Blog

  • «Ուժեղ Հայաստան»–ի պատգամավորները հարգանքի ոտւրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը (video)

    դիտվել է 6 անգամ

    Լրահոս


    Գործող կառավարչի՝ ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն ուղերձ է Թուրքիային և Ադրբեջանին



    Այս 9 տարվա ընթացքում Փաշինյանի իշխանությունը ոչ մի քայլ չի արել գործը բացահայտելու համար․Կարապետյան (video)



    Ոնց եք պատրաստվում «դուրս շպրտել» ինձ Ազգային Ժողովից․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին (video)



    Լոռիում «Toyota»-ն բախվել է սատկած ձիուն․ կան վիրավորներ



    Լարված իրավիճակ ԱԺ–ում․ անվտանգության աշխատակիցները դուրս բերեցին Էդգար Ղազարյանին (video)



    «Ուժեղ Հայաստան»–ի պատգամավորները հարգանքի ոտւրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը (video)



    Պապիկյանի երկրորդ դեղին քարտը․ «Հրապարակ»



    Թաթոյանն ընդհատակ է անցել. ո՞րն է պասիվության պատճառը․ «Հրապարակ»



    Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»



    Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»



    Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»



    6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»



    ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»



    Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»



    210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»



    Թղթի վրա սա կարող է թվալ ողջամիտ լուծում, բայց իրականությունը շատ ավելի բարդ է․ Հակոբ Հակոբյան



    Եվս մեկ քայլ նահանջ՝ ժողովրդավարության սկզբունքներից․ Թանդիլյան



    Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա



    ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակին



    Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը



    Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան



    Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք



    ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

  • Սյունիքի և Վայոց ձորի որոշ բնակավայրերում էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Վայոց ձորի մարզ

    11:00–14:00 Շատին, Արտաբույնք, Հորբատեղ և Եղեգիս գյուղեր,

    Սյունիքի մարզ

    11:00–16:00 Ծղուկ գյուղ մասնակի,

    11:00–17:00 Թխկուտ, Լեհվազ և Վարդանիձոր գյուղեր:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է.

     Հայաստանի տնտեսական ապագայի շուրջ ծավալվող քննարկումները գնալով ավելի ու ավելի են հիշեցնում աբսուրդի թատրոն, որտեղ իշխանական վերնախավը փորձում է անհոգ ժպիտով դիմավորել երկրի գլխին կախված լուրջ մարտահրավերները:

    Մինչ իշխանավորները ցուցադրական թեթևամտությամբ են արձագանքում ռուսական գազի՝ հնարավոր 69 տոկոս թանկացման լուրերին, շարքային քաղաքացին ստիպված է կատարել պարզ, գուցե կոպիտ, բայց դաժան հաշվարկ։ Եթե այսօր տան կապույտ վառելիքի համար վճարում եք, դիցուք, 10000 դրամ, ապա մոտ ապագայում ստիպված եք լինելու արդեն վճարել 16900 դրամ։ .

    Փոխանակ ստեղծված ճգնաժամային իրավիճակին սթափ գնահատական տալու և գործնական քայլեր ձեռնարկելու, կառավարող թիմում նախընտրում են ամեն ինչ վերածել դատարկաբանության և անհոգ շաղակրատանքի՝ փորձելով հանրությանը համոզել, թե իբր ամեն ինչ վերահսկողության տակ է: Մինչդեռ հարցն այն է, որ պետական կառույցները մատը մատին չեն տալիս այս ահռելի հարվածը մեղմելու համար, և յուրաքանչյուր օրն աշխատում է բացառապես երկրի տնտեսության դեմ։

    Դեռևս աշնան սկզբին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հստակ հայտարարել էր, որ գազի հնարավոր թանկացումը կարող է հանգեցնել ապոկալիպտիկ հետևանքների, և որ պահանջելու է կառավարությունից ոչ ստանդարտ ու բավականին կոշտ քայլեր։ Բայց իշխանական դիլետանտ «տնտեսագետների» համար մասնագիտական զգուշացումները ոչ մի արժեք չունեն. նրանց համար շատ ավելի հեշտ է վերևից նայելով հայտարարել, թե տարիների փորձ ունեցող մասնագետները պարզապես «չեն հասկանում տնտեսությունից»։

    Գործադիր իշխանության ղեկավարն ու նրա քաղաքական թիմը շարունակում են ձևացնել, թե զարմանում են, թե ինչպես կարող է ԵԱՏՄ-ն իրենց պես «անվերապահորեն ազնիվ ու պարկեշտ» գործընկերոջ հետ խոսել վերջնագրերի լեզվով։ Մինչդեռ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ստորագրությամբ հրապարակված զեկույցներում բաց տեքստով արձանագրված է, որ Երևանի՝ դեպի Եվրամիություն ձգտելու և միաժամանակ ԵԱՏՄ արտոնություններից օգտվելու քաղաքականությունը գնահատվում է որպես երկակի և անբարեխիղճ խաղ։

    Թվերն ու հաշվարկները, սակայն, անողոք են. ԵԱՏՄ շրջանակներում արդեն կազմվել են հնարավոր սցենարները։ Միությունից դուրս մնալու կամ հարաբերությունների վատթարացման դեպքում, գազի թանկացումից զատ, Հայաստանին սպառնում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 16 % նվազում, ապրանքների և ծառայությունների արտահանման 42 % ու ներմուծման 27 % կտրուկ անկում, ինչպես նաև առնվազն 15 %-անոց գնաճ։

    Եթե այս կանխատեսումների նույնիսկ չնչին մասն իրականանա, երկրի տնտեսությունը կհայտնվի փլուզման եզրին։ Եվ սա այն պարագայում, երբ ներկայիս իշխանության կառավարման 8 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական կախվածությունը ԵԱՏՄ-ից ոչ թե նվազել է, այլ ավելացել է ուղիղ 5 անգամ։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

  • «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»


    «Փաստ» օրաթերթը գրում է.

     «ՏԻՄ-երը պետության առանցքն են, պետության բջիջը, որտեղ ցանկացած իշխանություն փորձում է պահել իր, այսպես ասած, ազդեցության գոտիները, իր ճյուղավորված բջիջները, որպեսզի հետագայում իր քաղաքականությունը, կենսագործունեությունը հեշտությամբ կյանքի կոչի։ ՏԻՄ ընտրությունները միգուցե ոչ առաջնային են եղել իշխանությունների համար, սակայն նրանք փորձել են, համապատասխան գործիքակազմ կիրառելով, տեղում ներկայացված լինել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ անդրադառնում ենք կիրակի օրը Հայաստանի տարբեր համայնքներում տեղի ունեցած ընտրություններին։ Ընդգծում է՝ ընդդիմադիր ուժերը պետք է լայն թափով մասնակցեն ընտրություններին բոլոր համայնքներում։ «Իմ կարծիքով, ՏԻՄ-երն ամենաառանցքային հատվածներից են, դրանք պետք է չանտեսվեն։ Քաղաքական ուժերը պետք է անպայման մասնակցեն այդ ընտրություններին։ Շատ դեպքերում խոսքն անգամ հաղթանակի մասին չէ, բայց համայնքում ներկայացվածություն ունենալու, տեղական խնդիրներն օրակարգ բերելու, հանրայնացնելու հարցերը պետք է լուծի ավագանին։ Ոչ ոք չի խոսում այս կամ այն համայնքում ջախջախիչ հաղթանակ գրանցելու մասին, բայց պետք է ունենալ ավագանու իքս թվով անդամ, որպեսզի հետագայում տեղացի մարդը իմանա, որ դու կաս, իր դարդ ու ցավով ապրում ես։ Ճիշտ պահին էլ այդ մարդուն կասես՝ քո հարցերը ժամանակին բարձրաձայնել ենք եւ լուծել։ ՏԻՄ-ը քաղաքական թիմի համար հետագայում լինելու է պլացդարմ աշխատելու համար։ Հիմա մեր ընդդիմադիր շրջանակները կտորներով էին աշխատում տարբեր տեղերում՝ չնայած դա էլ ունի իր հիմնավոր պատճառները։ Մարդիկ չեն ուզում մասնակցել ընտրությունների։ Ստեփանավանի և Մարտունու դեպքերն էլ՝ վառ օրինակ. մարդկանց ձերբակալեցին՝ ինչ-որ կլոունադաներ սարքելով, մեղադրանքներ ներկայացնելով։ Երկակի վիճակ է ստեղծվում, մարդիկ չեն մասնակցում, ստացվում է, որ անտարբեր են, մասնակցում են, ուղղակի բռնում, տանում են»։

    Անդրադառնում է իշխող ուժի՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ունեցած ոգևորվածությանը։ «Այնպիսի տպավորություն է, որ մասնակցում ենք, ասենք, 1980-ական թվականների՝ բրեժնևյան ժամանակաշրջանի ընտրություններին, երբ լինում էր մի թեկնածու և ստանում էր 97 տոկոս ձայն։ Նրանց հրապարակած տոկոսներից ուղղակի ապշահար ես լինում։ Բայց սա լավ բանի մասին չի խոսում։ Սա վկայում է այն մասին, որ այս համակարգում լճացումներ կան, որոնք գնալով խորանում են։ Բրեժնևյան ժամանակաշրջանը ԽՍՀՄ-ի լճացման տարիներն էին, մարդիկ «ուրախ» ապրում էին, գողանում պետությունից, աջ ու ձախ տանում էին՝ ինչ կարողանում էին, վերջում համակարգը ներսից պայթեց, գլխի վրա շուռ եկավ, և ոչ ոք չկարողացավ այդ թափանիվը կանգնեցնել։ Տեսեք՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որը 14 տարի կառավարում էր երկիրը, արթնացավ և պարզեց, որ էլ երկրի ղեկավար չէ։ Հավերժության մոլուցքը, որ մեր երկրի ղեկավարներն ունեն, մի տեղ կտրվում է։ Տեսնում ենք, որ տարբեր երկրներում ակցիաներ են տեղի ունենում։ Երբ փորձում ենք այդ ամենը պրոյեկտել մեր իրականության հետ, տեսնում ենք, որ գործընթացներ կարող են լինել մեկ կայծից, գուցե նաև ապաքաղաքական կայծից։ Ընդ որում՝ սա ցավալի փաստ է։ Չարիքների շղթա ենք տեսել՝ պատմական հայրենիքի կորուստ, մեր եղբայրների ու քույրերի տեղահանում, անվտանգային խորքային ճգնաժամեր և այլն։ Բայց չեմ բացառում, որ սոցիալական սովորական խնդրից անպատմելի պատկեր ունենանք։ Դա կանգնեցնելու զրոյական շանս է լինելու, ո՛չ մի պոպուլիզմ, ո՛չ մի դեմագոգիա չի կարողանալու դրա դեմն առնել։ Չեն կարողանալու մարդկանց համոզել, ինչ-որ բլեֆներ անել։ Դրա ռիսկերը կան։ Ընդդիմադիր շրջանակներն էլ պետք է ճիշտ մեխանիզմով աշխատեն, բայց, ցավոք, տարբեր տեղերում կա՛մ ճիշտ չեն «կրակում», կա՛մ ճիշտ չեն աշխատում»,-նկատում է մեր զրուցակիցը։

     Նիկոլ Փաշինյանն օրերս նաև հրապարակ նետեց արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին դիսկուրսը՝ նշելով, որ եթե ընդդիմությանը չկարողանան համոզել կողմ արտահայտվել Սահմանադրության փոփոխությանը, ապա հնարավոր է՝ Հայաստանում կրկին ընտրություններ լինեն։ Քաղաքագետը նշում է՝ զգացողություն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվելու է արտահերթ ընտրությունների, ինքն ունեցել է մոտավորապես մեկուկես ամիս առաջ։ «Այս մարդն իր խնդիրը չի լուծել։ Նա ունի լեգիտիմ կառավարման խնդիր, խոսքը ԱԺ-ում սահմանադրական մեծամասնության ապահովման մասին է։ Նա ասում էր՝ ժողովուրդ ջան, ինձ տվեք 65 տոկոս ձայն, միայն հաղթանակն ինձ բավարար չէ, ինձ պետք է, որ ունենամ 65 տոկոսանոց մանդատ, որ կարողանամ իմ անելիքներն անել։ Նա դա անթաքույց ասում էր։ Այս մարդը բարդույթավորված չի, լեզվի տակ ոսկոր չկա, կաղապար ու կապանք չունի։ Ինչ ուզում, պարզ տեքստով ասում է։ Արտահերթ ընտրության գաղափարն իր համար այսօր օրակարգային է։ Նա հոգու խորքում վստահ է լինելու, որ ստանալու է նախատեսվածից շատ ձայներ, մեկին կբռնի, մյուսին բաց կթողնի, մեկի վրա մի բան կսարքի, մարդկանց մոտ ապատիկ տրամադրություններ կստեղծի։ Մարդիկ հոգնում են այս ամենից, ձանձրանում։ Մարդուն տեղամաս տանելը շատ պրոբլեմատիկ հարց է։ Քարոզչություն, գովազդ, պաստառ, այս ամենը մարդու մոտ հակակրանք է առաջացնում ամբողջ գործընթացի նկատմամբ, բայց դա պետք է Նիկոլ Փաշինյանին։ Որքան քիչ մարդ գնա ընտրատեղամաս, այնքան նա կուժեղանա։ Նա վստահ է, որ քիչ մասնակցություն է լինելու։ Ասենք՝ լինելու է 42 տոկոս մասնակցություն։ Այս պարագայում նա կապահովի իր 65-70 տոկոսը, ընդդիմությունից յուրաքանչյուրը կարող է 5-7 տոկոս ձայն ունենալ և այլն, մի խոսքով՝ իր երազած ԱԺ-ն կկազմավորի»,-ասում է նա։

    Հիշեցնում է՝ ընտրությունների ժամանակ կա հանձնաժողով, որն ունի իրեն տրված մանդատը, ըստ դրա, կազմակերպում և իրականացնում է ընտրությունը, այսինքն՝ տեղում գործիքներ չունես ինչ-որ բան անելու, ընդամենը կարող ես վերահսկում իրականացնել։ «Բայց տեղամասում վերահսկում իրականացնելը հարցի շատ քիչ տոկոսն է։ Տեղում կան վստահված անձինք, դիտորդներ, վերջիններս կարգին աշխատանք են կատարում, օրվա մեջ շրջում են, հասկանում իրավիճակը, արձանագրում են խախտումները և այլն։ Տեղամասում այդ վերահսկողությունը, որպես կանոն, իրականացվում է բարձր մակարդակով։ Հարցի այլ կողմն է տեղամասից դուրս՝ մինչև տեղամաս հասնելու պրոցեսը։ Ընդդիմադիր բազմաթիվ մարդկանց, բառի բուն իմաստով, ձեռքերը ոլորում, տանում են, ասում՝ կաշառակեր ես, իսկ իրենք կազմակերպված, մեքենաներով մարդիկ են բերում ու տանում։ Տեղամասում գտնվելով՝ մարդը լիազորություն չունի որևէ բան անելու, երկրորդն էլ՝ ուղղակի ֆիզիկապես չեն կարող հասցնել բոլոր տեղերում լինել։ Ընդդիմադիր ուժերն ամեն ինչ պետք է կազմակերպեն հստակ, մեկ գծով, ամենակարևորը՝ դա պետք է լինի համակարգված։ Բոլորը պետք է իմանան, թե ինչ են անելու, իմանան, թե որ սցենարի դեպքում ինչպես են գործելու։ Դերաբաշխվածություն պետք է լինի, ամեն մեկը պետք է հստակ իմանա իր անելիքը։ Դրա համար էլ ընդդիմադիր թևի գործիչներն իրար չպետք է թիրախավորեն, չտիրաժավորեն անհիմն թեզեր, չսկսեն իրար հակադարձել։ Այսօր այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք։ Ունենք հստակ իրավիճակ, որից պետք է դուրս գալ, դրանից հետո կհասկանանք՝ ով է ում բարեկամը, ով՝ ում թշնամին։ Այսօրվա մեր պրոբլեմը մի անուն- ազգանուն ունի։ Մի հավելում էլ։ Չի բացառվում, որ ինչ-որ հրաշքով Փաշինյանի սպասելիքները բնավ չարդարանան։ Արտահերթ ընտրություններ կազմակերպի, բայց այդ ընթացքում նաև աշխարհաքաղաքական ինչոր փոփոխություններ կատարվեն, մարդկանց մոտ տեղի ունեցածի վերագնահատման իրավիճակ ստեղծվի։ Մարդը հասկանա, որ ամեն դեպքում այս մարդուն ձայն տալը սխալ էր, նա անում է լրիվ այլ բաներ։ Չգիտեմ, թե ինչերի միջով կանցնենք առաջիկա ձմռանը, տեսնենք՝ ինչ նոր արհավիրք ու փորձություն է նա մեզ համար նախապատրաստել»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

    ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

  • Թուրքիայի «անտեսանելի ձեռքն» ու Ալիեւի մտահոգությունները

    Ներկայացնում ենք What’s Behind Turkish-Azerbaijani Tensions? հոդվածի հայերեն թարգմանությունը: Հոդվածի հեղինակ Սեմ Հարշբարգերը Կիեւում բնակվող անկախ հետազոտող է, որը մասնագիտացած է Ուկրաինայում, Թուրքիայում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ռազմական տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ քաղաքականության հարցերում։
    Սեմ Հարշբարգեր 
    Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի շուրջ ծավալված միջազգային քաղաքական աղմուկը վերածվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ անսովոր վեճի։ Երկու պետություններն իրենց հռչակել են ամենամոտ դաշնակիցներ, որոնց հարաբերությունները բնութագրվում են «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսով։ Այդուհանդերձ, նրանց երկկողմ հարաբերությունների սերտացումը համեմատաբար նոր երեւույթ է, որի էությունը հաճախ սխալ է ընկալվում։ Երկու երկրների միջեւ աճող մտերմությունը նաեւ լարվածության աղբյուր է դարձել, քանի որ Ադրբեջանի ղեկավարներն աստիճանաբար գիտակցում են, որ Թուրքիայի իշխող վերնախավը Ադրբեջանին չի դիտարկում որպես հավասար եւ ինքնիշխան պետություն։
    Հակասությունները, սակայն, չեն սահմանափակվում միայն հիջաբի հարցով։ Հատկանշական է, որ վերջին լարվածությունը համընկել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի՝ Բաքու կատարած պետական այցի հետ։ Ադրբեջանի եւ Իսրայելի սերտ կապերը վաղուց մտահոգության առարկա են եղել Թուրքիայի համար, իսկ Անկարայի եւ Թել Ավիվի հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին այդ հարցն ավելի հրատապ է դարձել։ Իսրայելն Ադրբեջանին տրամադրել է ռազմական տեխնիկա եւ տեխնոլոգիաներ։ Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանն էլ իր հերթին Իսրայելին տրամադրել է Իրանում գործողություններ իրականացնելու համար կարեւոր հենակետ։ Այս ամառ Իսրայելի խորհրդարանը, չնայած Ադրբեջանի առարկություններին, քննարկում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ։ Այդ քայլը դիտարկվել է որպես Թուրքիային ուղղված սուր քաղաքական ակնարկ։
    Ավելի խորքային մակարդակում առկա է նաեւ հիմնարար անհամաձայնություն ինքնիշխանության հարցի շուրջ։ Էրդողանն ու նրա դաշնակիցները Թուրքիան պատկերացնում են որպես առաջատար տերություն մի աշխարհում, որն ավելի ու ավելի է բաժանվում ազդեցության կիսագաղութային ոլորտների։ Այս աշխարհայացքի շրջանակում երկու պետությունների միջեւ հավասար եւ հիերարխիայից զերծ հարաբերությունները գրեթե անհնար են։ Չնայած նավթային հարստությանը՝ Ադրբեջանի իշխող օլիգարխիկ վերնախավի կառավարման ներքո գտնվող երկիրը Թուրքիայից ավելի աղքատ է, իսկ նրա բնակչության թիվը մոտավորապես հավասար է Ստամբուլի եվրոպական հատվածի բնակչությանը։
    Ադրբեջանի իշխանություններն ու նրանց կողմնակիցներն իրենց երկիրը ներկայացնում են որպես զարգացող, անկախ եւ միջին տերություն, որն ի վիճակի է հավասարակշռություն պահպանել բարդ հարաբերություններ ունեցող ավելի խոշոր հարեւանների միջեւ։ Հիջաբի արգելքի շուրջ ծագած հակամարտության հիմքում ընկած են Բաքվի եւ Անկարայի ղեկավարների շրջանում աճող ինքնավստահությունն ու ռազմավարական ինքնուրույնության ձգտումը։ Պարադոքսալ կերպով, հենց Ադրբեջանի՝ Թուրքիային նմանվելն է դարձել երկու երկրների միջեւ լարվածության պատճառներից մեկը։
    Չնայած եղբայրության եւ միասնության մասին վերջին տարիներին երկու երկրներում հնչող բուռն հռետորաբանությանը՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունները միշտ չէ, որ այդքան սերտ են եղել։ 1995 թվականի մարտին ադրբեջանցի մի գնդապետ, Թուրքիայի քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ, փորձեց պետական հեղաշրջում իրականացնել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի դեմ։ Ենթադրվում է, որ մասնակիցների թվում եղել են նաեւ Թուրքիայի անվտանգության համակարգի՝ պանթյուրքիստական հայացքներ ունեցող ներկայացուցիչներ։ Նրանք, ինչպես նաեւ Ադրբեջանում նրանց գաղափարակիցները, ըստ երեւույթին, դժգոհ էին, որ Կոմունիստական կուսակցության նախկին ղեկավար Հեյդար Ալիեւը իշխանության էր եկել խարիզմատիկ, արմատական ազգայնական հայացքներ ունեցող Աբուլֆազ Էլչիբեյին պաշտոնանկ արած հեղաշրջման արդյունքում։ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Սուլեյման Դեմիրելը նախազգուշացրել էր Ալիեւին նախապատրաստվող դավադրության մասին, սակայն այդ միջադեպն, այնուամենայնիվ, վնասել էր երկու երկրների հարաբերություններին։
    Թուրքիայում եւ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները նպաստեցին երկու երկրների մերձեցմանը։ 2003 թվականին Հեյդար Ալիեւի մահից հետո նրա որդին՝ Իլհամ Ալիեւը, ստանձնեց Ադրբեջանի նախագահի պաշտոնը։ Ադրբեջանում խաղաղություն էր, իսկ երկրի տնտեսությունն աստիճանաբար զարգանում էր։ 2006 թվականին շահագործման հանձնված խողովակաշարը ադրբեջանական նավթը Կասպից ծովի հանքավայրերից հասցնում էր Միջերկրական ծովի արեւելյան ափին գտնվող թուրքական Ջեյհան նավահանգիստ։ Միեւնույն ժամանակ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը 2003 թվականին եկել էր իշխանության, պայքարում էր պետական հեղաշրջում կազմակերպելու փորձերի դեմ՝ միաժամանակ մեկուսացնելով պանթյուրքիստական շարժման ներկայացուցիչներին։
    Երբ ադրբեջանական բանակը վճռական գործողություններ ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները ձգտում էին հաղթահարել իրենց երկրների բարդ անցյալը։ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարած հաղթանակն ավելի սերտացրեց Բաքվին եւ Անկարային։ Այդ հաղթանակի առիթով տիրող էյֆորիան արտացոլվեց 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած զորահանդեսում, որի ընթացքում Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողք կողքի կանգնած էին ամբիոնում։
    Սակայն հրապարակային տոնակատարությունների հետեւում անհանգստությունը պահպանվում էր։ Մասնավոր զրույցներում Ալիեւը զգուշավորություն էր ցուցաբերում թուրք իսլամիստների աճող ազդեցության նկատմամբ։ WikiLeaks-ի հրապարակած դիվանագիտական հաղորդագրությունների համաձայն՝ 2009 թվականին Ալիեւն ամերիկացի պաշտոնյաներին հայտնել էր, որ ադրբեջանական հեռուստաեթերից հանել է թուրքական սերիալները՝ կանխելու գլխաշոր կրող կանանց կերպարների տարածումը։ 2015 թվականին Էրդողանը նույնպես սկսեց հաշտեցման գործընթացը Թուրքիայի պանթյուրքիստների հետ, որոնցից մի քանիսը հետագայում նրա ամենամոտ դաշնակիցները դարձան։
    2021 թվականին Ադրբեջանի կրթության նախարարությունը կանխեց պանթյուրքիստների՝ նախկինում հայերի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում դպրոց կառուցելու փորձը։ Ենթադրաբար, ադրբեջանական իշխանությունները զգուշանում էին խիստ վերահսկվող եւ խորհրդանշական մեծ նշանակություն ունեցող այդ քաղաքում «Իդեալիստական օջախներ» (Idealist Hearths) կոչվող պանթյուրքիստական կազմակերպության ներկայությունից: Այդ կազմակերպությունը մասնակցել էր 1995 թվականի պետական հեղաշրջման փորձին։
    2020 թվականի հաղթանակի վերագրման հարցը նույնպես զգայուն թեմա դարձավ։ 2024 թվականի ամռանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իսրայելին նկատի ունենալով, հայտարարեց. «Ինչպես մտանք Ղարաբաղ եւ Լիբիա, նույնը կանենք նաեւ նրանց պարագայում»։ Այս հայտարարությունը քննադատության առիթ դարձավ Ադրբեջանի պաշտոնաթերթում, որտեղ հերքվում էր այն պնդումը, թե թուրք կամ որեւէ այլ օտարերկրյա զինվորականներ մասնակցել են Ադրբեջանի ռազմական գործողություններին։
    Հոկտեմբերի սկզբին Ալիեւն անուղղակիորեն ակնարկեց, որ օտարերկրյա զենք մատակարարողները Ադրբեջանի հետ կնքված գործարքներից գերշահույթ են ստացել։ Թուրքական ընկերությունները, որոնք 2020 թվականի պատերազմին նախորդող շրջանում Ադրբեջանին զգալի քանակությամբ անօդաչու թռչող սարքեր եւ այլ զինատեսակներ էին մատակարարել, այդ ժամանակ նոր գործարք էին կնքել Բաքվին զենք վաճառելու համար։
    Ադրբեջանը գնալով ավելի անհարմար դիրք է զբաղեցնում Թուրքիայի՝ տարածաշրջանում ընդլայնվող հավակնությունների համատեքստում։ Էրդողանը, որպես կանոն, վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցերը կատարում է Ադրբեջան եւ Հյուսիսային Կիպրոս։ Թուրքիայում Հյուսիսային Կիպրոսը հաճախ անվանում են «յավրու վաթան»՝ «երեխա հայրենիք», այսինքն՝ հայրենիքի մի հատված, որը պետք է խնամել եւ պաշտպանել։ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ)՝ թյուրքական աշխարհի հետ հարաբերությունների համար պատասխանատու պաշտոնյան անդրադարձել է Ադրբեջանի հետ հակասություններին՝ նշելով. «Մենք գիտենք, թե ինչպես քննարկել մեր խնդիրները մեր սեփական ընտանեկան միջավայրում՝ մեզ հարմար ձեւով»։
    Ադրբեջանի կառավարությունը, հավանաբար, գիտակցում է, որ ընտանիքի մասին այս համեմատությունները խորքային ենթատեքստ ունեն։ Միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը մեծապես կախված է Թուրքիայից եւ գտնվում է նրա ազդեցության ներքո։ Անցյալ տարի Հյուսիսային Կիպրոսի կառավարությունը փորձեց վերացնել հիջաբի արգելքը՝ Անկարայի պահանջները բավարարելու նպատակով, սակայն չհաջողեց։ Սարալը՝ Էրդողանի այն նույն խորհրդականը, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը, արձագանքել էր այդ փորձի ձախողմանը՝ վիրավորելով Հյուսիսային Կիպրոսի վարչապետին։
    Ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որտեղ Թուրքիան արդյունավետ վերահսկողություն է իրականացնում, Անկարան վաղուց է հարգալից վերաբերմունք ցուցաբերում Բաքվի դիրքորոշման նկատմամբ՝ երկու երկրների համար փոխադարձ մտահոգության հիմնական հարցերում։ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը գրեթե երկու տասնամյակ է՝ դանդաղ առաջ է ընթանում նաեւ Անկարայի՝ Ադրբեջանի մտահոգությունները հաշվի առնելու պատճառով։ Հանրային տարաձայնությունների ֆոնին Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես փորձել են հանգստացնել Բաքվին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ցանկացած տարաձայնություն կլուծվի փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Էրդողանի կոալիցիոն գործընկեր Դեւլեթ Բահչելին ավելի հեռուն է գնացել՝ երկխոսության կոչ անելով «երկու ուժեղ պետությունների» միջեւ։
    Այնուամենայնիվ, Թուրքիայի քաղաքականության հետագա ուղղությունը կանխատեսելու համար իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վերնախավն ավելի էական ցուցիչ է, քան Ֆիդանը կամ Բահչելին։ Բաքուն հստակ գիտակցում է դա եւ ավելի ու ավելի է մտահոգվում ԱԶԿ-ի վերնախավի՝ Թուրքիան տարածաշրջանում գերիշխող ուժ դարձնելու անսասան ձգտմամբ։ Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության արձագանքը Սարալի եւ Ուստայի հայտարարություններին այս առումով ուշագրավ է։ Հիջաբի արգելքի հարցին իր արձագանքում կուսակցությունը դրան գրեթե երկրորդական նշանակություն է տվել՝ փոխարենը կենտրոնանալով Իսրայելի եւ Պաղեստինի հարցում Ադրբեջանի դիրքորոշման պաշտպանության եւ իսլամական աշխարհում Թուրքիայի «գերիշխանական միտումների» քննադատության վրա։
    Ադրբեջանի պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն անհամեմատ ավելի կոշտ դիրքորոշում են արտահայտել։ Հրապարակումից կարճ ժամանակ անց հեռացված հոդվածներից մեկում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, որը նախկինում ղեկավարել է նաեւ Թուրքիայի հետախուզական ծառայությունը, մեղադրվում էր Բաքու կատարած այցի ընթացքում թուրքական ոչ կառավարական կազմակերպությանը գաղտնի հրահանգներ տալու մեջ։ Հոդվածում Ֆիդանին եւ Թուրքիայի այլ ներկայացուցիչներին մեղադրում էին «ներքին գործերին միջամտելու ծրագրերի», «հետախուզական գործողությունների», «հեղաշրջման եւ քաոսի ծրագրերի» եւ «ազդեցության գործակալների հավաքագրման» մեջ՝ միաժամանակ հիշատակելով Թուրքիայի առնչությունը 1995 թվականի հեղաշրջման փորձին։ Բաքվում Թուրքիայի դեսպանատունը կտրականապես հեևքել է այս մեղադրանքները։
    Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի հետ կապ ունեցող լրատվամիջոցներից մեկը քննադատել է Թուրքիայի՝ «եղբայրությունը տնտեսական ճնշման գործիքի վերածելու» փորձերը։ Հրապարակման մեջ նաեւ ընդգծվել է, որ «Ադրբեջանը վասալ պետություն չէ» եւ չի հանդուրժի թուրքական «ավագ եղբոր» թելադրանքը»։ 
    Իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցներում վերջերս հրապարակված նյութերում պնդումներ են հնչել, թե Թուրքիան պատմականորեն ձգտել է Ադրբեջանի հաշվին հայկական պետություն ստեղծել, իսկ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտաքին քաղաքականությունը գոյաբանական սպառնալիք է «թյուրքական աշխարհը» կազմող պետությունների ազգային ինքնության համար։
    Հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաները դժվար թե Թուրքիայի «անտեսանելի ձեռքի» գործը լինեն, սակայն Ալիեւի մտահոգությունը՝ կապված Ադրբեջանի ապագան կերտելու Թուրքիայի հավակնությունների հետ, անհիմն չէ։ Հեյդար Ալիեւի կարեւոր ձեռքբերումներից մեկն այն էր, որ նա ամրապնդեց իր ավտորիտար պետությունը՝ պաշտպանելով այն Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ծրագրերի ազդեցությունից։ Առայժմ Իլհամ Ալիեւը, կարծես, վերահսկում է իրավիճակը, սակայն, անկասկած, մտահոգված է հնարավոր բարդություններով, հատկապես այն պայմաններում, երբ սկսել է առաջ մղել իր միակ որդուն՝ 29-ամյա Հեյդար Իլհամօղլու Ալիեւին, որպես ապագա իրավահաջորդի։ Ադրբեջանի դեմ թուրքական դավադրությունների մասին աղմկահարույց պնդումները, որոնք հաջորդել են անցյալ տարի տեղի ունեցած՝ ռուսամետ համարվող հեղաշրջման փորձին, վկայում են Ադրբեջանի ղեկավարության խոր անվստահության և սեփական իշխանության խոցելիության գիտակցման մասին։ Երկրի ղեկավարները բազմաթիվ սպառնալիքներ են տեսնում իրենց իշխանության համար՝ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։
    Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշինքը, ամենայն հավանականությամբ, կհաղթահարի այս ճգնաժամը։ Երկու երկրների տնտեսություններն ու հասարակություններն այժմ այնքան խորն են փոխկապակցված, որ հարաբերությունների ավելի լուրջ խզում դժվար է պատկերացնել։ Ադրբեջանի կառավարությունը վերջերս հայտարարել է, որ ձգտում է ապահովել, որպեսզի իր գնած զենքի մեծ մասն արտադրվի երկրի ներսում, եւ որ շարունակելու է պաշտպանել երկիրն արտաքին միջամտությունից։ Դեռևս պարզ չէ, թե Թուրքիան ինչպես կարձագանքի Ադրբեջանի՝ Թուրքիայի յոթ քաղաքացու, այդ թվում՝ մի քանի իսլամիստ մեկնաբանի նկատմամբ միջազգային ձերբակալման օրդերներ տալու որոշմանը։ Թուրքիայի Սահմանադրությունն արգելում է երկրի քաղաքացիների արտահանձնումը, բացառությամբ Միջազգային քրեական դատարանի առջեւ ստանձնած պարտավորություններից բխող դեպքերի։
    Այս զարգացումները կարող են դրդել Բաքվին սահմանափակել թուրքական մշակութային ու կրոնական ազդեցությունը եւ որպես իսլամական պահպանողականության ու պանթյուրքիզմի այլընտրանք առաջ մղել աշխարհիկ «ադրբեջանականության» գաղափարը։ Անկախ իրադարձությունների հետագա զարգացումից՝ երկու եղբայրական թյուրքական պետությունների հարաբերություններում, հավանաբար, դեռ կլինեն տարաձայնություններ եւ հիասթափություններ։
    Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

  • 210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գորիսի համայնքապետի պաշտոնում վերընտրված Առուշ Առուշանյանը, ըստ իր հայտարարագրի, շարունակում է տնօրինել հարյուրավոր միլիոն դրամների կանխիկ միջոցներ, մինչդեռ նրա տարեկան պաշտոնական եկամուտը չի գերազանցում 3 մլն դրամը։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է համայնքապետի՝ 2017-2025 թվականների գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերը՝ պարզելու, թե ինչպես է տարիների ընթացքում փոփոխվել նրա ունեցվածքը։

    Հոկտեմբերի 25-ին կայացած ընտրություններում Առուշ Առուշանյանի գլխավորած «Համերաշխություն» դաշինքը ստացել է 13 962 ձայն՝ քվեարկությանը մասնակցած 15 011 քաղաքացիների ձայների շուրջ 93 տոկոսը։ Այսպիսով, Առուշանյանը վերընտրվել է Գորիսի համայնքապետի պաշտոնում։

    Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ ArmLur.am-ը հայտնել էր, որ նախկինում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Առուշ Առուշանյանն այս անգամ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցությունն է վայելում։

    Իսկ ի՞նչ ունեցվածքով է Առուշանյանը վերընտրվել համայնքապետի պաշտոնում։

    «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ 2025 թվականի հայտարարագրում Առուշանյանը ներկայացրել է 4 անշարժ գույք՝ արտադրական նշանակության շինություն, պետական գրանցում դեռևս չստացած շինություն և երկու հողամաս։ Արտադրական շինությունն ու հողամասերից մեկը ձեռք են բերվել 2017 թվականին, մյուս շինությունը՝ 2019 թվականի ապրիլի 19-ին՝ գնման եղանակով, իսկ երկրորդ հողամասը՝ նույն թվականի ապրիլի 15-ին՝ նվիրատվությամբ։ 2025 թվականին նա անշարժ գույք չի ձեռք բերել և չի օտարել։

    Համայնքապետը շարունակում է հայտարարագրել 2016 թվականի սեպտեմբերի 22-ին ձեռք բերած ZIL մակնիշի բեռնատարը։ Սակայն 2025 թվականի հայտարարագրում նոր հանգամանք կա. Առուշանյանը նշել է, որ տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել է երրորդ անձին պատկանող, 2022 թվականի արտադրության MERCEDES-BENZ մարդատար ավտոմեքենայի։

    Ուշագրավն Առուշանյանի կանխիկ միջոցներն են։ 2025 թվականի սկզբին և տարեվերջին նա հայտարարագրել է միևնույն գումարները՝ 210 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 100 հազար եվրո։ Այսինքն՝ ամբողջ տարվա ընթացքում հայտարարագրված կանխիկ միջոցների չափը չի փոփոխվել։

    Մինչդեռ բանկային հաշվում տարվա սկզբին ունեցել է ընդամենը 95 հազար 498.5 դրամ, տարեվերջին՝ 134 հազար 789 դրամ։

    2025 թվականին Առուշանյանի միակ հայտարարագրված եկամուտը եղել է Գորիսի համայնքապետարանից ստացած 2 մլն 771 հազար 933 դրամ աշխատավարձը։ Տարեվերջի դրությամբ վարկային պարտավորություններ չի ունեցել։

    «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաև, որ Առուշանյանը շարունակում է ունենալ «Գոր Մետալ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը, որը ձեռք է բերել դեռևս 2008 թվականի օգոստոսի 1-ին։ Ըստ շահերի հայտարարագրի՝ 2025 թվականի օգոստոսի 4-ին ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման է հանձնվել Ասյա Ղազարյանին՝ մինչև 2030 թվականի օգոստոսի 4-ը։

    Իսկ ինչպե՞ս է փոխվել համայնքապետի ունեցվածքը նախորդ տարիներին։

    2024 թվականին Առուշանյանը հայտարարագրել էր նույն 4 անշարժ գույքն ու ZIL բեռնատարը։ MERCEDES-BENZ ավտոմեքենայի փաստացի տիրապետման մասին տվյալ դեռևս չկար։ Կանխիկ միջոցները նույնն էին՝ 210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո։ Բանկային հաշվի մնացորդը տարվա ընթացքում 268 հազար 487 դրամից նվազել էր մինչև 95 հազար 498.5 դրամ, իսկ աշխատավարձը կազմել էր 2 մլն 830 հազար 774 դրամ։

    2023 թվականին ևս գույքային պատկերը գրեթե անփոփոխ էր։ Առուշանյանը հայտարարագրել էր նույն անշարժ գույքն ու բեռնատարը, նույն կանխիկ միջոցները։ Բանկային հաշվի մնացորդը 334 հազար 248 դրամից նվազել էր մինչև 268 հազար 487 դրամ, իսկ տարեկան աշխատավարձը կազմել էր 2 մլն 778 հազար 495 դրամ։ Վարկային պարտավորություններ չէին հայտարարագրվել։

    2022 թվականին, սակայն, կանխիկ դրամական միջոցների որոշակի նվազում էր արձանագրվել։ Եթե տարեսկզբին Առուշանյանը հայտարարագրել էր 229 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո, ապա տարեվերջին դրամային միջոցները նվազել էին 19 մլն դրամով՝ կազմելով 210 մլն դրամ։ Արտարժույթով պահվող գումարները մնացել էին անփոփոխ։ Այդ տարվա աշխատավարձը կազմել էր 2 մլն 152 հազար 6 դրամ։

    2021 թվականի հայտարարագրում համայնքապետը տարեսկզբին նշել էր 234 մլն դրամ, 300 հազար դոլար և 105 հազար եվրո կանխիկ միջոց, իսկ տարեվերջին՝ 229 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո։ Բանկային հաշվում տարվա սկզբին ունեցել էր ընդամենը 84 դրամ, տարեվերջին՝ 304 հազար 32 դրամ։ Նրա միակ հայտարարագրված եկամուտը եղել էր 1 մլն 918 հազար 948 դրամ աշխատավարձը։ Վարկեր, փոխառություններ կամ 2 մլն դրամը գերազանցող ծախսեր հայտարարագրված չէին։

    Հատկանշական է, որ այդ տարվա շահերի հայտարարագրում Առուշանյանը չէր նշել մասնակցություն առևտրային կազմակերպություններում, սակայն հայտարարել էր, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ է։

    «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելի վաղ տարիներին Առուշանյանի հայտարարագրած կանխիկ միջոցներն անհամեմատ մեծ են եղել։

    Մասնավորապես, 2019 թվականին նա հայտարարագրել էր 240 մլն դրամ, 380 հազար ԱՄՆ դոլար և 112 հազար եվրո կանխիկ միջոց։ Բանկային հաշիվներում գումար չէր ունեցել։ Անշարժ գույքի ցանկում ընդգրկված էին Գորիսում գտնվող առանձնատունը, արտադրական տարածքն ու երկու հողամասերը։

    Այդ տարվա հայտարարագրված եկամուտը կազմել էր շուրջ 205 մլն 432 հազար դրամ, որից 3 մլն դրամը՝ համայնքապետի աշխատավարձը, 202 մլն 177 հազար դրամը՝ «Գոր Մետալ» ՍՊԸ-ից ստացած փոխառությունը, իսկ 231 հազար դրամը՝ նվիրատվությունը։

    Միաժամանակ, ըստ հայտարարագրի, Առուշանյանը տարվա սկզբին «Գոր Մետալ» ՍՊԸ-ին տրամադրած է եղել 250 մլն դրամի փոխառություն, որի մնացորդը տարեվերջին կազմել էր 62 մլն 823 հազար դրամ։

    Առավել ուշագրավ է 2017 թվականի հայտարարագիրը, երբ Առուշ Առուշանյանն ընդամենը 26 տարեկանում ընտրվել էր Գորիսի քաղաքապետ։

    Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նա նշել էր մեկ բնակարան, արտադրական նշանակության շինություն, VOLKSWAGEN PHAETON 4.2 և BMW X6 5.0 I մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև 86 մլն 860 հազար դրամի տրամադրած փոխառություններ։

    Այդ ժամանակ Առուշանյանի կանխիկ միջոցները կազմել էին 312 մլն 500 հազար դրամ, 420 հազար ԱՄՆ դոլար և 122 հազար եվրո, մինչդեռ հայտարարագրված եկամուտը եղել էր ընդամենը 1 մլն 520 հազար դրամ աշխատավարձ։

    Հիշեցնենք, որ Առուշանյանը դեռևս 2008 թվականին հիմնադրել էր «Գոր Մետալ» ընկերությունը, իսկ նրա հայրը՝ Գագիկ Առուշանյանը, «Առանցք» ՍՊԸ-ի սեփականատերն է։

    Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրած հայտարարագրերի համաձայն՝ 2017-2025 թվականներին Առուշանյանի կանխիկ միջոցները նվազել են 102 մլն 500 հազար դրամով, 120 հազար դոլարով և 22 հազար եվրոյով։ Սակայն անգամ այդ նվազումից հետո համայնքապետը շարունակում է հայտարարագրել հարյուրավոր միլիոն դրամների համարժեք կանխիկ միջոցներ՝ տարեկան շուրջ 2.8 մլն դրամ պաշտոնական աշխատավարձի պայմաններում։

    Հայտարարագրերը ցույց են տալիս գույքային դրության փոփոխությունները, սակայն ինքնին ամբողջական պատկերացում չեն տալիս այդ միջոցների սկզբնական ծագման մասին։ Հետևաբար հարց է առաջանում՝ ինչպե՞ս և եկամտի ի՞նչ աղբյուրներից է ձևավորվել Առուշ Առուշանյանի հայտարարագրած խոշոր կանխիկ ունեցվածքը։

    «Ժողովուրդ» օրաթերթը շարունակելու է ուսումնասիրել համայնքապետի գույքային հայտարարագրերն ու դրանցում արտացոլված ֆինանսական գործարքները»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է ՔՊ վարչության մի քանի արտահերթ հանդիպումների ընթացքում ակտիվորեն քննարկել նոր Սահմանադրության նախագիծը։ Ըստ մեր տեղեկությունների՝ իշխող կուսակցության վարչությունը ցանկանում է նախագծի դրույթների վերաբերյալ սեփական դիրքորոշումն ու առաջարկները ներկայացնել՝ անդրադառնալով առանձին կետերի։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը լիովին համակարծիք չէ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հետ քննարկված և այս պահին նախագծում արտացոլված բոլոր ձևակերպումների հետ։ Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ ՔՊ վարչությունը որոշել է առանձին քննարկել նախագծի դրույթները, ներկայացնել իր դիրքորոշումները և առաջարկել փոփոխություններ։

    Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների հարցը քննարկվում է ոչ միայն մասնագիտական հանձնաժողովի շրջանակում, այլև իշխանական կուսակցության ղեկավար կազմն է ցանկանում իր խոսքն ասել երկրի մայր օրենքի նոր տարբերակի ձևավորման հարցում։

    «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող առանցքային հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի որոշման և Հայաստանի Անկախության հռչակագրի հետ կապված ձևակերպումներն են։

    ՔՊ-ում քննարկվում է Սահմանադրության նախաբանում առկա՝ Անկախության հռչակագրին վերաբերող դրույթի փոփոխության և Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման հետ կապված հիշատակումից հրաժարվելու հարցը։

    Թե ինչ վերջնական ձևակերպումներ կառաջարկվեն և ինչ հիմնավորումներով, այս պահին հստակ չէ։ Սակայն հարցի քաղաքական նշանակությունը դժվար է անտեսել, քանի որ խոսքը վերաբերում է Հայաստանի պետականության հիմնադրույթներին և դրանց արտացոլմանը երկրի մայր օրենքում։

    «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչության քննարկումների մյուս կարևոր ուղղությունը դատական համակարգն է։

    Ըստ մեր տեղեկությունների՝ նախատեսվում է անդրադառնալ դատական համակարգի վերաբերյալ սահմանադրական դրույթների էական փոփոխություններին։ Քննարկվող հարցերից է նաև երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, որի կողմնակիցներից է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման դեպքում քաղաքացիները կարող են օրենքով սահմանված կարգով մասնակցել որոշ քրեական գործերով արդարադատության իրականացմանը։ Սակայն այս պահին պարզ չէ, թե ինչ մոդել է առաջարկվելու, որ գործերի վրա այն կտարածվի և ինչ լիազորություններ են նախատեսվելու երդվյալ ատենակալների համար։

    Հետևաբար, առաջիկա քննարկումներում կարևոր է լինելու ոչ միայն ինստիտուտի ներդրման գաղափարը, այլև դրա կիրառման կոնկրետ մեխանիզմների սահմանումը։

    «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչության փակ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող սահմանադրական դրույթներին։

    Մեր տեղեկություններով՝ այս պահին քննարկվող մոտեցմամբ՝ գործող Սահմանադրության մեջ եկեղեցուն վերաբերող ձևակերպումները, ըստ իշխանական շրջանակներում քննարկվող գնահատականի, համահունչ են իրենց քաղաքական վարքագծին։ Առայժմ, սակայն, հստակ չէ՝ արդյոք այս հատվածում նախատեսվում են կոնկրետ փոփոխություններ, թե հարցը քննարկվում է այլ դրույթների համատեքստում։

    Այս թեման հատկապես ուշագրավ է պետություն-եկեղեցի հարաբերությունների շուրջ վերջին տարիներին ծավալված հանրային և քաղաքական քննարկումների ֆոնին։ Այնուամենայնիվ, մինչև նախագծի վերջնական տարբերակի հրապարակումը հնարավոր չէ պնդել, որ եկեղեցուն վերաբերող դրույթների փոփոխության վերաբերյալ որոշում արդեն կայացվել է։

    «Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը մինչև տարեվերջ ներկայացվի հանրային քննարկման։

    Հետո կարող են մեկնարկել նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ բանակցությունները՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ հնարավոր համաձայնություններ ձևավորելու նպատակով։

    Այս սցենարի իրականացման դեպքում առաջիկա ամիսները կարող են վճռորոշ լինել նոր Սահմանադրության բովանդակության, դրա շուրջ քաղաքական ուժերի դիրքորոշումների և հանրային քննարկման օրակարգի ձևավորման տեսանկյունից։

    Առայժմ ՔՊ վարչության փակ նիստերում քննարկվող առաջարկները վերջնական որոշումներ չեն։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունը ցանկանում է նախագծի առանցքային դրույթների վերաբերյալ սեփական դիրքորոշումը հստակեցնել նախքան այն հանրային քննարկման ներկայացնելը։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին չպետք է դիտարկել որպես հանկարծակի քաղաքական քայլ կամ սոսկ ներքաղաքական տակտիկական մանևր։ Դրանք խորքային առումով փոխկապակցված են իշխանության ամենաառանցքային նպատակներից մեկի՝ Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների և դրանց շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական ու ներքին մարտահրավերների հետ։ Մայր օրենքում փոփոխություններ կատարելու օրակարգը, մասնավորապես Անկախության հռչակագրին հղումը դուրս մղելու միտումը վաղուց դուրս է եկել ներքին իրավական տիրույթից և վերածվել է Բաքվի կողմից ուղղակիորեն թելադրվող քաղաքական պահանջի, ինչն այս գործընթացին հաղորդում է գոյաբանական նշանակություն։

    Այս համատեքստում իշխող քաղաքական ուժի առջև ծառացած է էական քաղաքական ու խորհրդարանական խոչընդոտ. հենց ընտրողների բարձր մասնակցության և դիրքորոշման շնորհիվ իշխանությունը չկարողացավ ստանալ այնքան մանդատ, որ այսօր կարողանա հասարակությանը պարտադրել ադրբեջանական պահանջներով ձևավորված սահմանադրական փոփոխությունները։ Իսկ այժմ այդ գործընթացն ավարտին հասցնելու և նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխանությանը խորհրդարանում պակասում է յոթ պատգամավորական ձայն։ Սա ստեղծում է մի իրավիճակ, որտեղ իշխանությունը ստիպված է դիտարկել զարգացման երկու հիմնական սցենար։

    Առաջին տարբերակը ենթադրում է ճնշման կամ քաղաքական առևտրի միջոցով խորհրդարանական ընդդիմության շարքերից անհրաժեշտ յոթ ձայների ապահովումը։ Սակայն առկա իրողությունները ցույց են տալիս, որ այս սցենարի իրագործումը գրեթե բացառվում է։ Ընդդիմադիր երկու խմբակցություններում տիրող տրամադրություններն ու հստակ դիրքորոշումները վկայում են, որ իշխանության հետ որևէ սահմանադրական գործարքի գնալու կամ աջակցություն տրամադրելու հնարավորությունն իսպառ բացակայում է։ Խորհրդարանական ընդդիմությունն արդեն իսկ միանշանակ հայտարարել է, որ Բաքվի պարտադրանքով Սահմանադրություն փոխելու օրակարգի շուրջ իշխանության հետ քննարկելու ոչինչ չկա, իսկ որևէ պատգամավորի կողմից իշխանության նախաձեռնությանն աջակցելը կդիտվի որպես քաղաքական ինքնասպանություն։

    Ավելին, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արդեն իսկ արձագանքել է Փաշինյանի ազդակներին՝ հայտարարելով արտահերթ ընտրությունների գնալու լրիվ պատրաստակամության մասին («Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք»)։ Ընդդիմության կողմից, այսպես կոչված, «ձեռնոցն ընդունելու» փաստն ինքնին ցույց է տալիս, որ խորհրդարանական ընդդիմությունը ոչ միայն չի տատանվում, այլև Սահմանադրության փոփոխության հարցը կապում է անվերջանալի զիջումների քաղաքականության հետ և պատրաստ է հանգուցալուծումը տանել ուղղակի քվեատուփերի մոտ։ Ուստի, որքան էլ իշխանությունը փորձի զոնդավորել դաշտը կամ անհատական աշխատանք տանել, յոթ մանդատ «կորզելու» կամ աջակցություն ստանալու հավանականությունը մոտ է զրոյի։

    Այս պարագայում առաջնային է դառնում երկրորդ սցենարը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Եթե խորհրդարանում անհրաժեշտ ձայներ ապահովելն անհնարին է դառնում, իշխանության համար արտահերթ ընտրություններն ընկալվում են որպես հիմնական հանգուցալուծում։ Այս հեռանկարով են պայմանավորված նաև տեղական ինքնակառավարման մարմիններում վերջին շրջանում նկատվող վերադասավորումները, որտեղ իշխող կուսակցությունը հետևողականորեն փորձում է ամրապնդել իր վարչական լծակները՝ նախապատրաստվելով ինչպես համապետական ընտրարշավին, այնպես էլ հնարավոր հանրաքվեին։

    Սակայն այստեղ ի հայտ է գալիս Փաշինյանի քաղաքական տեխնոլոգիայի խորքային ճգնաժամը։ Տարիներ շարունակ նրա քաղաքական կենսունակության հիմնական հենասյունը եղել է հանրային վախերի շահարկումն ու «վախի վաճառքը»։ 2020 թվականի աղետալի պատերազմից ու Արցախի կորստից հետո իշխանության վերարտադրությունն ապահովվեց հենց պատերազմի վերսկսման անմիջական սպառնալիքով հասարակությանը ահաբեկելու միջոցով։ Այժմ, սակայն, այդ ռեսուրսը սպառման եզրին է։ Իշխանության կողմից շրջանառվող «հաճելին օգտակարի հետ համատեղելու» թեզն ու արտաքին պարտադրանքը սեփական օրակարգ ներկայացնելու փորձերը սոսկ մանիպուլ յատիվ քողարկում են։ Եթե Բաքվի պահանջները չկատարվեն, վախի վրա հիմնված քաղաքական մոդելը վերջնականապես կփլուզվի, իսկ իշխանությունը կզրկվի հանրությանը որևէ նոր «պրոդուկտ» առաջարկելու հնարավորությունից։

    Արտահերթ ընտրությունների գնալու դեպքում իշխանության քարոզչական ռազմավարությունը կառուցվելու է «խաղաղության օրակարգի», եվրոպական ինտեգրման և արտաքին վտանգների չեզոքացման թեզերի շուրջ, մինչդեռ ընդդիմությանը փորձ է արվելու ստվերել որպես պետականության զարգացմանն ու խաղաղությանը խոչընդոտող ուժ։ Միևնույն ժամանակ, ընտրությունների մասին խոսույթն ու սեփական քաղաքական մայրամուտի մասին ակնարկները («եթե ժողովուրդը չսատարի, քաղաքական գործունեությունս կհամարեմ սպառված») ոչ այլ ինչ են, քան հասարակության հոգեբանական նյարդերի վրա խաղալու հերթական հնարք։ Հայտարարելով, թե իր քաղաքական գոյությունը կախված է այս օրակարգի հաջողությունից, նա փաստացի պատանդ է վերցնում ողջ պետական համակարգը՝ վերջին խաղաթուղթն օգտագործելով կա՛մ սահմանադրական պահանջները հանրությանը պարտադրելու, կա՛մ էլ ցանկացած անհաջողության պատասխանատվությունը վերջնականապես ժողովրդի ուսերին բարդելու համար։

    Վերջնարդյունքում, չնայած սահմանադրական փոփոխությունների նախագիծը դեռևս պաշտոնապես չի ներկայացվել հանրությանը և պատշաճ քննարկման չի արժանացել նույնիսկ մասնագիտական խորհրդում, քաղաքական գործընթացներն արդեն մտել են վճռորոշ փուլ։ Արտահերթ ընտրությունները դառնում են իշխանության հիմնական հանգուցալուծումը, քանի որ խորհրդարանում յոթ ձայն ապահովելու սցենարը, ընդդիմության կոշտ դիրքորոշման և «ձեռնոցն ընդունելու» պայմաններում, գրեթե անիրագործելի է։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

    դիտվել է 4 անգամ

  • Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է.

     Բնականաբար, ցանկացած երկրի տնտեսության մասին իրական պատկերացում կազմելու համար պետք է ուշադրություն դարձնել մի քանի գործոնի՝ Հայաստանի տնտեսությունը որքանո՞վ է արտադրողական, որքանո՞վ է դիվերսիֆիկացված, ինչի՞ հաշվին է աճում, և որքանո՞վ է այդ աճը կայուն։ Առավել ևս Հայաստանի համար չափազանց կարևոր է, թե ինչպիսի տնտեսություն ունենք՝ արտադրո՞ղ, թե՞ հիմնականում ներմուծող ու վերավաճառող: Իհարկե, երկուսն էլ կարևոր ոլորտներ են և անհրաժեշտ են տնտեսությանը, բայց երկարաժամկետ զարգացման տեսանկյունից դրանց ազդեցությունը նույնը չէ։

    Այս տեսանկյունից ուշագրավ պատկեր է ի հայտ բերում 1000 խոշոր հարկատուների ցանկը: Սակայն բանն այն է, որ Հայաստանի տնտեսության առանձնահատկություններից մեկը կախվածությունն է սահմանափակ թվով խոշոր ընկերություններից: Առաջին հիսնյակում գտնվող ընկերությունների վճարած հարկերը անհամեմատ մեծ ծավալ են կազմում ընդհանուր հարկային բլոկում: Այդ իսկ պատճառով, որպես կանոն, մենք դիտարկում ենք առաջին հերթին հենց «լավագույն հիսնյակը»:

    Այն, որ արդեն որերորդ անգամ այս ցանկը գլխավորում է հեռախոսների, տեխնիկայի, դրանց աքսեսուարների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող Mobile Centre ընկերությունը, ինքնին բավական հետաքրքիր է, առավել ևս, որ հիսնյակում միանգամից 12 կազմակերպություն զբաղվում է տարբեր ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով: Խոսքը, հասկանալի է, միայն տեխնիկային չի վերաբերում, այլ նաև վառելիքին, խմիչքներին, ծխախոտային արտադրանքին և այլն: Այս ոլորտում, ի մասնավորի, խոշորներից են «Ֆիլիպ Մորիս Արմենիա», «Վեգա», «ՎիԷլՎի», «Դոմուս» ընկերությունները:

     Խոշորների ցանկի երկրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ վճարած մոտ 61 մլրդ դրամ հարկերով։ Հետաքրիքր է, որ Հայաստանի հանքարդյունաբերության առաջատարը անցած տարվա նույն ժամանակամիջոցի հետ համեմատած ավելի է վճարել մոտ 64 տոկոսով կամ 24,7 մլրդ դրամով ավելի հարկ։ Այստեղ պետք է նշել, որ հիսնյակում տեղ է գտել ևս երեք հանքարդյունաբերական ընկերություն՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատը, «Թեղուտը» և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:

    Հաջորդ առաջատար ոլորտը բանկային համակարգն է: Առաջին հիսուն հարկատուների ցանկում միանգամից ինը բանկ է՝ Արդշինբանկ, Ամերիաբանկ, Ակբա բանկ, Ինեկոբանկ, ՎՏԲ-Հայաստան բանկ, Կոնվերս բանկ, Էվոկաբանկ, ԱյԴի բանկ, Հայէկոնոմբանկ:

    Վերջապես, որպեսզի կարողանանք պատասխանել նյութի սկզբում նշված հարցին, թե ինչպիսի տնտեսություն ունի մեր երկիրը, պետք է անդրադառնանք նաև արտադրությանը (ինչպես միշտ, հանքարդյունաբերությունը դիտարկում ենք առանձին): Այստեղ, ֆուտբոլային լեզվով ասած, բանկերի հետ ունենք ոչ-ոքի արդյունք, այսինքն՝ հիսնյակում կա ինը արտադրող: Սակայն հետաքրքիր է, որ դրանցից երեքը զբաղվում են ծխախոտի արտադրությամբ: Խոսքը «Գրանդ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» և «Սիգարոն» ընկերությունների մասին է: Երկու ընկերություն զբաղվում է ոչ ոգելից խմիչքների արտադրությամբ («Կոկա Կոլա», «Ջերմուկ»): Ինչ վերաբերում է սննդի արդյունաբերությանը, ապա, այս ոլորտի երկու առաջատարները «մշտական» ունեն լավագույն հիսնյակում: Խոսքը Հայաստանի քաղցրեղենի արտադրության առաջատար «Գրանդ Քենդի» ընկերության և մսամթերքի արտադրության առաջատար «Աթենք» ընկերության մասին է:

    Հիսնյակում այդպիսի «մշտական» ունեն նաև կապի երեք օպերատորները՝ «Վիվա Արմենիան», «Յուքոմը», «Տելեկոմ Արմենիան»: Այս անգամ էլ նրանք լավագույնների մեջ են:

    Ի հավելում՝ նշենք, որ շատ մասնագետներ ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Արարատի ցեմենտի գործարանն այս 9 ամիսներին նվազեցրել է հարկերը ավելի քան 400 մլն դրամով՝ անցյալ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ։ Բանն այն է, որ մինչ գործարանը խլելը և կառավարիչ նշանակելը այս տարվա թե՛ առաջին եռամսյակում, թե՛ կիսամյակում արձանագրվել է հարկերի աճ՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իսկ ահա քաղաքական դրդապատճառներով մի քանի օր շարունակ գործարանի դռները կապարակնքելու, ապա և կառավարիչ նշանակելու արդյունքում գործարանը զգալի քիչ հարկեր է վճարել:

    Իհարկե, միայն վճարած հարկերի թվերը հազիվ թե մասնագիտական տեսանկյունից վերջնական ու լիարժեք եզրակացություններ կատարելու համար հիմք լինեն, սակայն առնվազն ցույց են տալիս, որ տնտեսության աճի մասին խոսելիս կարևոր պետք է լինի ոչ միայն հարկերի ծավալը, այլև այն, թե ինչի հաշվին է այդ աճն ապահովվում։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

  • Թաթոյանն ընդհատակ է անցել. ո՞րն է պասիվության պատճառը․ «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ի ընտրություններից հետո «Միասնության թեւեր» կուսակցությունը եւ նրա առաջնորդ Արման Թաթոյանը քաղաքականապես ակտիվ չեն։ Կուսակցությունը չմասնակցեց հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, չի հայտարարել նաեւ նոյեմբերին եւ դեկտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։

    Կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքներին «Միասնության թեւեր»-ից անդրադարձել է միայն Դավիթ Անանյանը, որն իշխանության հաղթանակը բնորոշել է որպես «հաղթանակի ամենածանր պարտություն»։

    Արման Թաթոյանը որեւէ հրապարակային գնահատական չի հնչեցրել ո՛չ ընտրական գործընթացի, ո՛չ էլ արդյունքների մասին։ Մեր տեղեկություններով՝ նա ներկայում գտնվում է ԱՄՆ-ում։ Այս օրերին՝ մինչեւ նոյեմբերի վերջը Կալիֆորնիայի համալսարանում հանդես է գալու դասախոսություններով։

    Մենք հետաքրքրվեցինք, թե որն է այս պասիվության պատճառը, գուցե կուսակցության ներկայացուցիչները վախենո՞ւմ են քրեական գործերից, քաղաքական հետապնդումներից։

    Կուսակցությունից մեր աղբյուրը նշեց, որ «Միասնության թեւեր»-ը լուծարվելու մտադրություն չունի, ավելին՝ առաջիկա տարիներն օգտագործելու են՝ քաղաքականապես կայանալու եւ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաջողության հասնելու համար։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

    դիտվել է 8 անգամ

    Լրահոս


    Պապիկյանի երկրորդ դեղին քարտը․ «Հրապարակ»



    Թաթոյանն ընդհատակ է անցել. ո՞րն է պասիվության պատճառը․ «Հրապարակ»



    Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»



    Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»



    Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»



    6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»



    ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»



    Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»



    210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»



    Թղթի վրա սա կարող է թվալ ողջամիտ լուծում, բայց իրականությունը շատ ավելի բարդ է․ Հակոբ Հակոբյան



    Եվս մեկ քայլ նահանջ՝ ժողովրդավարության սկզբունքներից․ Թանդիլյան



    Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա



    ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակին



    Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը



    Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան



    Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք



    ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է



    Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավոր



    Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը․ Hetq.am



    Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն. Ոսկանյան



    Զգացմունքներս խեղդում են, ԲԱՅՑ…



    «Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է ընտրախախտումներ



    Փեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրը

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը