Category: Oragir.live

  • Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահը հասկանալիորեն ցնցեց մեր հանրությանը: Եվս մեկ երիտասարդ զոհ… Ցավոք, Նարեկ Թորոսյանը առաջին «բանակային» զոհը չէ, էլ ավելի ցավալի է, որ նման կորուստներ են արձանագրվում իշխող ուժի կողմից հռչակված ու քարոզվող «խաղաղության» պայմաններում:

    Դատելով պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրների շրջանառած տեղեկություններից, մոտ կես տարվա ժամկետային ծառայողը առաջին անգամ գնացել է դիրքապահ հերթապահության, որտեղ էլ՝ կրտսեր հրամանատարի՝ սերժանտի ու մեկ այլ զինծառայողի կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության: Դրանից հետո, ըստ պաշտոնական վարկածի, նա ինքնասպանություն է գործել: Համենայն դեպս, քրեական վարույթը նախաձեռնված է, և նշված սերժանտն ու մյուս զինծառայողը կալանավորվել են «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով: Շրջանառվում են նաև ոչ պաշտոնական վարկածներ, սակայն զերծ կմնանք դրանց անդրադառնալուց՝ հաշվի առնելով հարցի նրբությունը և այն հանգամանքը, որ քննություն է ընթանում: Հուսանք՝ այն օբյեկտիվ ու լիարժեք կլինի:

    Հատկանշական է, որ, ի տարբերություն քաղաքական բռնաճնշումների դեպքերի, այս անգամ երբեմնի իրավապաշտպան հանրույթը որոշեց վերջապես ձայն հանել: Ու շուրջ մեկուկես տասնյակ ՀԿ-ներ հանդես եկան բավականին խիստ ու նաև որոշակի անելիքների հորդորներ պարունակող հայտարարությամբ:

    Այդ համատեղ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ամենաբարձր պաշտոնական մակարդակով սեփական կյանքին վերջ տալու դեպքերի պատճառների մասին խոսելիս մարդու իրավունքների պաշտպանության փոխարեն խնդիրը տեղափոխվում է զոհի հոգեբանական դիմակայության դաշտ, ինչն ուղղակիորեն ոլորտում պետության պատասխանատվությունից խուսափելու, դեպքերի իրական պատճառներն ու հանգամանքները կոծկելու միտում է պարունակում։ Մինչդեռ, մահվան դեպքերի ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ զինված ուժերում բռնությունը, զինծառայողների նվաստացումը կրում է շարունակական բնույթ և դրսևորվում է ինչպես ֆիզիկական բռնությամբ, այնպես էլ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տարբեր դրսևորումներով, ահաբեկմամբ, ինչպես նաև պաշտոնեական կամ փաստացի իշխանության երկարատև չարաշահմամբ։ Առավել մտահոգիչ է, որ զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունները և բռնությունը կարող են դրսևորվել տևական ժամանակ, ինչպես նաև զինծառայողների խմբային մասնակցությամբ՝ առանց պատշաճ վերահսկողության և կանխման մեխանիզմների պատշաճ կիրառման։ Պատշաճ իրավական գնահատականի չի արժանանում նաև տևական ժամանակ ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելու պրակտիկան, որը նախորդում է սեփական կյանքին վերջ տալու դեպքերի»:

    ՀԿ-ների մատնանշած հանգամանքներից յուրաքանչյուրը չափազանց խոսուն է: Ու առաջին հերթին դրանք վկայում են բանակում, Զինված ուժերում նշված ուղղություններով թերի աշխատանքի մասին (սա, եթե բավականին մեղմ արտահայտվենք): Իսկ եթե ավելի խիստ, ապա՝ բարձիթողի վիճակի մասին է խոսում այս ամենը:

    ՀԿ-ների հայտարարության մեջ նաև ուշադրություն է հրավիրվում զինծառայողների մահվան դեպքերով արդյունավետ քննության, պատշաճ իրավական գնահատականներ տալու, մարդու իրավունքների պաշտպանության առումով իրազեկվածության և ռեալ ապահովման համար բացատրական ու կազմակերպական քայլեր կատարելու, հոգեբանական աջակցության ապահովման անհրաժեշտությունների վրա:

    Նշված հայտարարությունն ստորագրած ՀԿ-ներից «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» էլ ավելի ծանր տվյալներ հրապարակեց: Այսպես. «2026 թվականի յոթ ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել է զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված»: Սրանք զուտ թվային «չոր» տվյալներ են, բայց չէ՞ որ այդ թվերից յուրաքանչյուրի տակ մարդկային ճակատագիր է, մարդկային կյանք, որդեկորույս ընտանիք, դժբախտացած ծնողներ…

    Բայց ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև այլ տվյալներ է ի մի բերել, որոնք չափազանց ուշագրավ են և խոսուն: Եվ այսպես, Զինված ուժերում մահացության դեպքերը 2010-2017 թթ. եղել են՝ ընդհանուր՝ 462, որից մարտական կորուստները՝ 163, ոչ մարտական կորուստները՝ 299, իսկ ահա 2018-2025 թթ. ցուցանիշներն այսպիսին են՝ ընդհանուր՝ 511, որից մարտական պայմաններում՝ 84, ոչ մարտական՝ 427: Ծանոթության կարգով հատուկ նշենք, որ նկատի չեն առնված 2016-ի «Ապրիլ յան» և 2020-ի՝ «44-օրյա» պատերազմների ժամանակ եղած կորուստները:

    Բայց անգամ առանց հատուկ վերլուծության էլ պարզորոշ տեսանելի է, որ «թավիշից» հետո՝ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում բանակում մահվան դեպքերի քանակն ավելացել է: Ըստ որում՝ «ոչ մարտական» պայմաններում մահվան դեպքերի թիվը փաշինյանական իշխանավարման շրջանում ավելացել է գրեթե մեկուկես անգամ:

    Սա՝ այն դեպքում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և քպական քարոզչությունը մատի փաթաթան են դարձրել բանակում կենցաղային պայմանների բարելավումը, «կլուբնիկ-կոտլետը», «մայկա-տռուսիկը»: Բայց, արի ու տես, որ իրականում մահվան դեպքերը, մանավանդ՝ ոչ մարտական պայմանների հետ կապված կորուստների քանակն աճել է: Սա էլ «չուզող» ընդդիմադիրները չեն ասում, իշխանությունների արևմտյան ՀԿ-ներն են ասում:

    Ավելին, վերոնշյալ ՀԿ-ները, հատկապես թվային տվյալների համեմատության ու վերլուծության մեջ չեն դիտարկում մի չափազանց կարևոր հանգամանք. 2010-17 թվականներին մենք ունեցել ենք թե՛ որակապես, թե՛ քանակապես այլ Զինված ուժեր: Եթե այս հանգամանքն էլ նկատի ունենանք, ապա էլ ավելի ակնհայտ կդառնա «նախկինների» ժամանակվա վիճակն արտացոլող տվյալների ու այժմյան ահավոր տվյալների աղաղակող տարբերությունը: Տարբերություն, որը եթե խոսակցական բառապաշարով ու խիստ հակիրճ բնութագրելու լինեինք, պիտի ասեինք… ասենք, բոլորդ էլ գիտեք այդ հայտնի բառը:

    Ամենևին հակված չենք նախկինում եղած վիճակն իդեալականացնելու: Ավելին, հասկանալի է, որ բանակում միջանձնային խնդիրներ միշտ էլ կարող են լինել և եղել են: Բայց, երբ երկրի իշխանությունը շարունակ գլխարկ է օդ թռցնում կամ ինքնածափահարում, թե՝ տեսե՜ք, այսինչ զորամասում նոր ճաշարան բացեցինք, այս, այն, ու միաժամանակ «խաղաղության» պայմաններում բանակում տասնյակներով զոհեր է տալիս, պետք է նման ղեկավարներին քարոզչական երկնոլորտից իջեցնել գետնի վրա:

    Զինված ուժերում բռնությունը բազմաթիվ հանգամանքներով կարող է պայմանավորված լինել՝ սկսած հոգեբանականից, վերջացրած կարգապահության թուլացումով, կրտսեր ու միջին սպայակազմի թուլությամբ ու ՊՆ ղեկավարության անպատասխանատվությամբ ու ոչ պրոֆեսիոնալիզմով: Անուղղակիորեն նման խայտառակ վիճակին կարող են նպաստել նաև երկրում տիրող իրավական բեսպրեդելը, իշխանության ղեկավարից ու, ընդհանրապես, իշխանությունից բխող ագրեսիվ հռետորաբանությունն ու կեցվածքը, հասարակության մեջ փոխադարձ ատելության ու թշնամանքի մթնոլորտի գեներացումը, ինչը չի կարող չպրոյեկտվել բանակի վրա: Կամ՝ երբ տարիներ շարունակ երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնողի կողմից վարկաբեկվում է բանակի հրամկազմը, գեներալիտետը, հասկանալիորեն նաև հրամանատարների հեղինակության խնդիրն է առաջ գալիս: Էլի շատ բաներ կարելի է նշել: Բայց դա ավելի մանրամասն, ավելի մանրակրկիտ քննարկման թեմա է…

    Բանակը «ֆուդ-կորտ» չէ, բանակն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն: Երկու գործոն, որ ներկայիս Հայաստանում բացակայում է գրեթե ցանկացած բնագավառում:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Հայաստանի տնտեսությունը 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով շարունակում է ցուցադրել թվային առումով բարձր տնտեսական ակտիվություն, սակայն այդ բարձր ցուցանիշների ներքո աստիճանաբար ավելի ակնհայտ են դառնում այն խնդիրները, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են սահմանափակել երկրի տնտեսական զարգացումը։

    Համաշխարհային բանկի 2026 թվականի հուլիսյան տնտեսական ամփոփագիրը հենց այս հակասական պատկերի լավագույն արտացոլումն է. մի կողմից՝ արձանագրվում է տնտեսական ակտիվության 11,7 տոկոս աճ մայիսին և 8 տոկոս աճ տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում, մյուս կողմից՝ փաստաթուղթը պարունակում է բազմաթիվ ազդակներ, որոնք վկայում են, որ տնտեսության ներկայիս աճը դեռևս չի վերածվել կայուն, հավասարակշռված և արտաքին ցնցումների նկատմամբ դիմակայուն զարգացման մոդելի։

    Առաջին հայացքից 11,7 տոկոս տնտեսական ակտիվության աճը կարող է ընկալվել որպես բացառիկ հաջողություն, սակայն ցանկացած տնտեսական գնահատական պետք է հիմնված լինի ոչ միայն աճի մեծության, այլև դրա որակի վրա։ Եթե տնտեսական աճը ձևավորվում է հիմնականում ծառայությունների ընդլայնման, սպառման աճի կամ արտաքին գործոնների ազդեցությամբ, ապա այն զգալիորեն ավելի խոցելի է, քան այն աճը, որը ձևավորվում է արդյունաբերության տեխնոլոգիական արդիականացման, բարձր արտադրողականության, արտահանման բազմազանեցման և ներդրումների ընդլայնման հաշվին։ Համաշխարհային բանկի տվյալները փաստում են, որ մայիսյան արագացումը պայմանավորված էր հատկապես ոչ առևտրայնացվող ծառայությունների՝ զբոսաշրջության, հյուրընկալության, տրանսպորտի և որոշ չափով նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներով։ Թեև ծառայությունների զարգացումը կարևոր է ցանկացած տնտեսության համար, այնուամենայնիվ, ոչ առևտրայնացվող ծառայությունները սահմանափակ ազդեցություն ունեն արտարժութային եկամուտների կայուն աճի վրա և հաճախ ավելի մեծ կախվածություն ունեն ներքին պահանջարկից ու արտաքին զբոսաշրջային հոսքերից։

    Զբոսաշրջության ոլորտում արձանագրված գրեթե 15 տոկոս աճը և մեկ միլիոնից ավելի այցելուների գրանցումը դրական ցուցանիշներ են, սակայն այստեղ ևս առկա է կառուցվածքային խնդիր։ Համաշխարհային բանկի տվյալներով, ժամանողների շուրջ 40 տոկոսը եկել է Ռուսաստանից։ Սա նշանակում է, որ Հայաստանի զբոսաշրջային շուկան շարունակում է զգալիորեն կախված մնալ մեկ երկրից։ Ցանկացած քաղաքական, տնտեսական կամ արժութային ցնցում Ռուսաստանում կարող է անմիջապես ազդել Հայաստանի զբոսաշրջության եկամուտների վրա։ Այդ կախվածությունը տարիներ շարունակ ձևավորվել է և այսօր շարունակում է մնալ տնտեսության խոցելիության կարևոր աղբյուրներից մեկը։ Նույնպիսի կախվածություն առկա է նաև արտաքին առևտրի ոլորտում։ Թեև վերջին տարիներին հաճախ է նշվում արտահանման աճի մասին, սակայն Համաշխարհային բանկի տվյալները ցույց են տալիս, որ արտահանման կառուցվածքը շարունակում է մնալ ոչ բավարար դիվերսիֆիկացված։ Մայիսին արտահանումը նվազել է 11,5 տոկոսով, իսկ տարվա առաջին հինգ ամիսներին՝ 3,7 տոկոսով։ Արտահանման անկման հիմնական պատճառներից մեկը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման կտրուկ կրճատումն էր։ Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ նախորդ տարիների արտահանման բարձր ցուցանիշների զգալի մասը պայմանավորված էր ոչ թե Հայաստանում ստեղծված նոր արտադրանքով, այլ վերաարտահանման գործառնություններով։ Երբ այդ գործոնը թուլացավ, արտահանման ընդհանուր պատկերը նույնպես վատթարացավ։

    Առանձնապես մտահոգիչ է դեպի Ռուսաստան արտահանման 15 տոկոս նվազումը։ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները Հայաստանի համար շարունակում են ունենալ առանցքային նշանակություն, և հենց այդ պատճառով Ռուսաստանում քաղաքական կամ տնտեսական փոփոխությունները անմիջապես անդրադառնում են հայկական տնտեսության վրա։ Համաշխարհային բանկը հատուկ ընդգծում է, որ Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական և պարենային ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումները կարող են ունենալ ոչ միայն առևտրային, այլև ավելի լայն մակրոտնտեսական հետևանքներ։ Եթե այդ սահմանափակումները շարունակվեն կամ ընդլայնվեն, դրանք կարող են ազդել տնտեսական աճի, զբաղվածության, գնաճի և սոցիալական վիճակի վրա։

    Տնտեսության մեկ այլ հիմնարար խնդիր գնաճն է։ Հունիսին այն հասել է 5,1 տոկոսի՝ գերազանցելով նախորդ ամսվա մակարդակը։ Հատկանշական է, որ գնաճի հիմնական շարժիչ ուժը սննդամթերքի գների աճն էր, որը կազմում է ընդհանուր գնաճի գրեթե երկու երրորդը։ Սա սոցիալական տեսանկյունից հատկապես կարևոր է, քանի որ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների սպառման կառուցվածքում սննդամթերքը զբաղեցնում է ամենամեծ բաժինը։ Այսպիսով, նույնիսկ եթե միջին աշխատավարձերը աճում են, սննդամթերքի արագ թանկացումը կարող է նվազեցնել բնակչության իրական գնողունակությունը։

    Հայաստանի տնտեսական զարգացման մեկ այլ առանցքային խնդիր շարունակում է մնալ արտաքին հաշվեկշռի վատթարացումը։ Արտահանումը նվազում է, ներմուծումը շարունակում է աճել, իսկ առևտրային հաշվեկշռի պակասուրդը հասել է կանխատեսվող ՀՆԱ-ի շուրջ 7 տոկոսի։ Սա նշանակում է, որ երկիրը շարունակում է ավելի շատ ապրանքներ գնել արտաքին աշխարհից, քան վաճառել։ Երկարաժամկետ հեռանկարում նման միտումը չի կարող համարվել կայուն, եթե այն չի փոխհատուցվում բարձրարժեք արտահանմամբ, արտադրողականության աճով կամ մեծածավալ ուղղակի ներդրումներով։

    Հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում ևս առկա են հակասական միտումներ։ Մի կողմից՝ հարկային եկամուտներն աճում են ավելի քան 15 տոկոսով, ինչը խոսում է տնտեսական ակտիվության և հարկային վարչարարության բարելավման մասին, սակայն մյուս կողմից՝ կապիտալ ծախսերի ավելի քան 54 տոկոս կրճատումը մտահոգիչ ազդակ է։ Կապիտալ ծախսերն այն ներդրումներն են, որոնք ստեղծում են ապագա տնտեսական աճի հիմքերը՝ ճանապարհներ, ենթակառուցվածքներ, էներգետիկ համակարգեր, դպրոցներ, հիվանդանոցներ, թվային ենթակառուցվածքներ։ Եթե դրանք կրճատվում են, ապա կարճաժամկետ բյուջետային հավասարակշռությունը կարող է բարելավվել, սակայն ապագա տնտեսական ներուժը կարող է սահմանափակվել։

    Այնպես որ, Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը, ինչպես նաև մյուս տնտեսական ցուցանիշները փաստում են, որ Հայաստանը պետք է շտապի մի շարք ուղղություններով նախաձեռնություններ ցուցաբերելու, բարեփոխումներ իրականացնելու և իրավիճակը բարելավելու ուղղությամբ, այլապես երկարաժամկետ հեռանկարում տնտեսական առումով լուրջ խնդիրների է բախվելու։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան


    Քաղաքականություն





    Մենք այլևս գործ ունենք Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ, ով գտնվում է անազատության մեջ՝ 2026 թվականի հուլիսի 21-ին հաջորդող ժամանակահատվածից: Այս մասին ՀԷՑ նախկին ղեկավարի ժ/պ Դավիթ Ղազինյանի դատական նիստի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը:

    «Դա միանշանակ առաջնահերթության կարգով քննության ենթակա հանգամանք է, ելնելով՝ Սահմանադրական դատարանի 1619 որոշումից, ելնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ օրերս կայացված որոշումից, որը վերաբերում է Նարեկ Կարապետյանին և նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից, որը ևս կբացահայտենք։ 

    Այսքանով գտնում եմ, որ Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության՝ առաջնահերթության կարգով՝ դրա վերացման տեսանկյունից»,-նշել է նա։ 

    Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել: Նրանց շարքում է նաև Դավիթ Ղազինյանը:



  • Պետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր Կամենդատյան





    Պետական բյուջեի՝ սոցիալական բեռն ու սակագնային ճնշումները մեղմելու հնարավորությունների սպառումը իսկապես ամենավտանգավոր կետն է, քանի որ այն ուղղակիորեն հարվածում է պետության ֆիսկալ կայունությանը:

     

    Երբ ներքին կամ արտաքին ցնցումները փորձ է արվում մեղմել բյուջետային սուբսիդիաներով, առաջանում են մի շարք համակարգային ռիսկեր.

     

    Բյուջետային սուբսիդավորման սպառման հետևանքները

    Բյուջեի դեֆիցիտի աճ և պետական պարտք. Սուբսիդիաների երկարաձգումը պահանջում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք հաճախ ծածկվում են նոր ներգրավվող պարտքերի կամ այլ ոլորտների (օրինակ՝ կապիտալ ծախսերի) կրճատման հաշվին:

     

    Արդյունավետության կորուստ. Փոխանակ ֆինանսական ресурսներն ուղղվեն տնտեսական աճ ապահովող երկարաժամկետ ներդրումներին, դրանք «սպառվում են» ընթացիկ ծախսերը ծածկելու համար, ինչը դանդաղեցնում է տնտեսության զարգացումը:

     

    Ֆիսկալ տարածքի (Fiscal Space) սպառում. Երբ պետության ֆինանսական «բարձիկը» սպառվում է, կառավարությունը զրկվում է հետագա հնարավոր տնտեսական ցնցումներին արագ արձագանքելու գործիքակազմից:

     

    Սոցիալական դժգոհության կտրուկ պայթյուն. Սուբսիդավորման դադարեցումը կամ կրճատումը բերում է սակագների թռիչքաձև աճի, ինչը հանրության կողմից ընկալվում է որպես պետության կողմից սոցիալական պաշտպանվածության երաշխիքների կորուստ:



  • «Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ Վարդևանյան





    «Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, մեկ միլիարդ դրամ գրավը ո՞րն է, ինչի՞ հիման վրա է այդ գումարը առաջարկվում։ Աբսուրդային է նաև վարչական հսկողությունը՝ էլեկտրոնային սարքով։ Բացակայելու արգելք կիրառելը ներկայացուցչական մանդատ ունեցող անձի նկատմամբ, որ խորհրդարանական դիվանագիտության գործընթացում չներառվի՞»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի գործով նիստում հանրային մեղադրողի առաջարկի մասով իր տարակուսանքն արտահայտեց պաշտպան Արամ Վարդևանյանը։



  • Oragir.live | «Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի


    Քաղաքականություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանում «լքված շենքերի» ճակատագիրն արդեն հնարավոր կլինի հստակեցնել՝ լուծելով նաև հնարավոր վտանգների կանխման, բնակչության անվտանգության, բնականոն կենսագործունեության և տարածքների արդյունավետ օգտագործման խնդիրները։ Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

    ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 982-Ն որոշմամբ հաստատվել է տեխնիկական վիճակից ելնելով՝ բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը և շինությունները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը, որը մշակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ։ Այն վերաբերում է ինչպես չշահագործվող և անավարտ, այնպես էլ անմխիթար վիճակում գտնվող շենքերին ու շինություններին։

    Շենքը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու հիմքեր կարող են լինել ֆիզիկական մաշվածության բարձր աստիճանը, արտակարգ իրավիճակի, երկարատև կամ ոչ պատշաճ շահագործման, երկարատև չշահագործման հետևանքով անմխիթար վիճակը, ինչպես նաև եթե շենքի վերականգնման, ուժեղացման կամ վերակառուցման համար անհրաժեշտ միջոցները գերազանցում են հաստատված մեթոդաբանությամբ նախատեսված սահմանաչափը։

    Շենքի կամ շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելու հանգամանքը հաստատվում է լիցենզավորված կազմակերպության տված տեխնիկական վիճակի հետազննման եզրակացությամբ։

    Մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող պետական կամ համայնքային շենքերի դեպքում ոչ պիտանի ճանաչելու որոշումն ընդունում է համապատասխանաբար Պետական գույքի կառավարման կոմիտեն կամ համայնքի ղեկավարը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը։

    Նշված մակերեսը գերազանցող շենքերի դեպքում որոշումն ընդունում է Կառավարությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջարկությամբ։

    Սահմանվել են նաև ներկայացվող փաստաթղթերի կազմը, դրանց ուսումնասիրման ժամկետները և իրավասու մարմինների լիազորությունները։

    Կարգի դրույթները չեն կիրառվում այն շենքերի նկատմամբ, որոնց քանդումը նախատեսված է Կառավարության հավանությանն արժանացած համապատասխան ծրագրով։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Քննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցեր


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ և պարեկային ծառայության ղեկավար Լևան Մաիսուրաձեի հետ։

     

    Քննարկվել են ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

     

    Անդրադարձ է կատարվել Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումներին և դրանք հնարավորինս կանխելու ճանապարհներին։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից





    «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:

    Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ընտրական հանցագործություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 10-րդ համարի թեկնածու Հայկ Սուքիասյանի նկատմամբ։

    Ավելի վաղ հայտնել էինք, որ կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը ևս ազատ է արձակվել։

    Տեսանյութը ՝ «Փաստ» առցանց օրաթերթ տելեգրամյան էջում




  • Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 19-ին Տավուշի մարզում շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել։

    Shamshayn.com-ի հաղորդմամբ՝  այդ օրը ժամը 17.50–ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ, 46-ամյա Աշոտ Հ․ «Nissan» մակնիշի և 39-ամյա Անատոլի Ա․ վարած, «Իջևան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։

    Վթարի հետևանքով Անատոլի Ա․–ի ուղևոր, «Իջևան» ԲԿ կենտրոնի բուժքույր, 60–ամյա Աիդա Ս․–ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Գ․Շամշյանի տեղեկություններով, հաջորդ օրը՝ հուլիսի 20-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Դիլիջանի բաժնին տեղեկացրել են, որ նշված վթարի պատճառով իրենց մոտ են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ, 74–ամյա Գրետա Զ․–ն և 41–ամյա Անուշ Բ․–ն, ովքեր հայտնել են, որ 1 օր առաջ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում ավտովթարի են ենթարկվել։


    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Անկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվեն





    Ադրբեջանին անկլավները՝ Տիգրանաշենը, Սոֆուլուն, Բարխուդարլուն, ինչպես նաև ճանապարհները փոխանցելով՝ Հայաստանը կորցնում է ռազմավարական կապը Սյունիքի մարզի հետ, նաև անվտանգային լուրջ խնդիրներ են առաջանում Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ կապող ճանապարհների համար։ Այս կարծիքին է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։

    Ըստ նրա՝ որքան էլ Հայաստանում հայտարարեն, թե շրջանցիկ ճանապարհներ են կառուցելու կամ արդեն իսկ կառուցում են, միևնույն է՝ խնդիրը դրանով չի լուծվում, և հենց Հայաստանի ներսում ականներ են տեղադրվում երկրի անվտանգության տակ։

    REGIONSTV-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ անկլավների հարցում մեր մոտեցումը մշտապես եղել է հետևյալը. Ադրբեջանը պետք է ներկայացնի կոնկրետ իրավական փաստաթղթեր, որոնք հաստատում են Հայաստանի Հանրապետության տարածքում իր անկլավների գոյությունը։

    «Մինչ օրս Ադրբեջանը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, որը կհավաստի Հայաստանի Հանրապետության տարածքում անկլավների առկայությունը։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ հատված կասկածի տակ դնելն ու Ադրբեջանի հետ քննարկումների մեջ մտնելը, ըստ էության, քրեորեն պատժելի արարք է, քանի որ դա ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ»,-պնդեց Մարուքյանը։

    Նրա խոսքով՝ քարտեզի վրա ընդամենը պատկերումը, հատկապես տարածքային բարդ խնդիրների համատեքստում, չի կարող հիմք հանդիսանալ իրավական հավակնությունների համար։ Նա կարծում է, որ Խորհրդային Միության քարտեզների վրայի «կտորները» դեռևս չեն նշանակում անկլավների գոյություն Հայաստանի Հանրապետության տարածքում։ «Քարտեզն ընդամենը նկար է, իսկ ցանկացած նկար պետք է ունենա ծանրակշիռ իրավական հիմնավորում։ Ինչո՞ւ է սա տեղի ունենում։ Չկա ոչ մի փաստաթուղթ, որը կհաստատի Հայաստանի Հանրապետության տարածքում անկլավների գոյությունը»,- հայտարարեց նա։

    Նա մատնանշեց պարադոքսալ մի իրավիճակ. «Ի սկզբանե Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն էր՝ Ադրբեջանից պահանջում էին ներկայացնել անկլավների վերաբերյալ փաստաթղթեր, Ադրբեջանը մինչ օրս դրանք չի ներկայացրել։ Բայց Հայաստանն արդեն սկսել է քննարկել, որ այո՛, անկլավներ կան, պետք է քննարկել ու տեսնել, թե ինչ կարելի է անել։ Հայաստանն արդեն իսկ անհիմն կերպով, ի սկզբանե ընդունել է իր տարածքում ադրբեջանական տարածքների առկայությունը կամ այն, որ ինքը վերահսկում է ադրբեջանական տարածքներ։ Արարատ Միրզոյանն այդ հայտարարությունն արեց Կապանում տեղի ունեցած հավաքի ժամանակ։ Եվ աբսուրդն այն է, որ նույնիսկ դրանից հետո նրանք այդքան ձայն են ստանում ու վերընտրվում»։

    Անդրադառնալով այն խնդիրներին, որոնք կարող են առաջանալ Հայաստանի համար այս տարածքների հանձնման դեպքում, ԼՀԿ առաջնորդը նշեց․«Հայաստանը, բնականաբար, կորցնելու է ռազմավարական ճանապարհները, որոնք իրեն կապում են Սյունիքի հետ, իր տարածքը կապում են իր իսկ այլ տարածքների և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ադրբեջանն այդ տարածքներում խաղաղ բնակեցում չի իրականացնելու, այլ տեղակայելու է ռազմական բազաներ և սպառնալու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այսինքն՝ դա ոչ մի դեպքում խաղաղ նպատակ չի հետապնդելու։ Հայաստանի տրոհման, անդամահատման և մասնատման քաղաքականություն, մի բան, որի մասին ես խոսում եմ արդեն շուրջ երեք տարի։ Մարդիկ լսում են, անտարբեր հետևում, բայց դրանից ոչինչ չի փոխվում»։

    Հուլիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ անկլավների և էքսկլավների հարցը լուծելու համար դիտարկվում է երկու հնարավոր տարբերակ. կա՛մ տարածքները մնում են այն պետությանը, որին պատկանում են դե յուրե, կա՛մ իրականացվում է դրանց հայելային փոխանակում։ Ըստ Փաշինյանի՝ տարբերկաներից մեկն, ըստ էության, սահմանազատման ընթացքում կողմերի միջև համարժեք տարածքների փոխանակումն է։

    Էդմոն Մարուքյանը կարծում է, որ հնարավոր փոխանակման մասին Փաշինյանի հայտարարություններն անհիմն են, քանի որ փոխանակման հարցը քննարկելու համար նախ պետք է հիմնավորվի, որ որևէ տարածք պատկանում է Ադրբեջանին, որից հետո միայն քննարկվի փոխանակման հարցը։

    «Առաջին փուլում այն հիմնավորումը, որ տարածքը պատկանում է Ադրբեջանին, որպեսզի հետո քննարկվի փոխանակումը, գոյություն չունի։ Ավելին, ես չեմ հավատում, որ Ադրբեջանը կհամաձայնի փոխանակման, կամ որ Հայաստանի ներկայիս կառավարությունն ի վիճակի է այդպիսի բանակցություններ վարել և հասնել այդ փոխանակմանը։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանն կուզի այդ այսպես կոչված տարածքները, որոնք իրենն է համարում. տեղակայել ռազմական կետեր՝ դրանով իսկ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Այդպես նա խոչընդոտներ կստեղծի ճանապարհներին, այդտեղ կբնակեցվեն ադրբեջանցիներով, Ադրբեջանը կպահանջի այդ տարածքներին կապող ճանապարհներ։ Հայաստանի առջև հազար ու մի խնդիր է ծառանում, և հենց Հայաստանի ներսում, ականներ են Հայաստանի անվտանգության համար»,- հայտարարեց Մարուքյանը։ Նրա համոզմամբ՝ հենց Հայաստանի անվտանգությունը կհայտնվի մշտական ռիսկի տակ։

    Մարուքյանը տարակուսանք հայտնեց՝ արդյոք հասարակությունը կընդունի՞ նոր զիջումները, թե՞ ոչ։

    Նրա դիտարկմամբ՝ որքան շատ է քննարկվում սահմանագծման և սահմանազատման հարցը, այնքան ավելի է կրճատվում Հայաստանի Հանրապետության տարածքը, ու խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունն ի վիճակի չէ Ադրբեջանի հետ նորմալ սահմանազատման գործընթաց իրականացնել։ «Նա միայն հանձնում է, միայն զիջում է, միայն տարածք է կորցնում։ Եթե Հայաստանը որևէ հարցում հրաժարվի, դա կարող է հանգեցնել պատերազմի, էսկալացիայի, քանի որ Հայաստանում չկա մի կառավարություն, որը կասի «ոչ»։ Ձևավորվել է զիջողների, դավաճանների և Հայաստանի ազգային շահերը ուրացողների մի խումբ։ Բնականաբար, ես այստեղ ոչ մի կոնֆլիկտ չեմ տեսնում, Ադրբեջանը կստանա այն ամենը, ինչ կցանկանա։ Ախորժակն ուտելիս է բացվում, և այն բացվել է, նրանք անդադար շարունակելու են պահանջներ ներկայացնել»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

    Այսպիսով, Էդմոն Մարուքյանի խոսքերն ընդգծում են Հայաստանի բանակցային ռազմավարության վերանայման օրհասական անհրաժեշտությունը։ Պայմանների պասիվ ընդունումից հրաժարվելն ու ինքնիշխանության և ազգային շահերի պաշտպանության սկզբունքների վրա հիմնված դիրքորոշման ձևավորումն այժմ ավելի քան արդիական է։