Blog

  • Ամստերդամից՝ Հայաստան․ ՍՄՄՀաբ-ը և Juniper Networks-ը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության նոր հնարավորությունները

     Ամստերդամից` Հայաստան․ ՍՄՄՀաբ-ը և Juniper Networks-ը քննարկել են տեխնոլոգիաների և տեղական փորձագիտական ներուժի զարգացման հաջորդ փուլը

    Ամստերդամում կայացել է ՍՄՄՀաբ-ի և Juniper Networks-ի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում ընթացիկ և ապագա ծրագրերի իրականացման հնարավորությունները, Juniper Networks-ի տեխնոլոգիական լուծումները, հայաստանյան պատվիրատուների պահանջները, ինչպես նաև Հայաստանում Juniper-ի լուծումների վերաբերյալ տեղական տեխնիկական փորձագիտական ներուժի զարգացման հնարավորությունները։

    Սեպտեմբերի 18-ին ՍՄՄՀաբ ՍՊԸ-ի ներկայացուցիչները հանդիպել են Juniper Networks-ի թիմի հետ ընկերության՝ Ամստերդամում գտնվող գրասենյակում։

    ՍՄՄՀաբ-ի կողմից հանդիպմանը մասնակցել են Լիդա Նալբանդյանը՝ ՍՄՄՀաբ ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, և Արա Սարգսյանը՝ ՍՄՄՀաբ ՍՊԸ-ի B2B ուղղության տնօրեն։

    https://mediahub.am/post/5o2rewvjv2fmnd0z

  • ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Թեև իշխանության մոտեցումները շարունակում են մնալ մակերեսային, և նրանք անհոգ ժեստերով փորձում են ցույց տալ, թե իբր ամենևին մտահոգված չեն Հայաստանի առջև ծառացած տնտեսական ծանր մարտահրավերներով, իրականությունն այլ է։ Իշխանական պատգամավորների ճղաձիգ ելույթներից արդեն իսկ պարզ է դառնում, որ իրենք էլ են զգում օդում կախված վտանգը և հասկանում, թե ինչի կարող է հանգեցնել երկրում սպասվող հսկայածավալ տնտեսական անկումը։ Անշուշտ, տնտեսական ճգնաժամն իշխանափոխության լուրջ նախադրյալ է, սակայն սա այն դեպքը չէ, երբ կարելի է խնդրին նայել սոսկ քաղաքական շահի տեսանկյունից։ Տնտեսության նման գահավիժումն աղետալի է պետության համար, և դրա հետևանքները հաղթահարելու համար տարիներ են պահանջվելու։ Սա ընդդիմության համար պարզապես «նվեր» չէ, այլ մի իրավիճակ, երբ ընդդիմադիր դաշտը պետք է լիովին պատրաստ լինի վերցնելու պետական ղեկը և կառավարելու առկա հսկայական ռիսկերը:

    Խորհրդարանական համակարգերում ընդդիմությանը վերապահված վերահսկողական լծակները՝ հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների և սահմանադրական այլ պաշտոնների տեսքով, ծառայում են ոչ միայն որպես զսպման համակարգ, այլև նախապատրաստում են ապագա իշխանափոխությանը։ Տարբեր երկրների, օրինակ՝ Գերմանիայի կամ Լեհաստանի պրակտիկան ցույց է տալիս, որ երբ խորհրդարանական ընդդիմությունն արդյունավետորեն ստանձնում է իրեն վերապահված լծակները, դա հնարավորություն է տալիս կանխել քաղաքական վակուումը և ապահովել պետական ապարատի անխափան աշխատանքը իշխանափոխության անցումային փուլում:

    Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակում նույնպես տեսանելի է դառնում իշխանափոխության հասունացման ինստիտուցիոնալ տրամաբանությունը: Օրենսդիր մարմնում ընդդիմության կողմից Սահմանադրությամբ իրեն վերապահված պաշտոնների և հանձնաժողովների ղեկավարման ստանձնումը պետական կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու քայլ է։ Այս գործընթացն ընթանում է սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամի ֆոնին, երբ անգամ ռուսական պատժամիջոցների ամբողջական փաթեթի ուժի մեջ չմտած հատվածում արդեն իսկ մեծ անկումներ էին գրանցվել, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում։

    Իսկ այժմ, երբ Ռուսաստանն արդեն ամբողջ թափով սկսել է պատժամիջոցներ կիրառել, ավելի քան պարզ է դառնում, թե ընթացիկ և առաջիկա եռամսյակներում ինչպիսի ապոկալիպտիկ պատկեր է սպասվում տնտեսության մեջ:

    Տնտեսական այս իրավիճակն էլ ավելի է ծանրանում արտաքին մարտահրավերների պատճառով: Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին Մոսկվայից հնչող հայտարարությունները՝ գազի և էներգակիրների գների հնարավոր թանկացման մասին, լրացուցիչ ծանր հարված են հասցնելու առանց այն էլ խոցելի տնտեսությանը։ Էներգակիրների թանկացումը շղթայական ռեակցիայով բերում է բոլոր ոլորտների կոլապսի, ինչն էլ, ինչպես ցույց է տվել 1970-ականների էներգետիկ ճգնաժամի փորձը Եվրոպայում, անխուսափելիորեն առաջ է քաշում իշխանությունների քաղաքական պատասխանատվության և փոփոխության հրամայականը:

    Այս ամբողջ պատկերի համատեքստում է պետք դիտարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ներկայացրած տվյալը, ըստ որի՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80 %-ով ավելի շատ ձայն, քան 2021 թվականին։ Ընդդիմադիր ընտրազանգվածի փաստացի կրկնապատկումը վկայում է հանրային տրամադրությունների արմատական վերադասավորման մասին:

    Այնպես որ, անցած ընտրություններով իշխանությունն ամենևին էլ չի «պեչատել» իր հավերժական կառավարումը։ Ընդհակառակը՝ տնտեսական գահավիժման, արտաքին ռիսկերի և ընդդիմության ինստիտուցիոնալ ամրապնդման համադրումը կարող է քաղաքական համակարգում տեկտոնական ճաքեր առաջացնել։ Ամեն ինչ տանում է նրան, որ առաջիկա շրջանը ներքաղաքական կյանքում լինելու է չափազանց հետաքրքիր, դինամիկ և լուրջ փոփոխություններ խոստացող:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



    դիտվել է 80 անգամ

  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ

    Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։

    Այս մասին նշվում է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի սեպտեմբերի 18-ի կարգադրության մեջ։

    Պարգևատրման չափը չի նշվում։

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել սեպտեմբերի 19-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել սեպտեմբերի 19-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 362.50 դրամ է, վաճառքը՝ 365 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 415 դրամ, վաճառքի դեպքում՝ 420 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.25 դրամ, վաճառքինը՝ 4.37 դրամ։

  • Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»



    Միջազգային


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    argumenti.ru–ն «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի» վերնագրով հոդվածում գրում է, թե թվում է՝ Երևանը լիովին կորցրել է աշխարհաքաղաքական իրողությունների զգացողությունը։ Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիել յանի հնչեցրած վերջին վերջնագիրը վատ կատակի է նմանվում. «Հայաստանը պատրաստ է վճար սահմանել Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի տեղակայման համար, եթե Մոսկվան որոշի բարձրացնել գազի գինը։ Հստակեցնենք համաձայնագրի էությունը։ Գործող պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2044 թվականը, Ռուսաստանին չի դարձնում կոմերցիոն վարձակալ։ 102-րդ ռազմակայանը Հայաստանի տարածքում տեղակայված է լիովին անվճար և երկրի անվտանգության առանցքային երաշխավորն է չափազանց անկայուն տարածաշրջանում։ Ռազմավարական վահանը, որը պաշտպանում է երկիրը արտաքին սպառնալիքներից, պետական բյուջեի եկամտի աղբյուրի վերածելու փորձը ոչ միայն ցինիկ է, այլ նաև աշխարհաքաղաքական անհեթեթություն։


    Ակնհայտ է, որ շանտաժի այս փորձը լիովին անհիմն է։ Ռուսաստանը գազի սակագնի բարձրացման վերաբերյալ որևէ պաշտոնական ծանուցում չի ներկայացրել, իսկ էներգակիրների մատակարարման գործող պայմանագիրը ուժի մեջ է մնում առնվազն մինչև 2026-2027 թվականները։


    Եվ սա նմանատիպ առաջին քայլը չէ։ Նախկինում Հայաստանի վարչապետն արդեն իսկ պահանջել էր տարեկան երկու միլիարդ դոլար վճարել երկաթուղային համակարգի օգտագործման համար։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը դիտարկում է ոչ թե որպես փոխշահավետ դաշինք, այլ որպես շանտաժի և շորթման անվերջ աղբյուր։

    Թվում է՝ Փաշինյանը պատրաստ է վտանգավոր խաղ սկսել՝ առանց գիտակցելու պարզ հետևանքները. սպառելով Մոսկվայի համբերությունը՝ Հայաստանը ռիսկի է դիմում միայնակ բախվելու թե՛ էներգակիրների շուկայական գներին, թե՛ իրական ռազմական սպառնալիքներին, որոնք զսպվում են 102-րդ ռազմակայանի կողմից։


    Տասնամյակներ շարունակ տարածաշրջանային կայունությունն ապահոված պետության ռազմական ներկայությունը «դրամայնացնելու» փորձերը ոչ միայն կարճատես են, այլ նաև աղետալի հենց նախաձեռնողների համար։ Ռազմավարական գործընկերությունը չի կարող կառուցվել վերջնագրերի և պայմանների մշտական ու միակողմանի վերանայման հիման վրա։


    Եթե Երևանը շարունակի այս ուղեգիծը, ապա շուտով կհասկանա, որ Ռուսաստանի կողմից տրամադրվող անվտանգությունն ու արտոնյալ պայմաններով ռեսուրսները ոչ թե հավերժ երևույթ են, այլ փոխադարձ հարգանքի և պայմանավորվածությունների խստիվ պահպանման արդյունք։ Իսկ քաղաքական շանտաժը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, միշտ իր գինն է ունենում, և այդ գինը կարող է կործանարար լինել Հայաստանի համար։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Երբ կառավարությունը նախաձեռնում է այնպիսի օրենսդրական փաթեթ, որի իրականացման համար պետական բյուջեից տարեկան հավել յալ ավելի քան 25 միլիարդ դրամ է պահանջվելու, իսկ այդ փաթեթի առանցքում կանգնած են իշխանության տարբեր ճյուղերի բարձրաստիճան ներկայացուցիչների աշխատավարձերի մեծ, երբեմն կրկնապատկվող բարձրացումները, հասարակության մեջ անխուսափելիորեն առաջանում է ոչ միայն անասելի դժգոհություն, այլև վստահության ճգնաժամի նոր ալիք։

    Այդ դժգոհությունը չի բխում միայն նախանձից կամ այն պարզունակ պատկերացումից, թե պաշտոնյան պարտադիր պետք է ցածր վարձատրվի։ Հակառակը՝ առողջ պետության մեջ պետական բարձր պաշտոնը պետք է արժանապատիվ վարձատրվի, որպեսզի համակարգը կարողանա ներգրավել որակյալ կադրեր, նվազեցնել կոռուպցիոն գայթակղությունները և բարձրացնել պետական ծառայության ինստիտուցիոնալ գրավչությունը։ Բայց և նույնքան ակնհայտ է, որ աշխատավարձի բարձրացումը պետք է լինի ոչ թե իշխանության՝ ինքն իր համար ընդունած արտոնություն, այլ հասարակական համաձայնության արդյունք, ընդ որում՝ սոցիալական արդարության սկզբունքների պահպանմամբ։ Այլ կերպ ասած՝ այն պետք է ունենա ոչ միայն բացատրելիություն, չափելի արդյունք, այլև արդարության ընկալում և կապ երկրի ընդհանուր տնտեսական վիճակի, քաղաքացիների եկամուտների և կառավարման արդյունավետության հետ։

    Հենց այստեղ է առաջանում հիմնական հակասությունը. երբ նախարարների աշխատավարձերը կրկնապատկվում են, երբ բարձրաստիճան պաշտոնյաներին վարձատրելու համար նախատեսվում է բյուջետային հավել յալ ծանրաբեռնվածություն հատկապես այն պարագայում, որ մինչ այդ արդեն ներդրվել էր պարգևատրումների նոր համակարգ, և 2026 թվականի հուլիսին պետբյուջեից 5 միլիարդ դրամ է ուղղվել պաշտոնյաներին պարգևատրելու նպատակով, ապա «հասարակ մահկանացուներիս» շրջանում բազմաթիվ հարցեր են ծագում։ Ու այդ հարցերից մեկն այն է, թե որտե՞ղ է շարքային (ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հպարտ, արժանապատիվ) քաղաքացու բաժինը նույն պետությունից, նույն տնտեսական աճից, նույն հարկային մուտքերից, նույն բյուջեից, որը ձևավորվում է հենց իր վճարած հարկերով, իր սպառման վրա դրված հարկերով, իր աշխատավարձից պահվող եկամտային հարկով, իր ամենօրյա գնման մեջ ներառված ավելացված արժեքի հարկով։

    Այս հարցը ոչ միայն սոցիալական է, այլև քաղաքական և բարոյական, որովհետև պետությունը քաղաքացիների աչքում արդար է այնքանով, որքանով կարողանում է նույն չափանիշը կիրառել վերևի և ներքևի համար։ Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի արագ աճը սովորաբար հիմնավորվում է մի քանի փաստարկով։ Առաջինն այն է, որ պետական կառավարման բարձր օղակներում պետք է լինեն մասնագետներ, որոնք մասնավոր հատվածում կարող էին ավելի բարձր եկամուտ ստանալ, և եթե պետությունը չի վճարում մրցունակ աշխատավարձ, ապա լավագույն կադրերը չեն գալիս պետական համակարգ։ Երկրորդ փաստարկը կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է։ Բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյան, ըստ այդ տրամաբանության, ավելի քիչ դրդապատճառ կունենա չարաշահումների գնալու։ Երրորդ փաստարկը պատասխանատվության բարձր մակարդակն է։ Նախարարի, փոխնախարարի, հանձնաժողովի նախագահի, դատական կամ օրենսդիր իշխանության բարձր ներկայացուցչի որոշումները ազդում են ամբողջ երկրի վրա, ուստի նրանց վարձատրությունը պետք է համապատասխան լինի այդ պատասխանատվությանը։

    Այս փաստարկներն ինքնին ամբողջությամբ անհիմն չեն։ Բայց դրանցից ոչ մեկը չի կարող լինել ինքնաբավ արդարացում այն դեպքում, երբ աշխատավարձերի բարձրացումը չի ուղեկցվում կատարողականի խիստ չափորոշիչներով, հաշվետվողականության իրական մեխանիզմներով, հանրային ծառայությունների որակի տեսանելի բարելավմամբ, առավել ևս՝ նույն տրամաբանության տարածմամբ հասարակության ավելի լայն շերտերի վրա։ Եթե պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանում են այն հիմնավորմամբ, որ նրանց աշխատանքը կարևոր է և պետք է արդյունավետ լինի, ապա նույն տրամաբանությամբ պետք է բարձրանան նաև ուսուցչի, բժշկի, փրկարարի, սոցիալական աշխատողի, մշակույթի ոլորտի աշխատողի, պետական ցածր և միջին օղակների ծառայողի, համայնքային աշխատողի, արտադրական և սպասարկման ոլորտի շարքային աշխատողի եկամուտները, որովհետև պետության իրական կենսունակությունը կախված է ոչ միայն որոշում ընդունողներից, այլև այդ որոշումները կյանքի կոչող մարդկանցից։ Իսկ երբևէ իշխանություններին հետաքրքրե՞լ է, թե որքան աշխատավարձ (կամ, ինչպես ընդունված է ասել, աղքատավարձ) են ստանում նշյալ ոլորտի աշխատողները, մասնավորաբար՝ գրադարանավարները, երաժշտական և, ընդհանրապես, արվեստի դպրոցների դասատուները: Վստահ ենք, որ գիտեն, բայց թքած ունեն, որովհետև իրենց համար կարևորն իրենց բարեկեցությունն է, ու վերջ:

    Արդարության խնդիրը հենց այստեղ է։Երբ կառավարման համակարգի վերևի հատվածի համար աշխատավարձի բարձրացումը դառնում է հրատապ պետական անհրաժեշտություն, իսկ ներքևի աշխատանքային լայն ընդգրկում ունեցող մարդկանց համար այն տարիներ շարունակ մնում է «բյուջետային հնարավորությունների», «աստիճանական մոտեցման», «տնտեսական իրողությունների» կամ «աշխատաշուկայի տրամաբանության» հարց, հասարակությունն այդ տարբերությունը ընկալում է որպես իշխանական կաստայի ձևավորում։ Պետական բյուջեն «սեփականացված» գանձարան չէ, որտեղից իշխանությունը կարող է վերցնել այնքան, որքան անհրաժեշտ է համարում սեփական համակարգի հարմարավետությունը բարձրացնելու համար։

    Բյուջեն հասարակական վստահության նյութական ձևն է։ Այն հավաքվում է քաղաքացիներից և տնտեսությունից՝ այն ակնկալիքով, որ կվերադառնա անվտանգությամբ, կրթությամբ, առողջապահությամբ, ենթակառուցվածքներով, սոցիալական պաշտպանությամբ, արդար դատարաններով, որակյալ պետական ծառայություններով և ընդհանուր զարգացման հնարավորություններով։

    Առավել խնդրահարույց է պարգևատրումների և բարձր աշխատավարձերի համատեղ գոյությունը։ Պարգևատրումը սկզբունքորեն պետք է լինի բացառիկ գործիք՝ կապված չափելի, ապացուցելի և հանրային արժեք ստեղծող արդյունքի հետ։ Եթե պետական պաշտոնյան ստացել է բարձր պաշտոնին համարժեք դրույքաչափ, նրա հիմնական պարտականությունները պետք է համարվեն այդ աշխատավարձի մեջ ներառված։ Պարգևավճարը կարող է արդարացված լինել այն դեպքում, երբ նա գերազանցել է ակնկալվող արդյունքը, իրականացրել է բարդ բարեփոխում, ապահովել է բյուջետային խնայողություն, բարձրացրել է ծառայության որակը, կրճատել է վարչարարական բեռը, լուծել է երկար տարիներ չլուծված համակարգային խնդիր։

    Բայց եթե պարգևատրումը դառնում է համատարած, պարբերական և գրեթե ավտոմատ բնույթ ունեցող հավելում, այն կորցնում է իր իմաստը և վերածվում է աշխատավարձի թաքնված բարձրացման։ Երբ դրանից հետո արդեն բացահայտորեն բարձրացվում են դրույքաչափերը, իսկ պարգևատրումները պահպանվում են, հասարակության աչքում դա ընկալվում է ոչ թե որպես արդյունավետության խթանման համակարգ, այլ որպես երկշերտ արտոնություն։ Իսկ այդ ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ հասարակ աշխատողների մեծ մասը երբեք չի տեսել նման պարգևավճարային մշակույթ։ Շատերը տարիներով նույն աշխատավարձով են աշխատում, գների աճը կուլ է տալիս նրանց եկամուտների իրական արժեքը, կոմունալ վճարները, սննդամթերքի արժեքը, վարկային բեռը, կրթության և առողջապահության ծախսերը աճում են ավելի արագ, քան աշխատավարձը, և այդ մարդուն ասում են, որ պետությունը սահմանափակ հնարավորություններ ունի։ Բայց նույն պետությունը, պարզվում է, սահմանափակ հնարավորություններ չունի, երբ խոսքը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի կրկնապատկմանը։ Այս հակադրությունն է, որ դառնում է սոցիալական վիրավորանքի աղբյուր։

    Հասարակության դժգոհությունը խորանում է նաև այն պատճառով, որ պետական կառավարման արդյունավետության ընդհանուր ընկալումը բարձր չէ։ Եթե քաղաքացին իր առօրյայում տեսներ, որ պետական ապարատը արագ, ազնիվ, թափանցիկ և որակյալ է աշխատում, որ նախարարությունները լուծում են խնդիրներ, ոչ թե արտադրում բացատրություններ, որ բարեփոխումները չափելի արդյունք են տալիս, աշխատավարձերի բարձրացումը միգուցե ընկալվեր որպես կառավարման որակի մեջ ներդրում։ Բայց երբ պետական մարմինների աշխատանքի նկատմամբ լայն տարածված է անվստահությունը, երբ քաղաքացին հաճախ բախվում է բյուրոկրատիայի, անպատասխանատվության, ուշացումների, անարդյունավետության, ձևական հաշվետվությունների, անավարտ ծրագրերի, երբ մեծ խոստումները հաճախ չեն վերածվում համապատասխան արդյունքի, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը դառնում է ոչ թե ներդրում, այլ պարգև անբավարար աշխատանքի դիմաց։

    Այստեղ առաջանում է ամենացավոտ հարցը. եթե աշխատանքի արդյունքը թույլ է, ինչո՞ւ է վարձատրությունը բարձրանում։ Մասնավոր հատվածում աշխատող սովորական մարդը նման տրամաբանություն չի տեսնում։ Եթե նա վատ է աշխատում, նրան չեն պարգևատրում։ Եթե ընկերությունը արդյունք չի ապահովում, աշխատավարձերը չեն կրկնապատկվում։ Եթե արտադրողականությունը չի աճում, գործատուն սովորաբար չի բացում հավել յալ վճարների դուռը։ Իսկ պետական համակարգում, կարծես, ձևավորվում է հակառակ տրամաբանություն. անկախ արդյունքից՝ վերևում գտնվողները կարող են ստանալ ավելի շատ, որովհետև նրանք են որոշում կանոնները։ Այս հանգամանքը խարխլում է հանրային վստահությունը ոչ միայն տվյալ որոշման, այլև ամբողջ պետական կառավարման բարոյական հիմքի նկատմամբ։

    Խնդրի խորքում կա նաև իշխանության և հասարակության միջև հեռավորության էլ ավելի մեծացման վտանգ, չնայած, հանուն արդարության, դժվար է պատկերացնել էլ ավելի մեծ հեռավորություն, քան Հայաստանի բնակչության մեծամասնության և այսօրվա իշխանությունների միջև է։ Երբ բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտները արագ աճում են, իսկ սովորական քաղաքացիների եկամուտները մնում են նույնը կամ աճում շատ դանդաղ, իշխանավորների կենսակերպը աստիճանաբար կտրվում է հասարակության իրականությունից։ Բարձր աշխատավարձը, պարգևավճարները, ծառայողական մեքենաները, ներկայացուցչական ծախսերը, գործուղումները, պետական միջոցներով ապահովվող հարմարությունները ստեղծում են փակ միջավայր, որտեղ պաշտոնյան կարող է այլևս չզգալ այն ճնշումը, որի տակ ապրում է շարքային աշխատողը։

    Նա կարող է տեսականորեն խոսել գնաճից, բայց անձամբ չզգալ, թե ինչ է նշանակում ամսվա վերջին ընտրություն կատարել դեղորայքի և կոմունալ վճարի միջև։ Նա կարող է խոսել աշխատաշուկայի բարեփոխումներից, բայց չապրել նվազագույն կամ միջին աշխատավարձով ընտանիք պահելու անհնարինությունը։ Նա կարող է խոսել կրթության որակից, բայց իր երեխաներին ապահովել լրացուցիչ վճարովի կրթությամբ։ Նա կարող է խոսել առողջապահության հասանելիությունից, բայց օգտվել ավելի բարձրակարգ բուժծառայություններից։ Այս բաժանումը վտանգավոր է, որովհետև պետության ղեկավարումը պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիք, այլև սոցիալական զգայունություն, սթափություն։ Իսկ սոցիալական զգայունությունը թուլանում է, երբ որոշում ընդունողը նյութապես ապահովագրված է այն խնդիրներից, որոնց լուծման համար պաշտոնապես պատասխանատու է:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Սեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

    ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

    ▫️ Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։

    ▫️Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝

    ▫️Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,▫️Սախարովի հրապարակից,▫️Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,▫️Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,▫️Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

  • Հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին․ Նարեկ Կարապետյան

    «Ալիևը հավասարապես արժանի է այս մրցանակին», — ասել է Նիկոլ Փաշինյանը։

    Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը։

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արձագանքել է․

    «Հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին:

    Երեկ Գերմանական հանրային հեռուստատեսությունը նշել է .
    «51-ամյա նախկին լրագրողը Ադրբեջանին լայնածավալ զիջումներ էր արել»։

    Իսկ Գերմանիայի պետնախարարը հայտարարել է.
    «Շատ հայեր կորցրել են իրենց Հայրենիքը»»։

  • Լոլիկի մեջ քիմիական հոտ․ քաղաքացին ահազանգում է հնարավոր թունաքիմիկատի մասին

    Զգոն եղեք

    Այսօր լոլիկ էի քերիչով անցկացրել, երբ ահավոր ԴԴՏ-ի (պեստիցիդ է – IUPAC) հոտ խփեց քթիս: Սկզբում կարծեցի՝ թվացել է, բայց մի քանի անգամ հոտոտելուց հետո համոզվեցի, որ հոտն անհավանական ուժեղ է։ Գույնն էլ էր տարօրինակ։
    Քանի որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի PR պետն ինձ անհասկանալի պատճառներով հեռացրել է ընկերական ցանկից, պարզապես իմ Ֆեյսբուքյան էջում եմ տեղեկացնում, որ նման երևույթի առաջին անգամ եմ առնչվում։ Լոլիկից նախկինում էլ է ձկան հոտ եկել, եղել է անհամ, բայց նման անտանելի քիմիական դեղի հոտի առաջին անգամ եմ հանդիպում։ Ընդ որում՝ երեք շատ մեծ չափի լոլիկ էինք գնել, ամենամեծից ամենաշատն էր հոտը գալիս։

    Համացանցում դիխլոֆոսի հետ կապված տեսանյութը, կարծում եմ, մեր առած լոլիկի հետ կապ չունի, որովհետև դիխլոֆոսի հոտը որոշ ժամանակ անց ցնդում է, իսկ սա, նույնիսկ եռման ջրով մշակելուց և կրկնակի լվանալուց հետո, չանցավ։ Այդ ԴԴՏ-ի հոտը մանկուցս եկած հիշողությամբ անմիջապես ճանաչեցի։
    Դա սինթետիկ միջատասպան (պեստիցիդ) է, որը Խորհրդային տարիներին լայնորեն կիրառվել է գյուղատնտեսության և բժշկության մեջ (մալարիան փոխանցող մոծակների դեմ), սակայն հետագայում արգելվել է շրջակա միջավայրում կուտակվելու և կենդանի օրգանիզմների վրա ունեցած թունավոր ազդեցության պատճառով:

    Մի խոսքով ամեն ինչ թափեցի, որովհետև տալ լաբորատորիա, կամ ՍԱՏՄ-ին ասելը իզուր բան եմ համարում։
    Որպես քաղաքացի և առավել ևս լրագրող վաղուց համակերպվել եմ այն մտքի հետ, որ Հայաստանում ոչ մի ոլորտ չի աշխատում, հատկապես՝ վերահսկողությունը։ Ի դեպ, այս տարի նաև գեթ մեկ հատ համով ծիրան չհանդիպեց. քանի անգամ գնել ենք, բայց այդպես էլ, ոչ մեկը համ չուներ։

    Խանութներից գնված մթերքը ռուսական ռուլետկայի է նման՝ կամ բախտդ կբերի ու ուտելի կլինի, կամ աղբանոցը կնետես։
    Փոխարենը՝ շատ համով մրգեր ենք կերել ընկերների՝ սեփական այգուց քաղած բերքից։ Ուրեմն, խնդիրը մեծածավալ արտադրողների մեջ է։
    Այս խնդիրը տևական ժամանակ է՝ չի լուծվում այն պարզ պատճառով, որ ոչ մեկն իրականում ոչինչ չի անում, իսկ լրատվամիջոցներով եզակի նյութեր տարածելը զուտ փիառ է, ուրիշ ոչինչ։ Հետո կասեն՝ «ընդդիմադիրները կամ դաշնակներն են մուտիտ անում»։
    Չէ, չկա տենց բան։ Հայաստանում ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ չկա՝ ո՛չ պառլամենտում, ո՛չ բանտերում։
    Կան ամեն ինչից հոգնած ու զզված քաղաքացիներ, և այս երևույթից բոլորն են տուժում։ Իսկ ո՞վ է մեղավոր՝ արդեն հռետորական հարց է։

    Ժողովուրդ, ամեն բան գնելիս, ուտելուց ու խմելուց առաջ հոտոտե՛ք, համը փորձե՛ք. սա արդեն գլոբալ, մասշտաբային երևույթ է։ Ինքներդ ձեր ինտուիցիային, քիմքին, քթին ու բերնի համին լսեք, նոր տվյալ ուտելիքը առեք։
    PS. Այս գրառումս հրապարակելուց հետո, մասնագետները հնարավոր համարեցին նկարագրված դեպքի առիթով քլորպիրիֆոսի թունաքիմիկատի առկայությունը, որն ի դեպ նյարդային համակարգն է ախտահարում։

  • Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է.

    Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը մոտ 150 դիվանագետների ուղեկցել էր Լեռնային Ղարաբաղ, հայտարարել, թե Գանձասարն ու Դադիվանքն աղվանական եկեղեցիներ են, ինչը մեծ վրդովմունք առաջացրեց մեզանում։

    Մեր տեղեկություններով, վերջին օրերին Հաջիեւին արձագանքելու վերաբերյալ քննարկումներ են ընթացել նաեւ Արցախի խորհրդարանականների շրջանում, սակայն ընդհանուր համաձայնության չեն եկել, եւ որեւէ հայտարարություն չի կազմվել։ Մեր աղբյուրներն ասում են, որ 5-6 արցախցի է պնդել, որ հարկավոր է արձագանքել` առանց Նիկոլ Փաշինյանից ու իր իշխանության ռեպրեսիաներից վախենալու, մյուսները զգուշավոր են դարձել եւ չեն ուզում սրել հարաբերությունները ՀՀ իշխանությունների հետ։ Հատկապես որ նրանք` ԱԱԾ-ի միջոցով, ըստ որոշ լուրերի, ուժեղ վերահսկողություն են սահմանել նրանց բոլորի նկատմամբ եւ տարբեր բանագնացների միջոցով փորձում են զսպել, սահմանափակել նրանց գործողությունները։