Blog

  • COP17–ը, կենսաբազմազանությունը և աղետալի Ծաղկաձորը. Լիլիթ Գալստյան

    Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքականության կամ պետական կառավարման հիմնական բնութագրիչ և անգամ՝ կառավարման էություն, շարժիչ ուժ ու հաղթաթուղթ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։

    Նա, մասնավորապես, նշել է. «Բայց այն ընթացքը, ինչն արդեն ութ տարի կլանել է մեզ ու բառիս քաղաքական և կենսական իմաստով շնչահեղձ է անում հայ մարդուն՝ ցինիզմն է ու անպատժելիությունը։

    Գույները թանձրացրած չեմ լինի, եթե ավելացնեմ՝ թշնամու ձեռագրով ցինիզմ։ Ավելի ճշգրիտ բառ դժվարանում եմ գտնել, մանավանդ որ բառերն ու բնութագրիչները վաղուց իմաստազրկվել են․․․

    Հոկտեմբերի 16-ին, Հայաստանի նախագահությամբ, Երևանում մեկնարկեց ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության» կոնվենցիայի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, որի հիմնական թեման Երկիր մոլորակի կենդանի աշխարհի պահպանումն է, միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին հավատարմությունը։

    Դե, Հայաստանն էլ՝ Փաշինյանի գլխավորությամբ, առիթը բաց չի թողնում, և շոումենի անգերազանցելի վարպետությամբ աշխահին ներկայանում է կանաչ օրակարգով, որպես կենդանի աշխարհի, կենսաբազմազանության և բնության ջատագով․․․

    Մինչդեռ, ընդամենը մի քանի օր առաջ, ՀՀ կառավարությունը՝ ոտնատակ տալով/ հիմա «իգնոր» են ասում/ շուրջ 5 տասնյակ հասարակական, բնապահպանական կազմակերպությունների, մի քանի տասնյակ պրոֆեսիոնալների ահազանգերն ու դատապարտող հայտարարությունները, պաշտոնապես հայտարարում է Ամուլսարի հանքավայրի բացման մասին։

    Ամուլսարում՝ Ջերմուկի ակունքներում, ոսկու հանքավայրի շահագործումով բնապահպանական աղետի մեկնարկն է տրվում, հայտարարում են ՀԿ–ներն ու բնապահպանները՝ առերեսվելով իրեն ժողովրդավար հռչակած իշխանության արհամարհանքին ու քար լռությանը։

    Հիշեցնեմ՝ սա այն իշխանությունն է, որի գունավոր հեղափոխությունն իրականություն դարձավ նաև ՀԿ ՍԵԿՏՈՐԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ և ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ։

    Հիմա, ահագնացող աղետներին զուգահեռ, այդ նույն ՀԿ–ները հայտարարություն են տարածում և արձանագրում, որ

    «ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ բարձրաձայնված բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ որևէ իրատեսական և փաստարկված լուծում չի տվել»,

    ՀՀ–ն կոպտորեն խախտում է միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները»։

    Զուգահեռաբար, Երևանում մեկնարկած բնության և կենսաբազմազանության պահպանության մասին ՄԱԿ-ի միջազգային համաժողովում քննարկում են անտառների, լճերի, գետերի և բնական տարածքների, կենդանիների ու բույսերի պաշտպանության, նրանց անհետացման կանխման, հանքարդյունաբերությամբ շրջակա միջավայրին հասցվող վնասների նվազման հարցերը։

    Փաշինյանն էլ իր ելույթում շեշտում է, թե որքան կարևոր է, որ բնության պահպանության համար ստանձնած խոստումները վերածեն իրական գործողությունների․․․

    Այնքա՜ն հուզիչ, բնապաշտ և հումանիստական, որ քիչ է մնում հավատաս․․․

    Երեկ, տարիների դադարից հետո, Ծաղկաձորում եմ՝ գործով։ Վաղուց այնտեղ չեմ գնում որպես հանգստավայր, որովհետև իմ մանկության և երիտասարդության կանաչ ձորը չկա, որովհետև Ծաղկաձորն անոգի քարակույտ է դարձել, էլ կանաչ չէ, բարի չէ, առաջվանը չէ․ անխնամ է ու թափթփված, որովհետև անճաշակ է, որովհետև խաղաղություն չկա, որովհետև ներդաշնակություն չկա, որովհետև սեր չկա ու տիրոջ ձեռք չկա։

    Բայց այսքա՜ն․․․Երանի չգնայի և չտեսնեի․ ամենավատ երազում անգամ անպատկերացնելի էր, թե ինչպես են այլանդակել ու խեղդել Ծաղկաձորը․․․

    Այն․ ինչ տեղի է ունեցել քաղաքի հետ մեկ անուն ունի քաղաքաշինական կատաստրոֆա–աղետ, բառիս բուն իմաստով խեղված, այլանդակ, անհասկանալի ու անհամաչափ չգիտես թե ինչ․․․

    Բարձրահարկերի արանքներում թլպատված ու անշունչ առանձնատներ, հատուկենտ դիմանկար ունեցող ցածրահարկ կառույցներ, անցյալի պատմական շերտի ու դիմանկարի անխնա վերացում կամ աղճատում, անճաշակ, մինմյանց հետ կապ չունեցող շինություն–կույտեր, ոչ մի համաչափություն, ոչ մի անսամբլային մտածողություն, չափանիշների չգոյություն, մարդու և բնության նկատմամբ արհամարհանք։

    Քաղաքն իր անվան ու կենսագրության հետ էլ կապ չունի․․․

    Կենտրոնական հրապարակի ձախ հատվածում, անտառի մեջ սեպված բետոնե մասսիվ բարձրահարկերը բառիս բուն իմաստով սպանել են անտառն ու կերել ողջ լանջը, անտառը չկա, չես տեսնում։ Անտառների արանքներից տնկված բարձրահարկեր են․․․

    Քաղաքի մուտքին, ձորի մեջ բարձրահարկերի մի ամբողջ, ծանր ու մռայլ թաղամաս է կառուցվում, ասես երկնաքար ընկած լինի ․․․

    Ու շարունակ նույն հարցերը՝

    այս քաղաքը համայնքային ղեկավարություն, գլխավոր ճարտարապետ, ավագանի չունի՞,

    ո՞վ է ձեզ թույլ տվել այլանդակել և սպանել Ծաղկաձորը․․․

    Ամենուր, համատարած անորակ, անպատասխանատու, «փինաչու և գռդոնչու, կիսատ–պռատ» շինարարական «կուլտուրա» ու պետական վերահսկողության տոտալ բացակայություն, փնթի ու անտեր, շինարարական աղբի մեջ թաղված․․․։

    ԱՅՍՔԱ՜Ն ՉՍԻՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿԻՐԸ, սեփական բնությունը, սեփական ժառանգությունը, սեփական հողը․․․հիվանդ, որկրամոլ, ագրեսիվ, ոչ քաղաքակիրթ հավաքականություն՝ անղեկ ու էգոիստ, ոչնչատեսիլ, գավառական ճաշակով, չտեսի կարճատեսությամբ ու ագահությամբ․․․

    Սա սոսկ հողի դեգրադացիա չէ, սա մեր հասարակության, մեր արժեքային համակարգի դեգրադացիան է, երբ կորցրել ենք մեզ ու մեզ կրող ու սնող հողը պաշտպանելու ունակությունը, կամքը, ցանկությունը․․․

    Մտածում եմ՝ մի՞թե այս կողմերում պետական պաշտոնյաներ չեն լինում և չեն տեսնում, թե ինչ աղետալի և անվեդարձ ճակատագրի է արժանացել Ծաղկաձորը․․․

    Աչքիցս չի վրիպում, որ գրեթե ամեն թփի տակ պարեկ– ոստիկանների կույտեր են, նյարդային վերուվար անող ոստիկանական մեքենաներ։ Ի՞նչ անասելի միջոցներ են մսխվում ոչ կարևոր բաների վրա, մտածում եմ․․․

    Հետո պարզվում է, որ Փաշինյանին են սպասում․ գալու է Ծաղկաձոր՝ մասնակցելու «Mining Armenia Forum 2026» հանքարդյունաբերական ֆորումին։ Հանքարդյունաբերություն և Ծաղկաձոր․ մի տեսակ սյուրեալիստական է։

    Հետո կարդում եմ, որ խոսել է բնապահպանական չափանիշերից, պատասխանատու հանքարդյունաբերությունից և էլի մոդայիկ բաներից։

    Հետո գլխի եմ ընկնում, որ առջևում Հանքավանն է՝ Ծաղկաձորի ճակատագրով․․․

    Լավատես լինելու ոչ մի հիմք, որովհետև Հայաստանում, ինչպես Հայաստանում․ ցինիզմ, ոչ պրոֆեսիոնալիզմ և անպատժելիություն․ ինչին կպնում են՝ անդառնալի աղետ ․․․

    Հայաստանը դառնում է հարուստ երկրների համար հունք արտահանող ու մատակարարող երկիր, և թքած, թե սերունդներին ինչ ընդերք ենք թողնում կամ, առհասարակ, ինչ ենք թողնում․․․

    Հ․Գ․ Մինչ այդ՝ Հայաստանում շարունակվում է կենսաբազմազանության ՄԱԿ–ի համաժողովը․․․

    Հ․Գ․ Ու ոչ պաշտոնական աղբյուրներից փոխանցում են, որ «ժողովրդավար» կառավարությունը մտադիր է բնապահպանական հարցերում համայնքներին վերապահված վերահսկողական լծակները չեզոքացնել․․․։

  • Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմին


    Հասարակություն





    Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության բաժին է ահազանգել Ս. Մ.-ն և հայտնել, որ Աղվերանի անտառում ծառից կախված դի է հայտնաբերել։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ Արզական-Աղվերան լեռնային նստավայր կոչվող տարածքում՝ անտառային հատվածում, հայտնաբերվել է Ռուսաստանի դաշնության քաղաքացի 22-ամյա Բոգդան Ս.-ի դին։

    Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»



    Միջազգային





    Ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալությունը, Անթալիայում կայանալիք «COP31» կլիմայական գագաթնաժողովին ընդառաջ, ուշադրություն է հրավիրել Թուրքիայում պլաստիկ թափոնների խնդրի սրման վրա։

    Գործակալության հետազոտության համաձայն՝ Թուրքիան Եվրամիությունից և Մեծ Բրիտանիայից պլաստիկ թափոններ ներմուծող  առաջատար երկիր է։ 2025 թվականին Թուրքիա է արտահանվել շուրջ 650.000 տոննա պլաստիկ թափոն, ինչը գերազանցում է մյուս երկրներ ուղարկված ծավալները։

    Ադանայի վերամշակման գործարանների շրջակայքում արձանագրվել է միկրոպլաստիկ լուրջ աղտոտում, ինչը ջրանցքներով հասնում է Միջերկրական ծով։

    2024 թ. ուսումնասիրության համաձայն՝ օրական Միջերկրական ծով թափվող 730 տոննա պլաստիկի 19.1 տոկոսը բաժին է ընկնում Թուրքիային։ Այս ցուցանիշով Թուրքիան Եգիպտոսից հետո երկրորդն է Միջերկրածովյան ավազանում։

    Եվրոպական հանձնաժողովն ընդունում է, որ Թուրքիայում պլաստիկի հետ կապված լուրջ բնապահպանական խնդիրներ կան, սակայն շարունակում է թույլատրել թափոնների արտահանումն այդ երկիր։ Ավելին, ԵՄ-ն նախատեսում է արգելել թափոնների արտահանումը իր անդամ չհանդիսացող երկրներ, սակայն Թուրքիան, լինելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ, այդ արգելքից դուրս է մնում։ Արդյունքում երկրում թափոնների ծավալը կարող է է՛լ ավելի աճել։

    Ermenihaber


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Իրանի պաշտպանության նոր նախարարը հրթիռային ծրագրի փորձառու մասնագետ է․ The Jerusalem Post

    Իրանի խորհրդարանը կիրակի օրը հաստատել է Մեհրդադ Ախլաղի Քեթաբչիին երկրի պաշտպանության նոր նախարարի պաշտոնում։ The Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ նա ավելի քան չորս տասնամյակ աշխատել է Իրանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ հրթիռային և ավիատիեզերական կառույցներում։

    Պարբերականի գնահատմամբ՝ նրա նշանակումը կարևոր է Պարսից ծոցում աճող լարվածության պայմաններում Իրանի պաշտպանական ղեկավարությունն ամրապնդելու և երկրի ռազմական արդյունաբերությունը վերականգնելու համար։ Իրանը պատրաստվում է հնարավոր նոր բախումների ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ։

    Քեթաբչին փոխարինում է Մաջիդ Էբն ալ-Ռեզային, որը պաշտպանության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարում էր այն բանից հետո, երբ նախկին նախարար Ազիզ Նասիրզադեն զոհվել էր փետրվարին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։

    Նոր նախարարը հայտարարել է Իրանի պաշտպանական ոլորտը վերականգնելու մտադրության մասին։ The Jerusalem Post-ը նաև նշում է, որ նա նախկինում հայտնվել է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո։

  • Պուտին- Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպում կակայանա՞․ ինչ…

    Պուտին- Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպում կակայանա՞․ ինչ…

  • Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր

    Haydalek անունով հայտնի բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը սոցցանցի իր էջում գրել է․ «Իմ շատ սիրելի հետևորդներ, ես շուտով մի քանի ամիսների ընթացքում կավարտեմ բոլոր գրանցված համագործակցություններն ու պայմանագրերով ամրագրված պարտականությունները, որից հետո կդադարեմ իմ գործունեությունը որպես բլոգեր։

    Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները, շատ սիրելով ձեզ և ավելի շատ սիրելով ինձ ու իմ ընտանիքը՝ նման որոշում եմ կայացրել։

    Շնորհակալ եմ այս 5 տարիների համար։

    Խնդրում եմ այս գրառումս չփորձել մանիպուլացնել, սա իմ պարզ մարդկային որոշումն է»։

    Հիշեցնենք, որ վերջին օրերին նա քննադատության էր ենթարկվում սոցցանցում արված գրառման համար։

  • ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է 1908-ԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՔԱՐՏԵԶԸ, ՈՐԸ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԵՐ Է ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ 

    Այն վերատպվել և ի պահ է հանձնվել Վենետիկի Մխիթարյան Միաբանությանը։

     

    Քարտեզը տվյալ ժամանակի ու տվյալ տարածության մեջ ապրած-ապրող ազգերի փաստագրումն է, այդ թվում նաև՝ տվյալ տարածքում նրանց խտության, բաշխվածության մասին վկայող սկզբնաղբյուր է, դոկումենտալ-գիտական նյութ։ Ցանկացած քարտեզ բանալի է, որը կարող է բացել բազմաթիվ գաղտնիքներ՝ վեր հանելով իրականությունը։

     

    Ուրախալի է, որ հայկական հետքը որոնողների շարքերը մեր իրականության մեջ շատանում են։ Այս անգամ հայկական հետքի որոնումը և փաստագրումը քարտեզի միջոցով է։ Այն մեզ տանում է 1900-ականներ, Կովկասյան տարածաշրջան, Բաքու։

     

    Խոսքը 1908-ին Բաքվում կազմված և հրապարակված՝ «Կովկասյան երկրամասի քարտեզը՝ հայ բնակչության խտության արտացոլմամբ» ուշագրավ գտածոյի մասին է, որի հայտնաբերմամբ ու վերատպությամբ նախանձախնդիր երկու ընկերների՝ Դավիթ Նահապետյանի և Հայկ Եգանյանի ջանքերի արդյունքում վերատպությունն այսօր կայացած փաստ է։ Արդ, ի՞նչ է փաստում, ի՞նչ տեղեկատվություն է փոխանցում մեզ այս նորահայտ քարտեզը։ Ո՞րն է եղել Բաքվում նման քարտեզ ստեղծելու-տպագրելու նպատակը։

     

    Բնականաբար, եթե խոսքը նորահայտ քարտեզի մասին է, ուրեմն, անպայման այն պիտի անցներ մասնագետի՝ աշխարհագրագետ-քարտեզագետ Ռուբեն Գալչյանի ձեռքի տակով՝ ստանալով նրա մասնագիտական գնահատականը քարտեզի վիճակի մասին, ինչպես նաև՝ խորհուրդը, վերատպելու հնարավորությունները։ Այդպես էլ եղել է։ «Անվանումն իսկ փաստում է, որ Բաքվում տպված այս նորահայտ քարտեզի ստեղծման նպատակը և կարևորությունը հենց տվյալ ժամանակահատվածում հայազգի բնակչության խտության ցուցանիշները ներկայացնելն է եղել։ Ըստ այդմ, քարտեզը գույների բաժանումով հստակ պատկերացում է տալիս, թե տվյալ շրջանի կոնկրետ քաղաքներում և բնակավայրերում Կովկասյան տարածաշրջանում՝ ներկայիս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքներում որքա՞ն հայություն է ապրել։ 1908-ին Բաքվում տպագրված քարտեզը հստակ ցուցանում է, որ բազմազգ Շիրվանում (10 տարի անց Շիրվանը դարձավ Ադրբեջան) հայերի խտությունը 40-80% է եղել»։

     

    Ընդ որում, ուշագրավ է, որ հայության խտության մասին փաստող քարտեզը հրապարակվել է հե՛նց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, Բաքվի իշխանությունների գիտությամբ և հաստատմամբ։ Հրատարակել է Բաքվի հայկական կուլտուրայի միությունը։

     

    Կովկասյան երկրամասի քարտեզը՝ հայազգի բնակչության խտության ներկայացմամբ փաստում է ոչ միայն այն, որ կովկասյան տարածաշրջանում հայերի տեղաբաշխվածության խտությունը նշանակալի է եղել, այլև ցույց է տալիս, որ հայերը հատկապես խոշոր քաղաքներում են մեծաթիվ եղել։ Այդ թվում նաև՝ Բաքվից հետո մեծությամբ երկրորդ քաղաք Գանձակում (պատմական Հայաստանի Ուտիք նահանգի Գանձակ քաղաք) են գերիշխող եղել հայերը, կազմելով ավելի քան 80%։ Այսինքն, այստեղ 1908-ին՝ քարտեզը տպելու ժամանակ հայերը մեծամասնություն են կազմել։ Ի դեպ, Բաքվի հայ բնակչությունն այդ շրջանում հիմնականում խոշոր արդյունաբերողներ էին՝ հսկայական կապիտալի տիրապետմամբ։ Բաքվում հայ սևագործ բանվորներ գրեթե չեն եղել։ Ինչպես Բաքվում, Գանձակում և այլ քաղաքային վայրերում, հայերը եղել են իրենց գործի պրոֆեսիոնալներ, մասնագետներ՝ ինժեներներ, ճարտարապետներ, գրողներ և այլն»։

     

    Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հավաստմամբ՝ խնդրո առարկա քարտեզի հայերեն տարբերակն էլ է գոյություն ունեցել, սակայն դրա օրինակներն առայժմ ոչ մի տեղ չեն գտնվել։ Եթե ռուսերենը 1908 թվակիր է, ապա հայերենը 1912-ին է տպվել։ Նրա գնահատմամբ՝ «Քարտեզը վատ վիճակում էր, ուստի, վերատպելն անհրաժեշտություն էր, ինչն իրականացվել է Մատենադարանում՝ պրոֆեսիոնալ բարձր մակարդակով։

     

    Ապա, քարտեզը սկանավորվել և ուղևորվել է Վենետիկ՝ ի պահ հանձնվելով հայագիտական հնագույն կենտրոն՝ Վենետիկի Մխիթարյան Միաբանությանը։ Արդյունքը լուսանկարներում տեսանելի է և արդեն փաստում է քարտեզը Մխիթարյան Միաբանությանը հանձնելու պահը։ Իսկ սա նշանակում է՝ Եվրոպայի կարևոր հայագիտական կենտրոնում հանգրվանած աղբյուրագիտական նշանակություն ունեցող քարտեզը, որը վկայում է 1900-ականների սկզբին Կովկասյան տարածաշրջանի երկրներում և հատկապես Ադրբեջանի ներկայիս տարածքում հայ բնակչության խտության, մեծաթիվ լինելու մասին, լույս կսփռի, սկզբնաղբյուր կհանդիսանա ինչպես հետազոտողների, այնպես էլ Կովկասյան տարածաշրջանով հետաքրքրվողների համար։ Այն կպահպանվի և կփոխանցվի հետագա սերունդներին՝ հայ ժողովրդի մեծաթիվ ներկայությամբ մեկ անգամ ևս փաստելով տարածաշրջանում հայերի բնիկության մասին։

     

    Քարտեզն իր գիտական, տեղեկատվական և ռազմավարական նշանակությամբ այսօր ավելի քան կարևոր է, և արդեն իսկ նրանով հետաքրքրվում են հետազոտողները։ Այն, ըստ էության, փաստական և գիտական լրջագույն նյութ է՝ ի հեճուկս ադրբեջանական կեղծիքի և ժխտողականության, հայազգի բնակչության թվաքանակի վիճարկման։

     

    19.10.2024, Փաստինֆո

  • «Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց





     

    «Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում

    Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը զբաղված էր խաղաղության մոդելի խմբագրումներով:

    2026թ. հոկտեմբերի 15-ին Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը մինչև 2031 թվականն իր կարևորագույն նպատակն է։

    Թերևս, արժե անդրադառնալ Փաշինյանի մի քանի նախկին հայտարարությունների՝ ցույց տալու համար դրանց և նրա այսօրվա պնդումների կոնտրաստը:

    2026թ. մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանում Փաշինյանը հայտարարում էր, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններով ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի։ 2026թ. օգոստոսի 8-ին նա արդեն պնդում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, իսկ հակամարտության էջը՝ փակված, միաժամանակ ընդունելով, որ համաձայնագիրը դեռ ստորագրված և վավերացված չէ։

    Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանությունը հանրությանը ներկայացնում էր «պատերազմ կամ խաղաղություն» երկընտրանքը՝ իր հաղթանակը կապելով խաղաղության անշրջելիության հետ։ Այժմ նույն իշխանությունը խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը դիտարկում է մինչև 2031 թվականը լուծվելիք խնդիր։

    Իրականում կոնտրաստ է առաջանում իշխանության նախընտրական և հետընտրական հռետորաբանության միջև ու նաև լեգիտիմ և տրամաբանական հարցադրում՝ եթե խաղաղությունն արդեն անշրջելի է, ապա ինչո՞ւ պետք է դրա իրավական ամրագրումը ձգվի ևս հինգ տարի։

    Ես գիտեմ, որ անմիջապես հնչելու է իշխանության հակափաստարկը՝ խաղաղությունն արդեն հաստատված է, իսկ համաձայնագրի ստորագրումն ընդամենը իրավական ընթացակարգ է։

    Միանգամից պատասխանեմ՝ փաստացի խաղաղությունը և երաշխավորված խաղաղությունը նույնը չեն: Այո՛, ռազմական գործողությունների բացակայությունը դրական իրողություն է։ Սակայն դա ինքնին չի նշանակում, որ բացառվել է ուժի կիրառման վտանգը կամ ձևավորվել է փոխադարձ պարտավորություններով ամրագրված կայուն խաղաղություն։

    Մյուս կարևոր հանգամանքը՝ Փաշինյանը ժամանակացույց է սահմանում մի գործընթացի համար, որի հանգուցալուծումը միայն իրենից կախված չէ:

    Ադրբեջանը շարունակում է պայմանագրի ստորագրումը կապել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ։

    Հետևաբար, Փաշինյանը չի կարող միակողմանիորեն երաշխավորել համաձայնագրի ստորագրման ժամկետը։

    Նա անգամ չի կարող երաշխավորել, որ կարող է Հայաստանի նոր Սահմանադրություն ընդունել՝ Բաքվի պահանջով. վերջին խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը նրան նոր Սահմանադրություն ընդունելու մանդատ չի տվել:

    Բայց Փաշինյանի քաղաքական նպատակի իրականացման տեսանկյունից ավելի խնդրահարույց է Բաքվի դիրքորոշումը:

    Եթե Ադրբեջանը պայմանագրի ստորագրումը շարունակաբար պայմանավորվում է Հայաստանի ներքին իրավական կամ քաղաքական փոփոխություններով, ապա Բաքուն պահպանում է նաև նոր նախապայմաններ առաջադրելու լծակը՝ նույնիսկ եթե ներկայիս սահմանադրական պահանջը բավարարվի։ Սա ավելի հստակ է դարձնում «շարունակական զիջումների» ռիսկը։

    Խնդիրն ունի նաև փոխադարձության բաղադրիչ:

    Հայաստանը մտադիր է շատ արագ վավերացնել TRIPP-ի համաձայնագիրը ու ձեռնամուխ լինել այս ծրագրի իրականացմանը՝ թեև անհասկանալի է, թե ինչպես է այս նախագիծն իրականություն դառնալու ԱՄՆ-Իրան փաստացի պատերազմի և Թեհրանի ու նաև Մոսկվայի հնարավոր հակազդեցության պայմաններում:

    Այնուամենայնիվ, եթե տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և TRIPP-ի իրականացման գործընթացներն առաջ են շարժվում, մինչդեռ խաղաղության պայմանագրի ստորագրումը մնում է անորոշ, առաջանում է փոխադարձության հարց։ Ստացվում է՝ Հայաստանը ստանձնում է նոր պարտավորություններ, բայց չի ստանում համարժեք քաղաքական, տնտեսական և անվտանգային երաշխիքներ:

    Փաշինյանի կողմից 2031թվականի հիշատակումն ունի նաև ներքաղաքական համատեքստ և այս խնդիրը իշխանության նպատակներին ծառայեցնելու միտում:

    Ինչո՞ւ է Փաշինյանը ընտրել մի ժամկետ, որն ուղղակիորեն համընկնում է հաջորդ ընտրական ցիլկի հետ և արդյո՞ք խաղաղության թեման նա չի շահարկում՝ իշխանության պահպանման չարամիտ նպատակով: Խաղաղության օրակարգը շարունակում է օգտագործվել իշխանության քաղաքական լեգիտիմությունը հիմնավորելու համար, որովհետև քաղաքական և բարոյական առումով սպառված իշխանությունն այլ կռվան չունի:

    Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե մինչև 2031 թվականը ձգվող խաղաղության հերթական խոստում, այլ իրական և երաշխավորված խաղաղություն, որի անշրջելիությունը պայմանավորված չի լինի ո՛չ Փաշինյանի իշխանության հարատևմամբ, ո՛չ էլ Ալիևի «բարի կամքով»»։

     


  • Երևանի «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վեճի ու ծեծկռտուքի. կա 2 վիրավոր

    Սեպտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ավետիք Իսահակյան փողոցում գտնվող «Կոբա» ռեստորանի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում, և կան վիրավորներ, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեից երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ, հաղորդում է Shamshyan.com–ը։

    Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված հասցեից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել 22-ամյա Ռոման Ռ․-ն՝ «աջ նախադաստակի ստորին դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 29-ամյա Էդգար Ռ․-ն՝ «ձախ դաստակի նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

    Պարզվել է նաև, որ սեպտեմբերի 24-ին նշված ռեստորանում կազմակերպվել է Երևանի բնակիչ 30-ամյա Բելլա Ս․-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ խնջույք, որին մասնակցել են Երևանի բնակիչներ 49-ամյա Վահան Ս․-ն, 35-ամյա Վազգեն Ռ․-ն, 37-ամյա Արտյոմ Մ․-ն, 32-ամյա Ժաննա Ռ․-ն, 43-ամյա Հայկ Ս․-ն, 36-ամյա Ալինա Կ․-ն, 30-ամյա Բելլա Ս․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արտյոմ Գ․-ն, Երևանի բնակիչներ 37-ամյա Հայկ Հ․-ն, 34-ամյա Էդուարդ Հ․-ն, 23-ամյա Մոնիկա Կ․-ն, 30-ամյա Տաթևիկ Ն․-ն, 29-ամյա Էդգար Ռ․-ն, ինչպես նաև 32-ամյա Ռոման Ռ․-ն։

    Խնջույքի ընթացքում՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 00։05-ի սահմաններում, նույն հասցեում գործող «Կոբա» ռեստորանի ներսի հատվածում Էդգար Ռ․-ն և Ռոման Ռ․-ն բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել, ինչի պատճառով վիճաբանության են բռնվել Երևանի բնակիչ 36-ամյա Նարեկ Բ․-ի հետ, ով եղել է ընտանիքի անդամների հետ։

    Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել Էդգար Ռ․-ն, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ հատ կիսամոխրացված և կիսով չափ լցված դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ, ինչպես նաև մեկ հատ թղթե փաթեթ, որի մեջ առկա է եղել սուր հոտով դեղնականաչավուն զանգված։ Դրա նախնական քաշը՝ փաթեթի հետ միասին, կազմել է 2.70 գրամ, իսկ առանց թղթե փաթեթի դեղնականաչավուն զանգվածի քաշը կազմել է 0.09 գրամ։

    Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

  • Oragir.live | Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից


    Հասարակություն






    Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, որը համախմբում է բնության պահպանության և կենսաբազմազանության ապագայի հարցերով զբաղվող միջազգային կառույցների, մասնագետների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների։ 

    Համաժողովի շրջանակներում գործող «Կանաչ գոտում» Վեգան ներկայացնում է նաև նոր նախաձեռնություն՝ Electrolux-ի հետ համատեղ։ Ընկերությունը ներկայացնում է օգտագործված մարտկոցների ընդունման նոր սարք, որը հնարավորություն կտա այցելուներին մարտկոցները հանձնել վերամշակման և դրա դիմաց կուտակել cashback միավորներ։ Կուտակված միավորները հնարավոր կլինի օգտագործել բոլոր Վեգա սրահներում գնումներ կատարելիս։ 

    Վեգայի գործունեության առանցքում են էլեկտրոնային թափոնների և օգտագործված մարտկոցների հավաքագրումը, վերամշակման մշակույթի խթանումը և բնապահպանական պատասխանատվության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը։ Նախաձեռնությունների նպատակն է նպաստել ռեսուրսների ավելի պատասխանատու օգտագործմանը և կայուն զարգացման սկզբունքների տարածմանը։ 

    Վեգայի մասնակցությունը COP17-ին հնարավորություն է ներկայացնելու ընկերության բնապահպանական մոտեցումները միջազգային միջոցառման շրջանակում, ինչպես նաև ընդգծելու մասնավոր հատվածի դերը բնապահպանական խնդիրների լուծման գործում։