Category: YN.am

  • Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին. «Հրապարակ»

    «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 8-ին քննիչները՝ ԱԻՆ աշխատակիցների ուղեկցությամբ գնացել են Ծառուկյանի տուն՝ կոկորդիլոսների հետեւից՝ նրանց էլ Կենդանաբական այգի տեղափոխելու նպատակով։ Գիշատիչներից մեկը «չհանդուրժելով» ստեղծված իրավիճակը՝ փորձել է «հոշոտել» իրեն մոտեցած ԱԻՆ աշխատակիցներից մեկին, սակայն ԱԻՆ-ականը պլստացել է կենդանու ճանկերից․ կոկորդիլոսը հասցրել է կծել նրան, վերջինիս Շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

    Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՆԳՆ-ից, մեզ դեռ չեն պատասխանել։

  • Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունում

    Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է վստահ ելույթները Երևանում անցկացվող ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում. երրորդ խաղում մեր ընտրանին 97:90 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

     

    Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է դարձել Միխայիլ Պետրովը, որը գրանցել է 14 միավոր, 17 ռեբաունդ և 6 արդյունավետ փոխանցում: Հայաստանի կազմում ամենաաշատ միավորները վաատակել է Դմիտրի Հաճյանը (31):

     

    Հայաստանի Մ16 հավաքականը խմբային փուլի վերջին խաղը կանցկացնի Մոնակոյի հավաքականի դեմ։

     

    Հայաստան – Մոնակո

     

     

     

    Սպորտի կառավարման կենտրոն

     

    Մուտքն ազատ է:

  • Ծառուկյանի առյուծները խառնել են պետական համակարգը. ներիշխանական բախումներ. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առյուծների առգրավման գործողությունը լուրջ բախումների պատճառ է դարձել Քննչական կոմիտեի, Երևանի կենդանաբանական այգու և ՍԱՏՄ-ի միջև, մինչդեռ կենդանիների տեղափոխման ընթացքում թույլ տրված սխալների հետևանքներն արդեն ողբերգական են եղել. 1 առյուծ սատկեց։ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո հանրային քննարկումները չեն դադարում։
    Մի կողմում իրավապահների կողմից 70-ամյա, դիմադրություն չցուցաբերող անձի նկատմամբ կիրառված ուժի համաչափության հարցն է, մյուս կողմում՝ նրա առանձնատան տարածքից առգրավված կենդանիների ճակատագիրը, որն օրեցօր ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Առգրավման գործողությունների հետևանքով արդեն արձանագրվել է առնվազն մեկ առյուծի մահ, իսկ մյուս կենդանիների առողջական վիճակի վերաբերյալ պաշտոնական և ամբողջական փաստարկված տեղեկություն մինչ օրս չի հրապարակվել։
    Քաղաքապետարանը, հղում անելով կարանտինային ռեժիմին, փաստացի սահմանափակել է լրագրողների մուտքը կենդանիների պահման վայր, ինչի հետևանքով հանրությունը զրկված է սեփական աչքով համոզվելու, թե ինչ վիճակում են այսօր Ծառուկյանի կենդանիները։ Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի իրավապահ աղբյուրների փոխանցմամբ, առյուծների պատմությունն արդեն վերածվել է միջգերատեսչական լուրջ հակասությունների թեմայի։
    Մեր տեղեկություններով՝ կենդանիների առգրավման գործընթացի սկզբնական փուլում Քննչական կոմիտեն դիմել է համապատասխան կառույցներին՝ ապահովելու կենդանիների տեղափոխումն ու հետագա պահպանումը։ Թե դիմումն ինչ ձևաչափով է եղել՝ գրավոր, թե բանավոր, այս պահին հստակ չէ։ Սակայն հենց այստեղ էլ սկսվել են խնդիրները։ Սկզբնական փուլում Երևանի կենդանաբանական այգին, տնօրենի պաշտոնակատար Արմեն տեր Թովմասյանի գլխավորությամբ, պատրաստակամություն է հայտնել մասնակցելու գործընթացին։
    Ավելին, այգուց շտապեցին պաշտոնական հաղորդագրություն տարածել՝ հայտարարելով, թե կենդանիները իրենց առաջարկով տեղափոխվել են կենդանաբանական այգի, և այնտեղ ապրելու են ավելի բարենպաստ պայմաններում։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց առաջին ողբերգական դեպքից հետո, երբ առյուծներից մեկը սատկեց։ Դրանից հետո արդեն կենդանաբանական այգու տնօրինությունը, Երևանի քաղաքապետարանը սկսեցին ոչ հրապարակավ, բայց արդարանալ, թե նախապես Քննչական կոմիտեին տեղեկացրել էր՝ չունի բավարար պայմաններ և տարածք Ծառուկյանի կենդանիներին ընդունելու համար, հետևաբար չի կարող կազմակերպել նրանց տեղափոխումն ու պահպանումը։ Ըստ այդ նույն պարզաբանման՝ գործընթացն իրականացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջամտությամբ։
    Այսպիսով, պետական երկու կառույցներ փաստացի տարբեր պատասխանատվության շրջանակներ են մատնանշում։ Մինչդեռ հենց ՍԱՏՄ-ն էր այն մարմինը, որը պարտավոր էր վերահսկել կենդանիների անասնաբուժական զննությունը, կարանտինային պայմանների ապահովումը, պահպանման ընթացակարգերն ու կենդանիների առողջական անվտանգության հետ կապված ամբողջ գործընթացը։ Համակարգում, սակայն, հարցադրում են անում՝ արդյոք այդ պարտականությունները պատշաճ իրականացվե՞լ են։ Մասնագետների գնահատմամբ՝ նման խոշոր գիշատիչների տեղափոխման ժամանակ պարտադիր է ապահովել ոչ միայն ճիշտ քնեցման դեղաչափը, այլև կենդանու շնչառության անընդհատ վերահսկողությունը, անհրաժեշտության դեպքում՝ թթվածնային ապահովումը։ Սակայն հրապարակված տեսանյութերում ակնհայտ երևում է, որ տեղափոխվող առյուծների և վագրի բերաններին թթվածնային սարքեր տեսանելի չեն։ Չկան նաև մասնագիտական այլ պաշտպանիչ միջոցներ, որոնք նման գործողությունների ընթացքում սովորաբար կիրառվում են։
    Ավելին, ըստ քաղաքապետարանից մեր տեղեկությունների, հենց ՍԱՏՄ-ի մասնագետներն են իրականացրել կենդանիների քնեցման գործընթացը։ Իսկ դրա արդյունքում առնվազն մեկ առյուծ այլևս չի արթնացել։ Ժողովուրդ-ը դիմեց Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Կիմա Ավդալյանին՝ պարզելու, թե ինչու են ստիպել կենդանաբանական այգում տանել կենդանիներին, եթե այնտեղ չեն ունեցել տեղ Ծառուկյանի առյուծների համար: Ի պատասխան, խոսնակը հայտնեց. «Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշման համաձայն կենդանիներն իրեղեն ապացույց են ճանաչվել, որից հետո հանձնվել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վարչակազմի պատասխանատու պահպանությանը։
    Այն տեղեկությունները, թե իբր Կենդանաբանական այգու պատասխանատուներից մեզ ասել են, որ չունեն բավարար տեղեր կենդանիների տեղափոխման համար, իրականությանը չի համապատասխանում: Նման գրություն կամ խոսակցություն չի եղել: Հորդորում եմ՝ չտարածել նման զավեշտալի տեղեկություններ»:
    Այսպիսով, պատասխանատվությունը միմյանց վրա են գցում պետական մարմինները, իսկ արդյունքում մինչ օրս որևէ պաշտոնատար անձ չի ներկայացրել մասնագիտական եզրակացություն՝ ինչու մահացավ կենդանին, արդյոք պահպանվել էին բոլոր միջազգային չափորոշիչները, և ով է կրելու պատասխանատվությունը տեղի ունեցածի համար։ Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ Քննչական կոմիտեն, Երևանի կենդանաբանական այգին և ՍԱՏՄ-ն տարբեր մեկնաբանություններ են տալիս նույն գործընթացի վերաբերյալ, իսկ ամենակարևոր հարցը՝ կենդանիների ճակատագիրը, մնում է անպատասխան։ Այս պատմությունն ունի նաև քաղաքական ենթատեքստ, որը դժվար է անտեսել։ Դեռ օրեր առաջ, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ եթե որևէ մեկը կարողանա ապացուցել իր հասցեին հնչեցրած լրտեսության մեղադրանքները, ինքը կհամաձայնի Հանրապետության հրապարակում գնդակահարվել, իսկ եթե դրանք սուտ են, ապա զրպարտողները պետք է մտնեն իր որձ առյուծի վանդակը:
    Նիկոլ Փաշինյանը հրապարակավ արձագանքել էր. «Վանդակում կնստի հենց Գագիկ Ծառուկյանը, որձն էլ իր հետ կլինի, իսկ տունը կդառնա ծերանոց»։
    Այսպիսով, անմեղ կենդանիները դարձան քաղաքական խոսույթի և իշխանական վրեժխնդրության անմեղ զոհ:

  • ԱՄՆ-ն հայտնել է Հորմուզում նավագնացությունը պաշտպանելու համար 90 թիրախի հարվածելու մասին

    Ամերիկացի զինվորականները Իրանի դեմ հարվածների հերթական փուլի ընթացքում խոցել են մոտ 90 ռազմական թիրախ, հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

    «CENTCOM-ի ուժերն ավարտել են Իրանի դեմ հարվածների հերթական փուլը՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության և խաղաղ քաղաքացիական նավաստիների վրա Իրանի հարձակվելու կարողությունն ավելի թուլացնելու համար», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

    Այդտեղ նշվում է, որ հարվածների թիրախներն են եղել «իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը, ափամերձ հետախուզության միջոցները, հրթիռների և անօդաչու սարքերի պահեստները, ռազմածովային օբյեկտները և Իրանի ափամերձ գծի երկայնքով ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքը»։

    Հաղորդագրության համաձայն՝ նախօրեին ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել մոտ 80 իրանական ռազմական թիրախի, ներառյալ ԻՀՊԿ-ի ավելի քան 60 փոքր նավակ, «Իրանին լուրջ վնաս հասցնելու համար, որը խախտել էր հրադադարի ռեժիմը՝ հարձակվելով Հորմուզի նեղուցով անցնող երեք առևտրային նավերի վրա»։

    «Ամերիկյան զորքերը հարվածներ են հասցրել մոտ 90 իրանական ռազմական թիրախի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, ափամերձ հետախուզության միջոցների, հրթիռների և անօդաչու սարքերի պահեստների, ռազմածովային օբյեկտների և Իրանի ափամերձ գծի երկայնքով ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքի վրա», – նշել է հրամանատարությունը։

  • Էրդողանն ու Թրամփը կքննարկեն Ուկրաինայի վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունները

    Թուրքիայի նախաձեռնությունները՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը վերսկսելու վերաբերյալ, կդառնան Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Դոնալդ Թրամփի՝ երեքշաբթի Անկարայում նախատեսված հանդիպման թեմաներից մեկը, РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի կառավարությունում աղբյուրը։

    Էրդողանը հունիսի 29-ին հայտարարել էր մոտ ժամանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման հարցում երկխոսության միջոցով կոնկրետ արդյունքների հասնելու անհրաժեշտության մասին։

    «Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները վերսկսելու Թուրքիայի նախաձեռնությունները կներառվեն Անկարայում նախագահներ Էրդողանի և Թրամփի հանդիպման օրակարգում», — հայտնել է գործակալության զրուցակիցը։

    Ռուսաստանն ու Ուկրաինան 2025 թվականին Ստամբուլում անցկացրել են ուղիղ բանակցությունների երեք փուլ։ Դրանց արդյունքը դարձել է գերիների փոխանակումը։ Բացի այդ, Ռուսաստանը Կիևի ռեժիմին է փոխանցել զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները։ Կողմերը նաև փոխանակվել են հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծերով։

  • «Ալ-Ջազիրա»-ն ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ վերջին հարվածներն անվանել է հրադադարի ընթացքում ամենամասշտաբայինը

    Հուլիսի 8-ի գիշերը ամերիկացի զինվորականների կողմից Իրանին հասցված զանգվածային հարվածները ապրիլին կնքված հրադադարից ի վեր դարձել են ամենամասշտաբայինը, հայտնել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը՝ վերլուծելով ԱՄՆ-ի ռազմական գործողությունը։

    Այս պահին հեռուստաալիքին հայտնի է, որ առնվազն երեք քաղաք և դրանցում գտնվող բազմաթիվ օբյեկտներ մեկ գիշերվա ընթացքում ենթարկվել են ամերիկյան զորքերի հարվածներին։ Քեշմ կղզին եղել է հիմնական թիրախներից մեկը։ Այնտեղ խոցվել է առնվազն յոթ օբյեկտ։ Հորմուզի նեղուցի ափին գտնվող Սիրիկ քաղաքը նույնպես ենթարկվել է հարվածների, դրա մերձակայքում հարձակման է ենթարկվել վեց օբյեկտ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Բենդեր-Աբբաս նավահանգստում խոցվել է 10 օբյեկտ, այդ թվում՝ հեռահաղորդակցության աշտարակներ։

    ԱՄՆ զինված ուժերի Մերձավոր Արևելքի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկացի զինվորականները «բարձր ճշգրտության զինամթերքով խոցել են ավելի քան 80 թիրախ՝ որպես անհապաղ պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա իրանական վերջին հարձակումներին»։

    «Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին, կառավարման և վերահսկման ցանցերին, առափնյա ռադիոլոկացիոն կայաններին, նավահակահրթիռային համալիրներին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավելի քան 60 փոքր նավակներին Հորմուզի նեղուցում և դրա մերձակայքում՝ թուլացնելու Իրանի կարողությունը շարունակելու հարձակումները միջազգային առևտրի դեմ, որն անցնում է միջազգային առևտրային միջանցքով», – հայտնել է CENTCOM-ը։

    Axios-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերի հարվածները Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող իրանական օբյեկտներին չորեքշաբթի գիշերը եղել են չորս-հինգ անգամ ավելի մասշտաբային, քան 10 օր առաջ։

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իրանի ռազմական պատասխանի մասին՝ նշելով, որ իրանական ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ գործողություն են իրականացրել՝ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ հասցնելով Պարսից ծոցի շրջանում ամերիկյան ռազմական բազաների 85 օբյեկտների։ ԻՀՊԿ-ն պնդում է, որ պատասխան հարվածները, մասնավորապես, ուղղված են եղել Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ օպերատիվ նավատորմի բազային և Քուվեյթում Ալի Ալ-Սալեմ ավիաբազային։ Բացի այդ, ԻՀՊԿ-ն պնդում է, որ հակաօդային պաշտպանության միջոցները Իրանի հարավում խոցել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք։

  • Փաշինյանի 33-րդ այցը Ռուսաստան. Փաշինյանը նոր քաղաքական ցիկլում իրականացրել է առաջին արտասահմանյան այցը

    2026 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան՝ երկրում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը կմասնակցի Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի լիագումար նիստին։ Բացի այդ, նա նախատեսում է հանդիպել ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

    Այցերի վիճակագրություն

    Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, գործադիր իշխանության ամբողջությունը կենտրոնացված է երկրի վարչապետի ձեռքում։ Այս պաշտոնը 2018 թվականի մայիսի 8-ից զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը։

    2018-2026 թվականներին նա 32 անգամ այցելել է Ռուսաստան (բացառությամբ 2020 թվականի)։ Ամենահաճախը Հայաստանի վարչապետը ՌԴ է ժամանել 2018, 2021 և 2022 թվականներին (յուրաքանչյուրում՝ վեց անգամ)։ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը երեք անգամ այցելել է Ռուսաստան, 2023 թվականին՝ չորս անգամ, 2024 թվականին՝ երկու, 2025 թվականին՝ չորս անգամ, 2026 թվականին՝ մեկ անգամ (մինչ այս պահը)։

    2022 թվականի ապրիլին կայացել է Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստան առաջին և միակ պաշտոնական այցը։ Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանը ՌԴ է կատարել ութ այց՝ բարձր մակարդակով երկկողմ բանակցություններ անցկացնելու նպատակով։ Չորս անգամ (2021՝ երկու անգամ, 2022, 2023) Հայաստանի վարչապետը ՌԴ տարածքում մասնակցել է եռակողմ բանակցությունների՝ ռուսական պետության ղեկավարի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Ղարաբաղյան կարգավորման հարցով։ Այս այցերի ընթացքում տեղի են ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպումներ Վլադիմիր Պուտինի հետ։

    Բացի այդ, Հայաստանի վարչապետը ՌԴ է այցելել՝ մասնակցելու ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի գծով հանդիպումներին, խոշոր ֆորումներին (ՊՄԷՖ, 2019; Արևելյան տնտեսական ֆորում, 2022), ինչպես նաև Հաղթանակի օրվա կապակցությամբ անցկացվող հանդիսավոր միջոցառումներին (2023, 2025)։ Այս ուղևորությունների ընթացքում նույնպես տեղի են ունեցել Հայաստանի կառավարության ղեկավարի երկկողմ հանդիպումներ ՌԴ նախագահի հետ։

    Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանում կատարած ուղևորությունների աշխարհագրությունն ընդգրկում է ոչ միայն Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, այլև Սոչին (2018, 2021, 2022, 2023), Պրիմորիեի երկրամասը (2022), Նիժնի Նովգորոդի մարզը (2022), Ալթայի Հանրապետությունը (2025)։

    2024-2026 թվականների այցերի ժամանակագրություն

    Վերջին երկու տարիներին Նիկոլ Փաշինյանը յոթ անգամ այցելել է Ռուսաստան։

    2024 թվականի մայիսի 8-ին Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովին, որը նվիրված էր Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին։ Գագաթնաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին, տնտեսական բլոկին վերաբերող հարցեր, ինչպես նաև համաձայնեցրել են հանրապետության մի շարք մարզերում ռուս սահմանապահների գործունեության դադարեցումը։

    2024 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Գագաթնաժողովի շրջանակում նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

    2025 թվականի մայիսի 8-9-ին Հայաստանի վարչապետը գտնվել է Մոսկվայում՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Կարմիր հրապարակում անցկացված Հաղթանակի շքերթին, ապա այլ պետությունների ղեկավարների հետ ծաղիկներ է դրել Ալեքսանդրյան այգում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին։

    2025 թվականի հուլիսի 24-25-ին Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով այցելել է Ալթայի Հանրապետություն՝ մասնակցելու Միջազգային բնապահպանական համաժողովին, որին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարները։ Հուլիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը քննարկել է ՌԴ-ի և Հայաստանի փոխգործակցությունը ԵԱՏՄ շրջանակում, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում։ Հուլիսի 25-ին հանրապետության վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային բնապահպանական համաժողովում։

    2025 թվականի սեպտեմբերի 25-26-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է կատարել Մոսկվա։ Սեպտեմբերի 25-ին նա մասնակցել է համաշխարհային ատոմային ֆորումին՝ ՎԴՆԽ-ում անցկացվող «Համաշխարհային ատոմային շաբաթվա» շրջանակում, որը նվիրված էր Ռուսաստանի ատոմային արդյունաբերության 80-ամյակին։ Սեպտեմբերի 26-ին Կրեմլում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների տարբեր հարցեր։

    2025 թվականի դեկտեմբերի 21-22-ին Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով գտնվել է Սանկտ Պետերբուրգում։ Դեկտեմբերի 21-ին Բ. Ն. Ելցինի անվան նախագահական գրադարանում նա մասնակցել է ԵԱՏՄ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Դեկտեմբերի 22-ին Էրմիտաժի Գեորգիևյան դահլիճում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որից առաջ թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին Էրմիտաժի հյուրերի համար անցկացրել է շրջայց։ Ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Նույն օրը հանրապետության վարչապետը հանդիպել է նաև Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

    2026 թվականի ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով այցելել է Մոսկվա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, եվրասիական տարածքում ինտեգրացիոն փոխգործակցության, տարածաշրջանային օրակարգի հարցեր, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտա-լոգիստիկ կապերի զարգացումը։ Ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողներին նաև հայտնել է, որ Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվել են կատարել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները ռազմատեխնիկական ոլորտում։

  • Եղանակը Հայաստանում․ Սպասվում է անձրև և ամպրոպ

    Հանրապետության տարածքում`

    Հուլիսի 8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-12-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 8-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

    Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 9-10-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

    Երևան քաղաքում`

    Հուլիսի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։

    Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Հուլիսի 8-ի աստղագուշակ

    Խոյ. Ձեզ բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված եք լինելու հաղթահարել ներքին կոնֆլիկտները և կարգի բերել սեփական մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր առմամբ, օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավա
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ է․ Հորդանանի ԱԳ նախարար

    Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ է, և դա կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտերկրում բնակվող հորդանանցիների հարցերով նախարար Այման աս-Սաֆադին։

    Ինչպես հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Հորդանանի ԱԳ նախարարը հայտարարությունն արել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

    «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագիրը մոտ է ստորագրմանը, և դա մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար։ Այս կապակցությամբ մենք շնորհավորում ենք Ադրբեջանին»,– ասել է Այման աս-Սաֆադին։

    Նշվում է, որ հայտարարությունը հնչել է Ադրբեջանի և Հորդանանի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացված քաղաքական խորհրդակցություններից հետո։