Category: Oratert.am

  • Կիևյան կամուրջը նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն կբացվի՝ 15-ին (տեսանյութ)



    Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ: Նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն կբացվի՝ 15-ին: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:

    Հրազդանի մեծ կամ առավել հայտնի Կիևյան կամրջի հիմնանորոգումը շարունակվում է։  Ծրագրի շրջանակում իրականացվում են կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, ինչպես նաև ջրամեկուսացման աշխատանքներ։

    Բացի այդ, թարմացվելու են կամրջի բազրիքները, վերականգնվելու են նաև թռիչքային կառուցվածքներն ու հենարանները։ Արտաքին լուսավորության հաղորդալարերն ամբողջությամբ կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։


    Աշխատանքների արդյունավետ ընթացքի շնորհիվ կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ։ Կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն, իսկ վերջնական հիմնանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ։


  • Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համար


    Քաղաքականություն



    Հուլիսի 8-ին Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահի աշխատակազմի գլխավոր տնօրեն Անտուան Շուքեյրի հետ։ Այս մասին NEWS.am—ին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։ 

    Հանդիպման ընթացքում Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրման համար։ 

    Բարձր գնահատելով երկու երկրների միջև առկ բարեկամական հարաբերությունները՝ Վահան Կոստանյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել բարեկամ Լիբանանին՝ նպաստելով երկրում առկա մարդասիրական իրավաիճակի մեղմացմանը։ 

    Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Լիբանանի նախագահների աշխատակազմերի միջև համագործակցության զարգացմանը՝ ընդգծելով այդ համագործակցության ինստիտուցիոնալ ամրապնդման և անհրաժեշտ իրավապայմանագրային հիմքերի ձևավորման կարևորությունը:



  • Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարան



    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժնի պետն առաջատար մասնագետի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար պահանջել և ստացել են կաշառք:

    Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Նորք Նորք վարչական շրջանի թաղամասերից մեկում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում 2009 թվականին առանց համապատասխան թույլտվության կառուցված և 2022 թվականի դեկտեմբերի 28-ին որպես ինքնակամ կառույց հաշվառված շինությունը չապամոնտաժելու, ինքնակամ հողազավթման և շինարարության հետևանքներն ամբողջությամբ չվերացնելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար բաժնի պետն ու առաջատար մասնագետն այլ անձի օժանդակությամբ ինքնակամ շինություն կառուցած քաղաքացուց պահանջել և ստացել են 150․000 ՀՀ դրամ գումար կաշառք։

    Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, մեղադրանքներ են ներկայացվել ևս 2 քաղաքացիների:


    Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացույթամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

    Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


  • Պապայի արև մենք ձեր անձնական տվյալների հետ գործ չունենք. Փաշինյանը՝ հեռախոսները վերահսկելու մասին



    Պապայի արև մենք ձեր անձնական տվյալների հետ գործ չունենք: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հեռախոսների վերահսկմանը:

    «Մենք ոչ ձեր մեսիջները, ոչ ձեր ձայնայինները, ոչ ձեր երաժշտության ու սննդի նախընտրությունները, ազնիվ խոսք, պապայի արև չգիտենք: Օտարերկրյա արտադրության հեռախոսներ, ժամացույցներ, ականջակալ, ամեն ինչ կրում են, իրենց բոլոր տվյալները մեջը գրում են, ոչ մեկ չի ասում՝ լսի, կարո՞ղ ա ուրիշ տեղերում էս մեր տվյալը կարդում են, բայց որ սեփական երկրում ասում են՝ հեռախոսը որ ներմուծում եք, պետք է համոզվենք՝ մաքսանենգ ճանապարհով է, թե ոչ, հոպ՝ մեր անձնական տվյալները:

    Այն, որ այդ կուտակված ինֆորմացիան կարող է գլոբալ օգտագործվի պետության և ժողովրդի դեմ, բացարձակապես ոչ ոքին չի հետաքրքրում, սա ի՞նչ հակասություն է, ես չեմ հասկանում: Ես պաշտոնապես ասում եմ, ժողովուրդ ջան, բոլորիդ բոլոր անձնական տվյալները ինչ-որ մի տեղ կուտակվում են, 21-րդ դարում դուք ոչ մի գաղտնիք չունեք»,- նշել է նա:


  • Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)



    Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք։

    Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում գործող մարզաառողջարարական համալիրներից մեկը համակարգված կերպով թերհայտարարագրում է իր գործունեությունից ստացված եկամուտները՝ էականորեն նվազեցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։


    Ստացված տեղեկությունների իրացման նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները  մշակել, ձեռնարկել և իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ուսումնասիրվել են ընկերության գործունեությանն առնչվող էլեկտրոնային տվյալները, ներքին հաշվառման փաստաթղթերն ու գործունեության իրական ծավալներն արտացոլող տեղեկատվությունը։ Ձեռք բերված տվյալների համալիր ուսումնասիրության, վերլուծության և հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տվյալների հետ համադրման արդյունքում բացահայվտել են ընկերության հարկային հաշվառման և գործունեության իրական ծավալների միջև էական անհամապատասխանություններ։

    Պարզվել է, որ 2023-2024 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամի հարկային պարտավորություն։

    Սակայն բացահայտված փաստերն այսքանով չեն սահմանափակվել։

    Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նաև, որ հարկային բեռը նվազեցնելու նպատակով ընկերության գործունեության մի մասը ձևականորեն իրականացվել է նախկին աշխատակիցների անուններով գրանցված իրավաբանական անձանց միջոցով, որոնք գործել են հարկման հատուկ համակարգում։ Այդ մեխանիզմի կիրառման արդյունքում շուրջ 158 միլիոն դրամի շրջանառություն դուրս է մնացել ընկերության կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկներից, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել ևս 17 միլիոն դրամից ավելի հարկային պարտավորություն։

    Այսպիսով, բացահայտված խախտումների հետևանքով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 849 միլիոն դրամ։ Ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, և իրականացվում է նախաքննություն։

    Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողականորեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության բոլոր դրսևորումների դեմ։ Հարկերից խուսափելուն ուղղված յուրաքանչյուր սխեմա ենթակա է բացահայտման, իսկ օրենքը շրջանցելու յուրաքանչյուր փորձ՝ իրավական գնահատականի։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


  • ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars


    Միջազգային



    Անցյալ գիշեր ԱՄՆ-ը հարված է հասցրել Իրանի հյուսիս-արևելքում գտնվող կամրջին, որը երկիրը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող տրանսպորտային միջանցքի մաս է կազմում։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    Գործակալության տվյալներով՝ հարվածը հասցվել է Գոլեստան նահանգի Աքքալա շրջանում՝ թուրքմենական սահմանի մոտ գտնվող երկաթուղային կամրջին։ Նշվում է, որ այս երթուղով Ռուսաստանից բեռներ էին մատակարարվում Իրան։

    Բացի այդ, ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակում հայտարարելուց հետո Չինաստանը երեք անգամ ավելացրել է այս ուղով Իրան ապրանքների մատակարարումները։



  • Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար Մելոյան



     

    Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»։

     

    Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է։

     

    Երբ իշխանությունը քննադատությանը պատասխանում է կալանքով, արդարադատությունը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։

     

    Շաբաթներ առաջ նրա բնակարանը խուզարկվել էր, որից հետո վերջինս որեւէ կերպ չէր խուսափել քրեական հավանական հետապնդումից։ Բացի այդ, վերջինս անչափահաս երեխայի մայր է, ինչը եւս մեկ հանգամանք էր խափանման միջոցներից ամենածանրը ՉԿԻՐԱՌԵԼՈՒ տեսանկյունից։

     

    Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է, իսկ նրա նկատմամբ կիրառված անհամաչափ խափանման միջոցը՝ կալանքը, հերթական հարվածը իրավական պետությանը։

     

    Քաղաքական այլակարծությունը հանցագործություն չէ, ընդդիմախոսին լռեցնել էլ՝ արդարադատություն չէ։


  • Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ)



    Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները թմրամթյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 1-ին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

    Չարենցավան քաղաքի մոտ գտնվող «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալեցին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ 28 և 30 տարեկան երկու երիտասարդի։ Իրենց վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին համայնքային բաժին։ 

    Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեց 11 փաթեթ, որոնցում, ըստ երիտասարդների, մարիխուանա էր, ինչը տեղադրելու միջոցով իրացնելու նպատակով ձեռք էին բերել «Տելեգրամի» մի օգտատիրոջից։


    Նրանք հայտնել են, որ փաթեթներ կան նաև մեքենայում։
    Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեց տարբեր գույների 26 փաթեթ։ Եվս մեկ փաթեթ հայտնաբերվեց դեպքի վայրի զննությամբ։ 

    Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։


  • Կատարի վարչապետը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել երկխոսության և հուշագրի կատարման


    Միջազգային



    Կատարի վարչապետ, ԱԳ նախարար շեյխ Մուհամմադ բեն Աբդել Ռահման Ալ Թանին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում Թեհրանին և Վաշինգտոնին կոչ է արել երկխոսության և փոխըմբռնման հուշագրի կատարման։ Այս մասին հայտնել է Կատարի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    Զրույցի ընթացքում Կատարի կառավարության ղեկավարն ընդգծել է բոլոր կողմերից երկխոսությանը և դիվանագիտությանը հավատարիմ մնալու, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրի շրջանակներում համաձայնեցված պայմանների կատարման անհրաժեշտությունը։

    Կողմերը քննարկել են նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական էսկալացիան։ Մուհամմադ բեն Աբդել Ռահման Ալ Թանին նաև դատապարտել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա վերջերս կատարված հարձակումները՝ նշելով, որ նման գործողությունները խաթարում են վստահությունը, սպառնում միջազգային նավագնացության անվտանգությանը և վնաս հասցնում տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու ջանքերին։



  • IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին



                   Աճում է քաղաքացիների ամենախոցելի խմբի՝ թոշակառուների դեմ ուղղված զեղծարարների կողմից իրականացվող զանգերի տարածման ռիսկը։ Զեղծարարության այս սխեման հիմնված է սոցիալական ինժեներիայի վրա․ զեղծարարները զանգի միջոցով ներկայանում են որպես պետական մարմինների կամ կենսաթոշակային հաշիվները կառավարող ընկերությունների ներկայացուցիչներ, և «հաշվարկներում սխալների» պատրվակով փորձում են հասանելիություն ստանալ քաղաքացիների միջոցներին։

                   Զեղծարարության մեխանիզմը։ «վերահաշվարկից» մինչև միջոցների հափշտակում

                   Խաբեությունը սկսվում է անսպասելի զանգից․ «վերահաշվարկի ընթացքում սխալ է հայտնաբերվել, ձեզ հասանելի է լրավճար, անհրաժեշտ է հաստատել տվյալները»։ Կա նաև ճնշման հակառակ տարբերակը․ «դուք հատկացվածից շատ եք ստացել, շտապ վերադարձրեք գումարը, հակառակ դեպքում վճարումները կսառեցվեն, իսկ հաշիվը կարգելափակվի»։

                   Այնուհետև զեղծարարներն արագ խոսակցությունը վերածում են գործնական քայլերի։ Նրանք խնդրում են ձեզ թելադրել անձնագրի կամ նույնականացման քարտի համարը և այն բանկային քարտի համարը, որին փոխանցվում է ձեր կենսաթոշակը, ինչպես նաև տրամադրել SMS հաղորդագրությունից ստացված կոդերը։ Որոշ դեպքերում զեղծարարները ձեզ ուղղորդում են համացանցում առկա ֆիշինգային էջեր, որոնք արտաքնապես կրկնօրինակում են կենսաթոշակային ֆոնդերի պաշտոնական կայքերը՝ առաջարկելով այնտեղ լրացնել իրենց անհրաժեշտ տվյալները։

                   Հենց որ զեղծարարները ստանում են SMS հաղորդագրության կոդը, նրանք կարող են մուտք գործել օգտատիրոջ անձնական էջ, փոխել գաղտնաբառը, օգտատիրոջ անունով ձևակերպել վարկեր կամ հանել հաշիվներում առկա միջոցները։

                   Կարևոր հանգամանք 

    Համոզիչ երևալու համար զեղծարարները նշում են Հայաստանի քաղաքացիների կենսաթոշակային հաշիվները կառավարող ընկերությունների անուններ և կարող են կեղծել նրանց լոգոները մեսենջերներում։ Այլ վտանգավոր հնարք է հեռախոսահամարի կեղծումը․ Էկրանին կարող է արտացոլվել ընկերության կոնտակտային կենտրոնի պաշտոնական համարին շատ նման կեղծ հեռախոսահամար, որպեսզի մարդը հավատա զանգին և չստուգի տեղեկությունը։

                   Իրավաբանական ծուղակ

                   Սխեմայի նենգությունն այն է, որ հաճախորդն ինքն է փոխանցում իր տվյալներն ու հաստատում գործարքները։ Եթե գործարքը նախաձեռնվել է հաշվի սեփականատիրոջ կողմից և հաստատվել SMS հաղորդագրության կոդի միջոցով, ապա բանկային համակարգն այն համարում է օրինական։ Դրանից հետո գումարը հետ ստանալը գրեթե անհնար է։

                   IDBank-ը խորհուրդ է տալիս․

    • Անմիջապես անջատեք զանգը։ Իրական կենսաթոշակային ֆոնդերը և կառավարող ընկերությունները վերահաշվարկի կամ գումարի վերադարձման հարցերը երբեք չեն կարգավորում հեռախոսազանգի միջոցով։ Ցանկացած զանգ՝ «տվյալների ճշգրտման» պահանջով, զեղծարարություն է։
    • Ինքներդ հետ զանգեք։ Գտեք ձեր հաշիվը կառավարող ընկերության պաշտոնական համարը նրա պաշտոնական կայքում և այն հավաքեք ձեռքով։ Հետ մի զանգեք մուտքային համարին, անգամ եթե այն ծանոթ է թվում։
    • Երբեք մի փոխանցեք SMS հաղորդագրության կոդերը։ Բանկի, կենսաթոշակային ֆոնդի կամ պետական հաստատության ոչ մի աշխատակից իրավունք չունի ձեզնից հարցնելու ձեր մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը, քարտի դարձերեսին գրված եռանիշ կոդը կամ օնլայն բանկինգի գաղտնաբառը։
    • Մի անցեք հաղորդագրությունների հղումներով։ Ստուգեք հասցեի տողը․ պաշտոնական կայքերն օգտագործում են «․am» դոմենը՝ առանց ավելորդ սիմվոլների։
    • Քննարկեք այս սխեման ծնողների և տարեց բարեկամների հետ։ Որքան մեծահասակ է մարդը, այնքան որպես կանոն, նրա վստահությունը պաշտոնական մարմիններից եկող զանգերի նկատմամբ մեծ է։

                   Հիշեք․ կենսաթոշակային և սոցիալական ֆոնդերը չեն զանգահարում «տվյալների շտապ ճշգրտման» պահանջով, չեն պահանջում SMS հաղորդագրության կոդեր և չեն ուղղորդում անծանոթ կայքեր։ Ցանկացած նման զանգ տագնապի ազդանշան է։ Ձեր միջոցներն անվտանգ են այնքան ժամանակ, քանի դեռ դուք ինքներդ հասանելիություն չեք տրամադրել երրորդ անձանց։

                   ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ