Category: YN.am

  • ԱՄՆ զինված ուժերը սկսել են Իրանի դեմ հարվածների երկրորդ շարքը

    ԱՄՆ զինված ուժերը սկսել են Իրանի դեմ հարվածների երկրորդ շարքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

    «Արևելյան ժամանակով ժամը 15:00-ին ԱՄՆ զինված ուժերը սկսել են Իրանի դեմ հարվածների երկրորդ ալիքը։ Հարվածները ուղղված են իրանական ռազմական ակտիվներին, որոնք օգտագործվում են Հորմուզի նեղուցով ազատորեն անցնող նավերին սպառնալու համար», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

  • Իրանի դատավորից ավելի «իրանցի» ՀՀ քննիչները. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Գագիկ Ծառուկյանի ձեռնար­կություններում իրականացված լայնածավալ խուզարկություններից հետո Հայաստանում սոցիալական ճգնաժամ է հասունանում։ «Մուլտի գրուպ» հոլդինգի աշխատողները հերթով բողոքի ակցիաների են դուրս գալիս ու պահանջում, որ բացեն իրենց փակված աշխատավայրերը: Մի քանի օր առաջ փողոց էին դուրս եկել «Մուլտի Վելնես» համալիրի աշխատողները, «Մուլտի ռեստ հաուզի», «Մուլտի տաբակի», «Մուլտի ստոունի»:
    «Մուլտի տաբակի» աշխատողներն ասում էին, որ 9 օր է՝ զրկված են աշխատելու հնարավորությունից: Մարդիկ ունեն վարկեր, ապրուստ վաստակելու խնդիր: «Եթե գործարանը չբացեցին, ամեն ինչի ընդունակ ենք»,- «Հրապարակին» ասել էր աշխատողներից մեկը: Ակցիաներ էին անում նաեւ Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի, «Փարավոն» ռեստորանի, Օլիմպավանի աշխատողները, իսկ «Մուլտի Վելնես»-ի ակցիային միացել էին նաեւ սրահում մարզվողները: Իրավապահները կապարակնքել են ոչ միայն բիզնես օբյեկտների, այլ նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դռները:

    Այն, ինչ կատարվում է «Մուլտիգրուպ հոլդինգի» շուրջ, դուրս է եկել սովորական քննչական գործողությունների շրջանակից: Հարվածի տակ են հազարավոր շարքային քաղաքացիներ, հաճախորդներ, զբոսաշրջիկներ, որոնք, մեծ հաշվով, կապ չունեն Ծառուկյանի հետ, սակայն տուժում են նրա դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարից: Նրանց տագնապը լավագույնս արտահայտեց «Փարավոն» ռեստորանից ավտոմատավոր ջոկատայինների կողմից դուրս շպրտված նորահարսը, որը փեսայի հետ ֆոտոսեսիա էր անում «Փարավոնում». «Մենք ամիսներով պատրաստվել ենք այս օրվան, հսկայական գումարներ վճարել տարածքի համար։ Մեր կյանքի ամենակարեւոր օրն է, մենք ի՞նչ կապ ունենք ձեր քաղաքական կամ քրեական հարցերի հետ։ Ինչո՞ւ եք հարսանիքս տապալում, ինչո՞ւ եք մեզ պատժում ուրիշի արածի կամ չարածի համար»:

    Ուրիշի՝ Ծառուկյանի արած-չարածի համար պատժվում են նաեւ «Մուլտի Վելնես» կենտրոնի հաճախորդները, որոնք թանկարժեք փաթեթներ են գնել՝ այստեղ հաճախելու համար, բայց հուլիսյան մի գեղեցիկ օր եկել տեսել են դռները «պլոմբած», բակում՝ ավտոմատավորներ: Տարեկան (All Inclusive) փաթեթն արժե 400 հազար դրամ: «Եթե Ծառուկյանի հետ հարցեր ունեք, գնացեք՝ իր հետ լուծեք, իմ վճարած փողն ու իմ առողջությունն ինչո՞ւ եք պատանդ վերցնում», «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ սովորական մարդու իրավունքը ոչ մի արժեք չունի, սա ի՞նչ խայտառակություն է»,- հարցնում ու զայրանում էին մարզասրահներից դուրս շպրտված հաճախորդները: Ոմանց նույնիսկ լողավազանից էին հանել: Երեւի, ջրի տակն էին խուզարկում:

    Օլիմպավանից դուրս շպրտվածների թվում մոտ 30 երեխա կար՝ աուտիզմ եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող: Ասում են՝ իրենց ամենօրյա բուժական ֆիզկուլտուրայի վայրում տեսնելով ավտոմատավորների, նրանք սարսափ են ապրել, իսկ նրանց ծնողները՝ շոկ: Սպորտսմենների մարզիչներն իրենց հերթին են ահազանգում՝ միայն մեկ խմբում 107 երեխա զրկվել է մարզվելու հնարավորությունից, իսկ առջեւում աշխարհի առաջնությունն է: Այսպես է սիրում իր քաղաքացիներին ամեն օր «սրտիկներ» ցույց տվող իշխանությունը:

    Բայց ինչո՞վ է «օգնելու» շարքային քաղաքացու նկատմամբ իրականացվող այս տեռորը Ծառուկյանի դեմ հարուցված քրեական վարույթին: Հիշեցնենք․ նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման մեջ: Ըստ մեղադրանքի` նա 2022-2024 թվականներին, Իրան-Հայաստան կապերը զարգացնելու պատրվակով, համատեղ ընկերություններ է հիմնել, ապա փաստաթղթեր կեղծելով՝ իրանական կողմից հափշտակել 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա եւ ապրանքներ՝ շուրջ 22 միլիոն դոլարի: Իրանցի գործարարները, որոնց թվում են հայր եւ որդի Օլամաեինները, ցուցմունք են տվել, որ իրենց կողմից Հայաստան ուղարկված ապրանքները Ծառուկյանը յուրացրել է: Ծառուկյանի փաստաբանները փաստաթղթեր են ներկայացնում, որոնցով մի բան էլ իրանցիներն են պարտք Գագիկ Ծառուկյանին, եւ մեջբերում են Իրանի դատարանի վճիռը:

    Իրանի դատարանն ընդդեմ Ծառուկյանի բերված հայցը մերժել է՝ վեճը համարելով քաղաքացիաիրավական: Ուրեմն Իրանի դատավորից ավելի «իրանցի՞» են գտնվել ՀՀ քննիչները: Անգամ՝ Իրանի դեսպանից էլ «իրանցի», որն իր ասուլիսում անդրադարձել է այս միջադեպին: «Երբ որեւէ իրադարձության ազդեցության տակ երկրի ներսում որոշակի պառակտում է ստեղծվում, ապա դա երբեք չի կարող բերել լավ արդյունքի»,- ասել է նա, եւ դեսպանի այս արտահայտությունը չի կորել դիվանագիտական ձեւակերպումներում:

    Հետաքրքիր է, որ դեռ 2023 թվականին են իրանցիները բողոքել Փաշինյանին, բայց դատախազությունը դա միայն հիմա է հիշել` Ծառուկյանի հասցեին Նիկոլի հնչեցրած սպառնալիքներից հետո: Արդյո՞ք քննիչները չէին կատարի իրենց աշխատանքը, եթե մարզիկները շարունակեին մարզվել, իսկ Ծառուկյանի հոլդինգի աշխատողները՝ գնալ աշխատանքի, եւ ո՞րն է առյուծների ու կոկորդիլոսների մեղքը, որոնք «էկզոտիկ» այս վարույթի շրջանակում` քննիչների որոշմամբ պաշտոնապես ճանաչվել են «իրեղեն ապացույց»։

    «Կենդանին դարձել է թիրախ: Ամեն ինչ մեկ է իշխանության համար: Չարաշահում են մինչեւ վերջ, որքան կարող են: Այն, ինչ կատարվում է, օրինականության հետ կապ չունի: Լավ, մեղադրանք ես առաջադրել, քրեական գործ եք հարուցել, զբաղվեք դրանով, ի՞նչ կապ ունեն հասարակ քաղաքացիները: Ծառուկյանի դեմ բռնանում են, բայց այս պառակտված հասարակությունը սկսում է պաշտպանել բռնացողին՝ հիշելով Ծառուկյանի ինչ-ինչ հատկանիշները: Իրոք, ինչ ուզում են, անում են»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

     

  • Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի ողջ ենթակառուցվածքը

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներն իրականություն դառնան, երկրի զինված ուժերը հարվածներ կհասցնեն տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։

    «Եթե ԱՄՆ բանակի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի կողմից վերջերս հնչեցված սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, այսինքն՝ տարածաշրջանի ողջ ենթակառուցվածքը, կոչնչացվի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որի բովանդակությունը մեջբերում է իրանական «Fars» գործակալությունը։

    Հայտարարության տեքստի համաձայն՝ Հորմուզի նեղուցն Իրանի համար կարմիր գիծ է, և երկիրը թույլ չի տա, որ ԱՄՆ-ն միջամտի դրա կառավարմանը։

    Ավելի վաղ Թրամփը հանդես էր եկել Իրանի ենթակառուցվածքները ոչնչացնելու սպառնալիքներով, սակայն հայտարարել էր գործարքի հասնելու պատրաստակամության մասին։

  • NBC News. Իրանի հետ պատերազմը կարող է ԱՄՆ-ին արժենալ 100 միլիարդ դոլար

    NBC News-ը հաղորդում է, որ Իրանի հետ պատերազմը կարող է Միացյալ Նահանգներին արժենալ 100 միլիարդ դոլար։

    Պենտագոնը հայտարարել է, որ պատերազմը Միացյալ Նահանգներին արժեցել է մոտավորապես 30 միլիարդ դոլար, սակայն աղբյուրները նշում են, որ ընդհանուր ծախսերի ներքին գնահատականները կազմում են 80-ից 100 միլիարդ դոլար։

    ԱՄՆ երեք պաշտոնյաներ և ներքին ծախսերի գնահատականներին ծանոթ երեք անձինք գնահատում են, որ Իրանի հետ պատերազմի արժեքը ավելի քան եռապատիկ է վերջին գնահատականից, որը կազմում է մոտավորապես 30 միլիարդ դոլար։

  • ԱԱ-2026. Արգենտինան անգլիացիների նկատմամբ կամային հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

    Աշխարհի չեմպիոն Արգենտինան դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ։ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում տեղի ունեցած կիսաեզրափակիչի խաղում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Անգլիայի նկատմամբ (տեսանյութ)։

    Առաջինը հաջողության հասավ Անգլիայի հավաքականը։ 55-րդ րոպեին «Աստոն Վիլայի» 23-ամյա կիսապաշտպան Մորգան Ռոջերսի սուր փոխանցումից հետո աչքի ընկավ այս ամռանն անգլիական «Նյուքասլից» Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա» տեղափոխված 25-ամյա հարձակվող Էնթոնի Գորդոնը (տեսանյութ)։

    85-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, որին գոլային փոխանցում կատարեց ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին (տեսանյութ):

    Ավելացված երկրորդ րոպեին Արգենտինայի հաղթական գոլը խփեց Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» 28-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որին գոլային փոխանցում կատարեց Մեսին (տեսանյութ)։

    Հուլիսի 19-ին եզրափակիչում Արգենտինայի մրցակիցը կլինի Եվրոպայի չեմպիոն Իսպանիան, որը կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթել էր Ֆրանսիային։

  • Ուկրաինական հարվածներից հետո Ղրիմի Կերչ քաղաքում ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան

    Ուկրաինական հարվածներից հետո Ղրիմի Կերչ քաղաքում ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան։։ Ռուսաստանի կողմից նշանակված Կերչի վարչակազմի ղեկավար Իվան Կոշելը հայտարարել է, որ պատճառը եղել է անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Նրա խոսքով՝ կենսապահովման համակարգերը ժամանակավորապես աշխատում են պահեստային աղբյուրներով, իսկ ծառայությունները զբաղվում են վերականգնման աշխատանքներով։

    «Կրիմեներգո» ընկերությունը հայտնել է, որ էլեկտրամատակարարման սահմանափակումներ են գործում Ղրիմի արևելյան և հյուսիսարևմտյան հատվածների մի շարք բնակավայրերում։

    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում խոցել է 93 ուկրաինական ԱԹՍ, այդ թվում՝ Ղրիմի և Ռուսաստանի մի շարք շրջանների երկնքում։ Միաժամանակ «Ղրիմյան քամի» ալիքը հայտնել է Կերչի ուղղությամբ ԱԹՍ-ների թռիչքների և պայթյունների մասին, ինչի հետևանքով ժամանակավորապես փակվել է Կերչի կամրջի երթևեկությունը։

    Վերջին շաբաթներին Ուկրաինան հարվածներ է հասցնում Ղրիմի էներգետիկ ենթակառուցվածքներին․ դրանց հետևանքով թերակղզում արդեն գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։

  • ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումն ուժի մեջ է մտել

    ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածների հերթական փուլն են հասցրել Իրանին՝ նպատակ ունենալով էլ ավելի թուլացնել իրանական այն կարողությունները, որոնք օգտագործվում են Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու համար։

    «Հարվածները հասցվում են այն ժամանակ, երբ ամերիկյան ուժերը պատրաստվում են վերսկսել իրանական նավահանգիստների և ափամերձ շրջանների ռազմածովային շրջափակումը։ Շրջափակումն ուժի մեջ է մտնում արևելյան ժամանակով 16:00-ին»,- նշել են ԱՄՆ բանակում։

    Այնտեղ հավելել են, որ Մերձավոր Արևելքում գործում են ԱՄՆ ռազմածովային ուժերի ավելի քան 20 ռազմական նավ և հարյուրավոր ռազմական ինքնաթիռներ։

  • Հուլիսի 15-ի աստղագուշակ

    Խոյ: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան :
    Նրանք ովքեր ռոմանտիկ տրամադրություն ուն
  • Կասպից ծովի մակարդակը տարեկան կտրվածքով նվազում է 10 սմ-ով․ գիտնականներ

    Ռուս հետազոտողների խումբն ուսումնասիրել է Կասպից ծովի և Ղարաբողազգոլ ծոցի մակերեսի կրճատումը 1993-2025 թվականների ընթացքում։ Ինչպես հայտնել են Ռուսաստանի գիտական հիմնադրամից (ՌԳՀ), կազմակերպության դրամաշնորհով իրականացված աշխատանքի արդյունքները հրապարակվել են «Երկրի տիեզերական հեռահար զոնդավորման արդի խնդիրները» գիտական ամսագրում:

    Կասպից ծովի մակարդակը 1995 թվականից ի վեր շարունակաբար նվազում է՝ տարեկան մոտ 10 սմ արագությամբ։ Այս ժամանակահատվածում ցուցանիշն ընկել է գրեթե 3 մետրով։ Գիտնականները բարձր թույլատրելիության արբանյակային տվյալների վերլուծության հիման վրա մշակել են մեթոդաբանություն, որը թույլ է տվել ստանալ ժամանակակից հիպսոմետրիկ կորեր։ Դրանք կօգնեն գնահատել ջրային հայելու մակերեսի իրական կորուստները։ Այս տվյալներն անհրաժեշտ են ջրային հաշվեկշռի և ջրամբարի մակերևույթից գոլորշիացման ճշգրիտ հաշվարկման համար։

    «Մեզ անհրաժեշտ էր 1993-2025 թվականների ընթացքում Landsat-5, -7 և -8 արբանյակային սենսորների՝ 30 մետր տարածական թույլատրելիությամբ տվյալների հիման վրա առանձին-առանձին ստանալ Կասպից ծովի և Ղարաբողազգոլ ծոցի ժամանակակից հիպսոմետրիկ կորերը։ Բացի այդ, ցանկանում էինք պարզել, թե իրականում որքանով է կրճատվել Կասպից ծովի մակերեսը և որ շրջաններում է Կասպիի ջրազրկումն ընթանում առավել լայնածավալ մասշտաբներով»,- պատմել է ՌԳՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար, ՌԳԱ Պ. Պ. Շիրշովի անվան Օվկիանոսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Անդրեյ Կոստյանոյը։

    Ծնծաղումն արդեն իսկ հանգեցրել է տարածաշրջանի համար բացասական հետևանքների։ Մասնավորապես, Վոլգա-Կասպիական ծովային ջրանցքում և նավահանգիստներում ջրի մակարդակի անկման պատճառով դժվարացել է նավարկությունը, իսկ ափագիծն սկսել է հետ քաշվել բնակավայրերից։ Մասնագետների կանխատեսումներով՝ մինչև 21-րդ դարի վերջ ծովի մակարդակը կարող է նվազել ևս 2-ից մինչև 21 մետրով։ Նոր մեթոդաբանությունը թույլ կտա օպերատիվորեն գնահատել ծովի և ծոցի մակերեսի հետագա կրճատումը։

    Մասնագետները վերլուծել են 1993-2025 թվականների տվյալները։ Պարզվել է, որ 2025 թվականին Կասպից ծովի մակարդակն իջել է մինչև -29,4 մետրի նիշը։ Այս ցուցանիշն ավելի ցածր է, քան 1977 թվականի պատմական նվազագույնը, երբ ծովի մակարդակը կազմում էր -29,0 մետր։ Գիտնականները պարզել են, որ 1996-2025 թվականներին Կասպից ծովի հայելու մակերեսը կրճատվել է 28,644 քառակուսի կիլոմետրով, ինչը կազմում է 30 տարի առաջվա ցուցանիշների 7,4%-ը։ Փորձագետների եզրակացության համաձայն՝ վերջին տասնամյակների ընթացքում Կասպից ծովը կորցրել է մի տարածք, որն իր չափերով համադրելի է Ալբանիայի տարածքի հետ։

    Աշխատանքի ընթացքում հետազոտողները ստացել են բարձր վիճակագրական կապով ռեգրեսիայի հավասարումներ (կորելյացիայի գործակիցները՝ 0,95–0,99)։ Գիտնականները խորհուրդ են տալիս դրանք կիրառել Կասպից ծովի մակերեսի հաշվարկման համար՝ -26-ից մինչև -29 մետր մակարդակների դեպքում, ինչպես նաև Ղարաբողազգոլ ծոցի վիճակի գնահատման համար՝ -27,1-ից մինչև -31 մետր մակարդակների միջակայքում։

    «Ստացված արդյունքները կարևոր նշանակություն ունեն այսպես կոչված մորֆոմետրիկ գործոնի և Կասպից ծովի ջրային հաշվեկշռում դրա դերի գնահատման համար։ Մասնավորապես՝ մակարդակի անկմանը զուգընթաց ծովի կրճատվող հայելուց գոլորշիացման նվազման հարցում։ Այս գործոնը, հավասար պայմանների դեպքում, պետք է դանդաղեցնի ծովի մակարդակի անկման արագությունը»,- աշխատանքի արդյունքները մեկնաբանել է Կոստյանոյը։

    Այնուամենայնիվ, արբանյակային ալտիմետրիայի տվյալները դեռևս չեն հաստատում գործընթացի դանդաղումը։ Եթե 2005-2019 թվականներին ծովն ամեն տարի կորցնում էր միջինում 8,16 սմ մակարդակ, ապա 2020-2024 թվականներին այդ արագությունն աճել է՝ տարեկան հասնելով 22,7 սանտիմետրի։ Կոստյանոյի խոսքով՝ Կասպից ծովի ջրային հաշվեկշռի բաղադրիչների միջտարեկան փոփոխականությունը դեռևս զգալիորեն գերազանցում է գոլորշիացման մակերեսի կրճատումից ստացվող էֆեկտը։

  • Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Եվրոպայում տեղի ունեցած հարձակումներին ԻՀՊԿ-ի առնչության մասին

    Մեծ Բրիտանիան մեղադրում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանմանը Եվրոպայում տեղի ունեցած հարձակումներին առնչություն ունենալու մեջ։ Այս կապակցությամբ երկրի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Մեծ Բրիտանիայում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Նասիմֆարը։ Այս մասին է վկայում հուլիսի 14-ին բրիտանական կառավարության կայքում հրապարակված պաշտոնական հայտարարությունը։

    «Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը Լոնդոնում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին է կանչել՝ կապված ԻՀՊԿ-ի դերակատարման հետ, որն առնչվում է ողջ Եվրոպայում պրոքսի խմբավորումների կողմից իրականացված մի շարք հարձակումների կազմակերպմանը»,- ասված է հրապարակման մեջ։

    Նշվում է, որ Նասիմֆարին ԱԳՆ են կանչել Եվրոպայում մարտից մայիս ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած այն հարձակումների պատճառով, որոնք, ըստ բրիտանական կողմի վարկածի, համակարգվել են հենց «Ղոդս» ուժերի կողմից։