Category: TIV 1

  • Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով |

    Երևանում օգոստոսի 10-ի երեկոյան, 11-ին, 14-15-ին գիշերը և երեկոյան, 12-13-ին երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 10-15-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

    Հանրապետության տարածքում օգոստոսի 10-ին կեսօրից հետո, 11-15-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

    Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 10-15-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ին ցերեկային ժամերին կնվազի 4-6 աստիճանով։

  • Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է |

    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Մ․-ն 1996-2021 թվականներին հանդիսանալով Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը և վերջինիս եղբորորդին՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ն․Մ․-ն, համայնքապետարանի աշխատակիցների և աճուրդային հանձնաժողովի անդամների հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, 2016-2019 թվականների ընթացքում փաստացի չիրականացված աճուրդների վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելով՝ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի և գյուղատնտեսական բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր՝ շուրջ 228 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով 28 միավոր հողերն օտարել են իբր այդ աճուրդներում հաղթող ճանաչված անձանց, ինչի հետևանքով՝ առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառվել Քասախ համայնքին, խաթարվել է համայնքային սեփականության օրինական կառավարման և հողերի օտարման օրինական գործընթացը, Քասախ համայնքին պատկանող հիշյալ հողամասերն ապօրինի կերպով դուրս են եկել համայնքային ֆոնդից և համայնքը զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողերը ՀՀ օրենսդրության պահպանմամբ՝ օրինական եղանակով օտարելու իրական հնարավորությունից։

    Ա․Մ․-ի և համայնքապետարանի նախկին 5 աշխատակցի նկատմամբ 28 դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

    Վերջիններս ձերբակալվել են՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։

  • «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան

    Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը։ Ֆիդանը, խոսելով Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ Թուրքիայի կնքած ռազմական համաձայնագրի մասին, անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին:

    «Մենք հեգեմոնիստական մոտեցմամբ չենք գնում, ուստի դա պետք է անենք տարածաշրջանի երկրների հետ միասին։ Կովկասում ձեռք բերված համաձայնությունից հետո ինշալլահ (Տա՛ Աստված)… այս պահին հրադադար կա, լավ գործընթաց է, հրադադար է, Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր, և մենք աջակցում ենք դրան։ Դրան աջակցելիս մեր մտքում կա անվտանգության և տնտեսական ճարտարապետության հեռանկար՝ Մերձավոր Արևելքի հետ կապված առանձին, Եվրոպայի հետ կապված՝ առանձին», -նշել է Ֆիդանը։

    Լրագրողի այն հարցին, թե կարո՞ղ է նմանատիպ միկրո ռազմական համաձայնագիր կնքվել Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, Ֆիդանը պատասխանել է, որ դրանք կարող են ստեղծվել անհրաժեշտության դեպքում։

  • ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են |

    Ազգային ժողովի 9-րդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են հետևյալ կերպ.

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն

    • Պետաիրավական հարցերի հանձնաժողով,
    • Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով,
    • Կրթության հանձնաժողով
    • Առողջապահության հարցերով հանձնաժողով,
    • Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողով,
    • Աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողով։

    «Ուժեղ Հայաստան» խմբակցություն

    • Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողով,
    • Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի հանձնաժողով
    • Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողով։

    «Հայաստան» դաշինք

    • Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողով։

  • Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը |

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանում նոր ռազմական գործողություն սկսելու փոխարեն պատրաստ է մեծացնել Թեհրանի վրա տնտեսական ճնշումը։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ Թրամփի հետ կարճատև հեռախոսազրույցից հետո։

    Օգոստոսի 8-ին Իսլամական Հանրապետությունը հրապարակել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման պահանջների ցանկը։ «Մենք դրա վրա չենք կենտրոնանում, միայն կես բանակցություններ ենք վարում նրանց հետ։ Մենք պարզապես հետևում ենք Իրանին, նրանց հսկայական գնաճին և այն փաստին, որ նրանք գումար չունեն»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

    Ըստ Թրամփի՝ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը վատթարացրել է Իրանի տնտեսական ճգնաժամը, և այն չունի իր զինծառայողներին վճարելու համար միջոցներ։

    Օգոստոսի 8-ին Թեհրանը պահանջել է, որ Վաշինգտոնը վերացնի պատժամիջոցները և փոխհատուցում վճարի ԱՄՆ զինվորականների կողմից հունիսին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար։

    Tasnim գործակալության տվյալներով՝ ազգային անվտանգության բարձրագույնխորհրդի ղեկավար Մոհամմադ ԲաղերԶոլգադրը Սպիտակ տնից երաշխիքներ է պահանջել, որ Իրանն այլևս երբեք չի ենթարկվի ԱՄՆ-ի սպառնալիքներին: Մյուս պայմանների թվում են ԱՄՆ զորքերի դուրսբերումը տարածաշրջանից, իրանականնավահանգիստների ծովային շրջափակմանվերացումը, պատժամիջոցներից հրաժարվելը, ակտիվների ապասառեցումը և Իրանին հասցված հարվածների դիմաց փոխհատուցումը:

    Բացի այդ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը պահանջել է դադարեցնել «Իրանի դաշնակիցների դեմ ագրեսիան Լիբանանում, Պաղեստինում, Եմենում և Իրաքում»։

    ԻՀՊԿ-ն հաստատել է, որ նեղուցը փակ է՝ «մինչև թշնամին չկատարի մեր բոլոր պայմանները»։

  • Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ |

    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ:

    Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովի՝ օգոստոսի 10-ի նիստին ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:

    Փակ քվեարկության համաձայն՝ Արամ Վարդևանյանն ստացավ 53 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն:

    Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարել էր, որ խմբակցությունն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում:

    ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ևս հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը:

    Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած և ընտրված երկու ԱԺ փոխնախագահներն են Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը:

  • «Առինջ մոլ»-ում բացահայտվել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ |

    ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ։

    Այսպես, վարչության 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Կոտայքի մարզում առևտրի կենտրոնի գործունեությամբ զբաղվող ընկերությունն առևտրի իրականացման վայրում գտնվող պահեստային տարածքները տրամադրում է վարձակալության, որոնցից գոյացած հասույթները չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Նույն տվյալների համաձայն առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերի վարձավճարներից բացի յուրաքանչյուր ամիս կանխիկ եղանակով գանձում է նաև հավելյալ գումարներ, որոնք չեն փաստաթղթավորվում օրենսդրությամբ սահմանված կարգով և չեն ներառվում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։

    Վարչության աշխատակիցները ձեռնարկել են համակողմանի և  մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են:Հետազոտվել են առևտրի կենտրոնի ներքին հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա տեղեկատվությունը, միաժամանակ օպերատիվ հարցման են ենթարկվել առևտրի կենտրոնում գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, որոնք հայտնել են արժեքավոր տեղեկություններ։ Ձեռք բերված ամբողջ տեղեկությունները մանրամասն վերլուծվել և ուսումնասիրվել են, այնուհետև տվյալները համադրվել են առևտրի կենտրոնի կողմից հարկային մարմին ներկայացրած համապատասխան հարկային հաշվարկներում ներառված տվյալների հետ: Պարզվել է, որ ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,3 մլրդ  դրամի հարկման օբյեկտ։ Արդյունքում չի հաշվարկվել և չի վճարվել շուրջ 492 միլիոն ՀՀ դրամի հարկեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

    Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Ընկերությունում իրականացվող միջոցառումների ընթացքում հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության աշխատակիցները օպերատիվ հսկողության տակ են պահել նաև առևտրի կենտրոնում գործող խանութների ընթացիկ գործունեությունը և ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ օրերին խանութների ընդհանուր ֆիսկալ շրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համադրելի օրերի համեմատ կտրուկ ավելացել է շուրջ 110 տոկոսով։  

    Պետական եկամուտների կոմիտեն առևտրի կենտրոններին և դրանցում գործող հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու և հարկվող օբյեկտները թերհայտարարագրելու արատավոր վարքագծից։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու նման արատավոր երևույթները կանխելու և դրանց կազմակերպիչներին բացահայտելու հարցում։

    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • «Հայաստան» դաշինքը կողմ է Արամ Վարդևանյանի թեկնածությանը․ Սաղաթելյան |

    «Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածությանը»,- ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

    «Երկու օր սենց կարմիր գծով անցկացնում եք, որ Արամ Վարդևանյանը եղել է «Հայաստան» դաշինքի անդամ՝ փորձելով հասկացնել, թե ճամբարափոխություն է տեղի ունեցել։ Տեսեք, Արամ Վարդևանյանը նախ «Հայաստան» դաշինքին մաս կազմող կուսակցություններից որևէ մեկի անդամ չի եղել, կուսակցություն չի լքել։ Մանդատը վայր է դրել, զբաղվել է փաստաբանական գործունեությամբ»,- ասել է Սաղաթելյանը:

  • Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որը գոյություն չունի. վարչապետ |

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

    «Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ սկզբունքներին։ Հիմնական սկզբունքներից մեկը ապրանքների, ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումն է։  Ցավոք, գործնականում այդ սկզբունքները կատարվում են ոչ ամբողջական ծավալով՝ խանգարելով բիզնեսի զարգացմանը»,-ասել է վարչապետը և հավելել, որ ՀՀ-ն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությունը՝ ԵՄ մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։

    «Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ի և ԵՄ-ի ընթացիկ հարաբերություններում չկան իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություններ, որոնք կհակասեն ԵԱՏՄ-ում մեր պարտավորվածություններին։

  • ԵԱՏՄ-ն չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. վարչապետ |

    ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ գործընկերներին բացատրել է, թե ինչու է անհնար ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելը։

    «Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելը անհնար է, բայց այս օրենքի ընդունման փաստը (ԵՄ ձգտումների վերաբերյալ) նշանակում է, որ Հայաստանն ունի հնարավորություն դառնալու Եվրամիության անդամ։ Երևանի պատրաստակամությունը ապագայում ԵՄ-ին անդամակցելու համար ավտոմատ կերպով չի նշանակում, որ մեր երկիրը կդառնա ԵՄ անդամ։ Դրա համար դեռևս անհրաժեշտ է ԵՄ անդամների և ՀՀ քաղաքացիների համաձայնությունը։ Մյուս կողմից, անհնար է այս հարցը բարձրացնել ՀՀ քաղաքացիների ուշադրությանը առանց նախնական ինստիտուցիոնալ աշխատանքի, և նույնիսկ այդ դեպքում ԵՄ-ին անհրաժեշտ կլինի ներկայացնել ԵՄ անդամակցության պաշտոնական դիմում։ Այնուհետև անհրաժեշտ կլինի ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ»,- ասել է վարչապետը։ 

    Ըստ վարչապետի՝ քայլերի առնվազն մեծ մասը չկատարելու դեպքում այս հարցի վերաբերյալ հանրաքվեի անցկացումը կլինի անիմաստ և կնշանակի, որ քաղաքացիները կպատասխանեն մի հարցի, որն այժմ գոյություն չունի։

    «Սա կնշանակեր, որ մենք ստիպում ենք Հայաստանի քաղաքացիներին ընտրություն կատարել այլընտրանքների միջև, որոնցից մեկը գոյություն չունի։ Սա անհարգալից կլինի ժողովրդի նկատմամբ և անօրինական։ Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունները չեն պարունակում որևէ պարտավորություն, որը հակասի ԵԱՏՄ-ում նրա կարգավիճակին։ Հայաստանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ ԵԱՏՄ անդամ պետությունների և երրորդ երկրների միջև հարաբերությունները չպետք է ընկալվեն որպես զրոյական գումարով խաղ»,- ընդգծել է վարչապետը։