Category: TIV 1

  • Անգլիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

    Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ խաղում Անգլիայի ընտրանին 2:1 հաշվով առավելության հասավ Նորվեգիայի նկատմամբ և հանդես կգա կիսաեզրափակչում։

    Խաղի սկզբնամասում անգլիացիները տիրում էին նախաձեռնությանը, սակայն նորվեգացիները կազմակերպված պաշտպանվում էին և հակագրոհում։ Հանդիպման 36-րդ րոպեին Անդրեաս Շելդերուպի հարվածով, որը դիպավ դարպասաձողին ու հայտնվեց Ջորդան Փիքֆորդի պաշտպանած դարպասում, Նորվեգիայի հավաքականը բացեց հաշիվը։

    Անգլիայի թիմը պատասխան գոլը խփեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակում. տուգանային հրապարակում գնդակին առաջինը հասած Ջուդ Բելինգհեմը մոտ տարածությունից հավասարեցրեց հաշիվը՝ 1:1։ Երկրորդ խաղակեսում կողմերն ունեին հաղթանակի հնարավորություններ, իսկ Նորվեգիայի հերթական գոլը չեղարկվեց VAR-ի միջամտությամբ՝ Էրլինգ Հոլանդի թույլ տված խախտման պատճառով, ինչից հետո հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակի հենց սկզբում՝ 93-րդ րոպեին, Նորվեգիայի ընտրանու դարպասապահ Օրյան Նյուլանդի սխալից օգտվեց Բելինգհեմը, ով գրավեց դարպասը, ձևակերպեց դուբլ և հաղթանակ պարգևեց Անգլիային։

  • Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց

    Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

    Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետը բանակին հանձնարարել է նախապատրաստվել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հնարավոր ռազմական գործողություններին։

  • Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն

    Հայստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամ Ալեն Զուրաբյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

    Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 94 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականից Ալեն Զուրաբյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 130 կգ, 134 կգ ու 137 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 166 կգ, 176 կգ ու 180 կգ: Այս ձևում նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 317 կգ արդյունքով` Ալեն Զուրաբյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

  • Վարդավառի ամենաթեժ օրերը․ Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել

    Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը: Այն շարժական տոն է և ըստ եկեղեցական տոնացույցի՝ նշվում է Զատիկից 98 օր հետո՝ կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած հատվածում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

    «Վերջին 19 տարիների ընթացքում Վարդավառը ամենաշուտը նշել ենք 2008 թվականի հունիսի 29-ին, իսկ ամենաուշը՝ 2011 թվականի հուլիսի 31-ին։

    Ամենազով Վարդավառը եղել է 2024-ի հուլիսի 22-ին, երբ Երևանում գրանցվել է ընդամենը +30.0 °C, իսկ ամենատաքը՝ 2011-ի հուլիսի 31-ին՝ +40.8 °C Երևանում։

    Նույն օրը Մեղրիում գրանցվել է Հայաստանի երբևիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը՝ +43.7 °C»,- գրել է նա:

  • Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի

    Մեր նահատակված առաջնորդին ես ասում եմ՝ մենք երդվում ենք, որ վրեժ կլուծենք քո մաքուր արյան և այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար հանցագործ և խայտառակ մարդասպաններից։ Այս մասին Clash Report-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։

    «Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի։

    Այս հանցագործները, որոնց անունները հայտնի են վերից վար, իրենց գերեզման կտանեն իրենց իսկ անկողիններում խաղաղ մահվան չիրականացած հույսը։

    Նրանք պետք է իմանան, որ այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից։

    Անկախ նրանից՝ մենք այստեղ ենք, թե ոչ, սա կիրագործվի, և շուտով ողջ աշխարհի ազատատենչ մարդկանց շարքերից անհատները յուրաքանչյուրը կիրականացնի այս աստվածային առաքելության մի մասը»,- նշվում է տարածված հայտարարության մեջ։

  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Starlink ընկերության միջև կայացած բանակցությունների արդյունքում ՀՀ կառավարությունը ստացել է Starlink-ի կողմից նվիրաբերված 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու նպատակով։ Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար։

    Այս նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ներքին գործերի նախարարությունների համագործակցությամբ։

    Նախարարությունից հայտնում են, որ սարքավորումներն արդեն Հայաստանում են, և նախատեսվում է դրանք հատկացնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ Փրկարար ծառայության կարիքների համար։ Դրանք կնպաստեն Հայաստանի արտակարգ իրավիճակներում կապի բազմազանության հնարավորությունների ամրապնդմանը, մասնավորապես, փրկարարական գործողությունների, բնական աղետների, ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև այն դեպքերում, երբ կապի ավանդական ենթակառուցվածքները սահմանափակված, գերծանրաբեռնված կամ խափանված են։

    Starlink-ը Երկրի ցածր ուղեծրում գործող աշխարհի ամենաառաջատար արբանյակային «համաստեղությունն» է, որն ապահովում է հուսալի և բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ միլիոնավոր օգտատերերի համար ամբողջ աշխարհում։ Այն կարևոր դեր է կատարում արտակարգ իրավիճակներին արձագանքող ծառայությունների համար կապի անխափանությունն ապահովելու գործում, հատկապես հեռավոր բնակավայրերում և ճգնաժամային պայմաններում։

    Այս նվիրատվությունը շարունակությունն է Starlink-ի և ՀՀ ԲՏԱ նախարարության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, որի շրջանակում արդեն իսկ 110 Starlink սարքավորում ապահովում է հազարավոր սովորողների ինտերնետային կապը Հայաստանի հեռավոր բնակավայրերի դպրոցներում։

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բարձր է գնահատում Starlink-ի հետ համագործակցությունը և այս կարևոր ներդրումը Հայաստանի արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման կարողությունների ամրապնդման գործում։

  • Թրամփը սպառնացել է Իրանին հրթիռային հարվածներով՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից իր դեմ մահափորձի կամ նման փորձի դեպքում Միացյալ Նահանգների զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Իրանին։ Թրամփն այդ մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում։

    «1000 հրթիռ պատրաստ վիճակում է և ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետությանը»,- գրել է Թրամփը՝ հավելելով, որ դրանց կարող են հաջորդել հազարավոր այլ հրթիռներ, եթե Իրանի կառավարությունը գործի իր սպառնալիքի համաձայն և փորձի սպանել ԱՄՆ գործող նախագահին։

    Թրամփի խոսքով՝ համապատասխան հրամաններն արդեն տրված են, իսկ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են, ցանկանում են և ունակ են գործելու։ Նա նշել է, որ հրամանները տրվել են մեկ տարվա ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։

  • Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է

    Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ա.Մ.-ն՝ դատարան ներկայացնելու համար: Այդ մասին Radar Armenia-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

    Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ բերման է ենթարկվել «Մայր Հայաստան» կուսակցության անդամ և պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը։

  • Ադրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակումը. Բայրամով

    Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակումը։ Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այս հայտարարությունն արել է լրագրողների հետ զրույցում։

    Նախարարը նշել է, որ Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։

    «Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն հաստատվել է, և այն բաց է հանրության համար։ Ադրբեջանական կողմը պահպանում է սկզբունքային մոտեցում այս հարցում։ Նախագահ Իլհամ Ալիևը արտահայտել է պետության պաշտոնական դիրքորոշումը։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհեռացվեն Հայաստանի Սահմանադրությունից։ Դրանից հետո կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիր»,- ասել է նա։

    Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Հայաստանում քայլեր են ձեռնարկվում նոր սահմանադրություն ընդունելու ուղղությամբ, ինչը Փաշինյանը հաստատել է խորհրդարանական ընտրություններից հետո։

    «Մեզ հետաքրքրող և մտահոգող հիմնական հարցը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Անկախության հռչակագրում։ Երբ այս հարցը լուծվի, մենք ակնկալում ենք, որ այն շուտով կավարտվի»,- ընդգծել է նա։

  • Մենք մոռացող չենք, այցելելու ենք համայնքներ, ծրագրեր ենք իրականացնելու. Կարապետյան

    «Հայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս: Մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր»,- ֆեյսբուքյան տեսանյութում նշում է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Նարեկ Կարապետյանը։ 

    Նա ասում է. «Ընտրություններից առաջ երբ այցելում էինք համայնքներ, միշտ ասում էին՝  կուսակցությունները մենակ ընտրություններից առաջ են գալիս, հետո մոռանում են՝ ինչ են ասել, ինչ ենք խոսք տվել։ Մենք մոռացող չենք, այցելելու ենք, ծրագրեր ենք անելու այս համայքներում։ 

    Մենք խնդրել ենք մեր հայրենակիցներին բարձրաձայնել այն հարցերը, որոնք իրենք ուզում են մենք բարձրաձայնել Ազգային ժողովում և պետական այլ մարմիններում»։