Blog

  • Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության զորամաս | Հայաստան

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 26-ին աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։

    Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպում է ունեցել զորամասի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։

    Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների ծառայության և սոցիալ-կենցաղային պայմաններին, այդ թվում՝ բուժծառայության կազմակերպմանը, սննդի ապահովմանը, կարգապահությանն ու բարոյահոգեբանական վիճակին առնչվող հարցերին։ Պաշտպանը կարևորել է ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ զորամասում տարվող աշխատանքները։

    Այցի շրջանակում Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել նաև զինծառայողների հետ։ Առանձին հարցեր քննարկվել են զորամասի հոգեբանի հետ։

    Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների կյանքի իրավունքի երաշխավորման, մահվան, ինքնասպանությունների և ինքնավնասումների, վատ վերաբերմունքի, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ համալիր և շարունակական աշխատանքի իրականացումը։

    Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ վերջին շրջանում արձանագրված դեպքերը և Զինված ուժերում իրավունքների երաշխավորման համատեքստում առկա խնդիրները վկայում են, որ, չնայած տարիների ընթացքում իրականացված աշխատանքներին, ոլորտում դեռևս առկա են հրատապ և համակարգային լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ։

    Պաշտպանը նշել է, որ բռնի մահվան դեպքերի, ինքնասպանությունների, ինքնավնասումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հետ կապված հարցերը համակարգային բարեփոխումների կարիք ունեն, իսկ Զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների բացառումն օրակարգային անհրաժեշտություն է։

    Միաժամանակ, Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է զինվորական կարգապահության ամրապնդման, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի պահպանման և բարելավման, խնդիրների վաղ վերհանման և դրանց պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների ապահովման անհրաժեշտությունը։

    Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է։

    Պաշտպանը կարևորել է նաև Պաշտպանության նախարարության հետ շարունակական համագործակցությունը՝ ոլորտային խնդիրների հասցեագրման և դրանց արդյունավետ լուծման տեսանկյունից։

  • Սև ծովից մոտենում է ցիկլոն․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video)

    Սև ծովից մոտենում է ցիկլոն․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video)

  • «Արվեստագետը որպես պատկեր». երբ դիմանկարը պատմում է ժամանակը

    Լուսանկարը կարող է պարզապես ցույց տալ մարդու դեմքը։ Բայց երբ այդ մարդը արվեստագետ է, լուսանկարը երբեմն դադարում է սոսկ դիմանկար լինելուց։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Արվեստագետը որպես պատկեր» ցուցահանդեսը լուսանկարչական դիմանկարի միջոցով ներկայացնում է արվեստագետի կերպարի փոփոխությանը 19-րդ դարի վերջից մինչեւ մեր օրերը։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Սա պատմական եւ խորհրդանշական ցուցահանդես է», – ասում է համադրող Վիգեն Գալստյանը՝ նկատի ունենալով այն փաստը, որ Ազգային պատկերասրահում սա լուսանկարչությանը նվիրված առաջին ցուցահանդեսն է, որը մեծապես հիմնված է հենց պատկերասրահի սեփական հավաքածուի վրա։

    Վիգեն Գալստյանը Վիգեն Գալստյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Մի քանի տարի առաջ նման ցուցադրությունը դժվար էր պատկերացնել: Ազգային պատկերասրահը լուսանկարչության բաժին չուներ, իսկ լուսանկարչությունը Հայաստանում դեռեւս չէր ստացել այն տեղը, որը հնարավորություն կտար այն դիտարկել նաեւ որպես արվեստի ինքնուրույն ձեւ։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 50 արվեստագետների լուսանկարներ՝ Հովհաննես Այվազովսկուց, Հակոբ Գյուրջյանից ու Մարտիրոս Սարյանից մինչեւ Պաբլո Պիկասո, Սալվադոր Դալի, Սերգեյ Փարաջանով, Արմինե Գալենց եւ Մինաս Ավետիսյան։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Վաղ շրջանի լուսանկարչական դիմանկարներում արվեստագետը հաճախ ներկայանում է որպես առանձնահատուկ անհատ։ Տաղավարային լուսանկարը պահանջում էր կանգնել, նստել, նայել տեսախցիկին եւ որոշակիորեն «ներկայանալ»։ 

    Այստեղ արվեստագետը դեռեւս հիմնականում անձ է, որի մասնագիտությունն ընդգծվում է իր դիրքով, հագուստով կամ այնպիսի միջավայրով, որը նրան առանձնացնում է առօրյա մարդուց։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Հին լուսանկարների ստատիկությունը, պաշտոնականությունը, կոմպոզիցիայի կառուցվածքը մի բան են ասում արվեստագետի հասարակական դիրքի մասին։ Ավելի ուշ լուսանկարչության մեջ հայտնվող ազատ կեցվածքը, անկաշկանդ միջավայրը կամ աշխատանքային պահի ֆիքսումը՝ մեկ այլ։ Այդ իմաստով լուսանկարը ժամանակի փաստաթուղթ է դառնում։

     

    Այստեղ է առաջանում ցուցահանդեսի առանցքային հարցը. եթե արվեստագետի կերպարը փոխվում է, փոխվո՞ւմ է արդյոք նաեւ այն հասարակությունը, որը նայում է նրան։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Վիգեն Գալստյանի խոսքով՝ ցուցադրությունը ներառում է ավելի քան մեկ դարի պատմություն եւ թույլ է տալիս հետեւել ոչ միայն լուսանկարչության, այլեւ արվեստագետի մասին պատկերացման փոփոխությանը։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Ո՞վ է արվեստագետը» հարցը երբեք միայն արվեստի մասին հարց չի եղել։ Արվեստագետի դասական կերպարը երկար ժամանակ կառուցվել է առանձնահատուկ անհատի գաղափարի շուրջ՝ ստեղծագործողի, որը կարծես սովորական հասարակական կյանքից մի փոքր հեռու է եւ իր աշխատանքով առանձնանում է մյուսներից։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Հետագայում, հատկապես ժամանակակից արվեստի եւ լուսանկարչության զարգացմամբ, այդ սահմանը սկսում է քանդվել։ Արվեստագետը այլեւս պարտադիր չէ, որ ներկայանա որպես «հանճար»։ Նա կարող է դտարկել սեփական ինքնությունը, խաղալ իր կերպարի հետ, փոխել այն, բեմադրել կամ նույնիսկ ամբողջությամբ կասկածի տակ դնել։

     

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այսօր արվեստագետը ոչ միայն լուսանկարվող մարդ է, այլ նաեւ իր պատկերի համահեղինակը։ Սոցիալական մեդիայի դարաշրջանում այս գործընթացը կարող է ծայրահեղության հասնել։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Արվեստագետն ինքն է ընտրում՝ ինչ լուսանկարով ներկայանալ, ինչ միջավայրում, ինչ հագուստով, ինչ տեքստի ուղեկցությամբ։ Եթե նախկինում լուսանկարիչն ու հաստատությունն էին մեծապես որոշում, թե ինչպես է արվեստագետը մտնելու հանրային հիշողության մեջ, այսօր այդ իշխանությունը տեղափոխվել է հենց արվեստագետի ձեռքը։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Բայց լուսանկարը միշտ էլ ընտրություն է։ Այն կարող է մեզ մոտեցնել մարդուն, բայց կարող է նաեւ հեռավորություն ստեղծել։ Ցուցահանդեսը դուրս է գալիս սովորական «հայտնի մարդկանց լուսանկարների» հավաքածու լինելու շրջանակից։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այլ առաջարկում է լուսանկարին նայել ոչ թե որպես արվեստագետին ճանաչելու պարզ միջոցի, այլ որպես մեխանիզմի, որով մշակույթը հիշում է իր արվեստագետներին։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Արվեստագետը որպես պատկեր» ցուցահանդեսը, այդ իմաստով, նաեւ Ազգային պատկերասրահի պատմության մասին է։ Ինչպես ասում է Վիգեն Գալստյանը, եթե չլինեին արվեստագետները, չէր լինի ոչ միայն այս հավաքածուն, այլեւ հաստատությունը, շենքը եւ այն մշակութային կյանքը, որն այսօր դրա շուրջ է ձեւավորվում։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Լուսանկարը պահում է դեմքը։ Ժամանակը փոխում է դրա իմաստը։ Եվ հենց այդ պատճառով ցուցահանդեսից դուրս գալիս արդեն դժվար է նայել արվեստագետի դիմանկարին միայն որպես դիմանկարի։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Դեմքի կողքին սկսում ենք տեսնել դարաշրջանը, նրա ստեղծած մշակութային միջավայրը, հասարակության սպասումները եւ այն կերպարը, որը նա՝ գիտակցաբար կամ ոչ, թողել է իրենից հետո։

     

    «Արվեստագետը որպես պատկեր» ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի մինչեւ հոկտեմբերի 4-ը։

     

    Աստղիկ Հովհաննեսով

     

    Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

  • Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

    Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է Արթիկ քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Գրիգոր Հակոբյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

    Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։

  • «Սա իմ երկիրն է, իմ հողը և վերջ»․ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն

    Մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ՆԳՆ–ից։

    Հաղորդագրության մեջ ասվում է. «Տասնամյակներ շարունակ նա Հայաստանինն էր, ու Հայաստանն իրենն էր համարում։ Այստեղ էր ծավալում իր գործունեությունը, ստեղծագործում իր երկրի մասին ու իր երկրի համար։ Բայց կար մի հակասություն․ չնայած այդքան սերտ էր կապված Հայաստանի հետ, սակայն նրա իրավական կարգավիճակը երկար տարիներ չէր արտացոլում այդ կապը․ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէր։

    Այս հակասությունն էլ Լորիս Ճգնավորյանի՝ մեծանուն կոմպոզիտորի ու դիրիժորի կյանքի ուշագրավ դրվագներից մեկն է։

    Իրանի Բորուջերդ քաղաքում ծնված, Վիեննայում, Զալցբուրգում և Միչիգանում կրթություն ստացած, Լոնդոնում ու Նյու Յորքում ստեղծագործած երաժիշտը կարող էր իր կարիերան կառուցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, սակայն 1989 թվականից ճանապարհը նրան նորից Հայաստան է բերում։

    «Իմ հայրը ինձ հայրենասիրական ոգով է մեծացրել և իմ երազանքն էր Հայաստան գալը։ Չնայած մեծ կարիերա ունեի արտասահմանում, բայց երբ երկրաշարժը եղավ, ամեն ինչ մոռացա, եկա հայրենիք։ Սկսեցի գործունեությունս «Այո՛ անկախությանը» ճանապարհին։ Մեր հանրապետության հիմը, եռագույնը, զինանշանը ինձ համար սուրբ էր»,-հիշում է Ճգնավորյանը։

    Մաեստրոյի համար քաղաքացիությունն ու ինքնությունը երկու տարբեր հարթություններ էին։ Քաղաքացիությունը՝ պետության հետ կայուն իրավական կապի, իսկ հայ լինելը՝ ինքնության հարց էր։

     «Չնայած ժողովուրդն ինձ ընդունում է, բայց լավ կլիներ ես էլ հայրենիքիս անձնագիրն ունենայի, դիմեցի և փառք Տիրոջը, որ կատարվեց երազանքս։

    Շատ հուզիչ էր ինձ համար, որովհետև երբ հնչեց օրհներգը, տեսա դրոշն ու զինանշանը, հիշեցի, որ ժամանակին հենց այդ խորհրդանիշների համար եմ պայքարել Ազգային ժողովում՝ դրանք ժողովրդին ներկայացնելով ու պաշտպանելով։ Եվ այսօր, հենց այդ խորհրդանիշների ներքո, ինքս երդում տվեցի հայրենիքիս՝ մնալ նրան հավատարիմ»,-նշում է նա։

    Տարիներ անց մաեստրոն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

    Այն կապը, որը տարիներ շարունակ գոյություն ուներ նրա ստեղծագործության, գործունեության ու ինքնության մեջ, այժմ ամրագրված է նաև իրավական մակարդակում։ Եվ եթե տարիներ շարունակ նա Հայաստանն իրենն էր համարում, ապա այսօր այդ պատկանելությունը հաստատված է նաև իրավականորեն։

    «Ես որբ եմ մեծացել։ Զարմանալի է՝ երբեք երկիր չեմ ունեցել․ Պարսկաստանում հայ էի, Հայաստանում պարսիկ էի, օտար երկրներում՝ օտար։ Երբևիցե չեմ հասկացել՝ երկիր ունենալն ինչ է նշանակում։ Երկիր չեմ ունեցել։ Ես ինձ հայաստանցի եմ զգացել, և երբ հեռացա այստեղից, ինձ համար մեծ կորուստ էր։ Իսկապես որբություն զգացի։

    Մեկ շաբաթ է, ինչ զգում եմ, որ երկիր ունեմ։ Եվ շնորհակալություն»:

  • Ռուսաստանի տարբեր շրջաններում մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 426 ուկրաինական անօդաչու թռչող սարք





    ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ օգոստոսի 26-ի գիշերը Ռուսաստանի տարածքում ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 426 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

    ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օրյոլի, Կալուգայի, Տուլայի, Լիպեցկի, Վորոնեժի, Տամբովի, Ռյազանի, Նիժնի Նովգորոդի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի տարածքում։

    Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 10 ԱԹՍ է խոցվել։

    Գիշերվա ընթացքում «Ռոսավիացիան» սահմանափակել էր Պենզայի, «Դոմոդեդովո», «Ժուկովսկի», Սարատովի, Սարանսկի, Չեբոկսարիի, Նիժնի Նովգորոդի, Կազանի և Յարոսլավլի օդանավակայանների աշխատանքը։ Ներկայում բոլոր օդանավակայանները գործում են բնականոն ռեժիմով։

    Օգոստոսի 25-ին ՌԴ ՀՕՊ ուժերը Բելգորոդի, Կուրսկի, Բրյանսկի և Ռոստովի մարզերի, ինչպես նաև Սև ծովի ջրային տարածքի վրա խոցել էին ևս 39 ուկրաինական ԱԹՍ։ Իսկ օգոստոսի 25-ի գիշերը Ռուսաստանի շրջանների և ծովային տարածքների վրա ոչնչացվել էր 148 անօդաչու։




    դիտվել է 166 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Ամբիոն Նյուզի պատասխանը փաստաբան Արսեն Բաբայանին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հայրենիք կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը անդրադարձել է «Ամբիոն Նյուզ»-ի հրապարակմանը՝ փորձելով հարցը ներկայացնել բացառապես փաստաբանի անվան հնարավոր օգտագործման համատեքստում։

    Շնորհակալ ենք, պարոն Բաբայան, մեր հրապարակմանն արձագանքելու համար։ Սակայն Ձեր արձագանքից հետո առաջանում են մի շարք էական հարցեր, որոնց պատասխանները նույնպես կարևոր են հանրային քննարկման համար։

    Եթե փաստաբանը պնդում է, որ իր անունն առանց իր գիտության և համաձայնության օգտագործվել է հնարավոր հանցագործության համատեքստում, ապա արդարացի հարց է առաջանում՝ որքանո՞վ է իրավաչափ և մասնագիտական էթիկային համապատասխան առանց որևէ նախնական խոսակցության, պարզաբանման կամ վստահորդից բացատրություն ստանալու անմիջապես իրավապահ մարմնին հաղորդում ներկայացնելը։

    Առավել ևս՝ երբ խոսքը վերաբերում է մի անձի, որի շահերը փաստաբանը նախկինում պաշտպանել է։

    Փաստաբանական գործունեության հիմքում վստահությունն է։ Իսկ վստահության կարևոր բաղադրիչներից մեկը նաև վստահորդի հետ հաղորդակցությունն ու նրա դիրքորոշումը պարզելն է։

    Հետևաբար մեր հարցը ոչ թե այն է, թե փաստաբանն իրավունք ունե՞ր իրավապահ մարմնին դիմելու, այլ՝ արդյո՞ք այդ քայլին նախորդել է վստահորդի հետ որևէ պարզաբանում, և արդյո՞ք փաստաբանը փորձել է անմիջականորեն ճշտել իր անունի օգտագործման վերաբերյալ հանգամանքները։

    Մյուս և առավել կարևոր հարցը վերաբերում է փաստաբանի կողմից վստահորդի նկատմամբ հնչեցված արտահայտություններին և հաղորդագրություններին։

    Մենք չենք խոսում ենթադրությունների մասին։ Մեր ձեռքում առկա են համապատասխան փաստական տվյալներ, այդ թվում՝ Տելեգրամի հաղորդակցության ամբողջական պահպանված պատմությունը։ Փաստաբանի կողմից որոշ հաղորդագրություններ ջնջված լինելու հանգամանքը դեռևս չի նշանակում, որ դրանք չեն պահպանվել։

    Վստահորդը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, պահպանել է ամբողջական հաղորդակցությունը մեկ այլ վայրում։

    Ուստի եթե քննարկվում է մասնագիտական էթիկան, ապա քննարկումը պետք է լինի ամբողջական և ոչ ընտրովի։

    Պարոն Բաբայան, որքանո՞վ եք արդարացված համարում այն վարքագիծը, երբ փաստաբանը՝

    առանց վստահորդի հետ նախապես խոսելու և հանգամանքները ճշտելու, հաղորդում է ներկայացնում իրավապահ մարմիններին,

    միաժամանակ վստահորդի նկատմամբ օգտագործում է վիրավորական կամ ահաբեկող բնույթի արտահայտություններ,

    իսկ հետագայում հանրային դաշտում կատարվածը ներկայացվում է բացառապես որպես «փաստաբանի անունը հնարավոր հանցագործության մեջ օգտագործելու» պատմություն։

    Մենք որևէ մեկին մեղավոր չենք ճանաչում և չենք պատրաստվում փոխարինել իրավապահ կամ դատական մարմիններին։ Բայց եթե խոսքը մասնագիտական էթիկայի մասին է, ապա էթիկան պետք է գնահատվի բոլոր հանգամանքների համատեքստում, ոչ թե միայն այն հատվածով, որը հարմար է մեկ կողմի դիրքորոշմանը։

    Եվ վերջապես՝ եթե փաստաբանը պնդում է, որ իր անունն օգտագործվել է առանց իր համաձայնության, թող իրավասու մարմինները պարզեն այդ հանգամանքը։ Իսկ եթե առկա են վստահորդին ուղղված վիրավորական, սպառնալիքի կամ ահաբեկման բնույթի հաղորդագրություններ, դրանք ևս պետք է գնահատվեն իրենց ամբողջական համատեքստում։

    «Ամբիոն Նյուզ»-ը պատրաստ է հրապարակել և ներկայացնել ամբողջական փաստական տվյալները՝ առանց որևէ հաղորդագրություն կտրելու կամ համատեքստից դուրս ներկայացնելու։

    Մեր նպատակը որևէ փաստաբանի կամ վստահորդի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ձևավորելը չէ։ Մեր նպատակը բոլոր կողմերի դիրքորոշումը ներկայացնելն ու հանրային կարևորություն ունեցող հարցի ամբողջական պատկերը բացահայտելն է

  • Փաշինյանը «ահաբեկչական» ծրագիր է ներկայացրել․․․ ԱԺ-ում իրեն կորցրել էր մի պատճառով․ Իշխանյան (video)

    Փաշինյանը «ահաբեկչական» ծրագիր է ներկայացրել․․․ ԱԺ-ում իրեն կորցրել էր մի պատճառով․ Իշխանյան (video)

  • Սյունիքի մարզի խորհրդի նիստում ամփոփվել են ընթացիկ ծրագրերն ու խնդիրները

    Օգոստոսի 25-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի նախագահությամբ տեղի է ունեցել մարզի խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցել են համայնքների ղեկավարները, մարզային և պետական կառույցների ներկայացուցիչները։

    Նիստում քննարկվել են համայնքների բյուջեների կատարողականը, սուբվենցիոն ծրագրերը, գյուղատնտեսական խնդիրները և հրդեհների կանխարգելման աշխատանքները։

    2026 թվականի առաջին կիսամյակում համայնքների սեփական եկամուտները կազմել են 2 մլրդ 252 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 24,4 տոկոսով։ Մարզում իրականացվում է 31 սուբվենցիոն ծրագիր՝ 8,173 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, ևս 9 ծրագիր գտնվում է նախապատրաստական փուլում։

    Գյուղատնտեսության ոլորտում անդրադարձ է կատարվել Մեղրիում թզի մթերմանը։ Այս պահին վերամշակման նպատակով մթերվել է ավելի քան 10 տոննա թուզ, իսկ գործընթացում ներգրավված է 6-ից ավելի մթերող ընկերություն։ Յուրաքանչյուր կիլոգրամ մթերվող թզի համար պետական աջակցության շրջանակում նախատեսված է 125 դրամ օժանդակություն։

    Քննարկվել են նաև անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման միջոցառումները։

    Ամփոփելով նիստը՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կարևորել է խնդիրների նկատմամբ հետևողական մոտեցումն ու համայնքների, մարզային և պետական կառույցների արդյունավետ համագործակցությունը։

  • Հանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն Սիմոնյան

    Եթե մոտ ապագայում Հայաստանում հանրաքվե անցկացվեր Եվրամիության կամ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցով, Ռուսաստանում շատ կվշտանային Հայաստանի բնակչության արձագանքից։ Այս մասին «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

    «Նույնիսկ այն մարդիկ, որոնք չեն ընտրել մեր կուսակցությանը, շատ վիրավորված են Ռուսաստանի դիրքորոշումից 2020 թվականի պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ, տարբեր լրագրողների, հասարակական և պետական գործիչների, ինչպես նաև Բելառուսի իշխանությունների հայտարարություններից»,- նշել է Սիմոնյանը։