Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21։59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և Ոստիկանության օպերատիվ խմբեր։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:
Այս պահին միկրոավտոբուսի վարորդն ու բոլոր ուղևորները մարզային բժշկական կենտրոնում անցնում են անհրաժեշտ հետազոտություններ: Նախնական գնահատականով՝ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Սեպտեմբերի 21-ի՝ ՀՀ Անկախության 35-ամյակի առթիվ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության հոբելյանի առթիվ։ 35 տարի առաջ մենք միասին սկսեցինք կառուցել այն պետությունը, որի մասին երազել են մեր նախնիների բազմաթիվ սերունդներ։ Երկար ու բարդ, հաղթանակներով ու զրկանքներով լի ճանապարհ անցանք։
Այդ տարիներից 10 տարին պատիվ եմ ունեցել ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը։ Մեր աշխատասեր ու պատվախնդիր ժողովրդի ջանքերով կարողացել ենք զարգացման և խաղաղության շրջան ապահովել Հայաստանի և Արցախի համար, համախմբվել հայկական Սփյուռքի հետ, արժանապատիվ ու անվտանգ ազգային պետություն կառուցել։
Ցավոք, մեր Անկախության 35-րդ տարեդարձը մենք դիմավորում ենք բարդ իրավիճակում։ Կտրականապես շեղվել ենք տարիներ առաջ բռնած ճանապարհից ու գնալով հեռանում ենք հռչակված ազգային նպատակներից։ Ըստ էության, ապամոնտաժվում են բոլոր այն հենասյուները, որոնց վրա դրել ենք մեր պետականության հիմքը։
Կորցրել ենք Արցախը։ Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանությունը։ Մոռանալով արժանապատվության, մեր ինքնության ու մեր ազգային նկարագրի մասին՝ շարունակում ենք կատարել թշնամու նվաստացուցիչ պահանջները։
Մեր հասարակությունը պառակտված է, հուսահատված։ Ազգային իմունային համակարգը քայքայված է, ինչը մեր պետության վաղվա օրվա հանդեպ միայն մռայլ կանխատեսումների տեղիք է տալիս։ Հայաստանը, իր բռնապետ ղեկավարի աթոռամոլության, արկածախնդրության և տգիտության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի և կոնֆլիկտների բախման կետի։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր, շնորհավորելով բոլորիս Անկախության հոբելյանի կապակցությամբ, ուզում եմ հույս հայտնել, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք, կվերագտնենք մեր ճշմարիտ ճանապարհը ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը։
Ստորեւ ներկայացվող հոդվածը հրապարակվել է 1991 թվականի սեպտեմբերի 25-ին «Ազգ» թերթում:
***
Սեպտեմբերի 23-ի երեկոյան անկախության հռչակման կապակցությամբ Երեւանի մարզահամերգային համալիրում տրվեց տոնական ճաշկերույթ օտարերկրյա հյուրերի եւ ժողովրդական պատգամավորների համար:
Մեր թղթակից Հակոբ Ասատրյանը դիմեց երեկոյի մասնակիցներին:
Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր
Առաջինը ուզում եմ շնորհավորել Կոմիտասին, Ներսես Շնորհալուն, բոլոր հայ երաժիշտներին, Մաշտոցին: Սա մի այնպիսի իրադարձություն է, որ չի վերջանում այսօրվա ընդգրկումով, չի սահմանազատվում, այլ իր մեջ հավերժություն է ամփոփում: Եվ թող հավերժական լինի այսօրվա խորհուրդը:
Տիգրան Մանսուրյանը
Հուսիկ Հարությունյան
Հայաստանի ՊԱԿ-ի նախագահ
Վերջապես մեր ժողովուրդը կգտնի իր տեղը միջազգային հանրության մեջ: Մեր երազած անկախությունն արդեն իրականություն է դառնում:
Գագիկ Հարությունյան
Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ
Տպավորությունները տոնական են եւ փայլուն: Ես համոզված եմ, որ առաջին հերթին ամեն մարդ իր ներսում անկախացավ եւ միահամուռ անկախացրեց մեր ողջ հանրապետությունը: Հուսանք, որ բոլորս այս նույն ոգեւորությամբ կկերտենք մեր նոր պետականությունը:
Աշոտ Նավասարդյան
Հանրապետական կուսակցության նախագահ
Շատ ուրախ եմ, որ գրեթե անհավատալի մի բան է: Ո՞վ կպատկերացներ, որ առանց մեծ զոհաբերությունների մենք կարող են այսօրը ունենալ: Բայց այսպես հեշտությամբ տրվելուց հետո, այնուամենայնիվ, տագնապներ կան, որ մենք կարող է դժվարություններ ունենանք այդ հռչակումը իրողություն դարձնելու գործում:
Աշոտ Նավասարդյանը
Այդ դժվարությունների հաղթահարումը նաեւ մեզանից է կախված եւ ամենակարեւորը մենք մեզ համար դժվարություններ չպետք է ստեղծենք:
Աբո Պողիկյան
«Երկիր» օրաթերթի խմբագիր
Շատ երջանիկ եմ, հույսով լեցուն, որ պիտի կրնանք գտնել ուղի մը, որ լինի ոչ միայն անկախություն, այլ՝ անկախությունը վերածենք բարգավաճման, յուրաքանչյուր հայ
մարդու երջանկության: Այս պահին այս մասին մտածելը երջանկություն է:
Հենրիկ Իգիթյան
Արվեստաբան
Ես կյանքում երկու անգամ եմ երջանիկ եղել: Առաջին անգամ, երբ ծնվեց տղաս եւ
արդեն զգացի, որ ունեցա իմ շարունակողին, եւ երկրորդ անգամ այսօր, երբ գիտեմ, որ մեր ժողովրդի դարերի երազանքն իրագործվեց:
Հենրիկ Իգիթյանը
Այժմ, մեզ չեն կարող ասել, թե ճիշտ չէր ձեր ուղին: Հայ ժողովուրդն իր բանականությամբ որոշեց իր ճանապարհը՝ անկախ պետականություն:
Ստորեւ ներկայացվող հոդվածը հրապարակվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ «Ազգ» թերթի առաջին էջում:
«Անկախությունը մտնելու է յուրաքանչյուր հայ ընտանիք». այսպես հայտարարեց երեկ երեկոյան Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանը՝ հանրապետական եւ օտարերկրյա լրագրողների համար տրված մամուլի ասուլիսում: «Հայ ժողովուրդը դարեր շարունակ զրկված է եղել անկախությունից, սեփական պետականությունից»,- ասաց նա. «Վաղը մենք կունենանք մեր ժողովրդի կամքի վերջնական պատասխանը: Այդ օրվա համար հարկ եղավ մղել դաժան պայքար, մեր ժողովուրդը տվեց զոհեր, ուստի նա շատ թանկ գնով վաստակեց իր պետականությունը ստեղծելու իրավունքը:
Իհարկե, անկախության նախապատրաստման համար կարեւոր նշանակություն ունեցավ նաեւ Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրը, ինչպես նաեւ 1991 թվականի մարտի 1-ին ընդունած որոշումը, ըստ որի՝ չմասնակցեցինք միութենական հանրաքվեին եւ որոշեցինք սեպտեմբերի 21-ին անցկացնել հանրապետական հանրաքվե»:
Այնուհետեւ փոխնախագահը մեծ կարեւորություն տվեց այն հանգամանքին, որ հանրաքվեի նախօրեին Հայաստանում տիրում է կայուն քաղաքական իրավիճակ: Գործող բոլոր կուսակցությունները միահամուռ հանդես են եկել հանրաքվեին «այո» պատասխանելու օգտին, արդեն Հայաստան են ժամանել արտասահմանյան տարբեր երկրներից հրավիրված շուրջ 40 դիտորդներ, որոնց աշխատանքի համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ:
Հանրաքվեի պաշտոնական արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում, իսկ մինչ այդ՝ սեպտեմբերի 22-ին ժամը 18-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կբացվեն փակ ծրարները:
Անկախության հանրաքվեն կլինի այն ամենախոշոր իրավական հիմքը, որի վրա կկառուցվի մեր անկախությունը, շարունակեց փոխնախագահը: Անդրադառնալով հանրաքվեին Արցախի մասնակցությանը՝ նա նշեց, որ ԼՂԻՄ-ը իրեն հայտարարել է Հանրապետություն, բացի դանից՝ Արցախում տիրող արտակարգ իրավիճակը թույլ չի տալիս այնտեղ անցկացնել հանրաքվե: Հայաստանը կհռչակի իր անկախությունը այսօրվա ներկա սահմաններում, այնուհետեւ կսկսվեն բանակցություններ Արցախի նորաստեղծ Հանրապետության հետ եւ ըստ այդմ՝ կարվեն համապատասխան որոշումներ: Արարքցյանը շոշափեց նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման, միջպետական քաղաքական եւ տնտեսական պայմանագրերի կնքման եւ այլ հարցեր:
Անդրադառնալով նախագահներ Ելցինի եւ Նազարբաեւի՝ Ադրբեջան, Արցախ եւ Հայաստան կատարվող այցելությանը՝ նա նշեց, որ դա կկրի զուտ աշխատանքային բնույթ եւ կօգնի Լեռնային Ղարաբաղում վերականգնել իշխանությունը եւ կայունացնել քաղաքական իրադրությունը:
Վերջում Բաբկեն Արարքցյանն ասաց, որ «ամեն մի հայ իր նյարդի վրա կզգա անկախությունը եւ ոչ միայն իր փոխարեն, այլեւ նախորդ սերունդների, որոնք հարյուրամյակներ երազեցին անկախության մասին, բայց այսօր բախտ կվիճակվի տեսնել նրանց հետնորդներին: Վաղը մենք պատասխանում ենք մեր պապերի ու հայերերի, նաեւ երեխաների ու թոռների փոխարեն»:
Վազգեն Սարգսյանի այս հոդվածը հրապարակվել է «Գարուն» ամսագրի 1991 թվականի հոկտեմբերի համարում` «Ամուր կանգնենք մեր հողին» վերնագրով:
Հոդվածը լույս էր տեսել սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեից եւ անկախ Հայաստանի առաջին նախագահական ընտրություններից կարճ ժամանակ հետո:
Վազգեն Սարգսյան
1918 թվին… թվականին, Հայաստանի Անկախ Հանրապետության վարչակազմը 2-3 ամիս ուշացումով Երեւան էր ժամանում, Թիֆլիս կայարանում վարչապետին վագոն չէին տրամադրում, հետո էլ մեր առաջին վարչապետին ուղեկցում էր գերմանացի, թե՞ անգլիացի, ինչ-որ լեյտենանտ… Հետո էլ եռագույնի համար անկախ հանրապետությունում նարնջագույն կտոր չճարվեց, ու կտորը ճարեցին եվրոպաներում: Սա էր սկիզբը: Բայց անգամ այդ պայմաններում, թշնամիների երախի մեջ կուչուձիգ ապրեցինք, չէ, տարածքներս էլ ավելացրինք, համալսարան էլ ունեցանք, ու թե չլիներ բոլշնիկյան վարակը, գլուխը քարը, թե հայ բոլշնիկները Լենինից ավելի բոլշեւիկ չլինեին, այսօր Ղարս-Արդահան-Արդվինով, Նախիջեւան-Ղարաբաղով կարգին պետություն կլինեինք…
Վազգեն Սարգսյան. «Էս ի՞նչ եք անում, տղերք»
Զզվում եմ ամեն տեսակ «եթե»-ներից. կատարվեց այն, ինչի ազգովի, մեր նկարագրով, բնույթով արժանի էինք: Սեպտեմբերի 21-ի վիճակը մայիսի 28-ի հետ չես համեմատի ամենեւին: Հիմա կարեւորը եղածից դասեր առնելն է. Արամն ու Նժդեհը հայացքները դեսուդեն չձգեցին ու, ինչ ուզում եք ասեք, հատկապես իրենց ենք պարտական այսօրվա Հայաստանի համար: Կուսակցական լինելով, ամեն ինչից վեր դասեցին ազգային շահը, հանդուրժեցին, ներեցին, իրենց անձնազոհությունը ժողովրդի աչքը չկոխեցին՝ «բանտերում տանջվել, թոքերս քայքայել եմ ձեզ համար, գնահատեք անձնազոհությունս», նեղացան-չհեռացան ու երբ հանրապետություն կերտող Արամի փոխարեն Քաջազնունին նշանակվեց վարչապետ, սուսուփուս աշխատանքի իրենց բաժինն արեցին: Աշխատանքն այնքան շատ էր, որ հարյուրավոր Արամների ու Քաջազնունիների կհերիքեր՝ Մյասնիկյաններին ու Շահումյաններին էլ հետը, թե համաշխարհային իրենց բարձունքներից իջնեին գյուղաքաղաք Երեւան կամ, հերն անիծած, համաշխարհային հեղափոխության իրենց մեծ գաղափարները ծառայեցնեին փոքր Հայաստանի շահերին:
Ծառայեցրին, չէ՞ հարեւանները…
Նորից «եթե»-ին վերադարձա, բայց՝ շեշտելու համար արդեն ասվածը. «Աղետավոր չէ կորուստներ ունենալը, շատ ավելի աղետավոր է վերագնահատումների անընդունակ լինելը»: Շրջափակումները կգան ու կանցնեն, վառելիք էլ կունենանք, մի խոսքով՝ ժողովուրդը կրկին կուշտ ու կուռ ապրելու հնարավորություն, ավելի կուշտ ու կուռ ապրելու հնարավորություն էլի՛ կունենա, իմ մտահոգությունը այլ է:
«Վերջին անգամ եմ ասում». բոլորիս հասցեագրված ժողովածու
Կկարողանա՞նք վերագնահատել մեր անցած ուղին. ուզվորից ու հաշմանդամից, փառք Աստծո, վերածվեցինք պայքարող, ինքնորոշվող ժողովրդի, ու կկարողանա՞նք մեր մեջ դաստիարակել վճռական մենակի հոգեբանություն, բարեգործներ ու հովանավորներ փնտրող մեր միտքը վերջնականապես կսեւեռվի՞ զինակիցների՝ ինքնապաշտպանության ընկերոջ վրա, մեր կուսակցությունները կդադարե՞ն լինել պառակտիչ, անհանդուրժող ու ամբարտավան. հայ ոստիկանը վերջնականապես կհասկանա՞, որ կոչված է ծառայելու իր ժողովրդին եւ ոչ թե հակառակը. պրծավ, մոսկվաներում գործը շինելու կամ՝ արդարությունը գոնե մոսկվաներում փնտրելու հույսը կորավ, կկարողանա՞նք անվերապահորեն ընդունել ու հարգել մեր օրենքը: Գլխավոր քարտուղարներ էլ չեն ժամանելու մեր օդակայանը հաջորդ անգամ ու՞մ պատվին եւ եր՞բ է կարգի բերվելու:
Աշխարհում ինչն է շատ՝ զենքը, զենքն էլ կունենանք, կկարողանա՞նք, սակայն, հաղթահարել մեր մեջ խմբապետությունը, հայ զինվորը կսովորի՞ ենթարկվել հայ սպային, հայ պառլամենտականը կկարողանա՞ հարգել իր պառլամենտը. հայ ժողովրդին իրավունք կվերապահե՞նք, թույլ կտա՞նք հարգել, վստահել իր ընտրած նախագահին…
Փաշինյանի մայիսի 28-ի ութ ուղերձները. «Անհնարինն անելուց» մինչեւ «Իրական Հայաստան»
Այո՛, սեպտեմբերի 21-ի վիճակը մայիսի 28-ի հետ չես համեմատի: Փառք Աստծո, ամենեւին չես համեմատի: Եվ ուժեղանալու ենք, լավ է լինելու: Ֆիզիկապես, դեմքս ցավելու չափ եմ զգում հոգնածների, հոռետեսների դժգոհությունը. «Հա, անկախացաք, նախագահ էլ ունեցանք, հետո՞… Բա ու՞ր է ձեր խոստացած լավը»: Հայրենակիցներ, նախ «չանկախացաք», այլ՝ անկախացանք ու, դեռ լավ չենք անկախացել, անկախանալու ենք, իսկ ինչ վերաբերում է «հետո»-ին, ասեմ՝ ազգովին այսօր այնտեղ ենք, ուր մեզ հասցրել է քեզնից սկսած, Լեւոնով ավարտած մեր ոգեղեն, բարոյական ուժերի միջամտությունը, թե ու՞ր կլինենք վաղը, ինչ կլինի հետո, կախված Է… չէ, ոչ ռուսից, ոչ թուրքից, ոչ եվրոպացուց, ոչ ամերիկացուց կախված չէ, իզուր պատճառ չփնտրես՝ ոչ էլ անգամ մեր աշխարհագրական դիրքից, կախված է Լեւոնից սկսած քեզնով ավարտած՝ մեր հոգեւոր, բարոյական ուժերի միագումարից:
Ամուր կանգնենք մեր հողին, վճռական մենակը հնարավոր ելքերը գտնում է: Լա՛վ է լինելու: Աստված օգնական:
Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, «Ամբիոն news»-ի հարգարժան ընթերցողներ և գործընկերներ,
«Ամբիոն news» լրատվական թիմը ի սրտե շնորհավորում է բոլորիս մեր պետականության ամենանվիրական տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ:
35 տարի առաջ մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը՝ վերահաստատելով ինքնիշխան, ազատ ու անկախ ապրելու անսասան կամքը: Անկախությունը միայն պատմական փաստաթուղթ կամ օրացուցային տոն չէ. այն ամենօրյա աշխատանք է, պատասխանատվություն, պայքար և հավատարմություն սեփական հողին ու ինքնությանը:
Որպես ազատ խոսքի և անաչառ տեղեկատվության հարթակ՝ «Ամբիոն news»-ը կարևորում է յուրաքանչյուր քաղաքացու ձայնը, քանի որ ամուր, իրազեկ և միասնական հասարակությունն է ուժեղ պետականության հիմնասյունը:
Այս նշանակալից հոբելյանի առթիվ մաղթում ենք մեր Հայրենիքին անսասան խաղաղություն, հզորացում, տնտեսական ու մշակութային վերելք, իսկ մեր ժողովրդին՝ միասնականություն, լավատեսություն և անսպառ էներգիա՝ ի շահ մեր պետության շենացման:
Թող մեր երկրում միշտ թագավորեն ազատությունը, արդարությունը, և «Ամբիոն news»-ի էկրաններից հնչեն միայն հաղթական ու լուսավոր լուրեր:
Օրերս Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը «Sputnik Արմենիա»-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել դեպքի մասին և, համագործակցելով մանկատան ղեկավարության հետ, բացահայտել են այն, հայտնաբերել նշված անձին, ձերբակալել և ներկայացրել քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, այս պահին անձը գտնվում է տնային կալանքի տակ»,– տեղեկացրեց Սարգսյանը։
Նա ավելացրեց, որ դեպքի մասին օպերատիվ տեղեկությունը ստացվել է օգոստոսի 13–ին։
Նշենք, որ դեպքից հետո դայակն աշխատանքից ազատվել էր։ Երեխան ունի հաշմանդամություն։ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության փոխանցմամբ՝ ներկայումս նրա առողջական վիճակը լավ է, և նա շարունակում է անհրաժեշտ խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը: