Blog

  • Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, Սահմանադրական դատարանի դատավորների թափանցիկությունն ու հանրության համար նրանց գույքային դրությունը հասանելի դարձնելու նպատակով, շարունակում է ուսումնասիրել և ներկայացնել ՍԴ դատավորների հայտարարագրած ունեցվածքը։ Այս անգամ ուսումնասիրել ենք ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանի հայտարարագրերը՝ ներկայացնելով, թե այս տարիների ընթացքում ինչպես են փոփոխվել նրա անշարժ գույքը, եկամուտները, դրամական միջոցներն ու վարկային պարտավորությունները։

    Վլադիմիր Վարդանյանը 2021 թվականից մինչև 2026 թվականի մարտը զբաղեցրել է Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և ղեկավարելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը։ ԱԺ պաշտոնական տվյալների համաձայն՝ նրա պատգամավորական լիազորությունները դադարել են 2026 թվականի մարտի 26-ին, իսկ 2026 թվականի մարտի 25-ին Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր՝ 67 կողմ ձայնով։

    Միևնույն ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության կարևոր հանգամանքն այն է, որ 2026 թվականին ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելուց հետո Վլադիմիր Վարդանյանի՝ պաշտոնը ստանձնելու հետ կապված նոր հայտարարագիրը դեռ հրապարակված չէ, ուստի նրա՝ որպես ՍԴ դատավորի պաշտոնավարման մեկնարկային գույքային պատկերը դեռ հնարավոր չէ համադրել 2025 թվականի հայտարարագրի հետ։

    2021 թվական

    2021 թվականին Վարդանյանի հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 8 մլն 710 հազար 40 դրամ։ Ամբողջ գումարը ներկայացված է որպես Ազգային ժողովից ստացած աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ։

    Այդ ժամանակ նրա անունով եղել է մեկ բնակարան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Գույքը ձեռք է բերվել 2001 թվականի օգոստոսի 27-ին՝ ժառանգությամբ։

    Տարեվերջին Վարդանյանի վարկային պարտավորության մնացորդը կազմել է 573 հազար 942.2 դրամ։ Բանկային հաշիվներում տարվա սկզբին նա ունեցել է 173 հազար 505.84 դրամ, իսկ տարեվերջին՝ 0 դրամ։ Միաժամանակ կանխիկ դրամական միջոցները տարվա ընթացքում աճել են՝ 2,500 ԱՄՆ դոլար, 800 հազար դրամ և 2,150 եվրո կազմելով տարեվերջին։

    2022 թվական

    2022 թվականին Վարդանյանի հայտարարագրած եկամուտը կտրուկ աճել է՝ հասնելով 59 մլն 785 հազար 538.48 դրամի։ Սակայն այս գումարի հիմնական մասը կազմել են ստացված վարկերն ու փոխառությունները։ Մասնավորապես՝ 48 մլն 570 հազար դրամը ստացվել է «Արարատբանկ» ԲԲԸ-ից, ևս 1 մլն 761 հազար 278.48 դրամը՝ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ից։ Ազգային ժողովից աշխատանքի վարձատրությունը կազմել է 9 մլն 454 հազար 260 դրամ։

    Անշարժ գույքի մասով փոփոխություն չի եղել․ պահպանվել է 2001 թվականին ժառանգությամբ ստացած մեկ բնակարանը։ Տարվա վերջում վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 50 մլն 331 հազար 278.5 դրամ։

    2023 թվական

    2023 թվականին Վարդանյանի հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 14 մլն 256 հազար 581.8 դրամ։ Դրանից 11 մլն 985 հազար 143 դրամը եղել է ԱԺ աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված վճարումները, 2 մլն 69 հազար 90 դրամը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված այլ եկամուտ, իսկ Վենետիկի հանձնաժողովից ստացած եկամուտը կազմել է 480 եվրո։

    Անշարժ գույքի մասով կրկին փոփոխություն չի եղել․ նրա անունով մնացել է մեկ՝ Արաբկիրում գտնվող, 2001 թվականին ժառանգությամբ ստացած բնակարանը։ Տարեվերջին վարկային պարտավորությունը կազմել է 48 մլն 115 հազար 694 դրամ։

    2024 թվական

    2024 թվականին Վարդանյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 15 մլն 968 հազար 50 դրամ։ Դրանից 12 մլն 239 հազար 608 դրամը եղել է ԱԺ աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված վճարումները, իսկ 3 մլն 728 հազար 442 դրամը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված եկամտային հարկի վերադարձ։

    Անշարժ գույքի մասով փոփոխություն կրկին չի եղել․ տարվա սկզբին և տարեվերջին նա ունեցել է նույն՝ մեկ բնակարանը։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 48 մլն 52 հազար 162.2 դրամ։

    2025 թվական

    2025 թվականին արդեն էական փոփոխություն է արձանագրվել։ Վարդանյանը տարվա ընթացքում ձեռք է բերել ևս մեկ բնակարան՝ 53 մլն 974 հազար 300 դրամով։ Այսպիսով, տարեվերջին նրա անունով եղել է երկու բնակարան․ մեկը՝ 2001 թվականին ժառանգությամբ ստացած, մյուսը՝ 2025 թվականի նոյեմբերի 27-ին 53 մլն 974 հազար 300 դրամով ձեռք բերված։

    2025 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 18 մլն 596 հազար 773.7 դրամ։ Դրանից 15 մլն 281 հազար 690 դրամը եղել է ԱԺ աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված վճարումները, իսկ 3 մլն 315 հազար 83.7 դրամը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված եկամտային հարկի վերադարձ։

    2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկային պարտավորությունների մայր գումարի մնացորդը կազմել է 46 մլն 753 հազար 749.6 դրամ։ Տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 6 մլն 774 հազար 20 դրամ։

    Միաժամանակ 2025 թվականի հայտարարագրում նշված է, որ Վարդանյանը տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել է 2022 թվականի արտադրության Volkswagen մակնիշի ավտոմեքենայի, որը սեփականության իրավունքով իր անունով գրանցված չի եղել։

    ՔՊ պատգամավորից՝ ՍԴ դատավոր

    Այսպիսով, 2021-2025 թվականների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վարդանյանի անունով այդ ժամանակահատվածում պահպանվել է 2001 թվականին ժառանգությամբ ստացած բնակարանը, իսկ 2025 թվականին ավելացել է ևս մեկ բնակարան՝ 53 մլն 974 հազար 300 դրամ արժեքով»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում





    Սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով իրականացված դիտարկման արդյունքում ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկավանի անտառպետության 2-րդ պահաբաժնի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ։ Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունը։

    Նշվում է, որ հայտնաբերված փայտանյութի մի մասի վերաբերյալ անտառտնտեսության տնօրենը և անտառապետը ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր, իսկ հարակից տարածքներում գտնվող շուրջ 45 խմ փայտանյութի վերաբերյալ տեղեկություն չեն ունեցել: Դեպքի առնչությամբ Էկոպարեկային ծառայության կողմից հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե:

    Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները շարունակում են փայտանյութի նկատմամբ հսկողությունը՝ մինչև քննչական գործողությունների ավարտը:




    դիտվել է 43 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


    Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն

    Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հիշեցնում են ՆԳՆ ոստիկանությունից։

    «Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ սահմանափակված են։

    Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը սահմանափակված է՝

    -Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,

    -Սախարովի հրապարակից,

    -Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,

    -Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,

    -Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

    Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին շրջանցել նշված ճանապարհահատվածները»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

  • ԱՄՆ-ի անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ

    ԱՄՆ-ի անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբԱՄՆ-ի անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։

    Միացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ միասին նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը՝ անդրադառնալով այն առաջընթացին, որ ձեր երկիրը գրանցել է դեպի ավելի խաղաղ, բարգավաճ ու ժողովրդավարական ապագա։ 

    Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի է հնարավոր հասնել, երբ աշխատում ենք հանուն խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի իրագործման։

    Մենք ակնկալում ենք առաջ մղել ԹՌԻՓՓ նախաձեռնությունը, ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումները և օգնել նոր հնարավորություններ բացել Հայաստանի ու ավելի լայն տարածաշրջանի համար։

    Ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձում։

  • Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-րդ տարեդարձը

    Սեպտեմբերի 21-ին համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին` Գերագույն Խորհրդի նիստում: 

     

    35 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց ԽՍՀՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիների 94.39%-ն «այո» ասաց անկախությանը։ Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

  • Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ

    Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը։

    Ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում։

    «Սիրելի՛ հայրենակիցներ,

    Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա և մեր պետականության վերականգնման 35-րդ տարեդարձի առթիվ։

    35 տարին պետականության պատմության մեջ միաժամանակ երկար և շատ կարճ ժամանակ է։ Բավական երկար՝ անցած ճանապարհը գնահատելու համար, և բավական կարճ՝ հասկանալու, որ անկախ պետությունը երբեք ավարտված ձեռքբերում չէ։

    Անկախության օրը, հետևաբար, միայն պատմական իրադարձության խորհրդանիշ չէ։ Այն մեզ համար պատասխանատվության և պարտքի մասին մտածելու օր է։

    Անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը ցանկացած ժողովրդի համար հիմնարար և անփոխարինելի արժեքներ են։ Հայ ժողովուրդը հազարամյակների պատմության ընթացքում անցել է պետականության կորստի ու վերականգնման, վերելքների և ծանրագույն փորձությունների միջով։ Այսօր մենք ունենք այն, ինչի համար սերունդներ շարունակ պայքարել են՝ Հայաստանի Հանրապետությունը։

    Հայաստանի Հանրապետությունը պարզապես մեր ներկայի պետական կազմակերպությունը չէ։ Այն հայ ժողովրդի պատմական շարունակականության այսօրվա իրականությունն է և աշխարհասփյուռ հայության՝ սեփական պետություն ունենալու դարավոր ձգտման մարմնավորումը։ Այդ պատճառով պետությունը մեզանից յուրաքանչյուրի համար ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն։

    Անկախությունը սեփական ճակատագիրը տնօրինելու և դրա հետևանքների համար պատասխանատվություն կրելու կարողությունն է։ Ազատությունը սեփական որոշումները կայացնելու և դրանց պատասխանատվությունը ստանձնելու հնարավորությունն է։ Ինքնիշխանությունը սեփական շահը ձևակերպելու և պաշտպանելու քաղաքական կարողությունն է։

    Ուստի պետականությունը մեկ անգամ ձեռք բերվող և մեկընդմիշտ ապահովված արժեք չէ։ Այն ամեն օր ստեղծվող ու ամրապնդվող իրականություն է։

    Այսօր մենք իրավունք ունենք մեր պետության մասին խոսելու բաց և անկեղծ՝ տեսնելու ձեռքբերումները, ընդունելու թերություններն ու չկատարված աշխատանքը։ Դրանք շատ են։

    Բայց հենց մեր պետության նկատմամբ պատասխանատվությունն է մեզ պարտավորեցնում դրանք լուծել ոչ թե միմյանցից հեռանալով, այլ աշխատելով՝ տարբեր կարծիքներով, բանավեճով և քաղաքական մրցակցությամբ։

    Այս տարվա հունիսին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունները Հայաստանի քաղաքական կյանքի կարևոր հանգրվան էին։ Ժողովրդավարական գործընթացը շարունակվում է, և ընտրությունների արդյունքը նոր քաղաքական պատասխանատվություններ է ձևավորում։ Մենք կարող ենք տարբեր կերպ պատկերացնել Հայաստանի ապագան, ունենալ տարբեր քաղաքական հայացքներ ու լուծումներ, բայց այդ տարբերությունների հիմքում պետք է մնա մեկ ընդհանուր արժեք՝ Հայաստանի Հանրապետությունը։

    Այսօր փոխվում է աշխարհը, փոխվում է մեր տարածաշրջանը, փոխվում են անվտանգության, տնտեսության և զարգացման պայմանները։ Այս իրողություններին դիմագրավելու համար Հայաստանին անհրաժեշտ է լինել ճկուն՝ առանց կորցնելու իր սկզբունքայնությունը, և ամուր՝ առանց կորցնելու փոփոխվելու կարողությունը։

    Մենք կարող ենք և պետք է փոխենք քաղաքականություններ, բարեփոխենք ինստիտուտներ, գտնենք նոր լուծումներ։ Բայց անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը չեն կարող լինել իրավիճակային արժեքներ։

    Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը։

    Անկախության 35-րդ տարեդարձը մեզ պարտավորեցնում է երբեք չմոռանալ, թե որտեղից ենք եկել, ոգով, հավատով ու խիզախությամբ ամրագրել, թե ինչ պետություն ենք ուզում թողնել հաջորդ սերունդներին։

    Մեր պատասխանատվությունն է նրանց փոխանցել ոչ միայն անկախ պետություն ունենալու փաստը, այլև ինքնիշխան, ազատ, ժողովրդավար և կարողունակ պետություն՝ իր ապագան ինքնուրույն կերտելու ներուժով։

    Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է։

    Սա է անկախության իմաստը։

    Սա է մեր պետական պարտքը։

    Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայությանը Անկախության օրվա առթիվ։

    Խաղաղություն և ամրություն մեր պետությանը, ազատություն և արժանապատվություն՝ մեր քաղաքացիներին։

    Փառք նահատակներին և

    Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

  • Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ – ԱՄԲԻՈՆ NEWS

    ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով Հնդկական օվկիանոսում գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ։ Այն արձանագրվել է համաշխարհային կոորդինացված ժամանակով 20:54-ին (Մոսկվայի ժամանակով 23:54)։

    Երկրաշարժը գրանցվել է Հարավային Աֆրիկայի Գկեբերա քաղաքից (Պորտ Էլիզաբեթ) 1669.4 կիլոմետր հեռավորության վրա՝ մոտավորապես 10 կիլոմետր խորության վրա։

  • «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video)

    «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video)

  • Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա

    Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է:

    Ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձում։

    «Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրն է։

    Անկախությունն աստվածատուր պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ։ Անկախությունը նաև մարդու իրավունքների հիմնական սկզբունքներից մեկն է, այն հարկավոր է հարգել։ Անկախության ամուր պահպանումը և դրա սկզբունքներին, արժեքներին ու հրամայականներին հավատարիմ լինելը ենթադրում են հավատ, կամք ու պայքար։

    Ա՛յս գիտակցությամբ հայ ժողովուրդը կերտեց ու պահպանեց իր անկախությունը. և երբ պատմական պայմանների պարտադրանքով կորցրեց այն, վերականգնելու տեսլականը վերածեց ամենօրյա պայքարի։

    Իրոք, հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է։

    Հայաստանի անկախության տոնումը պատգամ է՝ ուղղված յուրաքանչյուր հայի, հավատարիմ լինելու անկախությանը՝ որպես սրբազան արժեքի»։

  • Բուենոս Այրեսի տեսարժան վայրերը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

    Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով