Category: YN.am

  • Թրամփը հայտարարել է, որ կցանկանար տեղերով փոխվել Մեսսիի և Ռոնալդուի հետ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կցանկանար տեղերով փոխվել երկու ֆուտբոլիստների հետ։ Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները։

    Նա արգենտինացի Լիոնել Մեսսիին և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին անվանել է բոլոր ժամանակների մեծագույն խաղացողներ․

    «Ես միշտ էլ հավանել եմ Ռոնալդուին ու Մեսսիին։ Կարծում եմ՝ նրանք շատ լավ կյանք ունեն։ Նրանց կյանքը շատ ավելի հեշտ է, քան իմը, և ես մեծ հաճույքով տեղերով կփոխվեի նրանց հետ․ հաճույքով կփոխվեի նրանց հետ՝ թեկուզ մեկ ամսով»,- նշել է Թրամփը։

  • Թրամփը 50% մաքսատուրքեր է սահմանել կանադական ապրանքների նկատմամբ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի ստորագրել է հրամանագրեր, որոնցով Կանադայից ներմուծվող ապրանքների մեծ մասի նկատմամբ սահմանվել է 50% մաքսատուրք՝ հայտարարելով, որ Կանադան անարդար կերպով խտրական վերաբերմունք է ցուցաբերել ամերիկյան ավտոմեքենաների, ալկոհոլային խմիչքների և կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի նկատմամբ։

    Նոր սահմանափակումները կարող են տնտեսական նոր լարվածություն առաջացնել՝ նպաստելով գնաճի աճին և էլ ավելի սրելով Վաշինգտոնի ու Օտտավայի հարաբերությունները, որոնք մինչ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն համարվում էին ամենամոտ դաշնակցային կապերից մեկը։

    Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ Թրամփը մաքսատուրքերը սահմանող երեք առանձին հրամանագիր է ստորագրել՝ հիմնվելով 1930 թվականի Առևտրի մասին օրենքի 338-րդ հոդվածի վրա։ Նրա խոսքով՝ Կանադան Չինաստանից բացի այն եզակի երկրներից է, որը պատասխան մաքսատուրքեր էր սահմանել Թրամփի նախկին որոշումների դեմ, և դրա համար պետք է պատասխանատվություն կրի։

    50% մաքսատուրքերը չեն տարածվի էներգակիրների, կալիումական պարարտանյութերի (պոտաշ), ձկան և ռազմավարական նշանակության օգտակար հանածոների վրա։ Սակայն դրանք կկիրառվեն նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք մինչ այժմ պաշտպանված էին ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա ազատ առևտրի համաձայնագրով (USMCA)։ 2020 թվականին կնքված այդ համաձայնագրի ժամկետն ավարտվել է, և այժմ կողմերը նոր բանակցություններ են սկսել, որոնք կարող են շարունակվել մինչև 2036 թվականը։

    Պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը նաև հանձնարարել է իր խորհրդականներին ուսումնասիրել Կանադայի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը՝ պատճառաբանելով, որ Կանադայի անտառային հրդեհներից առաջացած ծուխը վատթարացնում է ԱՄՆ-ում օդի որակը։

    Հատկանշական է, որ կիրակի օրը Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին Թրամփը հանդիպել էր Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ։ Սակայն Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ այդ հանդիպումը աշխատանքային բնույթ չի կրել, և առևտրի կամ մաքսատուրքերի հարցերը չեն քննարկվել։

    Թրամփի հրամանագրերում նշվում է, որ Կանադան խտրական քաղաքականություն է վարում ամերիկյան ավտոմեքենաների, ալկոհոլային խմիչքների և պանրի նկատմամբ։ Սակայն այս մեղադրանքների հիմքում հիմնականում Կանադայի պատասխան քայլերն են, որոնք իրականացվել էին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն մաքսատուրքեր էր սահմանել՝ պնդելով, թե Կանադան բավարար միջոցներ չի ձեռնարկում ֆենտանիլի մաքսանենգությունը կանխելու համար։

    Հրամանագրերից մեկում նշվում է, որ 2025 թվականի ապրիլից Կանադան 25% մաքսատուրք է սահմանել այն ամերիկյան ավտոմեքենաների ներմուծման վրա, որոնք չէին օգտվում USMCA-ի արտոնյալ պայմաններից։

    Մեկ այլ հրամանագրում հիշատակվում է նաև, որ Կանադայի նահանգներն ու տարածքները նախորդ տարի դադարեցրել էին ամերիկյան ալկոհոլային խմիչքների գնումն ու վաճառքը՝ ի պատասխան Թրամփի սահմանած մաքսատուրքերի և նրա հայտարարությունների, թե Կանադան պետք է դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։

    Բացի այդ, Թրամփը կրկին քննադատել է Կանադայի կաթնամթերքի քաղաքականությունը՝ պնդելով, որ երկիրը եվրոպական արտադրողների համեմատ խտրական վերաբերմունք է ցուցաբերում ամերիկյան պանրի և այլ կաթնամթերքի նկատմամբ։

  • Հրապարակվել է աշխարհի ամենագեղեցիկ բառը

    Աշխարհի ամենագեղեցիկ բառը Նոր Զելանդիայից է․ այն դժվար է արտասանել, ավելի հազվադեպ՝ լսել, և, այնուամենայնիվ, հատուկ միջազգային ժյուրին այն ճանաչել է աշխարհի ամենագեղեցիկ բառը՝ «kaitiakitanga»։ Այս տասներեք տառերի հետևում թաքնված է մի հասկացություն, որի համար հայերենում ուղիղ թարգմանություն չկա։

    Այս բառը մաորի ժողովրդի՝ Նոր Զելանդիայի բնիկ ժողովրդի, լեզվից է։ Այն նկարագրում է մարդու պատասխանատվությունը բնության հանդեպ, նրա կոչումը՝ պաշտպանել և պահպանել այն ապագա սերունդների համար, հաղորդում է Bild-ը։ Դրանով նկատի է առնվում շատ ավելին, քան պարզապես շրջակա միջավայրի պահպանությունն է․ մաորիի աշխարհընկալման համաձայն, մարդը բնության տերը չէ, այլ նրա մի մասը և նրա պահապանը։

    Աշխարհի ամենագեղեցիկ բառի կոչումը շնորհվել է առաջին անգամ։ Դա արել է լեզուների ուսունասիրման Babbel հարթակը։ Բառը ընտրելու համար դրա թիմը վերլուծել է քննարկումները սոցիալական ցանցերում և լեզվական ֆորումներում։ Լեզվաբաններից և մշակույթի փորձագետներից կազմված միջազգային ժյուրին ընտրել է հաղթողին։ Կոչման համար մրցել են 223 բառ ավելի քան 75 լեզուներից։ Գնահատվել են ոչ միայն հնչողությունն ու արտասանությունը, այլև հասկացության նշանակությունը, դրա մշակութային յուրահատկությունն ու արդիականությունը ամբողջ աշխարհի մարդկանց համար։

    Եզրափակիչ դուրս եկածները՝ պորտուգալերենից, ճապոներենից և այլ լեզուներից բառեր էին, այդ թվում՝ պորտուգալերեն «Saudade»-ն՝ խորը կարոտ, ճապոներեն «Ikigai»-ն՝ կյանքի իմաստ, ուելսերեն «Hiraeth»-ը՝ կորցրած հայրենիքի կարոտ, զուլու լեզվի «Ubuntu» բառը, որը նշանակում է մարդասիրություն և համայնքայինություն, ինչպես նաև իդիշից «Luftmensch»-ը։ Սա երազկոտ, իդեալիստ մարդուն բնորոշող անվանում է, որը քիչ է հետաքրքրվում նյութական բաներով և ապրում է ավելի շուտ գաղափարների աշխարհում։

  • Ստեղծվել է զենք, որը կարող է շուրջ 80 դրոն ոչնչացնել՝ առանց մեկ կրակոցի

    Միջազգային Thales ընկերությունը ներկայացրել է RapidDestroyer համակարգը՝ ուղղորդված էներգիայի ռադիոհաճախական զենքը (RFDEW): Մեծ Բրիտանիայում վերջին փորձարկումների ընթացքում դրա օգնությամբ ոչնչացվել է 80 ԱԹՍ։

    Ուղղորդված էներգիայի զենքի նկատմամբ հետաքրքրությունը պատահական չէ․ հրաձգային և հրթիռային սպառազինությունը միշտ չէ, որ կարող է դիմակայել անօդաչուների զանգվածային հարձակումներին, մինչդեռ RFDEW-ը կարող է խոցել միանգամից մի քանի թիրախ՝ առանց թանկարժեք որսիչների կիրառման, հաղորդում է «Техкульт»-ը։ Գործելով ակնթարթորեն՝ ռադիոհաճախական իմպուլսները շարքից հանում են ԱԹՍ-ների կենսական նշանակության համակարգերը՝ առաջին հերթին էլեկտրոնային բաղադրիչները, ինչից հետո դրոնները կորցնում են գործունակությունը և չեն կարողանում շարունակել թռիչքը։

    RapidDestroyer-ի վերջին տարբերակում մշակողները տեղադրել են արդիականացված չորսպանելային էֆեկտոր, որը թիրախի վրա կենտրոնացնում է ավելի շատ էներգիա, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ և ճշգրիտ շարքից հանել թշնամու դրոնները։

    Համակարգը միավորում է ռադիոհաճախական զենքը Thales-ի կառավարման և վերահսկման ծրագրային ապահովման, ինչպես նաև արհեստական բանականության հետ՝ սպառնալիքները արագ հայտնաբերելու և դրանց արձագանքելու համար։ Միևնույն ժամանակ ամբողջ գործընթացը, այնուամենայնիվ, վերահսում են օպերատորները։ RapidDestroyer-ի նման համակարգերի շնորհիվ տարբեր երկրներ հնարավորություն են ստանում զգալիորեն ուժեղացնելու պաշտպանությունը դրոնների զանգվածային հարձակումներից։

  • Թրամփը «սնանկացած աղետ» է անվանել Բրիտանիան

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիան անվանել է «սնանկացած աղետ»։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

    Թրամփը նշել է, որ աջակցում է Մեծ Բրիտանիայի նորանշանակ պաշտոնակատար վարչապետ Էնդի Բըրնհեմի՝ Հյուսիսային ծովի հանքավայրերում նավթահանույթն ավելացնելու ծրագրերին։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ դա բարձրորակ նավթի աշխարհի խոշորագույն աղբյուրներից մեկն է, որի պաշարները կբավարարեն հարյուրավոր տարիներ, և որ դրա մեծ մասը դեռ ուսումնասիրված չէ։ Թրամփի խոսքով՝ Հյուսիսային ծովի նավթը Բրիտանիան «սնանկացած աղետից» կվերածի աշխարհի ամենահարուստ երկրներից մեկին։

     

  • Հուլիսի 20-ի աստղագուշակ

    Խոյ: Հարմար օր է ճարպկություն, հնարամտություն պահանջող, փոքր-ինչ անսովոր գործեր ձեռնարկելու համար: Կհաշտեցնեք նրանց, ովքեր գժտված են,կօգնեք փոխըմբռնման հասնել այն մարդկանց, ովքեր թեև միմյանց շատ են սի
  • Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով երեք շաբաթ անց էլ մեղադրյալ չկա․«Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2026 թվականի հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի քննությունը փաստացի տեղում է դոփում։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները, մասնավորապես Քննչական կոմիտեի քննիչները, եղել են Երևանի քաղաքապետարանում, իրականացրել են անհրաժեշտ քննչական գործողություններ, սակայն դեպքից շուրջ երեք շաբաթ անց էլ վարույթով որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել։

    Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստում ծեծկռտուքը սկսվել էր այն բանից հետո, երբ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրել էին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ձայների գողության մեջ։ Բանավեճը շատ արագ վերածվել էր փոխադարձ վիրավորանքների, հայհոյանքների և ֆիզիկական բախման, որին մասնակցել էին նաև ավագանու կին անդամներից մի քանիսը։

    Արդեն հունիսի 24-ին հայտնի դարձավ, որ դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կատարելու հատկանիշներով։

    «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր նաև, որ քրեական վարույթի շրջանակում տուժող է ճանաչվել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը։

    Սակայն, չնայած կատարված քննչական գործողություններին և անցած ժամանակահատվածին, վարույթով մինչ օրս որևէ մեղադրյալ չկա, ինչը հարցեր է առաջացնում նախաքննության արդյունավետության և գործի քննության ընթացքի վերաբերյալ։

    Եթե որևէ գործ վռրաբերում է ՔՊ-ին և նրանց կողմնակիցները պետք է պատասխանատվության ենթրակվեն, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը հապաղում է:

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Հուլիսի 20-ը շախմատի միջազգային օրն է

    Հայաստանի և մի շարք երկրների նախաձեռնությամբ Միավորված ազգերի կազմակերպությունը հուլիսի 20-ը միաձայն հայտարարել է Շախմատի համաշխարհային օր:

    ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևով առաջարկվում է հավուր պատշաճի նշել նոր համաշխարհային օրը, քանի որ շախմատը հնագույն մտավոր և մշակութային խաղերից մեկն է, որն իր մեջ սպորտի, գիտական մտածողության ու արվեստի տարրեր է ներառում։ Բանաձևի համահեղինակներն ընդգծել են, որ շախմատ խաղում են ամբողջ աշխարհում։ Այս խաղը խրախուսում է արդարությունը, ինտեգրումը և փոխադարձ հարգանքը, նպաստում է ժողովուրդների ու պետությունների միջև հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը:

    Հայաստանում շախմատը հայտնի է դեռ վաղ միջնադարից, սակայն տարածում է ստացել ԽՍՀՄ տարիներին: Երկրի ամենաժողովրդական խաղերից է: Հայաստանում շախմատը լայն ճանաչում է ձեռք բերել 1960-ական թվականներին, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն: Աշխարհում լայնորեն հայտնի են հայ գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանի, Լևոն Արոնյանի և այլոց անունները:Մոտ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաուժեղ շախմատային տերություններից մեկը: Հայաստանն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկրներից է:

    Անկախացումից հետո Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում (1999), աշխարհի առաջնությունում (2011) և շախմատային օլիմպիադաներում (2006, 2008, 2012)։ Կանանց հավաքականը հաղթել է 2003 թվականի Եվրոպայի առաջնությունում։

  • Իրանում չեն բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ ռազմավարական առավելության հասնելուց հետո

    Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կարծում է, որ իր երկիրը կարող է ավարտել ԱՄՆ-ի հետ ռազմական հակամարտությունն ու անցնել հակամարտության կարգավորման բանակցություններին միայն այն ժամանակ, երբ առավելության հասնի ռազմադաշտում։

    «Պատերազմի ավարտը հնարավոր է կամ բացարձակ ռազմական հաղթանակով, կամ էլ բանակցությունների միջոցով։ Բանակցությունների ճիշտ պահը հենց այն պահն է, երբ ռազմական ճակատում հասել ես հուսալի դաշտային ու ռազմավարական ձեռքբերումների»,- «ԻՌՆԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Արաղչին, փոխանցում է «Al Jazeera» հեռուստաալիքը։

    Հրապարակման համաձայն՝ արտգործնախարարը նշել է, որ Իրանը կավարտի ԱՄՆ-ի հետ ռազմական հակամարտությունն այն ժամանակ, երբ «առավելություն ունենա ռազմադաշտում»։

    Նախարարի խոսքով՝ ամենակարևորը մարտական գործողությունների դադարեցման և բանակցությունների սկսման պահի ճիշտ որոշումն է։

    «Չես կարող ռիսկի դիմել մարդկանց կյանքի և երկրի ճակատագրի հաշվին։ Որոշումները պետք է կայացվեն ճշգրիտ և ամբողջական հաշվարկների հիման վրա»,- հավելել է Արաղչին։

  • ԱՄՆ-ն կանգնած է Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմի շեմին․ WP

    ԱՄՆ-ն Իրաքում ևս մեկ ամերիկացի զինծառայողի զոհվելուց հետո կանգնած է Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմի մեջ նորից ներքաշվելու շեմին։ Հուլիսի 19-ին այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

    «Ավելի շատ զինծառայողների զոհվելուց հետո Միացյալ Նահանգները հայտնվել են Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման եզրին»,- նշված է հրապարակման մեջ։

    Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ գործողությունների ընդլայնումը բարդանալու է հակաօդային պաշտպանության միջոցների ու հեռահար ռազմամթերքի նվազող պաշարների, ինչպես նաև մարտական վնասվածքների պատճառով տարածաշրջանում լրացուցիչ զորքեր ու ինքնաթիռներ տեղափոխելու սահմանափակ հնարավորությունների պատճառով։

    «Մենք բավարար միջոցներ չունենք գործողություններն անվտանգ իրականացնելու համար, և չեմ կարծում, թե Սպիտակ տանը դրա մասին տեղյակ են»,- ասել է թերթի զրուցակիցը։

    Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հուլիսի 19-ին հայտնել էր, որ Իրաքում իրանական անօդաչու թռչող սարքից խոցված և չպայթած ռազմամթերքի դետոնացիայի հետևանքով ամերիկացի զինծառայող է զոհվել։ Բացի այդ, Իրանի հարձակումից հետո Հորդանանում իրականացված որոնողական գործողությունների ընթացքում անհայտ անձի մնացորդներ են հայտնաբերվել։ Ավելի վաղ՝ նույն օրը CENTCOM-ը հայտնել էր տարածքում ևս երկու զինծառայողի զոհվելու և մեկի անհետ կորելու մասին։

    The New York Times թերթը նույն օրը հաղորդել էր, որ Հորդանանի ավիաբազաներին հասցված իրանական հարվածների հետևանքով տասնյակ ամերիկացի զինվորականներ են վիրավորվել, իսկ մի քանի ուղղաթիռներ վնասվել են։ Մասնավորեցվում էր, որ Հորդանանի Ազրաք քաղաքում գտնվող «Մուվաֆաք Սալթի» ավիաբազայի վրա Թեհրանի հարձակման հետևանքով մոտ 20 ամերիկացի զինծառայող է վիրավորվել բունկերներում պատսպարվելու փորձի ժամանակ։