Category: TIV 1

  • Վարդանյանի գործով իրավապաշտպանը կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել

    Ադրբեջանում շուրջ երեք տարի գերերված և 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միջազգային իրավունքի մասնագետը նշում է, որ իրենց վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, ինչն անհրաժեշտ էր Եվրոպական դատարանում գործընթաց սկսելու համար:

    «Նախապատրաստական փուլում ենք, շաբաթներ անց արդեն գործը մուտք կարվի», – «Ազատությանը» ասաց Սահակյանը:

    «Ռուբեն Վարդանյանի պարագայում մենք ցուցադրելու ենք, որ մեղադրանքը քաղաքական է, որևէ անհատական հանցավոր արարք երբևէ Վարդանյանի կողմից չի իրականացվել: Հավաքական ինքնորոշման իրավունքը ապօրինաբար որակավորվել է որպես ահաբեկչություն, մինչդեռ չի կարող լինել պատիժ՝ առանց օրենքով նախատեսված արարքի»:, – ընդգծեց իրավապաշտպանը:

    Ինչ վերաբերում է Ադրբեջանի բանտերում պահվող մյուս 15 հայ գերիներին, որոնց շարքում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը, ապա Բաքուն դեռ հրաժարվում է նրանց ու նաև վերջիներիս հանրային պաշտպաններին տրամադրել դատավճիռները, որոնք հրապարակվել էին դեռևս ութ ամիս առաջ: Այսինքն՝ 15 հայ գերիներն առայսօր զրկված են իրենց դատավճիռներին ծանոթանալու հնարավորությունից, մասնավորապես՝ թե կոնկրետ ինչ գործողություններ են վերագրվել նրանց և ինչ ապացույցների հիման վրա:

    «Կարծում եմ՝ փորձում են խոչընդոտել միջազգային բողոքներ ներկայացնելու գործընթացին, և նաև մենք չենք բացառում , որ այդ դատավճիռնեը վերջնականացված էլ չեն, քանի որ դատավարությունը ինքնին շինծու էր, և քաղաքական պատվերով էր ձևավորվել դատավարության ելքը: Կարծում եմ՝ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ողջ իրավապահ համակարգը ինչ-որ պատճառաբանություններ ներկայացնի այդ դատական ակտում, քանի որ գիտակցում են, որ այս գործընթացները տեղափոխվում են միջազգային ատյաններ», – ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

    Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար անհրաժեշտ է ունենալ դատավճիռները: Եթե Ադրբեջանի դատական իշխանությունները շարունակեն չտրամադրել, ապա այն կստանան արդեն ՄԻԵԴ-ի միջոցով: Միջազային դատարանը միջանկյալ որոշում է կայացրել, համաձայն որի՝ մինչև օգոստոսի 31-ը Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի 15 քաղաքացիների դատավճռները պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան:

    «Եթե Եվրոպական դատարանին էլ չտրամադրեն, մենք այստեղ կունենանք նոր որակի մարդու իրավունքների խախտման պնդումներ, կարծում եմ՝ Ադրբեջանի իշխանությունները չեն գնա այդ ճանապարհով և առնվազն դատավճիռները կտրամադրեն դատարանին», – ընդգծեց Սահակյանը:

    Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց 16 հայ գերիներին, նրանց թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք

    Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա.Ա.-ն, 2006-2016 թվականներին հանդիսանալով Աշոցք գյուղի գյուղապետը, 2016-2018 թվականներին՝ Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը, օրենքի խախտմամբ, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սիզավետ բնակավայրում գտնվող՝ 5 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով տրամադրել է ֆիզիկական անձի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

    Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2009 թվականի հուլիսի 24-ին, Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի որոշմամբ, Աշոցք գյուղում գտնվող՝ 4.73 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է իբրև աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ ֆիզիկական անձը հայտնել է, որ վարելահողի տրամադրման ժամանակ որևէ աճուրդի չի մասնակցել:

    Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2016 թվականի հունիսի 15-ին, Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի որոշմամբ, 5.9 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է իբրև աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ ֆիզիկական անձը հայտնել է, որ վարելահողի տրամադրման ժամանակ որևէ աճուրդի չի մասնակցել:

    Վերոգրյալի հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազության կողմից Աշոցք համայնքի գործող ղեկավարին միջնորդագիր է ներկայացվել՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նշված վարելահողերն Աշոցք համայնքի հողային բալանս վերադարձնելու և ֆիզիկական անձանց կողմից դրանց ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ:

    Միջնորդագրի արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք:

    Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:

  • Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

    Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հայտնում է․ «Տեղեկացնում եմ, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Շիրակի մարզպետ։

    Ինձ համար պետական ծառայությունը պատասխանատվություն է մարդկանց հանդեպ։ Այդ պատասխանատվությամբ էլ շարունակելու եմ առավել մեծ հաստատակամությամբ, հետևողականությամբ և վճռականությամբ աշխատել՝ հանուն Շիրակի զարգացման, նոր ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման և մեր մարզի ու սիրելի Գյումրու առաջընթացի։

    Շնորհակալ եմ Շիրակի մարզի բոլոր բնակիչներին աջակցության և համագործակցության համար։ Ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է, ամենօրյա աշխատանքով ու գործուն քայլերով անելու եմ հնարավորը՝ արդարացնելու ձեր սպասումները։

    Վստահ եմ, որ միասին կկարողանանք իրականացնել մեր առջև դրված նպատակները և ապահովել Շիրակի ու Գյումրու կայուն զարգացումն ու բարեկեցիկ ապագան։

    Անշեղ հանձնառությամբ, նվիրումով ու եռանդով քայլելու ենք առաջ՝ հանուն Շիրակի մարզի, նրա համայնքների, յուրաքանչյուր բնակչի և Հայաստանի Հանրապետության»։

  • Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է

    Իռլանդացի մարտիկ Քոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտ։ Նրա մենամարտը ամերիկացի Մաքս Հոլոուեյի դեմ հուլիսի 11-ին կգլխավորի UFC 329 մրցաշարը։ Վերջին հինգ տարիներին Մակգրեգորը պարբերաբար ակնարկում էր, որ պատրաստվում է վերադառնալ և անցկացնել իրական մենամարտ։ Երկրպագուները սպասում էին նրա հնարավոր պայքարին Մայքլ Չենդլերի դեմ, ով այդ սպասումների պատճառով փաստացի կորցրեց իր կարիերայի կարևոր փուլը։

    Սակայն Մակգրեգորը չէր պատրաստվում հետևել որևէ մեկի ծրագրերին։ Նա պարզապես սպասում էր լավագույն պահին, և, ըստ ամենայնի, այդ պահը եկել է։ 37-ամյա իռլանդացին ցույց է տալիս, որ պատրաստ է մենամարտին և գտնվում է իր լավագույն մարզավիճակում։ Նշենք, որ Մակգրեգորն արդեն հաղթել է Հոլոուեյին. դա տեղի է ունեցել 2013 թվականին՝ մրցավարների որոշմամբ։ Այժմ նա ցանկանում է կրկնել այդ հաջողությունը։

    Ավելի վաղ Մակգրեգորը ծրագրում էր մասնակցել նաև Սպիտակ տանը նախատեսված UFC մրցաշարին, սակայն բանակցությունները, ըստ տեղեկությունների, ավելի երկար են տևել։

  • Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ

    Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրել է.

    «Գագիկ Ծառուկյանի կենդանիներին կենդանաբանական այգի տեղափոխելու քաղաքապետարանի առաջարկը վերջին երկու օրերի շահարկումների թոփ թեման էր։ Գլխավոր թեզը գործարարին և քաղաքական ուժի առաջնորդին առնչվող քննչական գործողություններն ու կենդանիների համար այս փուլում, թերևս, ամենահարմար ու անվտանգ հանգրվան ապահովելու առաջարկը փոխկապակցելն ու որ ամենաանհեթեթն էր, կենդանիներից մեկի անկման ցավալի փաստը որպես քաղաքական հաշվեհարդար մատուցելը:

    Այո, ցավալի էր շատ, որ կենդանիներից մեկը, մասնավորապես՝ էգ առյուծը, սեդացիայից հետո չարթնացավ, բայց սա մասնագիտական խոսակցություն է՝ քայլերի ու հնարավոր սխալների տիրույթում, ինչը կարելի էր ենթադրել ու սուբյեկտիվորեն կամ օբյեկտիվորեն վիճարկել, բայց առնվազն դժվար չէր նաև կանխատեսել, որ առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր, վերագրվելու էր դիտավորությանը՝ գեներացնելով դավադրապաշտության մի ամբողջ տեսություն, ինչն արդեն ոչ այնքան սրտացավություն է, որքան մանիպուլյացիա, ցավալի դեպքը արագ փաթեթավորելու և մարդկանց թիրախավորելու գործիք, պարզ դեմոնիզացիա:

    Մի կողմ թողնելով մեծաքանակ կենդանիների՝ մասնավոր տարածքներում պահելու իրավունքի վիճելի դրույթը, արձանագրենք մի փաստ՝ իրավական գործընթացով պայմանավորված՝ կենդանիներին պետք էր տեղափոխել մի տարածք, որը միակն է մեր երկրում, որտեղ կարող էին նրանք վերաինտեգրվել և լինել մասնագետների մշտական հոգածության ու խնամքի ներքո, սա էր առաջարկի ու տեղափոխման միակ, ոչ քաղաքական, բացառապես՝ բնապահպանական մղումը»։

  • Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը

    ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այսօր այցելել է Արարատի ցեմենտի գործարան և տեղում ծանոթացել արտադրական գործընթացի կազմակերպմանը. հայտնում են նախարարությունից։ Շրջայցի ընթացքում նրան ուղեկցել է գործարանի գլխավոր տնօրենը։

    Էդգար Զաքարյանը հայտնել է նախարարության պատրաստակամությունը աջակցելու գործարանի արտադրական գործունեության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտների լուծմանը։

    Անդրադառնալով գործարանի աշխատանքի վերականգնման ընթացքին՝ նախարարի տեղակալը նշել է, որ արտադրական գործընթացի անխափան և անընդհատ պրոցեսը կարևոր է ինչպես արդյունաբերական ներուժի պահպանման, այնպես էլ տնտեսական ակտիվության խթանման տեսանկյունից:

  • Թուրքիայի կողմից S-400-ի վաճառքը թեման չափազանց զգայուն թեմա է․ Պեսկով

    Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ՝ այդ երկրին նախկինում մատակարարված S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի վերաբերյալ։ Սա չափազանց զգայուն թեմա է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

    «Մենք այս հարցի շուրջ կապ ենք հաստատել թուրքական կողմի հետ, և կշարունակենք դա անել»,- լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով թուրքական լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ Անկարան վերավաճառել է ռուսական S-400-ներ՝ ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար։

    Կրեմլի խոսնակին հարցրել են, թե արդյոք Անկարան խնդրել է Մոսկվայի թույլտվությունը նման վաճառքի համար, և եթե այո, ապա ինչպե՞ս է արձագանքել Ռուսաստանը։

    Պեսկովը նշել է, որ «սա չափազանց զգայուն հարց է»։

  • Եթե 2021-ին մենք հայտարարեինք, որ հաղթել ենք ու գնայինք կառավարության շենք, ինչ կլիներ կոնկրետ իմ հետ. ճիշտ նույնը. Քոչարյան

    Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարեց, որ չի հասկանում, թե ինչ գործողությամբ է գերազանցել իր լիազորությունները, և պնդեց, որ իրեն մեղադրում են նախագահի պարտականությունները կատարելու համար։                                                                                                                                                          Նա նաև զուգահեռ անցկացրեց 2021 թվականի ընտրությունների հետ՝ նշելով, որ եթե այն ժամանակ իրենք հայտարարեին հաղթանակի մասին և շարժվեին դեպի կառավարության շենք, իր հետ «ճիշտ նույնը» կկատարվեր։

  • ՍուպերՆանին կառուցում է Հայաստանի սոցիալական նոր ենթակառուցվածքը

    Հոգատարության տնտեսություն. ինչպե՞ս է «ՍուպերՆանի»-ն կառուցում Հայաստանի սոցիալական նոր ենթակառուցվածքը:

    Աշխարհում սրընթաց կերպով ձևավորվում է մի նոր տնտեսական ուղղություն, որը փորձագետներն անվանում են «Care Economy» կամ հոգատարության տնտեսություն։ Այն ներառում է այն ամենը, ինչը վերաբերում է մարդու խնամքին՝ երեխաներից մինչև տարեցներ։ Հայաստանում այս հսկայական շուկան տասնամյակներ շարունակ գոյություն է ունեցել ստվերում՝ հիմնված ֆեյսբուքյան պատահական հայտարարությունների և չստուգված վստահության վրա։ Սակայն «ՍուպերՆանի» (SuperNanny) նախաձեռնության հայտնվելը խոստանում է այս քաոսը վերածել քաղաքակիրթ և թվային ենթակառուցվածքի։

    Ստվերից դեպի տեսանելիություն. ոլորտի պրոֆեսիոնալացումը

    Հայաստանում ընտանիքների մեծ մասը դայակ կամ հիվանդապահ փնտրելիս հայտնվում է նույն «թակարդում». տասնյակ ֆեյսբուքյան խմբեր, անհասկանալի փորձով անծանոթներ և ամենակարևորը՝ անվտանգության երաշխիքների բացարձակ բացակայություն։ Մյուս կողմից՝ հազարավոր պրոֆեսիոնալ մասնագետներ մնում են «անտեսանելի»՝ զրկված լինելով մասնագիտական գնահատականից կամ զարգացման հնարավորությունից։

    «ՍուպերՆանի»-ն այս խնդրին մոտենում է ոչ թե որպես սովորական միջնորդ, այլ որպես սոցիալական էկոհամակարգ։ Նախաձեռնության հիմքում դրված է այն գաղափարը, որ խնամքը ոչ թե պարզապես «օգնություն» է, այլ բարձր պատասխանատվություն պահանջող մասնագիտություն։

    Րոպեների ճշգրտություն. ինչպե՞ս է տեխնոլոգիան հաղթում բյուրոկրատիային

    Ավանդական տարբերակները՝ լինեն դրանք ֆիզիկական գրասենյակներ (գործակալություններ), սոցիալական ցանցերի հայտարարություններ, թե սովորական թվային այլ գործիքներ, ծնողից խլում են թանկարժեք ժամեր, երբեմն նույնիսկ օրեր։ Թեկնածուների հետ զանգեր կատարելը, նրանց ստուգելն ու հանդիպումներ նշանակելը սովորաբար վերածվում է երկար ու հոգնեցուցիչ գործընթացի։
    «ՍուպերՆանի» բջջային հավելվածը հեղափոխում է որոնման հենց այս հատվածը։

    ՍուպերՆանի Ակադեմիա. Կրթությունը որպես փոփոխության շարժիչ
    Ոլորտը ստվերից դուրս բերելու համար անհրաժեշտ է կրթված աշխատուժ։ «ՍուպերՆանի Ակադեմիան» իր 216-ժամյա ակադեմիական ծրագրով դարձել է այն դարբնոցը, որտեղ ձևավորվում է խնամքի մասնագետների նոր սերունդը։ Առաջին բուժօգնություն, էթիկա, հոգեբանություն և հաղորդակցություն. սրանք այն հմտություններն են, որոնք դայակին դարձնում են որակավորված մասնագետ։ Մեր ակադեմիայի պրոֆեսիոնալ մասնագետները և վավերացված դայակներն անմիջապես տեսանելի են դառնում բջջային հավելվածում։ Ներդրված խելացի ֆիլտրացիայի համակարգի շնորհիվ ընտանիքները կարող են ըստ իրենց հարմար չափանիշների՝ գտնվելու վայր, աշխատանքային փորձ, հատուկ հմտություններ, հաշված րոպեների ընթացքում տեսնել, ընտրել և կապ հաստատել իրենց համապատասխանող մասնագետի հետ։

    Այն, ինչ նախկինում պահանջում էր օրերի սթրեսային սպասում, այժմ իրականացվում է ընդամենը մի քանի հպումով։

    Հոգատարության տնտեսության առաջին թվային ենթակառուցվածքը

    «ՍուպերՆանի»-ն Հայաստանում առաջին հարթակն է, որը հոգատարության տնտեսությունը (Care Economy) վերածում է թվային ենթակառուցվածքի։ Այն միավորում է տարբեր ուղղություններ, որոնք նախկինում մասնատված էին, ինչպես նաև մասնագետներին որպես Անհատ Ձեռնարկատերեր դարձնում է մեր տնտեսության մեջ գործող անձինք:

  • Երկրաշարժ Ապարանից՝ 18 կմ հարավ-արևմուտք

    Հուլիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 11:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07։42-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ապարան քաղաքից 18 կմ հարավ