Blog

  • Փաշինյան. «ԵԱՏՄ եւ ԵՄ միջեւ ընտրություն կատարելու հանրաքվեն անհնար է»

    Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ մենք «հասկանում ենք Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրոպական միությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը»։

    Ելույթ ունենալով Այսօր Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

     

    «Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունման բուն փաստը չի նշանակում, թե Հայաստանն այսօր հնարավորություն ունի դառնալու ԵՄ անդամ։

     

    Երբ հեռանկարում Հայաստանը որակապես պատրաստ լինի ԵՄ-ին անդամակցությանը, դա նույնպես չի նշանակում, թե մեր երկիրն ավտոմատ կերպով կդառնա ԵՄ անդամ։ Դրա համար անհրաժեշտ կլինի ԵՄ անդամ երկրների համաձայնությունը եւ Հայաստանի քաղաքացիների հավանությունը։

     

    Մյուս կողմից, ակնհայտ է, որ անհնար է այս հարցը հանձնել Հայաստանի քաղաքացիների դատին՝ առանց նախնական ինստիտուցիոնալ նախապատրաստական աշխատանքի։ Եվ անգամ դրանից հետո անհրաժեշտ կլինի պաշտոնական հայտով դիմել ԵՄ-ին՝ անդամակցության համար, իսկ դրանից հետո՝ ստանալ թեկնածու երկրի կարգավիճակ»։

     

    Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանի եւ Եվրամիության ընթացիկ հարաբերություններում չկան իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություններ, որոնք կհակասեն Եվրասիական տնտեսական միությունում մեր պարտավորվածություններին»:

     

    «ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելն անհնար է: 

    Առանց թվարկված փուլերի առնվազն մեծ մասն անցնելու՝ հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ եւ կնշանակի, որ մենք ակնկալում ենք քաղաքացիներից մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

     

    Հայաստանի վարչապետը հայտարարել է նաեւ.

     

    «Մի շարք ուղղություններով ԵԱՏՄ սահմանված ռազմավարական նպատակները լիարժեքորեն չեն իրագործվել։ Սա նշանակում է, որ այսօր մենք պետք է կենտրոնանանք ոչ միայն նոր նախաձեռնությունների քննարկման, այլեւ արդեն ընդունված որոշումների գործնական իրականացման, համաձայնեցման ընթացակարգերի արագացման եւ ԵԱՏՄ ինստիտուտների աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա»։

  • Դատարանների խցերում մի շարք չլուծված հարցեր կան․ ՄԻՊ

    Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, իր տարեկան զեկույցներում և հրապարակային հայտարարություններում բազմիցս անդրադարձել է ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ դատարանների խցերում պահելու գործընթացի կարգավորումներին և պահման պայմաններին առնչվող խնդիրներին։ Հարցի կարգավորման նպատակով Պաշտպանի նախաձեռնությամբ նաև բազմիցս կազմակերպվել են քննարկումներ։

    «Մշտադիտարկման այցերի, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների արդյունքում ստացված տեղեկությունների համադրման և վերլուծության հիման վրա ակնհայտ է, որ տարիներ շարունակ արձանագրվող նշված խնդիրները դեռևս չեն ստացել համապարփակ լուծում, ինչն առանձին դեպքերում հանգեցնում է ազատությունից զրկված անձանց հիմնարար իրավունքների ապահովման հետ կապված խնդիրների։

    Մասնավորապես, ազատությունից զրկված անձինք երբեմն ստիպված են լինում տևական ժամանակ գտնվել գիշերելու և հանգստի համար համապատասխան պայմաններ չունեցող խցերում։ Այդ ընթացքում նրանք չեն ապահովվում օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով և մշտական ընդունման դեղորայքով: 

    Դատարանների խցերը հիմնականում ապահովված չեն նյութական անհրաժեշտ հագեցվածությամբ։ 

    Դատարանի խցերում պահվող ազատությունից զրկված անձանց՝ հանձնուքների ընդունման ընթացակարգի և միասնական իրավակարգավորումերի բացակայությունը հանգեցնում են ազատությունից զրկված անձանց առաջին անհրաժեշտության իրերով և սննդով ապահովելու, ինչպես նաև դրանց ընդունումը պատշաճ կազմակերպելու և վերահսկելու հետ կապված գործնական խնդիրների։ 

    Մարդու իրավունքների պաշտպանը այս հանգամանքը մտահոգիչ է համարում և ընդգծում է, որ դա կարող է հանգեցնել ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի:

    Համապատասխան իրավական կարգավորումների բացակայությամբ պայմանավորված՝ գործնականում հաճախ խնդիրներ են առաջանում՝ կապված այն հարցի հետ, թե ո՞ր պետական մարմնի պարտականությունն է ազատությունից զրկված անձանց դատարանի խցերում տեղաբաշխելը, պահման բավարար պայմաններ, ներառյալ՝ պատշաճ սնունդ, բուժօգնություն, ինչպես նաև դատարանի շենքում վերջիններիս անվտանգությունն ու իրավաբանական խորհրդատվությունը կոնֆիդենցիալ եղանակով ապահովելը:

    Արդյունքում՝ ոլորտին առնչվող օրենսդրական բացերը և հստակ ընթացակարգային մեխանիզմների բացակայությունը շարունակում են հանգեցնել ազատությունից զրկված անձանց իրավունքների տարաբնույթ խախտումների։

    Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ պետք է օրենսդրությամբ պատշաճ և հստակ կարգավորում ստանան ազատությունից զրկված անձանց դատարանի խցերում տեղաբաշխելու, պարտադիր կենցաղային գույքով, պահման բավարար պայմաններով, ներառյալ՝ պատշաճ սնունդ և բուժօգնություն ապահովելու, ինչպես նաև դատարանի շենքում վերջիններիս անվտանգությունն ու իրավաբանական խորհրդատվության կազմակերպումն ապահովելու հարցերը՝ բացառելով նշված խնդրի լուծմանն ուղղված տարբերակված և հայեցողական մոտեցումները։

    Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հարցի առնչությամբ համակարգային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը՝ ակնկալելով սեղմ ժամկետներում պետական իրավասու մարմինների արձագանքը ինչպես ոլորտում առկա օրենսդրական բացերը, այնպես էլ գործնական խնդիրները լուծելու ուղղությամբ»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

  • Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա»․ «Հրապարակ»

    Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա»․ «Հրապարակ»«Հրապարակը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը տեւական ժամանակ է մուտք է գործել սպորտի աշխարհ եւ զբաղեցնում է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, վաղուցվանից էր աչք դրել Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին վրա: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը 2004 թվականից ի վեր քաղբանտարկյալի կարգավիճակում գտնվող Գագիկ Ծառուկյանն է:

    «Հրապարակը» նախկինում գրել է, որ Արայիկ Հարությունյանը վաղուց է մտմտում ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնն իրենով անելու սցենարների շուրջ: Նա այս տարեսկզբին հայտարարեց, որ Ծառուկյանն իրավունք չունի զբաղեցնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնը, քանի որ այս տարի լրանում է նրա 70 տարին: Ի վերջո, ի՞նչ է լինելու ՀԱՕԿ-ի հետ. Գագիկ Ծառուկյանը կալանավորված է, իսկ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Հայաստանում չէ, ու ասում են` դժվար թե շուտ վերադառնա՝ աչքի առաջ ունենալով Ծառուկյանի հետ տեղի ունեցածը: Նրան ուղիղ տեքստով ասել են` հաջորդը դու ես, եւ նա մեկնել է երկրից դեռ Ծառուկյանին կալանավորելուց առաջ:

    Մեր տեղեկություններով, իշխանությունը պատրաստվում է իրենով անել նաև ՀԱՕԿ-ը: Չնայած ՀԱՕԿ-ը ՄՕԿ-ի` Միջազգային օլիմպիական կոմիտեի կազմում է ընդգրկված, տեսակով հասարակական կամակերպություն է` պետությանը չի ենթարկվում, եւ աշխարհում ընդունված չէ ՄՕԿ կառույցների հետ նման կերպ վարվելը, բայց Նիկոլ Փաշինյանն աշխարհի կանոններին չի ենթարկվում եւ այստեղ եւս որոշել է «իշխանափոխություն» անել:

    Մեզ հասած տեղեկություններով, աշնանը, հնարավոր է՝ սեպտեմբերին, համագումար կհրավիրեն, որտեղ ՀԱՕԿ-ի կազմում ընդգրկված սպորտային ֆեդերացիաների ղեկավարները կընտրեն նոր ՀԱՕԿ ղեկավար, ու չի բացառվում, որ դա ՔՊ առանցքային դեմքերից մեկը լինի կամ հենց այս պաշտոնի վրա վաղուց աչք դրած Արայիկ Հարությունյանը:

    Տարատեսակ ճնշումներով ՔՊ-ի համար դժվար չի լինի ստանալ այս կամ այն ֆեդերացիայի նախագահի համաձայնությունը՝ Ծառուկյանին գահընկեց անելու եւ ցանկալի նախագահ կարգելու հետ կապված: Դե իսկ Ռոստոմյանն էլ, թերեւս, ինքնակամ կհրաժարվի կամ ուղղակի չի մասնակցի այդ պրոցեսին: Առանձնապես բարդ խնդիր չի լինի նաեւ ՀԱՕԿ նախագահի փոփոխությունից հետո ՀԱՕԿ ղեկավար կազմի եւ գործկոմի փոփոխություն անելը: Իսկ այս ներքին պրոցեսներին Միջազգային օլիմպիական կոմիտեն դժվար թե փորձի որեւէ կերպ մասնակցություն ունենալ` դա կհամարեն Հայաստանի ներքին խնդիրը, եւ Ծառուկյանի ու սպորտի շահերը պաշտպանողներ էլ չեն գտնվի, որովհետեւ մարդիկ արդեն հաշտվել են այն ապօրինի հաշվեհարդարի հետ, որն իրականացնում է Փաշինյանը ԲՀԿ-ի եւ, մասնավորապես` Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ոտնահարելով միջազգային բոլոր նորմերն ու օրենքները եւ որեւէ արձագանքի դրսից չարժանանալով:

  • Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը


    Տնտեսություն





    Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ամառային դպրոցի շրջանակում անցկացրեց բնապահպանական կրթական ինտերակտիվ միջոցառում՝ ներկայացնելով «Մտապահիր կենդանիներին» նոր կրթական խաղը։

    Խաղի ընթացքում երեխաները ծանոթացան Հայաստանում հանդիպող կենդանատեսակներին՝ միաժամանակ զարգացնելով հիշողությունը, ուշադրությունն ու ճանաչողական հմտությունները։ Նախաձեռնության նպատակն է խաղային և երեխաների համար հասանելի ձևաչափով զարգացնել նրանց հետաքրքրությունը բնության նկատմամբ, բարձրացնել շրջակա միջավայրի պահպանության և Հայաստանի կենսաբազմազանության վերաբերյալ իրազեկվածությունը։

    Ամառային դպրոցի սաների հետ խաղի փորձարկմանը և բնապահպանական թեմաներով քննարկմանը մասնակցեց նաև Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    «Ucom-ի՝ որպես կանաչ ընկերության համար կարևոր է աջակցել նախաձեռնությունների, որոնք օգնում են ճանաչել Հայաստանի բնությունը և դեռ փոքր տարիքից գիտակցել այն պահպանելու իրենց դերը։ Բնապահպանական մտածողությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ բնության մասին գիտելիքները ներկայացվում են հասկանալի և հետաքրքիր ձևով։ Խաղը լավագույն գործիքներից մեկն է, քանի որ այն միավորում է կրթությունը, հաղորդակցությունն ու անմիջական մասնակցությունը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    ««Արևորդի» ՀԿ-ի առաքելության առանցքում երեխաների ու պատանիների բնապահպանական կրթությունն է։ «Մտապահիր կենդանիներին» խաղը պարզապես ժամանց չէ․ այն հնարավորություն է փոքր տարիքից ճանաչելու Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու եզակի կենդանատեսակները։ Սովորելով սիրել ու պահպանել բնությունը խաղի միջոցով՝ երեխաները դառնում են դրա ապագա պաշտպանները։ Ուրախ ենք Ucom-ի հետ այս համագործակցության համար, որի շնորհիվ ստեղծել ենք գործնական ու հետաքրքիր կրթական գործիք», – ընդգծել է «Արևորդի» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Սոնա Քալանթարյանը։

    Միջոցառման ավարտին խաղի օրինակներ տրամադրվեցին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանին և մասնակից երեխաներին՝ հնարավորություն տալով շարունակել բացահայտել Հայաստանի կենդանական աշխարհը նաև հանդիպումից հետո։

    Նախաձեռնությունն իրականացվում է նաև ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին ընդառաջ իրականացվող իրազեկման աշխատանքների շրջանակում։ Նախատեսվում է տպագրել խաղի ավելի քան 500 օրինակ, որոնք COP17-ի ընթացքում կանաչ գոտում կտրամադրվեն երեխաներին։

    «Յուքոմ» ՓԲԸ

    Մամլո ծառայություն

    Էլ․ փոստ՝ [email protected]



  • Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան



    Քաղաքականություն





    Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին

     

    Օգոստոսի 7, 15:30

     

    հասցե` Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան․

     




  • Հայաստանի ներկայիս իշխանությունը ձախողում է թե՛ երկրի ներսում ազգային համերաշխության պահպանման, թե՛

    Իշխանության գործողությունները երկրի ներսում և արտաքին ճակատում դրանց բացակայությունը կամ առնվազն ոչ բավարար լինելն ամրապնդում են խորքային մտահոգությունները պետականության, ազգային արժեքների և արդարության վերաբերյալ, նշել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

    «Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը։ Պետական ապարատի կողմից համազգային հեղինակություն ունեցող կառույցի նկատմամբ ոտնձգությունը հակասահմանադրական է և վտանգում է պետություն հիմքերը։

    Միաժամանակ, միջազգային հանրության աչքի առջև ու ՀՀ իշխանությունների լռության ներքո Բաքվի Վերաքննիչ դատարանի կողմից մեր գերեվարված հայրենակիցների նկատմամբ այսօր կայացված դատավճիռը ցույց է տալիս Ադրբեջանի իրական քաղաքականությունը՝ հայ ժողովրդի  նկատմամբ։

    Այս երկու իրադարձությունները թույլ են տալիս անել մեկ ընդհանուր հետևություն․ Հայաստանի ներկայիս իշխանությունը ձախողում է թե՛ երկրի ներսում ազգային համերաշխության պահպանման, թե՛ արտաքին ճակատում հայ ժողովրդի շահերի պաշտպանության գործը, ինչը վկայում է, որ Հայաստանը կարիք ունի իշխանության, որը կպաշտպանի ոչ թե սեփական քաղաքական դիրքը, այլ ազգային արժանապատվությունը, իրավական արդարությունը և պետական շահը»։

  • ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան 07.08.2026 #ուղիղ

    ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան 07.08.2026 #ուղիղ

  • ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ

    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն չկա։  Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

    «Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա»,-ասել է ՌԴ ներկայացուցիչը։  

    Վասիլևը նաև անդրադարձել է այն տեսակետին, թե որքանո՞վ են Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև առկա խնդիրները կապված եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ՝ ափսոսանք հայտնելով, որ հակամարտությունը հնարավոր չի եղել լուծել խաղաղ ճանապարհով։

    «Տարիներ շարունակ փորձեր են արվել, այդ թվում՝ տարբեր միջազգային ձևաչափերով, Լեռնային Ղարաբաղի կարգավորման համար փոխզիջումային լուծումներ գտնելու համար։ Մոսկվան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ առաջարկել են համապատասխան լուծումներ, որոնք լավ հայտնի են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարությանը։ Ցավոք, խաղաղ ճանապարհով հնարավոր չեղավ համաձայնության հասնել, առաջին հերթին այս տարածքային վեճի կողմերի միջև։ Հակամարտության արդյունքում զոհեր եղան ինչպես Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության, այնպես էլ ռուս խաղաղապահների շրջանում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիները նույնպես պետք է հիշեն դա։ Բայց ամեն դեպքում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որևէ կապ չուներ ՀԱՊԿ-ի մանդատի հետ, և Երևանը գիտի դա»,-նշել է Վասիլևը։

    Նա նաև հավելել է, որ Մոսկվան ցանկանում է պահպանել Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների փոխկապակցված կյանքն ու ճակատագրերը, ոչ միայն տասնամյակների, այլև դարերի ընթացքում։

    «ՀԱՊԿ-ի մյուս անդամ պետությունները նույնպես ունեն իրենց սեփական շահերը և Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների իրենց սեփական պատմությունը»,-նկատել է նա։

    Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել էր France 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

  • ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան

    Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումը շարունակում է արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթություններից մեկը մնալ։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։

    «Երևանը հանդես է գալիս ի պաշտպանություն այն սկզբունքների, որոնք դրված են ԵԱՏՄ-ի հիմքում: Այդ մոտեցումը կարտացոլվի նաև նոր կառավարության ծրագրում»,- հավելել է նա։

    «Կազմակերպության հիմնարար սկզբունքներից է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժը: Ցավոք, այդ սկզբունքները գործնականում լիարժեքորեն չեն իրագործվում։ Առանձին սահմանափակումները և վարչական գործողությունները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը՝ նվազեցնելով բիզնեսի վարման պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը»,- հայտարարել է Փաշինյանը:

  • Կանադայի Հայոց թեմը դատապարտել է Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդումը

    Կանադայի Հայոց Թեմի Առաջնորդի և Թեմական Խորհրդի հայտարարությունը․
    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարության, կանոնական իրավասության և եկեղեցու ներքին գործերին պետական միջամտության անթույլատրելիության վերաբերյալ:
    Կանադայի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը և Թեմական խորհուրդը հանդես են գալիս սույն պաշտոնական հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Հայաստանի Հանրապետության իրավապահ և դատական մարմինների կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ծայրագույն Պատրիարքի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու որոշումը, որն առնչվում է բացառապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին կարգապահական, վարչական և եկեղեցական իրավասության շրջանակին։

    Սույն հայտարարությամբ վերահաստատում ենք մեր հարգանքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և պետական օրինական իշխանությունների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, ընդգծում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայության օրինական ընտրված և օծյալ Սրբազան Հայրապետն է, որի հոգևոր ծառայությունն ու վարչական լիազորությունները կարգավորվում են Եկեղեցու սրբազան Ավանդությամբ, կանոններով և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կանոնադրական կարգով։

    Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև երաշխավորվում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Այս սկզբունքը համահունչ է նաև միջազգային իրավունքի հիմնարար նորմերին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթներին, որոնք պաշտպանում են կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և պարտավորեցնում պետությանը ձեռնպահ մնալ դրանց ներքին կյանքին միջամտելուց։

    Հետևաբար, եկեղեցական կարգապահության, նվիրապետական կառուցվածքի կամ հոգևոր կառավարման հարցերը քրեական կամ քաղաքացիական իրավասության դաշտ տեղափոխելու ցանկացած փորձ իրավական սահմանների անհիմն կիրառում է, որը հակասում է պետություն–եկեղեցի հարաբերությունների ձևավորված սկզբունքներին և խախտում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարության սահմանադրական ու միջազգային իրավական երաշխիքները։

    Որպես Կանադայի քաղաքացիներ՝ մի երկրի, որի իրավակարգը հիմնված է իրավունքի գերակայության, սահմանադրական սկզբունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վրա, վերահաստատում ենք այն համոզմունքը, որ պետական իշխանությունները պարտավոր են հարգել կրոնական կառույցների ինքնավարությունն ու ներքին անկախությունը։ Եկեղեցու ներքին կառավարմանն առնչվող հարցերով Հայ Եկեղեցու հոգևոր առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը վտանգավոր նախադեպ է, որը կարող է խաթարել կրոնական ազատության իրավական պաշտպանությունը։
    Մեր ժողովրդի առջև ծառացած աշխարհաքաղաքական և անվտանգային լուրջ մարտահրավերների պայմաններում պետության կայունությունն ու ազգային համախմբվածությունը հնարավոր են միայն Սահմանադրության ոգուն ու տառին հավատարիմ մնալու, ինչպես նաև պետության և Եկեղեցու փոխադարձ հարգանքի ու ինքնավարության պահպանման պայմաններում։

    Ուստի կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավասու պետական և իրավապահ մարմիններին՝
    * դրսևորել իրավական ողջախոհություն և անհապաղ դադարեցնել եկեղեցու ներքին իրավասությանն առնչվող քրեական վարույթները,
    * անվերապահորեն պահպանել Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով ամրագրված սկզբունքները՝ հարգելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունն ու կանոնական կարգը,
    * վերահաստատել հանձնառությունը կառուցողական երկխոսությանը՝ ի նպաստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իրավունքի գերակայության, ինչպես նաև հայրենիքում և Սփյուռքում ազգային միասնության ամրապնդման։

    Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան
    Կանադայի Հայոց Թեմի Առաջնորդ
    Թեմական խորհուրդ Կանադայի Հայոց Թեմ