Category: YN.am

  • Գագիկ Ծառուկյանի գործով երկրորդ անձը կալանավորվեց․ ո՞վ է նա

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործով 2-րդ անձը կալանավորվեց։

    Մասնավորապես, քրեական գործով անցնում են ընկերության տնօրեններ Համլետ Թումանյանը և Ռոմա Կարապետյանը։

    Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի գործով ևս մեկ անձ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է։ Նախօրեին ՔԿ-ից տեղեկացրել էին, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

    Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել էին, մյուս անդամի վերաբերյալ կայացվել էր ձերբակալման որոշում։ Նշենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց երկու ամսով։

  • Իրավական կամ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին․ Նազիկ Ավդալյանը՝ Ծառուկյանի ձերբակալման մասին

    Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը.

    «Ես միշտ պատրաստ եմ խոսել սպորտի մասին, որովհետև դա իմ կյանքն ու իմ ոլորտն է։ Իսկ իրավական կամ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին, ինչը, սակայն, անընդհատ պահանջում են մեզանից։

    Ես պարզապես ցանկանում եմ, որ ամեն պարագայում պահպանվի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Որպես մարդ և որպես մարզիկ՝ չեմ կարող անտարբեր մնալ և այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել՝ Գագիկ Ծառուկյանին, իմ սիրելի տիկին Ռոզային և ընտանիքին՝ մաղթելով ուժ և համբերություն։

    Հուսով եմ, որ ամեն ինչ արագ կպարզվի, և այս իրավիճակը կավարտվի խաղաղ ու արժանապատիվ հանգուցալուծմամբ»։

  • Ի՞նչ վիճակում են Գագիկ Ծառուկյանի առանձնատանը մնացած կենդանիները. Ահազանգ և պարզաբանում ՔԿ-ից

    ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը իրականացված ցուցադրական խուզարկությունից և այնտեղ պահվող կենդանիների մի մասի առգրավումից հետո նոր հարցեր են առաջացել արդեն ոչ թե տեղափոխված, այլ տարածքում մնացած կենդանիների ճակատագրի վերաբերյալ։

    ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հրապարակային մտահոգություն է հայտնել, որ առանձնատան տարածքում շարունակում են մնալ բազմաթիվ կենդանիներ, մինչդեռ աշխատակիցները, ըստ նրա, զրկված են նրանց խնամելու հնարավորությունից։ Տոնոյանի խոսքով՝ խուզարկությունից հետո տարածքը կապարակնքվել է, իսկ կենդանիների խնամքն ապահովելու նպատակով արված առաջարկները չեն ընդունվել։

    «Աշխատակիցները խնդրել են, որ գոնե մասնագետների ներկայությամբ հնարավորություն տրվի մտնել տարածք և կերակրել կենդանիներին, քանի որ այնտեղ կան ձկներ, կարապներ, ձիեր և այլ կենդանիներ։ Սակայն նրանց թույլ չեն տվել մուտք գործել, և տարածքը շարունակել է մնալ կապարակնքված։ Արդյունքում մինչ այժմ անհայտ է այնտեղ մնացած կենդանիների ճակատագիրը»,– News.am-ին ասել է Իվետա Տոնոյանը։

    ԲՀԿ խոսնակի այս հայտարարությունից հետո ArmLur.am-ը դիմել է ՀՀ Քննչական կոմիտեին՝ պարզելու, թե ինչու են քննիչները արգելում կենդանիների խնամքն ու կերակրումը։

    ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, սակայն, հերքեց այդ պնդումները։

    «Անասնապահին թույլատրվել և թույլատրվում է մտնել և կերակրել կենդանիներին, տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,– նշել է Ավդալյանը։

    Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի գործողությունների ընթացքում Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավվել էին երեք առյուծ և մեկ վագր, որոնք տեղափոխվել էին Երևանի կենդանաբանական այգի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առյուծներից մեկը անկել է։

    Եթե Քննչական կոմիտեի փոխանցմամբ կենդանիներին իսկապես կերակրում և ջուր է տալիս անասնապահը, ապա հանրային շահի տեսանկյունից շարունակում են բաց մնալ մի շարք հարցեր։

    Մասնավորապես՝ քանի՞ կենդանի է շարունակում մնալ տարածքում, ի՞նչ առողջական վիճակում են նրանք, արդյոք ենթարկվո՞ւմ են անասնաբուժական մշտադիտարկման, և ի՞նչ պայմաններում են պահվում կապարակնքված տարածքում և այլն։

    Այս հարցերը հատկապես արդիական են դարձել այն բանից հետո, երբ արդեն մեկ կենդանու անկումը հանրային լայն արձագանք է ստացել։

  • Opta-ի համաձայն՝ ո՞ր հավաքականն է Մոնդիալ-2026-ի հաղթողի գլխավոր հավակնորդը

    Բրիտանական վերլուծական Opta ընկերության սուպերհամակարգիչը 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչների մեկնարկից առաջ Արգենտինայի հավաքականին այլևս չի ներառում մրցաշարի հաղթողի գլխավոր երեք հավակնորդների թվում։ Այդ մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում։

    Արգենտինայի հավաքականը ներկայում զբաղեցնում է չորրորդ տեղը։ Նրա՝ աշխարհի չեմպիոն դառնալու հավանականությունը գնահատվում է 15,9%։ Մինչև 1/8 եզրափակիչները Արգենտինան երկրորդ տեղում էր, իսկ հաղթելու հավանականությունը գնահատվում էր 16,32%։

    Մրցաշարի գլխավոր ֆավորիտը շարունակում է մնալ Ֆրանսիայի հավաքականը՝ 27,62% հաղթելու հավանականությամբ։ Ընդ որում, նախորդ փուլից առաջ այդ ցուցանիշը կազմում էր 28,89%։ Ֆրանսիայի գլխավոր մրցակիցը, ըստ սուպերհամակարգչի, Իսպանիայի հավաքականն է, որի հաղթելու հավանականությունը զգալիորեն աճել է՝ 12,96%-ից հասնելով 21,54%-ի։

    Լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի հավաքականը՝ 17,06% հաղթելու հավանականությամբ։ Անգլիացիների շանսերը նախորդ փուլի համեմատ ավելի քան կրկնապատկվել են․ մինչ այդ դրանք գնահատվում էին 8,14%։

    Սուպերհամակարգչի կանխատեսմամբ՝ աշխարհի առաջնությունում հաղթելու ամենաքիչ հավանականությունն ունեն Նորվեգիայի (6,50%), Մարոկկոյի (4,04%), Բելգիայի (3,86%) և Շվեյցարիայի (3,46%) հավաքականները։ Այս թիմերից յուրաքանչյուրի համար աշխարհի չեմպիոնի տիտղոսը կարող է դառնալ պատմության մեջ առաջինը։

    2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Առաջին անգամ մրցաշարին մասնակցում են 48 հավաքականներ։

    Առաջնությունն ավարտվելու է հուլիսի 19-ին։

  • ԱԱ-2026. Արգենտինայի կամային հաղթանակը Եգիպտոսի նկատմամբ՝ 3:2 (տեսանյութ)

    Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Եգիպտոսի նկատմամբ ընթացքում 0:2 հաշվով պարտվելուց հետո (տեսանյութ)։

    ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց եգիպտական «Ալ Ահլիի» 33-ամյա պաշտպան Յասեր Իբրահիմը (տեսանյութ)։

    21-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացավ արգենտինացի Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը, սակայն 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին աշխարհի ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը (տեսանյութ)։ Սեյվ կատարեց «Ալ Ահլիի» 26-ամյա դարպասապահ Մոստաֆա Շոբեյրը։

    58-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի դարպասը գրավեց եգիպտական «Պիրամիդսի» 29-ամյա հարձակվող Մոստաֆա Զիկոն, սակայն գրոհի ժամանակ արգենտինացիների պաշտպան Լիսանդրո Մարտինեսի ոտքին կանգնելու համար VAR-ի հուշումից հետո գոլը չգրանցվեց (տեսանյութ)։

    Եգիպտոսի թիմը երկրորդ գոլը խփեց 67-րդ րոպեին։ Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասը դարձյալ գրավեց Մոստաֆա Զիկոն (տեսանյութ)։

    79-րդ րոպեին Մեսիի փոխանցումից հետո աչքի ընկավ Լոնդոնի «Տոտենհեմի» 28-ամյա պաշտպան Կրիստիան Ռոմերոն (տեսանյութ)։

    83-րդ րոպեին գեղեցիկ գոլ խփեց Մեսին, որին գոլային փոխանցում կատարեց արգենտինական «Ռիվեր Փլեյթի» 29-ամյա պաշտպան Գոնսալո Մոնտիելը (տեսանյութ)։

    Արգենտինայի հաղթական գոլը ավելացված երկրորդ րոպեին խփեց Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը (տեսանյութ)։ Նրան գոլային փոխանցում կատարեց Միլանի «Ինտերի» 28-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

    Արգենտինան քառորդ եզրափակիչում կմրցի Շվեյցարիա – Կոլումբիա դիմակայության հաղթողի հետ։

  • Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասին

    Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասին
  • Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, որ կառավարության կազմում փոփոխություններ չեն լինելու, սակայն, մեր աղբյուրներն ասում են, որ, այնուամենայնիվ, մի ք
  • Գերթայֆուն «Բավին» մոտենում է Խաղաղ օվկիանոսում գտնվող ամերիկյան տարածքներին․ սկսվել է բնակիչների տարհանումը

    ԱՄՆ-ի տարածքներում՝ Գուամում և Հյուսիսային Մարիանյան կղզիներում, սկսվել է բնակչության շտապ տարհանումը՝ կապված «Բավի» գերթայֆունի մոտենալու հետ, որը, կանխատեսումների համաձայն, կհասնի կղզիներին հուլիսի 6-ի առավոտյան, հաղորդում է BBC News-ը։

    ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, թայֆունի էպիկենտրոնում կայուն քամու արագությունը կարող է հասնել 257 կմ/ժ-ի, իսկ պոռթկումները՝ մինչև 333 կմ/ժ-ի։ Օդերևութաբանները զգուշացնում են, որ տարերքը կարող է առաջացնել աղետալի ավերածություններ, հորդառատ անձրևների հետևանքով լայնածավալ ջրհեղեղներ և մինչև 11 մետր բարձրությամբ ալիքներ։

    Ակնկալվում է, որ թայֆունը կանցնի անմիջապես Գուամի և Հյուսիսային Մարիանյան կղզիների վրայով։ Միևնույն ժամանակ, ամենավտանգավոր եղանակային պայմանները կարող են պահպանվել ցիկլոնի կենտրոնի անցնելուց 8–10 ժամ առաջ և հետո։ Իշխանությունները բնակիչներին կոչ են արել անհապաղ տարհանվել, եթե նրանց տները գտնվում են ողողման վտանգի գոտում կամ չեն կարող դիմակայել փոթորկային քամուն։

    Գուամում, որտեղ բնակվում է մոտ 170 հազար մարդ, բացվել է հինգ տարհանման կենտրոն, որոնք նախատեսված են մոտ 1,7 հազար մարդու համար։ Դրանցից մեկն արդեն ամբողջությամբ լցված է, և ժամանողներին ուղղորդում են այլ ապաստարաններ։

    ԱՄՆ ռազմածովային ուժերի Թայֆունների նախազգուշացման միացյալ կենտրոնի դասակարգմամբ՝ «Բավին» պատկանում է գերթայֆունների դասին։ Այդպիսի ցիկլոնների քամու արագությունը գերազանցում է 240 կմ/ժ-ը և կործանարար ուժով համադրելի է չորրորդ կամ հինգերորդ կարգի հուրիկանների հետ։

    Տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները ակտիվորեն պատրաստվում են տարերքի հարվածին։ Խանութների և ռեստորանների սեփականատերերը պատուհանները փակում են նրբատախտակի թերթերով, իսկ ավիաչվերթների մի մասն արդեն չեղարկվել է։ Շատ հանգստացողներ ստիպված են մնալ հյուրանոցներում մինչև եղանակային պայմանների բարելավումը։

    «Բավին» արդեն դարձել է չորրորդ կամ հինգերորդ կարգի տասնմեկերորդ արևադարձային ցիկլոնը, որը վերջին տասնամյակում սպառնում է ԱՄՆ տարածքներին։ Գիտնականների կարծիքով, նման փոթորիկների ուժեղացմանը նպաստում է կլիմայի փոփոխությունը․ օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է մթնոլորտում խոնավության քանակը՝ արևադարձային ցիկլոնները դարձնելով զգալիորեն ավելի հզոր։

  • Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում

    Թուրքիայում Մարդինի նահանգի Դերիքի շրջանում 1650 թվականին կառուցված Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի։ Եկեղեցու միակ այցելուն շրջանում մնացած վերջին հայերից Զեքերիյա Սաբունջին է, իսկ այն մաքրում և խնամում են մուսուլման կանայք։ Այս մասին գրում է Ամերիկայի ձայնի թուրքական ծառայությունը։

    Եկեղեցու հարևանությամբ բնակվող Նեջլա Փիրսին, ով հետևում է եկեղեցուն, նշել է, որ այն նախկինում լեփ-լեցուն էր լինում, սակայն այժմ իրենց բոլոր հայ հարևանները հեռացել են։
    «Երբ Դերիք արձակուրդի եկող է լինում, այցելում է եղեղեցի»,-շեշտել է Փիրսին։
    Դերիքի շրջանում ապրող վերջին հայերից Զեքերիյա Սաբունջին այժմ եկեղեցի այցելող և աղոթք անող միակ հայն է։ Սաբունչին Ամերիկայի ձայնի հետ զրույցում նշել է, որ տարիներ առաջ շրջանում 7 եկեղեցի է եղել, իսկ այժմ միայն մեկն է մնացել։

    Նրա խոսքով, եկեղեցիները դարձել են տուն, մզկիթ, բանտ, դպրոց, որոշները վերածվել են ավերակի, սակայն դրանց տեղերն այժմ էլ հայտնի են։ Սաբունչին հիշել է, որ Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին ժամանակին համայնքը գումարով է գնել, քանի որ 1915 թվականի դեպքերից հետո այն պետականացված է եղել։

    Դերիքի շրջանի Քալեի թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1650 թվականին։ Եկեղեցին 1915 թվականին հայերի ցեղասպանությունից հետո հանձնվել է պետական գանձարանին և տարիներ շարունակ օգտագործվել է այլ նպատակներով։ Շրջանում հայերի թվի մեծացմանը զուգահեռ 1957 թվականին այն վաճառվել է հայկական համայնքին։

  • Yerevannews.am | Աստղագուշակ օգոստոսի 14-ի համար

    Խոյ: Օրվա ընթացքում արմատական փոփոխությունները քիչ հավանական են: Ավելի լավ է օրը նվիրել հանգստին, իսկ կարևոր գործերը կարելի է հետաձգել:Կենսական ներուժը ցածր է: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Ֆիզիկական աշխատանքը, ուժասպառ անող ֆիզիկական մարզումները՝ ցանկալի չեն:

    Այնուամենայնիվ, ձեռքերը ծալած նստել չարժե: Փորձեք որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել, ներգրավեք նաև ընկերներին, մտերիմներին, դա դրական կազդի ձեր հարաբերությունների վրա, նաև զվարճալի կլինի:

    Ցուլ: Թեև օրը լավ կդասավորվի, նշանի որոշ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, խիստ զբաղված կլինեն իրենց հին խնդիրներով: Սակայն որևէ լուծում գտնել չի ստացվի, քանի դեռ չունեք այն ինֆորմացիան, որը կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հետևաբար փորձեք լիցքաթափվել և լավատեսորեն տրամադրվել:

    Աշխատեք խուսափել ընտանեկան վեճերից: Անգամ, եթե ամեն բան հարթվի, դեռ երկար ժամանակ տրամադրությունը վերականգնել չի ստացվի: Եթե ռոմանտիկ ժամադրության եք պատրաստվում, ապա պատրաստ եղեք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել և հաճելիորեն զարմացնել սիրելիին, հակառակ դեպքում՝ ձանձրույթն ու հիասթափությունն անխուսափելի են:

    Երկվորյակ: Տուրք մի տվեք երևակայությանը, այսօր դա ձեր օգտին չի լինի: Նաև չարժե խախտել ընդունված կանոնները և բոլորին դեմ գնալ: Որքան ավելի ուշադիր վերլուծեք շրջապատի մարդկանց կյանքի փորձը, այնքան քիչ սխալներ թույլ կտաք:

    Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի անակնկալներ: Կստանաք ուրախալի լուրեր, առաջարկներ , հրավերներ: Օրվա երկրորդ կեսին նշանի որոշ ներկայացուցիչներ նոր գաղափարներ կունենան, որոնց իրագործումը կյանքում մի շարք դրական փոփոխությունների կհանգեցնի: Ձեզնից կպահանջվի համառություն և նպատակասլացություն, հատկանիշներ՝ որոնց պակասը դուք չունեք:

    Խեցգետին: Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր պատրաստ են բոլոր գործերը մի կողմ դնել և կենտրոնանալ ամենակարևոր ծրագրերի վրա: Ուշադրություն չեք դարձնի շուրջը կատարվող իրադարձություններին, գայթակղությունների չեք տրվի: Այսօր առավելապես աչքի կընկնեք ձեր խառնվածքի այն գծերով, որոնցով հպարտանում եք, մի վախեցեք ի ցույց դնել դրանք բոլորին:

    Դժվարություններ կծագեն նշանի այն ներկայացուցիչների մոտ, որոնց աշխատանքը համարվում է հարմար միայն տղամարդկանց համար: Խուսափեք կոնֆլիկտներից, մրցակցությունից, դրանք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել և բարդացնել ձեր կյանքը:

    Առյուծ: Այսօր չարժե ուղևորությունների հետ կապված ծրագրեր կազմել: Տհաճ միջադեպերի վտանգը մեծ է, և դրանք հետագայում կարող եք լուրջ խնդիրների հանգեցնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ չափից շատ կկարևորեն շրջապատի կարծիքը, և հաճախ ջանք ու եռանդ չեն խնայի՝ իրենց համար անհետաքրքիր ծրագրերի իրականացմանը հասնելու համար:

    Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ընտանեկան վեճերից խուսափել չի ստացվի: Ձեր նկատողությունները կարող են վիրավորել: Խորհուրդ չի տրվում կարևոր թեմաներ քննարկել:

    Կույս: Փորձեք արդյունավետ օգտագործել, օրվա առաջին կեսը:Այդ ժամանակահատվածը շատ հարմար է մասնագիտական, նաև անձնական որոշ նպատակների հասնելու համար: Կարող եք խախտել ընդունված նորմերը, վարվել այնպես, ինչպես ներքին ձայնն է թելադրում: Ձեր այս վարքագիծը, եթե անգամ հանդիմանության արժանանան, միևնույն է՝ լուրջ խնդիրներ չեն ծագի:

    Օրվա երկրորդ կեսը ճիշտ է նվիրել հանգստին: Փորձեք լիցքաթափվել և վերականգնել ուժերը: Գործնական ակտիվությունը կնվազի, մեկուսանալու ցանկություն կունենաք: Խուսափեք մտերիմների հետ կարևոր հարցեր քննարկելուց:

    Կշեռք: Օրվա մեծ մասը լավ կդասավորվի, հատկապես նրանց համար, ովքեր գիտեն թե ինչ են ուզում, սկզբունքային հարցերում անզիջում են: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնց համաձայնելով, հնարավորություն կունենաք դրսևորել ձեր մասնագիտական հմտությունները: Անձնական կյանքում հնարավոր են հաճելի փոփոխություններ:

    Երեկոյան որոշ խնդիրներ կծագեն, որոնք առաջին հայացքից կարող են անհաղթահարելի թվալ: Սակայն ժամանակից շուտ հանձնվել չարժե:Շատ շուտով կհասկանաք, որ դրանց լուծման համար անհավանական ջանքեր գործադրելու կարիք չկա, բավական է մի փոքր խորամանկություն դրսևորել և ամեն բան կստացվի:

    Կարիճ: Ստիպված կլինեք ծրագրերից շեղվել, սակայն, ընդհանուր առմամբ, ամեն բան լավ կդասավորվի: Մի վախեցեք իմպրովիզներից, դրանք այսօր ձեր օգտին են: Ձեր նպատակասլացությունը շատերին կհիացնի, կօգնի գրավել նրանց ուշադրությունը, ովքեր հետաքրքիր են ձեզ:

    Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա:Քրոնիկ հիվանդությունները գլուխ կբարձրացնեն: Ուշադրություն դարձրեք առողջությանը, խնայեք ձեզ: Առողջարարական, կոսմետիտ պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն:

    Աղեղնավոր: Զգացմունքային դաշտն անկայուն է: Նշանի շատ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, կկորցնեն, վերջերս ձեռնարկած, գործերի հանդեպ հետաքրքրությունը:Մտերիմների խորհուրդներն ու առաջարկները կանտեսեք, իսկ օգնությունից կհրաժարվեք: Փորձեք առավել լավատես լինել և դրական փոփոխությունները սպասեցնել չեն տա:

    Երեկոյան գործնական ակտիվությունը կնկատվի: Այս ժամանակահատվածը նպատակահարմար է՝ միևնույն կոմերցիոն շահերը հետապնդող մարդկանց հետ հանդիպելու համար:Կարող եք քննարկել համագործակցության պայմանները, համատեղ ծրագրեր կազմել:

    Այծեղջյուր: Բարդ օր է սպասվում: Որոշ անցած- գնացած խնդիրներ կհիշեցնեն իրեց մասին, ստիպված կլինեք վերադառնալ տհաճ հարցերի, որոնք վաղուց լուծված էիք համարում:Մտերիմների հետ հնարավոր են վեճեր: Կդժվարանաք ձեր տեսակետը պնդել, կկորցնեք ինքնատիրապետումը: Շատ կարևոր է հանգստություն պահպանել և պարզ քննարկումը վեճի չվերածել:

    Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Առողջական խնդիրների պատճառով՝ հնարավոր է ստիպված լինեք որոշ ծրագրեր վերանայել: Հնարավոր է գումարային հարցերի ձգձգում, սակայն ֆինանսական լուրջ խնդիրներ չեք ունենա:

    Ջրհոս: Այսօր կկայացնեք մի շարք կարևոր որոշումներ: Հստակ գիտակցում եք, թե ինչպես է պետք գործել, իսկ ձեզ շեղելը գրեթե անհնար է: Հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, ում հետ նախկինում տարաձայնություններ եք ունեցել: Հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, սակայն վեճեր և կոնֆլիկտներ ևս չեն ծագի:

    Հրաշալի օր է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար, սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Սիրահարված Ջրհոսները կարող են շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ և դրական լիցքեր ստանալ:

    Ձկներ: Բարեհաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում, ծրագրում են մի շարք գործարքներ կնքել, որոշ գնումներ կատարել: Այսօր կարող եք սեփական բիզնեսը հիմնելու վերաբերյալ կարևոր հարցեր քննարկել: Հնարավոր է որոշակի գումար ստանաք:

    Կենսական ներուժը բարձր է, օրվա ընթացքում ինքնազգացողությունից չեք դժգոհի: Ակտիվ հանգիստը, սպորտով զբաղվելը, կամ պարզապես մաքուր օդում զբոսանքները՝ տրամադրություն կբարձրացնեն: Ընկերների հետ շփումը կոգեշնչի, կծնվեն նոր գաղափարներ: Էներգիայի մեծ հոսք կզգաք: