Category: TIV 1

  • Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին. Ծառուկյան

    Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել.

    «Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին

    Սիրելի՛ հայրենակիցներ,

    Ինձնից կախված ամեն ինչ արել եմ։ Մտել եմ պայքարի մեջ, չեմ քաշվել մի կողմ, չեմ ասել՝ կարևորը իմ բարեկեցությունն է։ Հավաքել եմ լավ թիմ, մշակել ենք շատ լավ ծրագիր, հայտարարել եմ, որ չունեմ անձնական որևէ հավակնություն, չեմ հավակնել ոչ մի պաշտոնի։

    Պատրաստվել էի լավ ծրագրային քարոզարշավի, որը տևեց, ցավոք, ընդամենը 4-5 օր։ Դրանից հետո՝ անձնական վիրավորանքներ, ընտանիքիս անդամների թիրախավորում, թիմակիցներիս ձերբակալություններ, քրեական գործեր և այլն։ Նույնիսկ այդ պայմաններում հայտարարել եմ, որ քաղաքական մրցակիցների և առավել ևս՝ նրանց ընտանիքների հանդեպ որևէ վիրավորանքը բացառում եմ։

    Բոլոր հարվածներով ու հարձակումներով հանդերձ՝ ԲՀԿ-ն հավաքեց բավարար ձայներ՝ ԱԺ մտնելու համար։ Բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցավ պարզ գողություն։ Գործող իշխանությունների կամայական որոշմամբ՝ մի ամբողջ խմբակցության թույլ չտվեցին լինել ԱԺ-ում։ Մեր տասնյակ հազարավոր ընտրողների իրավունքները ոտնահարվեցին, ձայները փոշիացվեցին։ Ամեն ինչ կատարվեց հայ ժողովրդի աչքի առաջ, աշխարհի աչքի առաջ։

    Շնորհակալ եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային շրջանակներին, անհատներին, որոնք անկախ իրենց քաղաքական նախասիրություններից՝ իրենց ձայնը բարձրացրեցին անարդարության դեմ։ Սա շատ թանկ ու երբեք չմոռացվող պահվածք է։

    Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ, սարքովի գործը այս ամենի շարունակությունն է։ Մի դատարկ, փուչիկ գործ։ Իմ խիղճը հանգիստ է։

    Ցավոք, Հայաստանը կանգնած է անխուսափելի մարտահրավերների առաջ։ Մեզ սպասում են բարդ ու ռիսկերով լեցուն ժամանակներ։ Դրանց դիմակայելու համար մեզ, առաջին հերթին, անհրաժեշտ է խոհեմություն։

    Մեզ նաև շատ անհրաժեշտ է, ինչպես ասել եմ ընտրություններից առաջ և ասում եմ հիմա՝ ներքին, հանրային համերաշխություն։ Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը։

    ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը։
    Անկախ բոլոր անարդարություններից՝ ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին։

    Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. ում կարող եմ՝ օգտակար կլինեմ, ինչով կարող եմ՝ կօգնեմ իմ երկրին»։

  • Գաղտնիք չունեք. բոլորիս տվյալները ինչ-որ մի տեղ կուտակվում են․ Փաշինյանը

    «Ասենք օտարերկրյա արտադրության սմորթ ժամացույց, սմարթ հեռախոս, սմարթ կոշիկ, գլխարկ ամեն ինչ կրում են, իրենց բոլոր տվյալները մեջը գրում են, ոչ ոք չի ասում լսի կարող ա այս տվյալները ուրիշ տեղերում կարդում են»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցնելով բջջային հեռախոսների ներմուծման համար գրանցման համակարգի ներդրման նախագծի շուրջ քննարկումները,  հիշեցրել է, որ փոխարենը անձնական տվյալների մասին են բարձրաձայնում 

    «Սոցիալական ցանցերում իրար հետ ինչ ասես խոսում են, կռիվ անում, ինչ են ուտում… որ այդ ինֆորմացիան կուտակվում է, որ ոք չի մտահգվում։ Եվ այն, որ այդ ինֆորմացիան կարող է գլոբալ օգտագործվել պետության և ժողովրդի դեմ, բացարձակապես ոչ ոքի չի հետարքրում»,-շեշտել է վարչապետը։

    Նա պաշտոնապես հայտարարել է, որ բոլորի տվյալները ինչ-որ մի տեղ կուտակվում է. «Դուք ոչ մի գաղտնիք չունեք»,-շեշտել է վարչապետը։

  • Հայաստանը և ՎԶՄԲ-ն կիրականացնեն 284,4 մլն դոլարի բնակարանային ծրագիր

    Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագրի վավերացման և դրամաշնորհային համաձայնագրի հաստատման մասին նախագիծը։

    Ըստ հիմնավորման՝ 2026 թվականի ապրիլի 29-ին և 30-ին ստորագրված համաձայնագրերով նախատեսվում է իրականացնել 284.4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր, որն ուղղված է շուրջ 109 հազար տեղահանված անձանց բնակարանային լուծումների հասանելիության բարելավմանը, հիփոթեքային շուկայի զարգացմանը և բնակարանային քաղաքականության կատարելագործմանը։ Ֆինանսավորումը ներառում է 240 մլն ԱՄՆ դոլարի վարկ, 34.4 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ և 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ Ազգային հիփոթեքային ընկերությանը՝ ծրագրի երկրորդ բաղադրիչի իրականացման համար։ Համաձայնագրի վավերացումը պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ, իսկ դրամաշնորհային համաձայնագիրը՝ ոչ։

  • Պատրաստվենք մաքսիմալ դիվերսիֆիկացնելու արտահանումները. Նիկոլ Փաշինյան

    «Առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք խնդիր ունենք պատրաստվելու այն իրավիճակին, որ արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացնենք, որպեսզի մեկ շուկայից անհամաչափ կախում չունենանք»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ հավելելով, որ եթե մենք դեպի տասնյակ շուկաներ որևէ բան ենք արտահանում, այդ շուկաներից որևէ մեկում մեզ համար չկանխատեսված իրադարձությունը չի կարող ազդել մեր շուկայի վրա։

    Նրա խոսքով՝ ամեն ինչի պարագայում պետք է գործել այդ տրամաբանությամբ։ «Եվ սա նաև Հայաստանի ինքնիշխանության, անկախության և պետականության ամրապնդման ճանապարհն է»,- շեշտել է նա։

  • Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնախատեսված այցեր է կատարել մի քանի վայրեր և անդրադարձել է մի միջադեպի։

    «Նորակառույց մանկապարտեզներից մեկում ակնատես եմ եղել, որ սանհանգույցում զուգարանակոնքերի վրադիրները կա՛մ ջարդուփշուր են եղել, կա՛մ ընդհանրապես գոյություն չունեն։ Սանհանգույցը գտնվում է վատ սանիտարահիգիենիկ պայմաններում»,- ասել է վարչապետը և հավելել, որ դա, իհարկե, սովորական տեսարան է, բայց միայն այն դեպքում, երբ դա խարխուլ դպրոցներում է կամ մանկապարտեզներում․

    «Բայց երբ խոսքը նորակառույցների մասին է, դա որևէ կերպ չի կարող հանդուրժվել։ Ընդ որում, երբ գնում եմ որևէ դպրոց կամ մանկապարտեզ ընդունելու, նկատում եմ, որ զուգարանակոնքերի վրադիրները բարձր որակի չեն»,- նշել է վարչապետը և հավելել, որ դրանք ժամանակ առ ժամանակ պետք է փոխվեն։

    Նա հայտարարել է, որ չնախատեսված այցեր է կատարելու ամենուր․ «Դպրոցներ, մանկապարտեզներ․ ուր ասես։ Եթե նման բաներ տեսա, և եթե դա վերաբերում է վարչատնտեսական պատասխանատուին, ապա նա կազատվի աշխատանքից՝ առանց որևէ բանի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ եթե նախագծային շեղումներով իրավիճակ լինի, տվյալ դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենը պետք է ազատվի աշխատանքից։

    «Եթե որևէ մարզում կամ համայնքում այս երևույթը կրկնվի, ապա անդրադարձ է լինելու այն պաշտոնյաներին, որոնք ի պաշտոնե պարտավոր են վերահսկողություն իրականացնել, որպեսզի այդ իրավիճակը չլինի»,- շեշտել է վարչապետը։

  • Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում․ Փաշինյան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում չի ցանկացել շարունակել գործունեությունը նոր կազմավորվելիք կառավարության կազմում։

    Նա անդրադարձել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասին. «Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել, որովհետև խոսքը քաղաքական ճակատագրի մասին չէ։ Խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է։ Հիմա քննարկում ենք․ լուծումներ կլինեն»,- ասել է վարչապետը և հավելել, որ այդ մասին կտեղեկացնեն։

  • Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվել է

    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվել է։ Ավելի վաղ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան:

    Քրեական վարույթի շրջանակում Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար:

  • Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է. Թանդիլյան

    Մեր երկիրը՝ մեր աչքի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, դարձել է բռնապետnւթյուն: Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը:

    «Մեր դատաիրավական համակարգից, ցավոք, այլևս արդար և տրամաբանական որոշումներ ակնկալելն անիմաստ է։ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է։

    Չեն խնայել, անչափահաս երեխա ունեցող կին գործչին կալանավորել են մի մեղադրանքով, որի հիմնավորվածությունը, մեղմ ասած, անհասկանալի է։ Ինչո՞ւ է ամենախիստ խափանման միջոցը կիրառվում այն դեպքում, երբ անձը չի խուսափում քննությունից և չի մեղադրվում ծանր հանցագործության մեջ։ Իսկ վերջերս կալանավորված քաղաքական գործիչներից ոչ մեկը պատասխանատվությունից չէր խուսափում։ Կալանքը պետք է կիրառվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիք։

    Ժողովուրդ ջան, մի՞թե հաշտ ենք այս ամենի հետ։ Չի՛ կարելի, հասկանո՞ւմ եք, չի՛ կարելի լուռ հետևել դատաիրավական համակարգի անկախության շարունակական խաթարմանը։ Եթե ցանկացած անհամաձայնություն կարող է հանգեցնել քրեական հետապնդման, ապա լրջագույն հարցեր են առաջանում մեր երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ։

    Մեր երկիրը՝ մեր աչքի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, դարձել է բռնապետություն։ Ժողովուրդը պետք է հաղթի այս քաոսային իրականությունը, ժողովուրդը պետք է հաստատի ժողովրդավարական կարգեր մեր երկրում։ Այլընտրանքի գինը վճարելու ենք բոլորս հավասարապես»,- նշել է նա։

  • Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ

    Իրանում ավարտվել են ավելի քան մեկ շաբաթ տևած սգո արարողությունները՝ նվիրված փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակին:

    Տեղական հեռուստաալիքների տվյալներով՝ հրաժեշտի միջոցառումներին մասնակցել է շուրջ 43 միլիոն մարդ, ինչը համարվում է պատմության մեջ ամենամասշտաբային երթերից մեկը:

    Հուլիսի 3-ից մեկնարկած արարողություններն անցկացվել են Թեհրանում, այնուհետև՝ Իրաքում, իսկ հուլիսի 9-ին Խամենեիին հողին են հանձնել նրա հայրենի Մեշհեդ քաղաքում:

  • Հրապարակային ասվում է, որ ես պիտի նստեմ. Ռոբերտ Քոչարյան

    «Այս ամենն ուղղակի, համոզմունքով եմ ասում, չեմ կասկածում՝ քաղաքական պատվեր է, և եթե առաջ պատվերը sms-ով էին ուղարկում, հիմա հրապարակային են ասում»,- Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

    «Պարզ, հրապարակային ասվում է, որ ես պիտի նստեմ»,- հավելեց նա