Blog

  • Ովքեր են պայքարում Հրազդանում, Եղեգնաձորում և Իջևանում․ ընտրացուցակները՝ թվերով

    2026 թվականի հոկտեմբերի 25-ին, ի թիվս այլ համայնքների, ՏԻՄ համամասնական ընտրություններ կանցկացվեն նաև Հայաստանի վեց մարզկենտրոն ներառող համայնքներում՝  Հրազդանում, Եղեգնաձորում, Իջևանում, Արտաշատում, Արմավիրում և Գավառում։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել և քարտեզագրել է այս համայնքներում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակները՝ ըստ թեկնածուների սեռի, տարիքի, կուսակցական պատկանելության և զբաղմունքի։ 

    Այս հոդվածում  ներկայացնում ենք Հրազդանի, Եղեգնաձորի և Իջևանի ընտրացուցակների տվյալները։

    Հրազդան․ ՀՅԴ-ի և ՔՊ-ի թեկնածուների կազմը՝ թվերով 

    Հրազդանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում մրցակցում է երկու քաղաքական ուժ՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ ՀՅԴ-ի ընտրացուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիայի» իրավաբան Վարդան Գևորգյանը, ՔՊ-ինը՝ Հրազդանի գործող համայնքապետ Սևակ Միքայելյանը։ 

    «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նախընտրական  ցուցակում ընդգրկված է 11 թեկնածու։

    Ըստ ներկայացված աշխատավայրերի՝ վեց թեկնածու՝ ցուցակի 54.5%-ը, աշխատում է էներգետիկ ոլորտում։ Նրանցից չորսի աշխատավայրը «Գազպրոմ Արմենիան» է, երկուսինը՝ «Հրազդան ՋԷԿ»-ը։

    Մյուս հինգ թեկնածուները՝ 45.5%-ը չի աշխատում։ 

    ՀՀ պետական կամ համայնքային մարմիններում ու դրանց ենթակայության կազմակերպություններում աշխատողներ ցուցակում ներառված չեն։  

    ՀՅԴ-ի ցուցակում ընդգրկված է չորս կին և յոթ տղամարդ, որոնք կազմում են ցուցակի համապատասխանաբար 36.4%-ը և 63.6%-ը։ 

    Ութ թեկնածու՝ 72.7%-ը, ՀՅԴ անդամ է, երեքը՝ 27.3%-ը, անկուսակցական։  

    ՀՅԴ-ի թեկնածուներից հինգը (45.5%), 60 և բարձր տարիքային խմբում է։ Չորս թեկնածու ընդգրկված է 45–59, երկուսը՝ 30–44 տարիքային խմբում։ Ցուցակի ամենաերիտասարդ անդամը 40, ամենատարեցը՝ 74 տարեկան է։ 

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված է 49 թեկնածու։  

    Ըստ ներկայացված տվյալների՝ 32 թեկնածուի՝ ցուցակի 65.3%-ը աշխատում է։ Մյուս 17 թեկնածուները՝ 34.7%-ը, չեն աշխատում։  

    ՔՊ-ի ցուցակում համայնքապետարանի և համայնքային կազմակերպությունների յոթ, պետական/մարզային  ենթակայության կառույցների  չորս աշխատող կա։ Միասին նրանք կազմում են ցուցակի 22.4%-ը։  

    Ցուցակում ընդգրկված են նաև համատիրությունների երեք կառավարիչներ։

    ՔՊ-ի ցուցակում 17 կին և 32 տղամարդ կա՝ համապատասխանաբար 34.7% և 65.3%։  

    Կուսակցական պատկանելությամբ՝ 42 թեկնածու՝ 85.7%-ը, ՔՊ անդամ է, յոթը՝ 14.3%-ը, անկուսակցական։  

    ՔՊ-ի թեկնածուների կեսից ավելին՝ 26-ը (53.1%), 30–44 տարիքային խմբում է։ Տասներկու թեկնածու ընդգրկված է 45–59, ութը՝ 60 և բարձր, երեքը՝ 18–29 տարիքային խմբում։ Ցուցակի ամենաերիտասարդ անդամը 20, ամենատարեցը՝ 69 տարեկան է։

    Եղեգնաձոր․ ընտրացուցակների ամենամեծ տարբերությունը՝ զբաղվածության կառուցվածքում 

    Եղեգնաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Նոր դարաշրջան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։ 

    «Հանրապետության» ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, ՔՊ-ինը՝ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ 

    «Նոր դարաշրջանը» գլխավորում է Մարտին Հարությունյանը, որն ըստ ԿԸՀ ներկայացված թեկնածուների ցանկի, չի աշխատում։ Կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի կազմում։ 

    «Նոր դարաշրջան» կուսակցության ցուցակում ընդգրկված է 18 թեկնածու։

    Զբաղվածության վերաբերյալ տվյալներով՝ 16 թեկնածուի դեպքում նշված է «չի աշխատում»։ Նրանք կազմում են ցուցակի 88.9%-ը։ Աշխատավայր կամ զբաղմունք նշված է միայն երկու թեկնածուի համար։

    Կուսակցության ցուցակում ընդգրկված է 6 կին և 12 տղամարդ, որոնք կազմում են ցուցակի համապատասխանաբար 33.3%-ը և 66.7%-ը։ 

    Կուսակցական պատկանելությամբ՝ 14 թեկնածու «Նոր դարաշրջան» կուսակցության անդամ է, երեքը՝ անկուսակցական։ Մեկ թեկնածուի՝ Դավիթ Այվազյանի կուսակցական պատկանելության դաշտում նշված է «Ուժեղ Հայաստան»։ 

    Այսպիսով, ցուցակի 18 թեկնածուներից 14-ը՝ 77.8%-ը, «Նոր դարաշրջանի» անդամ է, երեքը՝ 16.7%-ը՝ անկուսակցական, իսկ մեկը՝ 5.6%-ը, այլ կուսակցության անդամ։

    «Նոր դարաշրջանի» թեկնածուների կեսից ավելին՝ 10-ը (55.6%), 30–44 տարիքային խմբում է։ Չորս թեկնածու ընդգրկված է 45–59, երեքը՝ 60 և բարձր, մեկը՝ 18–29 տարիքային խմբում։ 

    «Հանրապետություն» կուսակցության ցուցակում ընդգրկված է 37 թեկնածու։

    Թեկնածուներից 32-ը՝ 86.5%-ը աշխատում է, 5-ը՝  չի աշխատում։ Չաշխատողները կազմում են ցուցակի 13.5%-ը։

    Ըստ ներկայացված աշխատավայրերի՝ 12 թեկնածու աշխատում է համայնքային համակարգում, ևս 5-ը՝ պետական համակարգում։ Այսպիսով, պետական և համայնքային մարմիններում ու դրանց ենթակայության կազմակերպություններում աշխատում է ընդհանուր 17 թեկնածու՝ ցուցակի 45.9%-ը։

    Ցուցակում կա յոթ անհատ ձեռնարկատեր և 1 ՍՊԸ-ի տնօրեն  

    «Հանրապետության» ցուցակում ընդգրկված է 14 կին և 23 տղամարդ, որոնք կազմում են ցուցակի համապատասխանաբար 37.8%-ը և 62.2%-ը։

    Կուսակցական պատկանելությամբ՝ 26 թեկնածու՝ 70.3%-ը, «Հանրապետություն» կուսակցության անդամ է, իսկ 11-ը՝ 29.7%-ը, անկուսակցական։

    Տարիքային կազմով երկու ամենամեծ խմբերը հավասար են․ 30–44 և 45–59 տարիքային խմբերում ընդգրկված է 17-ական թեկնածու՝ յուրաքանչյուրում ցուցակի 45.9%-ը։ Երեք թեկնածու՝ 8.1%-ը, 60 և բարձր տարիքային խմբում է, իսկ 18–29 տարեկան թեկնածու ցուցակում չկա։ 

    ՔՊ-ի ցուցակում ընդգրկված է 41 թեկնածու՝ 13 կին և 28 տղամարդ, որոնք կազմում են ցուցակի համապատասխանաբար 31.7%-ը և 68.3%-ը։ 

    Ցուցակում պետական, մարզային և համայնքային համակարգերից ընդհանուր 17 թեկնածու կա՝ ցուցակի 41.5%-ը։ Բացի այդ, ցուցակում ընդգրկված է գործող ավագանու չորս անդամ և ՔՊ գրասենյակի մեկ աշխատող։  Աշխատանք չունեցող  թեկնածուներ ցուցակում չկան։

    Կուսակցական պատկանելությամբ՝ 32 թեկնածու՝ 78.0%-ը, ՔՊ անդամ է, 9-ը՝ 22.0%-ը, անկուսակցական։

    Տարիքային կազմով ամենամեծ խումբը 45–59 տարեկաններն են՝ 15 թեկնածու կամ ցուցակի 36.6%-ը։ 30–44 տարիքային խմբում ընդգրկված է 14 թեկնածու՝ 34.1%, 60 և բարձր տարիքային խմբում՝ ինը՝ 22.0%, իսկ 18–29 տարեկանների խմբում՝ երեք թեկնածու՝ 7.3%։ Ցուցակի ամենաերիտասարդ անդամը 23, ամենատարեցը՝ 68 տարեկան է։

    Իջևան․ ՔՊ-ն՝ պետական ու համայնքային համակարգերի, «Ինքնիշխան Հայաստանը»՝ ուսանող թեկնածուներով

    Իջևանում ընտրապայքարին մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված է 51 թեկնածու։ 

    Թեկնածուներից 47-ն աշխատում է, չորսը՝ ոչ։ Նրանցից 38-ը՝ ընդհանուր ցուցակի 74.5%-ը, աշխատում է պետական կամ համայնքային մարմիններում և դրանց ենթակայության կազմակերպություններում։ 

    ՔՊ-ի ցուցակում ընդգրկված է 18 կին և 33 տղամարդ, որոնք կազմում են ցուցակի համապատասխանաբար 35.3%-ը և 64.7%-ը։ Թեկնածուներից 40-ը՝ 78.4%-ը, ՔՊ անդամ է, իսկ 11-ը՝ 21.6%-ը, անկուսակցական։

    Տարիքային ամենամեծ խումբը 30–44 տարեկաններն են՝ 25 թեկնածու կամ ցուցակի 49%-ը։ 45–59 տարեկանները 18-ն են՝ 35.3%։ 18–29 և 60 ու ավելի տարիքային խմբերում չորսական թեկնածու կա՝ յուրաքանչյուրում 7.8%։

    «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը  ընտրություններին մասնակցում է 15 թեկնածուից բաղկացած ցուցակով։ Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեկնածուների կեսից ավելին՝ 8-ը կամ 53,3 տոկոսը,  ուսանող է, մեկ երրորդը կամ 33,3 տոկոսը՝ ինքնազբաղված։ Եվս 2-ն աշխատում են մասնավոր ոլորտում։ 

    «Ինքնիշխան Հայաստանի» ցուցակում ընդգրկված է 5 կին և 10 տղամարդ՝ զբաղեցնելով համապատասխանաբար 33,3 ու  66,7 տոկոսը։  

    Ցուցակի 14 թեկնածու՝ 93,3 տոկոսը, 18–29 տարեկանների խմբում է։ Մեկ թեկնածու 60 տարեկան է։ 

    11 թեկնածու «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության անդամ է, չորսը՝ անկուսակցական՝ կազմելով համապատասխաաբար  73,3 ու  26,7 տոկոսը։

    Այսպիսով, երեք համայնքների ընտրացուցակների ուսումնասիրությունը ցույց է տալիս զբաղվածության և տարիքային կազմի էական տարբերություններ։ Հրազդանում ՀՅԴ-ի թեկնածուների կեսից ավելին աշխատում է էներգետիկ ոլորտում, Եղեգնաձորում «Նոր դարաշրջանի» թեկնածուների գրեթե 89%-ը չի աշխատում, մինչդեռ «Հանրապետության» և ՔՊ-ի ցուցակներում զգալի է պետական և համայնքային համակարգերի ներկայացուցիչների մասնաբաժինը։

    Գայանե Մարկոսյան

    Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։

  • ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր արտահայտություն է. Փաշինյան

    Իմ կարծիքում որևէ բան չի փոխվել։ Տվյալների և կանխատեսումների վերաբերյալ՝ կապրենք, կտեսնենք։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի անդամակցության կասեցման մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամների ներկայացրած զեկույցին և դրա վերաբերյալ ՀՀ արձագանքին։

    Փաշինյանը հիշեցրեց, որ օրենքը, որն ընդունվել է, Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ այն ընդունվել է քաղաքացիական նախաձեռնությամբ, երբ մի շարք կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ օգտվել են Սահմանադրությամբ վերապահված հնարավորությունից, ըստ որի՝ 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում կարող են նախագիծ ներկայացնել ԱԺ-ում, և եթե ԱԺ-ն չի ընդունում, կարող են 300 հազար ստորագրությամբ վերադառնալ, որի արդյունքում տեղի կունենա հանրաքվե։

    «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր արտահայտություն է, և մենք պատրաստվում ենք մեր երկրում ժողովրդավարությունը նույնպես պաշտպանել»,- ասաց նա։

  • ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ


    Կակազողների համաշխարհային օր, Ավստրալիա՝ Վոմբատի օր (Վոմբատփոքրիկ արջի նմանվող խոտակեր մանր պարկավոր կաթնասուն), Մարշալ յան կղզիներ՝ Համաձայնության օր, Սոմալի՝ Հեղափոխության օր:


    ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

    1844 –ծնվել է մանկավարժ, դերասան Սեդրակ Մանդինյանը:


    1927 –ծնվել է կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը:


    1933 – ծնվել է դաշնակահար Յուրի Հայրապետյանը:

    1935-վախճանվել է հայ դասական երաժիշտ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան):


    1975- ԱՍԱԼԱ-ի երեք մարտիկներ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մտել են թուրքական դեսպանատուն, սպանել դեսպան Թունալիջիլին և նրա վարորդին, ապա թաքնվել:


    2001- «Արարատցեմենտ» գործարանի մրցույթի հաղթող ճանաչված շվեյցարական «Holsim» ընկերությունը հրաժարվել է գործարքից:

    2008- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բացվել է Ռուսաստանի հրապարակը:


    2010- երկարատև վերանորոգումից հետո պաշտոնապես բացվել է Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճը:


    2013- վախճանվել է դերասան Երվանդ Ենգիբարյանը:

    2015- հայաստանյան դատարանն աննախադեպ որոշում է կայացրել. Հայաստանում առաջին անգամ ազատ է արձակվել ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը՝ անբուժելի հիվանդության պատճառով:


    2020- Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Իրանի հետ Արցախի սահմանը:


    2021-«Հայաստան» հիմնադրամի կողմից հավաքված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով:

    ԱՇԽԱՐՀ


    1618 -Անգլիայի թագավորական դատարանը փիլիսոփա, զորահրամանատար և գիտնական Ուոլտեր Ռեյլիին ազատամտության համար դատապարտել է մահվան:


    1725-վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ալեսանդրո Սկարլատին:

    1797– ֆրանսիացի օդագնաց Անդրե Ժակ Գարներինը կատարել է պարաշյուտով առաջին թռիչքը:


    1811 –ծնվել է հունգարացի կոմպոզիտոր, վիրտուոզ դաշնակահար Ֆերենց Լիստը:


    1842 – զարդագործ Գուստավ Ֆաբերժեն Սանկ Պետերբուրգում բացել է իր զարդագործական արհեստանոցը:

    1870– ծնվել է ռուս նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ, Նոբել յան մրցանակի դափնեկիր Իվան Բունինը:


    1878- Անգլիայում առաջին անգամ անցկացվել է ռեգբիի խաղ արհեստական լուսավորվածության պայմաններում:


    1883– Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի բեմադրությամբ բացվել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերան: 1883– վախճանվել է անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ Թոմաս Մայն Ռիդը, որը առավել հայտնի է իր «Անգլուխ ձիավորը» վեպով:

    1895– տեղի է ունեցել Մոնպառնաս կայարանի վթարը. մարդատար գնացքի շոգեքարշը, չկարողանալով արգելակել, ճեղքել է երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց:


    1906– վախճանվել է հետիմպրեսիոնիզմի նշանավոր վարպետներից մեկը՝ ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանը:


    1909 – ֆրանսուհի Էլիզա Դորեշը միայնակ թռիչք է իրականացրել օդանավով. դա աշխարհում կնոջ կողմից իրականացրած առաջին միայնակ թռիչքն էր:

    1919 –ծնվել է անգլիացի կին գրող, բանաստեղծուհի Դորիս Լեսինգը:


    1919 – Պետրոգրադի մոտ թվային գերակշռություն ունեցող բոլշևիկյան ուժերը հաղթել են գեներալ Յուդենիչի ղեկավարած Հարավարևմտյան սպիտակգվարդիական բանակին:


    1938 – ամերիկացի գյուտարար Չեսթեր Կարլսոնը ցուցադրել է իր հայտնագործած թղթե փաստաթղթերի պատճենահանման սարքը:

    1943 –ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Կատրին Դենյովը:


    1975– «Վեներա-9» միջտիեզերական կայանը առաջին անգամ երկիր է ուղարկել Արեգակնային համակարգի մոլորակի լուսանկարներ:


    1978 – տեղի է ունեցել Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի գահակալության արարողությունը:

    1980 – Հռոմի պապը չեղյալ է հայտարարել 1633 թվականին ընդունված՝ Գալիլեյին դատապարտող վճիռը:


    1982 –ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել է «Առաջին արյունը» կինոնկարը, որտեղ վիետնամական պատերազմի վետերան Ռեմբոյի դերում հանդես է գալիս Սիլվեստեր Ստալոնեն:


    2001 – վախճանվել է խորհրդային դերասան Գեորգի Վիցինը:

    2009– պաշտոնապես թողարկվել է Windows 7 օպերացիոն համակարգը:


    2021 – Ռուսաստանի Ռյազան քաղաքի «Էլաստիկ» գործարանի վառոդի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ:


    2022 – Ջորջիա Մելոնին դարձել է առաջին կինը, որը գլխավորել է Իտալիայի կառավարությունը:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն Մանվելյան

    Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն Մանվելյան

  • ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

    ԹՐԻՓՓ նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքների շրջանակում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է Սյունիք՝ տեղում ուսումնասիրելու երկաթուղու, ավտոճանապարհի և էներգետիկ ենթակառուցվածքների նախագծման հարցերը։

    Հոկտեմբերի 22-ի նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով տարածաշրջանային հաղորդակցությունների հնարավորինս արագ բացումը՝ Հայաստանի տնտեսական դիմակայունությունը բարձրացնելու տեսանկյունից։

    «Մեր տնտեսական դիմակայունությունը մեծացնելու առումով շատ էական է, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս շուտ հասնել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը»,- նշեց վարչապետը։

    Փաշինյանը հիշեցրեց նաև, որ Ազգային ժողովում մեկնարկել է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագրի վավերացման գործընթացը։

    Ներկայացնելով Սյունիք կատարած այցի արդյունքները՝ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ տեղում ուսումնասիրություններն իրականացվել են նախագծման աշխատանքների մեկնարկը կազմակերպելու նպատակով։ Այս փուլում աշխատանքները վերաբերում են երեք ենթակառուցվածքի՝ երկաթուղուն, ավտոճանապարհին և էլեկտրահաղորդման գծերին։

    Փոխվարչապետի խոսքով՝ երկաթուղու անցկացման ուղղության հարցը պարզ է, իսկ այցի ընթացքում անհրաժեշտ էր ևս մեկ անգամ տեղում ուսումնասիրել առկա կառույցների վիճակը։

    Ավտոճանապարհի դեպքում, ըստ Գրիգորյանի, կան բարդանցանելի հատվածներ, և նախագծային վերջնական լուծումները պետք է ապահովեն ճանապարհի մրցունակությունը։

    «Խոսում ենք տրանզիտի մասին, իսկ տրանզիտ ճանապարհը մրցունակ կլինի, և մեր ծախսերն արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե այն   շահագործման առավելություն ունենա ռեգիոնալ մակարդակով»,- ընդգծեց փոխվարչապետը։

    Նրա փոխանցմամբ՝ էլեկտրահաղորդման գծերի մասով ևս կան վերջնականացման ենթակա հարցեր, որոնց լուծումները կմոդելավորվեն։

    Գրիգորյանը նպատակահարմար համարեց նախագծման աշխատանքները սկսել՝ չսպասելով ԹՐԻՓՓ զարգացման ընկերության ձևավորման ավարտին։ Նրա ներկայացմամբ՝ կատարված աշխատանքը հետագայում կփոխանցվի ընկերությանը, երբ այն ձևավորվի և սկսի գործունեությունը։

    «Որպեսզի ժամանակ չծախսենք, մենք ճիշտ ենք համարում սկսել նախագծման աշխատանքներն այսօրվանից»,- ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ շուտով քննարկման կներկայացվեն ավելի կոնկրետ էսքիզներ, որից հետո կմեկնարկեն բուն նախագծման աշխատանքները։

    Փաշինյանն իր հերթին արձանագրեց, որ նախագիծը մտնում է գործնականացման փուլ՝ այն կարևոր համարելով Հայաստանի տնտեսական դինամիկայի պահպանման և շարունակման համար։

    «Հիմա մենք, ըստ էության, պետք է արձանագրենք, որ մտնում ենք գործնականացման փուլ»,- նշեց Փաշինյանը։

    Վարչապետը հիշեցրեց, որ առաջիկայում պետք է ձևավորվի հայ-ամերիկյան ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը (TRIPP Development Company):

    «Հիմա, ըստ էության, ընկերությունը հիմնադրելու եզրափակիչ փուլում ենք գտնվում, և երբ ընկերությունը կհիմնադրվի, կատարված աշխատանքը, այդ թվում՝ որպես մեր ներդրում, կփոխանցվի այդ ընկերությանը»,- նշեց Փաշինյանը։

     

  • Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 22.10.2026

    Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 22.10.2026

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից

  • Քայլերթ՝ հանուն հանրային ձայնի իրավունքի» – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Բնապահպանի ձայնին՝ պաշտպանությո՛ւն», «Լրագրողի ձայնին՝ պաշտպանություն», «Գյուղացու ձայնին՝ պաշտպանություն»․ քայլերթ՝ ի պաշտպանություն հանրային ձայնի երաշխիքի

  • Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան

    Հոկտեմբերի 22-ին,
    Ժամը՝ 12:00-ից լինելու ենք Գավառի
    Արծվաքար բնակավայրում։

    Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար

  • ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը

    Եվրամիությունը սկսել է քննարկել այն ներկայացուցչի թեկնածությունը, որը կկարողանա անմիջական բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հոկտեմբերի 21-ին Politico թերթը հայտնել է՝ հղում անելով աղբյուրներին։

    Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ եվրոպական երկրներին անհրաժեշտ է որոշել մեկ մարդու կամ ներկայացուցիչների խումբ, որոնց մնացած պետությունները կպատվիրակեն լիազորություններ ռուսական կողմի հետ երկխոսության համար։

    «Մենք չենք կարող ներկայանալ երկու-երեք հոգուց կազմով, որոնցից յուրաքանչյուրն ելույթ կունենա ԵՄ անունից», — հայտարարել է եվրոպացի դիվանագետներից մեկը՝ նշելով, որ թեկնածությունը պետք է ընտրվի՝ ելնելով բանակցությունների արդյունավետությունից, այլ ոչ թե ներքին քաղաքական շահերից։

    Հնարավոր ներկայացուցիչների թվում դիտարկվում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ Միևնույն ժամանակ մի շարք դիվանագետներ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբին համարում են ավելի համապատասխան թեկնածու։