք, Նիկո՛լ Վովաևիչ, հրաժարվեցիք։ Որոշումը, ի թիվս այլնի, նախատեսում էր․ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար անհապաղ քաղաքական-դիվանագիտական միջոցառումներ, ռազմատեխնիկական աջակցություն, սահմանապահների վերապատրաստում, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական արագ արձագանքման ուժերի՝ Հայաստանի տարածքում օպերատիվ ծավալման պլանի պատրաստում», -գրել է Զախարովան։

Այս դեպքում Զախարովան ամբողջական չի ներկայացնում իրավիճակը․ Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերի 23-ի նիստում հրապարակայնորեն բացատրել էր, որ փաստաթուղթը չի ստորագրում, քանի որ դրանում բացակայում է Ադրբեջանի գործողությունների հստակ քաղաքական գնահատականը և ադրբեջանական ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրսբերման պահանջը։ «Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, և առավել ևս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը», –ասել էր ՀՀ վարչապետը։ 

Նա մասնավորապես պահանջում էր, որ ՀԱՊԿ-ն արձանագրի Ադրբեջանի ագրեսիան, հաստատի, որ ներխուժումը տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում և պահանջի ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի տարածքից։

Այսինքն, Հայաստանը մերժել է ոչ թե ցանկացած ՀԱՊԿ առաքելություն կամ օգնություն, այլ այն նախագիծը, որը չէր արձանագրում, թե ով է խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և չէր պահանջում օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերում։ 

ԵՄ առաքելության մասին պնդումը սխալ է 

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը բացի մանիպուլյատիվ պնդումներ անելուց, հեգնական ու սխալ ձևով է ներկայացրել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը։ «․․․Եվրոպացի դիտորդներից էական տարբերությունն այն էր լինելու, որ ՀԱՊԿ առաքելությունը լիազորված էր լինելու ոչ թե պարզապես «հեռադիտակով նայել», այլ անմիջականորեն զեկուցել սահմանային իրավիճակի մասին և միջոցներ առաջարկել հնարավոր ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման համար»։

Զախարովայի այս հակադրության առաջին մասը փաստացի սխալ է․ իրավիճակի մշտադիտարկումն ու դրա վերաբերյալ զեկույցներ ներկայացնելը հենց ԵՄ առաքելությունների պաշտոնական գործառույթներից են։ 2022 թվականի հոկտեմբերին ստեղծված ժամանակավոր առաքելության նպատակը սահմանված էր որպես՝ իրավիճակի մշտադիտարկում, վերլուծություն և զեկուցում։

Ընդ որում՝ առաքելության զեկույցները պետք է նպաստեին սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին։ Իսկ ահա 2023 թվականին ստեղծված EUMA-ի մանդատն էլ ներառում է՝

  • կանոնավոր պարեկություն,
  • սահմանային միջադեպերի դիտարկում և զեկուցում,
  • անվտանգության իրավիճակի վերաբերյալ մանրամասն իրազեկվածության ապահովում,
  • հակամարտությունից տուժած բնակչության անվտանգության վերաբերյալ տեղեկությունների հավաքում և զեկուցում,
  • վստահության ամրապնդման ծրագրերի իրականացում և համապատասխան խորհրդատվություն։

Ուստի «եվրոպացիները պարզապես հեռադիտակով դիտում են, իսկ ՀԱՊԿ-ը նաև զեկուցելու էր» ձևակերպումը հեգնական կեղծ հակադրություն է։

«Փաշինյանը ոչինչ չի արել» պնդումը հերքվում է փաստերով 

Զախարովայի՝ Փաշինյանին ուղղված «դուք ոչինչ չարեցիք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար՝ ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական առումով» արտահայտությունը չի հաստատվում փաստերով։

Իսկ փաստերը հետևյալն են՝

  • Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և պահանջել հավաքական քայլեր Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության համար։
  • Հայաստանը 2022 թվականի սեպտեմբերին հարցը ներկայացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
  • Հայաստանի ԱԳ նախարարը սեպտեմբերի 22-ին ԵՄ-ին հրավիրել է դիտորդական առաքելություն տեղակայել Հայաստանում։
  • 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությամբ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ 
  • 2023 թվականի մայիսին կողմերը հաստատել են, որ ճանաչում են Հայաստանի 29,800 և Ադրբեջանի 86,600 քկմ տարածքները։ 
  • 2024 թվականի ապրիլին սահմանազատման հանձնաժողովները համաձայնել են, որ սահմանազատման հիմքը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրն է, և սահմանային առանձին հատվածներում իրականացրել են առաջին գործնական սահմանազատումը։

Պրահայի հայտարարության միակողմանի ներկայացումը 

Զախարովան միակողմանի է ներկայացնում Պրահայի հայտարարությունը։ Նա գրում է․ «Հիշենք նաև նույն աշնան մյուս իրադարձությունները։ 2022-ի հոկտեմբերի 6-ին՝ սահմանային բախումներից երեք շաբաթ անց, դուք ԵՄ հովանու ներքո՝ վստահելով Բրյուսելին ու Փարիզին, ստորագրեցիք Պրահայի հայտարարությունը՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դուք ուղղակիորեն հայտարարեցիք․ «Ադրբեջանի տարածքը 86,6 հազար քառ․ կմ է՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը»։

Այս գրությամբ Զախարովան առանձնացնում է միայն այն հանգամանքը, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դա ներկայացնում որպես Փաշինյանի միակողմանի զիջում։

Բայց Պրահայի հայտարարության մեջ ճանաչումը փոխադարձ է, ինչը նշանակում է՝ 

  • Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,
  • Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը,
  • Ալմա Աթայի հռչակագիրը սահմանվել է որպես սահմանազատման հիմք։

Իսկ հայտարարության երկրորդ մասը Զախարովան ամբողջությամբ լռության է մատնում։ Ավելին՝ նա Լեռնային Ղարաբաղը ներառող 86,600 քկմ-ի մասին Փաշինյանի՝ 2023 թվականի մայիսի հայտարարությունը դնում է 2022 թվականի Պրահայի հայտարարության համատեքստում՝ ստեղծելով տպավորություն, թե հենց այդ ձևակերպումն է ստորագրվել Պրահայում։ Իրականում Պրահայի տեքստում ո՛չ մակերեսներ են նշված, ո՛չ Լեռնային Ղարաբաղը։

Այսպիսով, Զախարովայի գրառման առանձին փաստեր, այո, համապատասխանում են իրականությանը․ ՀԱՊԿ-ն առաքելություն է ուղարկել Հայաստան, իսկ Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերին չի ստորագրել Հայաստանին օգնության վերաբերյալ ներկայացված փաստաթուղթը։ Սակայն այս փաստերը ներկայացված են ամբողջական համատեքստից դուրս։

ՀԱՊԿ-ն այդպես էլ պաշտոնապես չի ճանաչել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, չի արձանագրել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը և չի պահանջել ադրբեջանական ուժերի դուրսբերումը։ Հենց այս գնահատականի բացակայությունն էր փաստաթուղթը չստորագրելու՝ հայկական կողմի հրապարակայնորեն ներկայացված պատճառը։

Միաժամանակ Զախարովան սխալ է ներկայացնում ԵՄ առաքելության գործառույթները, որոնք նույնպես ներառում են իրավիճակի մշտադիտարկում, վերլուծություն և զեկուցում։ Իսկ պնդումը, թե Փաշինյանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար իրավական կամ քաղաքական որևէ քայլ չի կատարել, հերքվում է Պրահայի փոխադարձ ճանաչմամբ, Հայաստանի տարածքի մակերեսի հետագա ամրագրմամբ և Ալմա Աթայի հռչակագրի հիմքով սկսված սահմանազատմամբ։

Հետևաբար, Զախարովան իրական փաստերը ընտրողաբար ներկայացնելով՝ ՀԱՊԿ-ի սահմանափակ արձագանքը նույնացնում է կազմակերպության պայմանագրային պարտավորությունների կատարման հետ և շրջանցում այն հարցը, թե ինչու Հայաստանը մերժեց առաջարկված փաստաթուղթը։

 

Հասմիկ Համբարձումյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *