Category: Oragir.live

  • Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-ի


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-ի, մոտ 300 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, հաղորդում է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։

    Իտալիայի Նեապոլ քաղաքի մոտակայքում գտնվող Կամպի Ֆլեգրեյ հրաբխային շրջանում տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ։

    Խոսքը վերջին 40 տարվա ընթացքում տարածքում տեղի ունեցած ամենամեծ սեյսմիկ իրադարձությունների մասին է։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Նոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներ


    Մշակույթ





    Մաեստրո Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը՝ տաղանդավոր հայ երաժիշտներին ինտեգրելու միջազգային պրոֆեսիոնալ միջավայրում։ 2026 թվականի հուլիսը հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի երկու կրթաթոշակառուների՝ թավջութակահար Արեն Թոփլաղալցյանի և ջութակահար Էդուարդ Դայանի համար վերածվեց ինտենսիվ կրթական և համերգային ճանապարհորդության։

    Արեն Թոփլաղալցյանի հաջողությունները Իտալիայում և Շվեյցարիայում

    13-ամյա թավջութակահար Արեն Թոփլաղալցյանի ամառային կրթական ուղին հագեցած էր երկու կարևոր միջազգային հարթակներում մասնակցությամբ։ Հուլիսի 6-12-ը Արենը մասնակցեց Իտալիայի Կիետի քաղաքում անցկացվող Chieti Classica 9-րդ միջազգային երաժշտական փառատոնին՝ հանրահայտ դաշնակահար Ջուլիանո Մացոկանտեի ղեկավարությամբ։ Փառատոնի շրջանակում Արենը ստացավ արժեքավոր պրոֆեսիոնալ փորձ՝ մասնակցելով 5 վարպետության դասի անվանի թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ։ Այցի ընթացքում նա ոչ միայն ունկնդրեց Չաուշյանի համերգը, այլև հանդես եկավ Chieti Classica Youth – “Space for Young People!” խորագրով համերգում՝ ցուցադրելով իր կատարողական հմտությունները։

    Կրթական ճանապարհը շարունակվեց Շվեյցարիայի Սիոն քաղաքում, որտեղ հուլիսի 13-19-ը Արենը մասնակցեց հեղինակավոր Tibor Varga երաժշտական ակադեմիային։ Պրոֆեսոր Դենիս Սևերինի հետ 5 վարպետության դասերի ընթացքում Արենը կատարելագործեց իր տեխնիկան և ստեղծագործական մոտեցումները՝ հանդես գալով թե՛ որպես մենակատար, թե՛ ակադեմիայի մասնակիցներից կազմված քառյակի կազմում։Էդուարդ Դայանի կատարելագործման ուղին Շվեյցարիայում

    Ջութակահար Էդուարդ Դայանը (17տ.) հուլիսի 10-19-ն անցկացրեց Շվեյցարիայի Ռայնաու քաղաքում՝ մասնակցելով Youth Classics Swiss International Music Academy (SIMA) երաժշտական ակադեմիային։ Գեղարվեստական ղեկավար, ջութակահար Ֆիլիպ Դրագանովի ղեկավարությամբ անցկացվող ակադեմիան անցավ «Մուզիկինզել Ռայնաու» («Երաժշտական կղզի Ռայնաու») կամպուսում։

    Էդուարդը հագեցած օրակարգ ուներ` 4 անհատական վարպետության դաս՝ պրոֆեսոր Ֆիլիպ Դրագանովի հետ, 4 կամերային անսամբլի դաս՝ գերմանացի ալտահար Հարտմուտ Ռոհդեի հետ, 4 համերգային ելույթ (3 մենահամերգ և 1 կամերային անսամբլ)։

    Կարևոր իրադարձություն էր Ցյուրիխի արվեստների համալսարանում կայացած գալա համերգին մասնակցությունը՝ Bodensee Philharmonie Konstanz նվագախմբի հետ։ Բացի կատարողական դասերից, Էդուարդը հնարավորություն ունեցավ հանդիպելու ջութակի պատրաստման համաշխարհային մակարդակի վարպետներ Շտեֆան-Փիթեր Գրայների և Շտեֆան վոն Բերի հետ՝ քննարկելով գործիքի ձայնային կատարելագործման և օպտիմալացման նրբությունները։

    Կրթությունը՝ որպես ապագայի հիմք

    «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների այս միջազգային այցերը ոչ միայն մասնագիտական վարպետության բարձրացման, այլև աշխարհի տարբեր երկրների երաժշտական ավանդույթների հետ հաղորդակցվելու հրաշալի հնարավորություն էին։ Մենք հպարտ ենք մեր կրթաթոշակառուների նվիրվածությամբ և համոզված ենք, որ այս փորձառությունը նորանոր գագաթներ նվաճելու հիմք կդառնա։Հիմնադրամը շարունակում է աջակցել տաղանդավոր պատանիներին՝ հնարավորություն տալով նրանց սովորելու և ելույթ ունենալու աշխարհի առաջատար երաժշտական հարթակներում։




  • Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    ԱԺ նոր գումարման առաջին նիստից հետո հնգօրյա ժամկետում կձևավորվի «նոր» կառավարությունը, որն էլ քսանօրյա ժամկետում խորհրդարանի հաստատմանը կներկայացնի իր ծրագիրը: Հաշվի առնելով, որ նոր կառավարությունը «նոր» է լինելու զուտ ձևականորեն, մինչ նոր ծրագրի հաստատումը հարկ ենք համարում անդրադառնալ նաև արդեն իսկ հաստատված որոշ ծրագրերի, այս դեպքում՝ ՀՀ կառավարության 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրին:

    Այս փաստաթղթի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն պարունակում է մի շարք հիմնարար հակասություններ, որոնք ոչ միայն հարցականի տակ են դնում ներկայացված կանխատեսումների իրատեսականությունը, այլև խորացնում են այն մտահոգությունները, որոնք վերջին տարիներին արդեն իսկ ձևավորվել են Հայաստանի տնտեսական կառավարման արդյունավետության շուրջ։

    Մասնավորաբար, «Լույս» հիմնադրամի կողմից ծրագրի առանցքային ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ վաղն իր լիազորություններն ավարտող, բայց մի քանի օրից փաստացի նորից լիազորություններ ստանձնող կառավարությունը շարունակում է իր տնտեսական քաղաքականությունը կառուցել չափազանց լավատեսական կանխատեսումների վրա՝ միաժամանակ ընդունելով, որ այդ կանխատեսումների իրականացման ճանապարհին առկա են բազմաթիվ, հիմնականում՝ բացասական ռիսկեր։

    Ծրագրի ամենահակասական դրույթներից մեկը տնտեսական աճի կանխատեսումներն են։ Կառավարությունը 2026 թվականի համար նախատեսում է 5,4 տոկոս տնտեսական աճ, որը, ըստ ծրագրի, պետք է աստիճանաբար արագանա և 2029 թվականին հասնի 6,1 տոկոսի։ Առաջին հայացքից նման ցուցանիշները կարող են տպավորիչ թվալ, սակայն խնդիրն այն է, որ միջազգային ֆինանսական կառույցների և հեղինակավոր տնտեսական կազմակերպությունների կանխատեսումները զգալիորեն ավելի պահպանողական են։ Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը միջնաժամկետ զարգացման իր ամբողջ տրամաբանությունը կառուցում է այնպիսի սցենարի վրա, որի նկատմամբ արտաքին մասնագիտական հանրությունը զգալի վերապահումներ ունի։

    Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ հենց ծրագրի հեղինակներն են ընդունում տնտեսական աճի կանխատեսումների շուրջ առկա մեծ անորոշությունները։ Փաստաթղթում հստակ նշվում է, որ տնտեսական զարգացման հեռանկարները պարունակում են ինչպես դրական, այնպես էլ բացասական ռիսկեր, սակայն ընդգծվում է, որ դեպի ներքև ուղղված ռիսկերը գերակշռող են։ Այլ կերպ ասած՝ կառավարությունն ինքն է արձանագրում, որ իր մշակած հիմնական մակրոտնտեսական սցենարի շեղման հավանականությունն առավել մեծ է բացասական ուղղությամբ։

    Բայց, սրանով հանդերձ, ծրագրի հիմքում դրված հիմնական կանխատեսումները կառուցված են ոչ թե «ամենահավանական», այլ առավելապես «ցանկալի» սցենարի վրա։ Նման մոտեցումը կարող է քաղաքական տեսանկյունից հարմար լինել, սակայն տնտեսական կառավարման տեսանկյունից այն լուրջ վտանգներ է պարունակում, քանի որ իրականության և պլանավորման միջև ձևավորվող տարբերությունը հետագայում վերածվում է բյուջետային ճնշումների, լրացուցիչ պարտքերի և չիրականացված ծրագրերի։

    Տնտեսական աճի վերաբերյալ կառավարության լավատեսության հիմնավորումները ևս լուրջ հարցեր են առաջացնում։ Դրանք մեծապես կապված են այնպիսի գործոնների հետ, որոնց ազդեցությունն արդեն իսկ նվազման միտում ունի, կամ որոնց իրականացումը վերջին տարիներին անընդհատ հետաձգվել է։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի Ամուլսարի հանքավայրի շահագործման թեման։ Տարիներ շարունակ տարբեր միջնաժամկետ ծրագրերում կրկնվել է նույն կանխատեսումը, ըստ որի՝ հանքավայրի շահագործումը պետք է մեկնարկեր և զգալի դրական ազդեցություն ունենար տնտեսական աճի վրա։ Սակայն իրականությունը ցույց է տվել, որ այդ ակնկալիքները չեն իրականացել, իսկ ծրագրային փաստաթղթերում նույն կանխատեսման կրկնությունը ժամանակի ընթացքում ավելի շատ հիշեցնում է ցանկությունների ցանկ, քան տնտեսական հիմնավորված հաշվարկ։ Երբ նույն խոստումը տարիներ շարունակ հետաձգվում է, դրա ներառումը հերթական ծրագրում ոչ թե վստահություն է ներշնչում, այլ հակառակը՝ ուժեղացնում է թերահավատությունը։

    Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մյուս կարևոր առանձնահատկությունը պետական ֆինանսների աճող ծանրաբեռնվածությունն է։ Ըստ ներկայացված տվյալների, 2029 թվականին պետական բյուջեի ընդհանուր ծախսերը կհասնեն 4 տրիլիոն 461 միլիարդ դրամի, ինչը 35 տոկոսով ավելի է 2025 թվականի մակարդակից։ Միաժամանակ, կառավարության պարտքը 5 տրիլիոն 355 միլիարդ դրամից կաճի մինչև 7 տրիլիոն 689 միլիարդ դրամ՝ ավելանալով ավելի քան 43 տոկոսով։ Այս թվերը վկայում են, որ առաջիկա տարիներին պետությունը շարունակելու է մեծացնել ինչպես ծախսերը, այնպես էլ պարտքային բեռը։ Թեև ծրագրում նշվում է, որ ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի հարաբերակցությունը կարող է նվազել տնտեսական աճի շնորհիվ, այդ մոտեցումը կրկին հիմնված է նույն լավատեսական կանխատեսումների վրա։ Եթե տնտեսական աճը լինի ծրագրում նախատեսվածից ցածր, ապա պարտքի հարաբերակցությունը կարող է ոչ թե նվազել, այլ նույնիսկ աճել։

    Առանձին խնդիր է պարտքի սպասարկման ծախսերի աճը։ Ծրագրի համաձայն, 2029 թվականին միայն տոկոսավճարների համար Հայաստանը պետք է վճարի շուրջ 493 միլիարդ դրամ, մինչդեռ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 349 միլիարդ դրամ։ Սա նշանակում է, որ ընդամենը չորս տարվա ընթացքում տոկոսավճարները կաճեն ավելի քան 42 տոկոսով։ Փաստացի, պետական բյուջեի ավելի ու ավելի մեծ հատված ուղղվելու է ոչ թե զարգացման ծրագրերի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության կամ սոցիալական խնդիրների լուծմանը, այլ նախկինում վերցված պարտքերի սպասարկմանը։ Այս միտումը երկարաժամկետ հեռանկարում սահմանափակում է պետության զարգացման հնարավորությունները և մեծացնում ֆինանսական կախվածությունը արտաքին և ներքին պարտատերերից։

    Ծրագրի իրատեսականության վերաբերյալ լուրջ կասկածներ են առաջացնում նաև բյուջետային ծախսերի կատարման հետ կապված տվյալները։ Վերջին տարիներին Հայաստանում ձևավորվել է մի իրավիճակ, երբ պետական բյուջեի ծախսերը պարբերաբար թերակատարվում են։ Այսինքն, կառավարությունը հայտարարում է որոշակի ծրագրերի իրականացման և ֆինանսավորման մասին, սակայն տարվա ավարտին պարզվում է, որ նախատեսված միջոցների զգալի մասը չի ծախսվել։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, 2026 թվականի առաջին եռամսյակում բյուջեի ծախսերը թերակատարվել են շուրջ 29,6 տոկոսով։ Այս պայմաններում դժվար է հիմնավորել այն կանխատեսումը, ըստ որի, ընթացիկ տարվա ծախսերը ոչ միայն ամբողջությամբ կիրականացվեն, այլ նույնիսկ կգերազանցեն նախապես հաստատված բյուջետային ցուցանիշները։ Եթե ընթացիկ տարվա գնահատականներն արդեն իսկ վիճահարույց են, ապա դրանց հիման վրա կառուցված 2027-2029 թվականների կանխատեսումները ևս չեն կարող լիարժեք վստահություն ներշնչել։

    Սակայն տնտեսական և ֆինանսական հարթության սահմանափակ ընկալումից դուրս տվյալ ծրագրի քննարկումը վեր է հանում առավել խորքային՝ քաղաքական և ռազմավարական հրամայականներ։ Հայաստանի իշխանությունների՝ մակրոտնտեսական ցուցանիշների, բյուջետային համամասնությունների և տոկոսային աճի վրա հիմնված տեխնոկրատական մոտեցումը թերի է, քանի որ այն շրջանցում է այն կենսական մարտահրավերները, որոնք անմիջական ազդեցություն են ունենում երկրի պետականակենտրոնության և ազգային անվտանգության ճարտարապետության վրա։ Ակնհայտ է դառնում վտանգավոր դիսոնանս տնտեսական գործիքակազմի և ազգային ռազմավարական հեռանկարի միջև։ Երբ պետությունը նախատեսում է հարկ վճարողների միջոցների կամ պետական պարտքի հաշվին միլիարդավոր դրամների լրացուցիչ ծախսեր, հանրային քննարկման և պետական կառավարման առանցքում պետք է լինի ոչ միայն ծախսման փաստը, այլև դրա արդյունավետությունը՝ ազգային շահերի պաշտպանության և միջազգային հարթակներում հայկական սուբյեկտայնության ամրապնդման համատեքստում։

    Տնտեսական աճը, որը չի ծառայում պետության դիմակայունության բարձրացմանը, կորցնում է իր կարևորությունը։ Այս համատեքստում անհրաժեշտ է վերաիմաստավորել պետական հաջողության չափանիշները, որոնք չեն կարող սահմանափակվել միայն ՀՆԱ-ի աճով կամ հարկային մուտքերի ծավալով։ Ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում պետության արդյունավետությունը չափվում է քաղաքական սուբյեկտայնության և ազդեցության, պատմական հիշողության ու ինքնության պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիական անվտանգության ու իրավունքների երաշխավորման համալիր ցուցանիշներով։ Միայն տնտեսական ցուցանիշների վրա կենտրոնացումը՝ առանց դրանք ազգային անվտանգության հայեցակարգին ենթարկելու, կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ պետությունը ֆինանսապես դառնում է ավելի ունակ, սակայն ռազմավարական առումով ավելի անպաշտպան, ուստի իշխանությունների առաջնահերթությունը պետք է լինի տնտեսական պոտենցիալը պետականության ամրապնդման ռազմավարական գործիքի վերածելը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Oragir.live | Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»


    Քաղաքականություն





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Օրերս կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես վաղուց այդ աճեցված ձուկը չեմ օգտագործում, շատ վաղուց: Որովհետև ինձ համար ակնհայտ է, որ էդտեղ խնդիր կա»: Սա սոսկ գաստրոնոմիական հայտարարություն չէ, այստեղ մի քանի խորքային խնդիր կա:

    Առաջին: Երբ ռուսական կողմի դժգոհությունների և սահմանափակումների հետ կապված՝ հարց էինք բարձրացնում, որ եթե նրանք ճիշտ են ասում (կրկնում ենք՝ ԵԹԵ), ապա Հայաստանի բնակչությունն էլ ապահովագրված չէ վտանգավոր սննդամթերք օգտագործելու առումով (ի վերջո, նույն սննդամթերքը միայն ՌԴ չի գնում, նաև այստեղ ենք սպառում), ՍԱՏՄ-ն և այլ պատկան մարմիններ պնդում էին, որ ոչ մի բան էլ չկա, ամեն ինչ ստուգված է, «արխային կերեք»: Հիմա երկրի վարչապետի մակարդակով ասվում է, որ «խնդիր կա», այն էլ՝ այնպիսի խնդիր, որ ինքը վաղուց չի օգտագործում այդպիսի ձուկ: Նախկինում էլ նա ակնարկել էր, որ խնդիր կա գյուղմթերքի հետ: Ի դեպ, հավել յալ հիշեցնենք, որ ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա ասում էր. «Առանձին ընկերությունների մոտ խնդիրներ կան, և այդպես է ամենուր, նաև՝ Ռուսաստանում։ Բայց, ընդհանուր առմամբ, մենք ունենք շատ լավ վերահսկողության համակարգ, և շարունակում ենք բարելավել մեր գյուղատնտեսական արտադրանքի որակը»։

    Երկրորդ, որ պակաս կարևոր չէ ու բխում է առաջինից: Եթե իսկապես «խնդիր կա», ընդ որում՝ այդ մասին երկրի վարչապետը գիտի վաղուց, ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնել, ինչո՞ւ չի հանձնարարել ստուգել իրավիճակը: Չէ՞ որ Հայաստանի քաղաքացիներն անընդհատ օգտագործում են այդ նույն ձուկը (և ոչ միայն ձուկը): Ստացվում է՝ կարևորն ինքն է, ինքը տեղյակ է ու «վաղուց չի օգտագործում», իսկ մնացածը՝ հե՞չ, մնացածի կյանքի ու առողջության վրա թքած ունի՞:

    Իսկ եթե խնդրենք՝ գոնե կասի՞՝ էլ ինչ չի օգտագործում, էլ որտեղ «խնդիր կա», իմանանք, էլի…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



  • Ընտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախում


    Քաղաքականություն






    Այս թողարկման մեջ վերլուծության են ենթարկվում Հայաստանի քաղաքական դաշտի վերջին զարգացումները, ընտրական ցուցակների կազմավորման տրամաբանությունն ու երկրի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերները։ Քննարկվում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ցուցակը, ինչպես նաև այն սխալները, որոնք թույլ են տրվել իշխանափոխության ծրագրի իրագործման և նախընտրական քարոզարշավի ընթացքում։

    Միևնույն ժամանակ, տեսանյութում անդրադարձ է կատարվում տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումներին ու Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի հնարավոր փոփոխություններին։ Քննարկվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, ԵԱՏՄ շրջանակներում առկա տնտեսական ու լոգիստիկ խոչընդոտները, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ վիճակը։



  • «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Քաղաքական հետապնդումների շղթան որևէ կերպ չի ընդհատվում։ Այս ի՞նչ մոլուցք է բոլորին կալանավորելը։ «Այդ մարդու խառնվածքի և իշխանատենչության հետ է կապված, իշխանազավթման, ահաբեկչական ու, ինչու ոչ, նաև ռասիստական մտածողությունն է, որը ստեղծում է իր մոտիվացիան, այսինքն՝ ամբողջ աշխարհը պետք է իմ պես լինի, ով իմ պես չէ, պետք է չլինի։ Սա նոր բան չէ, դա տեսել ենք թե՛ բոլ շևիկների, թե՛ Հիտլերի, թե՛ երիտթուրքերի կողմից։ Մյուսը՝ հակակշիռ չլինելու պատճառն է։ Եթե ժամանակին այսպիսի մոտեցումները զսպում էին ժողովրդավարությամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունները, ապա հիմա կանաչ լույս են վառել և ոչ միայն թույլատրում, այլ նաև խրախուսում են նրա գործողությունները, որովհետև այդ կենտրոններն արդեն ոչ թե արժեքաբանական գործունեություն են ծավալում, այլ կոնկրետ պատերազմական գործողություններ։ Նրանց համար կարևոր չէ, թե Հայաստանում քանի մարդու իրավունքներ կտուժեն, կարևոր է, որ իրենց ռազմավարությունների հարցում առաջխաղացում լինի։ Դրա համար Հայաստանը և Հայաստանի քաղաքացին հայտնվել են այսպիսի ծանր իրավիճակում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է իրավապաշտպան, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը։

    Զուգահեռ իշխանությունը նաև սահմանափակում է Հայաստանի քաղաքացիների ընտրելու իրավունքը, այն է՝ ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ կլինի վերջին երկու տարում առնվազն 366 օր ապրել Հայաստանում, և ոտնահարում է քաղաքացիների ընտրելու իրավունքը, այն է՝ քաղաքացիների ձայները, որոնք քվեարկել էին ԲՀԿ-ի օգտին, ուղղակի առոչինչ համարվեցին։ «Փաստորեն, նա, ով չի ընտրում Նիկոլ Փաշինյանին, ում գլխին «զենք չեն դրել», որ ընտրի Նիկոլ Փաշինյանին, ով շանտաժի չի ենթարկվում, նա իրենց թշնամին է։ Նույնը մաֆիայի պարագայում է։ Նրան չի հետաքրքրում կարգ ու կանոնը։ Նրան հետաքրքրում է՝ ո՞վ է իր ազդեցության գոտում, իսկ ով իր ազդեցության գոտում չէ, հակառակորդ է, թշնամի։ Հայաստանի ընտրողն այս մարդկանց համար թշնամի է, ժողովրդավարությունն այս մարդկանց համար թշնամի է, որովհետև ժողովրդավարությունը և ընտրողը, քաղաքացին, վնասում են իրենց իշխանությանը։ Չեն կարող վերարտադրվել, իրենց ապօրինություններն անել, կեղեքել Հայաստանի քաղաքացուն, եթե լինեն ազատ և արդար ընտրություններ։ Ամեն ինչ սկսվեց, երբ խոչընդոտեցին արցախցիների մասնակցությունն ընտրություններին, դիտավորյալ ուշացնում էին քաղաքացիության տրամադրումը, ընդ որում՝ նրանց ապօրինի էին զրկել քաղաքացիությունից։ Ջնջեցին մարդկանց քաղաքացիությունը, սկսեցին արհեստական խոչընդոտներ ստեղծել, որպեսզի արցախցիները չմասնակցեն խորհրդարանական ընտրություններին։

    Բայց գիտեմ բազմաթիվ արցախցիների, որոնք ընտրություններից հետո անձնագրեր ստացան։ Կարծես ասեն՝ ձեզ քաղաքացիությունից, ձեր տուն-տեղից զրկել ենք, ձեր վերադարձի իրավունքի մասին չենք խոսում, Արցախում մշակութային ժառանգությունը վերացնում են, ձայն չենք հանում, բայց դուք չեք կարող ընտրություններով բողոքել դրա համար և մեզ հեռացնել, որ գա նոր իշխանություն և զբաղվի ձեր հարցերով: Եթե ձեզ տանք քաղաքացիություն, բնականաբար, մեր դեմ եք քվեարկելու, որովհետև ձեզ հայրենազրկել ենք, զրկել սեփականությունից և այլն։ Այս ամենը հաշվի առնելով՝ պետք էր արցախցիներին հանել ընտրական պայքարից։ Հետո սկսվեց զազրախոսությունը Ռուսաստանից եկած հայերի հանդեպ։ Մարդը գալիս է իր ընտրական իրավունքն իրացնելու, սրանք ինչ հերյուրանք ասես չեն տարածում, ընդ որում՝ սրանց բերանից դուրս եկած ամեն բառն է հերյուրանք, դա գիտենք սկսած դեռևս 44-օրյա պատերազմից և, ինչու չէ, Բագրատ Սրբազանին և նրա մտերիմներին ահաբեկիչ անվանելուց։ Սկսեցին ոչ միայն վարկաբեկել մարդկանց, այլ նաև պատժել՝ ուղարկելով 25-օրյա վարժական հավաքների։ Նախ՝ բանակի հեղինակությունն են գցում այն իմաստով, որ բանակի կարգավիճակը, հայրենիքի պաշտպանությունը պատժի տեղ չէ, բանտախուց չէ, որ ցանկանաս մարդուն պատժել։ Փոփոխեցին նաև բանակի իմաստն այդ առումով։ Ստացվում է, որ մարդուն ասում են՝ քեզ կպատժենք, եթե ընտրական իրավունքդ իրացնես։ Հաջորդը եղավ արտասահմանում բնակվող հայերի թեման։ Նրանց անհրաժեշտ է նվազեցնել ընտրողների քանակը, որ կարողանան Սահմանադրական հանրաքվե անցկացնել։ «Հանրաքվեի մասին» օրենքով առնվազն 25 տոկոս մասնակցություն պետք է լինի, միևնույն ժամանակ մասնակիցների 25 տոկոսն էլ պետք է կողմ լինի հանրաքվեի դրված հարցին։ Ստացվում է, որ պետք է քչացնել ընտրողների թիվը, որ կարողանաս ավելի հեշտ անցկացնել Սահմանադրությունը։ Որևէ պարագայում գործ չունենք Սահմանադրության 2-րդ հոդվածի հետ, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Իշխանությունը զավթված է ժողովրդից, և իշխանությունը, զավթված լինելով ժողովրդից, անընդհատ ժողովրդի իրավունքները սահմանափակում է, որ կարողանա ընտրությունների և հանրաքվեների միջոցով իրականացնել իր իշխանությունը։ Սա է ամենակարևոր խնդիրը, որ բոլորս պետք է հասկանանք և պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար։ Իշխանության կամքը չի համընկնում ժողովրդի կամքի հետ, և, բնականաբար, ժողովուրդը պետք է ցանկանա ազատվել նրանցից և նաև արդարադատություն իրականացնել։ Իրենք էլ պետք է հակառակն անեն՝ «զենք դնեն» ժողովրդի գլխին և ասեն, որ չեն գնալու»,-նկատում է մեր զրուցակիցը։

    Ամեն ինչ արժեզրկելու այս ճանապարհին կրկին թիրախավորում են Եկեղեցուն, հոգևոր դասին և Կաթողիկոսին։ «Մի փոքր հստակեցում՝ ոչ թե նորից հարվածել Եկեղեցուն, այլ Եկեղեցու ոչնչացման ռազմավարությունը փոխել, ավելի ճիշտ՝ արդեն ունեցած արդյունքների հիման վրա նոր խաղ սկսել։ Եկեղեցին այն կառույցներից է, որը զբաղվում է հայերի իրավունքների պաշտպանությամբ։ Այս իշխանության համար այն խոչընդոտ է։ Խոսեցի խառնվածքի մասին՝ կա՛մ ոչ ոք չի լինի, կա՛մ բոլորը պետք է լինեն իմ պես։ Ո՞րն է «իր պեսը»։ Զազրախոս, դեղին մամուլի խմբագիր, որն աջ ու ձախ ամեն ինչ հանձնում է։ Տեսեք, թե ինչ է կատարվում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի նախկին պաշտոնակատար Լիպարիտ Դրմեյանի շուրջ։ Լրագրողը Դրմեյանին հարցրել էր՝ հնարավո՞ր է, որ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը Հայաստանը կյանքի չկոչի։ Որպես մասնագետ՝ Դրմեյանն ասել է՝ ոչ, պարտադիր է, պարտավորություններ կան, որոնց Հայաստանը միացել է։ Նրան ապօրինաբար աշխատանքից հեռացնում են, քանի որ մարդն ասել է մի բան, որը, իր մասնագիտության համաձայն, ճշմարիտ է։ Հիմա Դրմեյանի դեմ գործ է հարուցում, որովհետև նա մնացել է իր մասնագիտական կարծիքի տիրույթում, ոչ թե, օրինակ՝ արդարադատության նախարարի պես ենթարկվել է Փաշինյանին։ Ստացվում է, որ Հայաստանում մասնագետը չի կարող իր մասնագիտական կարծիքն արտահայտել, պետք է անպայման ասի նիկոլական կարծիք։ Գործ ունենք մի դիկտատորի հետ, որն ասում է՝ իրավունք չունես քո մասնագիտական ճիշտ կարծիքն ասելու, պիտի ասես այն, ինչը ես եմ համարում, որ այդպես պետք է լինի»,-հավելում է նա։

    Իսկ զրույցի վերջում անդրադառնում ենք ինքնիշխանության թեմային։ Իշխանյանն ասում է՝ որպես անհատներ՝ շատերս ինքնիշխան ենք, բայց հիմա գերության մեջ ենք և փորձում ենք այդ գերությունից ազատվել, որպեսզի մեր ինքնիշխանությունը տարածվի նաև մնացյալի վրա։ «Ինքնիշխանությունն այն է, երբ պաշտպանում ես քո ժողովրդի շահերը, իրավունքները։ Կարող ես ինքնիշխանություն բառը չօգտագործել, բայց, ասենք, Պրահայում Միշելի և Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, երբ քեզ ասեն՝ Արցախը հանձնի, ռուսական խաղաղապահներին այնտեղից հանի և այլն, արձագանքես՝ եթե Արցախը ճանաչեմ Ադրբեջանի կազմում, 150 հազար մարդ անտուն է մնալու, զրկվելու է իր սեփականությունից, մարդիկ ցեղասպանության են ենթարկվելու։ Բայց նա հակառակն է արել՝ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Ինքնիշխանն այն մարդն է, ով պաշտպանում է իր երկրի քաղաքացիների իրավունքները։ Պաշտպանո՞ւմ է, ոչ, հակառակը՝ սահմանափակում է։ Եվ երբ չես պաշտպանում քաղաքացիներիդ իրավունքները, հայտնվում ես հիմար իրավիճակներում, որտեղ ամեն մեկը քեզանից պահանջում է հանրաքվե իրականացնել։ Հնարավոր է՝ մի օր Էրդողանն էլ պահանջի հանրաքվե անել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ գլխարկ կամ գուլպաներ պետք է հագնի։ Ինքնիշխանությունը կախված է նրանից, թե որքան է քո քաղաքացին պաշտպանված»,-եզրափակում է Հովհաննես Իշխանյանը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Խոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութ


    Վիդեո





    Խոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն: Mining inovatiom summit-ում համատեղ աշխատանքը խորացնելու դիրքորոշումը հաստատվեց:

    Մեկօրյա գագաթնաժողովի կարևոր շեշտադրումները` տեսանյութում:



  • Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»

    «Մուլտի Ուելնես Կենտրոնին» պատկանող անշարժ գույքն անօրինական եղանակով իր սեփականությունը հռչակելուց հետո Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ «Մուլտի Ուելնես Կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է և գործելու է «Երևան Ուելնես Սենթր» նոր անունով։

    Համալիրի ողջ շարժական գույքը՝ մարզական գույք և սարքավորումներ, կահույք, oդափոխման և հովացման համակարգեր, համակարգչային տեխնիկա լվացքի մեքենաներ, խոհանոցային գույք, հեռուստացույցեր և այլն, և այլն, պատկանում են «Մուլտի Ուելնես Կենտրոնին», դրանք դուրս չեն բերվել համալիրի տարածքից։

    Հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին և անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած «Երևան Ուելնես Սենթր» կազմակերպությանը։
    Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, թե ի՞նչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»։

  • Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»


    Քաղաքականություն





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Օրերս մի քանի կոմպոզիտորներից «Փաստն» ահազանգ ստացավ, որ Հայաստանի կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տունը երկարաժամկետ վարձակալության է տրվելու արտասահմանյան ինչ-որ ընկերության։ Կոմպոզիտորներն անհանգստացած են, որ մի կողմից՝ ստեղծագործական տունն այսպիսով կկորցնի իր առաջնային նշանակությունը, մյուս կողմից՝ իրենք լիարժեքորեն չեն կարողանա օգտվել դրա ընձեռած բոլոր հնարավորություններից։

    Կոմպոզիտորներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ միաժամանակ և՛ զարմացած, և՛ շատ վրդովված է նման լուրերից։ «Եթե լուրերը ճիշտ են, ապա այստեղ մեկ հարց է առաջ գալիս՝ ի՞նչ իրավունքով է ստեղծագործական տունը վարձակալությամբ տրվում։ Տարիներ շարունակ միության շենք անգամ չեմ մտնում ստեղծագործական մթնոլորտի պատճառով։ Հիմա ամեն ինչ շատ տխուր վիճակում է։ Իսկ առաջ Դիլիջանը երաժշտական կենտրոն էր։ Դա, իհարկե, Էդվարդ Միրզոյանի շնորհքն է, որ ժամանակին գտել էր դիլիջանյան այդ գողտրիկ անկյունը։ Ամեն տարի հավաքվում էին մեծագույն երաժիշտներ ամբողջ աշխարհից։ Քաղաքն ապրում էր շատ հետաքրքիր երաժշտական կյանքով։ Կցանկանայի, որ հիմա էլ նույնը լիներ։ Այն կարող էր ամբողջ աշխարհի համար երաժշտական կենտրոն դառնալ, այլ ոչ թե վերածվեր, օրինակ՝ սովորական հյուրանոցային համալիրի»։

    Ի դեպ, ըստ տեղեկությունների, հիմա էլ համալիրի առանձին հատվածներ (քոթեջներ) երկարաժամկետ վարձակալության են տրված մասնավորների, որպեսզի և՛ ստեղծագործական տունը աշխատի, և՛ վերանորոգում իրականացվի, և՛ միությունը գումար ունենա, և՛, ընդհանրապես, ստեղծագործական տունը չքանդվի, չավերվի: Ի դեպ, դեռ 2022 թ. միության նախագահն ինքն է այս մասին խոսել իր հարցազրույցներից մեկում (new-east-archive. org/): Հիմա, ըստ մեզ դիմած կոմպոզիտորների, ամբողջ համալիրը կարող է տրվել վարձակալության (կամ կառավարման):

    Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ։ Վերջինս, լսելով հարցը, նախ զարմացավ, թե ինչպես է լրագրողը 21-րդ դարում ճշտել իր հեռախոսահամարը, ապա մեր արձագանքից հետո ասաց, որ կարող ենք պայմանավորվել, հանդիպել Կոմպոզիտորների միությունում, և նա կպատասխանի մեզ հուզող բոլոր հարցերին։ Մենք երեկ գրավոր հարցում ենք ուղարկել ՀԿՄ՝ ակնկալելով տեղեկանալ, թե ինչ գործընթացներ են միության ստեղծագործական տան շուրջ, և թե ինչ կապ ունի այդ ամենի հետ իր որդին, ինչի մասին ակնարկում էին կոմպոզիտորները։ Պատասխան-պարզաբանում ստանալու դեպքում այն կներկայացնենք մեր ընթերցողների ուշադրությանը: Կներկայացնենք նաև փորձագիտական հանրության և կոմպոզիտորների կարծիքները:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



  • «Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ Զաքարյան





    Ըստ «Reuters» գործակալության՝ Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար: Ըստ էության, սա համաշխարհային առևտրի կարևորագույն երթուղիներից մեկում սեփական «ծովային տուրքերի» համակարգ ստեղծել է նշանակում:

    Գործակալության տվյալներով՝ եմենյան հութիների մոտ այս գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ նրանք հայտարարեցին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին և սկսեցին հարձակումներ իրականացնել թագավորության նավերի ու նավթային ենթակառուցվածքների վրա։

     

    Ինչպես նշում է «Reuters»-ը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու նախաձեռնությունը քննարկվել է հութիների պատվիրակության՝ Թեհրան կատարած այցի ընթացքում։ Նշենք, որ միայն նավթի համաշխարհային առևտրի պարագայում՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցով իրականացվում է մատակարարումների 10–12%-ը։ Նեղուցը համարվում է Եվրոպան, Ասիան և Մերձավոր Արևելքը կապող ծովային առևտրային ուղիներից կարևորագույնը։

     

    ԱՄՆ և Եվրոպական մի շարք քաղաքական կենտրոններում առաջ է եկել մտահոգություններ, որ Հորմուզի և Բաբ էլ Մանդեմի նեղուցներում ստեղծվող իրավիճակը կարող է դառնալ «Պանդորայի արկղը» աշխարհի այլ ծովային երթուղիների պարագայում:

     

    Ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին Թրամփի և ԱՄՆ-ի համար կենսական նշանակություն կունենա մերձավորարևելյան խորացող ճգնաժամի հաղթահարման վճռական գործողություններ ձեռնարկելը։ Հակառակ դեպքում՝ նեղուցների օգտագործումը որպես քաղաքական ճնշման և սակարկության գործիք կարող է դառնալ նոր համաշխարհային թրենդ: Բացի այդ, ռեգիոնալ երկրներն արդեն սկսում են կասկածանքով վերաբերվել ԱՄՆ-ի գործողությունների արդյունավետությանը՝ մտահոգվելով դրանց հնարավոր հետևանքներով։

    Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիայի ՊՆ-ն երեկ արդեն հայտարարել է «Ծովային անվտանգության ապահովման բազմազգ կոալիցիա» ստեղծելու հարցով հանդիպման անցկացման մասին: Կոալիցիայի նպատակը պետք է լինի ամրապնդել անվտանգությունն ու պաշտպանությունը Պարսից ծոցում, Կարմիր ծովում և Ադենի ծոցում։ Ըստ նախարարության՝ մերձավորարևելյան տասներեք պետություն աջակցություն է հայտնել «Ծովային անվտանգության ապահովման բազմազգ կոալիցիայի» ստեղծելու գաղափարին և ողջունել ծովային պաշտպանական կառույցների ստեղծման նպատակը։

     

    Խոսքը հետևյալ երկրների մասին է. Բահրեյն, Ջիբութի, Եգիպտոս, Հորդանան, Քուվեյթ, Մալդիվներ, Պակիստան, Կատար, Սոմալի, Սուդան, Թուրքիա և Եմենի Նախագահական խորհրդի կառավարություն:

    Ակնհայտ է, որ, եթե ձևավորվի այս «կոալիցիան» այն ուղղված է լինելու նաև Իրանի (և ոչ միայն) գործողությունների դեմ: Առայյժմ դժվար է ասել, թե ինչ դե՞ր ունի ԱՄՆ-ը այս գաղափարի մեջ:

    Հիմա կարևոր է հասկանալ, արդյո՞ք այն ԱՄՆ գործողությունների նկատմամբ վստահության նվազու՞մ է նշանակում: Գուցե հետագա ռազմական խոշոր աղետներից խուսափելու, ռեգիոնալ երկրների ջանքերը միավորելու և ընդհանուր խնդրի համատեղ լուծման փո՞րձ է: Թե՞ ԱՄՆ-ի հերթական ալյանսային նախաձեռնությունն է, որի նպատակն է լինելու Մերձավոր Արևելքում շահերի հակակշռումն ու երկարատև դիմակայության մեխանիզմների ձևավորումը: