Category: Newday.am

  • Փաշինյանը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել

    Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

    Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ:

  • Մխիթարյանին ցավեցրել էին խոսակցությունները, թե հավաքականն առանց նրա ավելի լավ է խաղում. Եղիշե Մելիքյան

    Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն Ազգերի լիգայում անցկացրած չորս հանդիպումներից հետո հյուրընկալվել է Առաջին ալիքի «Լրացուցիչ ժամանակ» հաղորդմանը և ամփոփել թիմի ելույթները։ Նա խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքական վերադառնալու մասին։

    «Հենրիխ Մխիթարյանին անձամբ եմ հրավիրել հավաքական, բայց նա հրաժարվեց միանալ թիմին։ Մենք զրուցել ենք, հասկացել եմ նրան։ Բայց դրան հաջորդած մեկ տարվա ընթացքում ևս մի քանի ֆուտբոլիստներ հրաժարվեցին ելույթ ունենալ թիմում, ինչի պատճառով զայրացել էի ու արտահայտել հիասթափությունս։

    Մխիթարյանին անպայման ուզում եմ առանձնացնել, քանի որ նա հավաքականի լավագույն ռմբարկուն է և շատ բան է արել հայկական ֆուտբոլի համար։ Նա հերոս է ու լեգենդար ֆուտբոլիստ։

    Տարիներ առաջ Մխիթարյանը վնասվածքի պատճառով երկու հանդիպում բաց թողեց, հավաքականը հաղթեց, ինչից հետո միանգամից սկսեցին խոսել, թե մեր ընտրանին առանց նրա ավելի լավ է խաղում, ինչը անհեթեթություն է։ Այդ խոսքերը նրան ցավեցրին ու նեղացրին։ Դա հավաքականից հրաժարվելու պատճառներից մեկն է։ Էլի պատճառներ կան, բայց դրանք իր անձնական գործն են, ես չեմ բարձրաձայնի։

    Ինձ համար ազգային հավաքականը վեր է ամեն ինչից։ Հիմա էլ Մխիթարյանին չեմ մեղադրում, պարզապես ափսոսում եմ, որ թիմում չէ։ Նրա սիրտը կոտրվել է, իսկ հավաքականում առանց նվիրվածություն զգալու չես կարող խաղալ։

    Առանձնացնեմ նաև Լուկաս Սելարայանին, որն այստեղ չի մեծացել, բայց հայկական արյուն ունի և իր պարտքը երկրի հանդեպ արդեն կատարել է։ Երբ առաջին անգամ հրավեր է ստացել, նույնիսկ Հայաստանի տեղը չի իմացել, բայց պարտավորություն է զգացել և օգնել է թիմին։

    Վերջում շատ անկեղծ խոստովանեց. «Մարզիչ ջան, էլ ի վիճակի չեմ խաղալ։ Տարիքս, ընտանեկան խնդիրներն ու թռիչքները թույլ չեն տալիս, որ նախկինի պես օգնեմ հավաքականին»։ Եվ մենք իրար հասկացանք, չնայած ես այլ կարծիք ունեի և գիտեի, որ ունակ է շարունակել ելույթները։ Շնորհակալություն Լուկասին՝ իր խաղի և նվիրվածության համար։

    Մնացած ֆուտբոլիստների դեպքում որևէ արդարացում ու հանգամանք չեմ ընդունում, շարունակում եմ հիասթափված մնալ»։

  • Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

    Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

    «2026 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ։

    Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։

    Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչի կողմից ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է:

    Նրա նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում:

    Նախաքննությունը շարունակվում է»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ

    Իրանի զինված ուժերն առաջիկայում կփակեն Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նագդին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Առաջիկայում կփակվի մի քանի երթուղի, որոնք անցկացվել են խախտողների կողմից՝ Հորմուզի նեղուցի ջրային տարածքում ժայռային տեղամասերի պայթեցման և ավերման միջոցով», — նրա հայտարարությունը մեջբերում է Fars գործակալությունը։

    Նագդիի պնդմամբ՝ նեղուցով ապօրինաբար արտահանվող նավթի ծավալը չափազանց աննշան է։

    «Չի կարելի ասել, որ Հորմուզի նեղուցը բաց է նման գործունեության համար, սակայն ոմանք օգտագործում են փոքր նավեր նավթի մաքսանենգության և այն լցանավերի վրա բեռնափոխադրման համար», — նշել է նա։

    Գլխավոր հրամանատարի խորհրդականն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ, քանի դեռ չեն կատարվել Իրանի օրինական պահանջները։

  • Տեսանյութ։ «Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի

    «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի:

    «Բեզոարյան այծերը Հայաստանի բնության արժեքավոր ներկայացուցիչներից են և ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։

    «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոթակարդները հնարավորություն են տալիս հետևելու կենդանիների վարքագծին՝ առանց նրանց բնականոն կենսագործունեությանը միջամտելու»,- գրված է տարածված տեսանյութին կից։

  • Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

    Հարսանեկան տեսանյութ, չբացահատված թեմաներ եւ նոր ասելիք․ Ռաֆայել Երանոսյանի թվով չորրորդ մոնոներկայացման՝ «Ծանր ու թեթև»-ի պրեմիերան կլինի հոկտեմբերի 19-ին «Բոհեմ» թատրոնում։ Սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Թելման Առաքելյանը, Գարիկ Գևորգյանը և Գևորգ Սահակյանը: Բեմադրող ռեժիսորը Դավիթ Աբրահամյանն է, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։ Պաստառի լուսանկարի հեղինակը Արվին Քոչարյանն է, իսկ երաժշտական ձևավորումը արել է Վահե Գրիգորյանը։ Այս շրջանում ակտիվ փորձեր են անցկացվում, շտկվում են դետալները։ Հարսանեկան տեսանյութից հետո ավելի շատ հնչող «Ամուսնանո՞ւմ եք» հարցին Ռաֆայելը չպատասխանեց․ «Ներկայացման օրը կտամ պատասխանը»։

    https://www.youtube.com/watch?v=VtSK4m65ECk

  • ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում

    ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

    «Խորհրդակցություն Հայոց Եկեղեցու դեմ նախաձեռնված հակասահմանադրական քայլերի շուրջ:

    Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ, որի ընթացքում քննարկվեցին Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները և Ազգային ժողովի՝ Հայոց Եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները։

    Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց հանդիպման մասնակիցներին՝ Հայոց Եկեղեցու իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերած նախանձախնդրության համար՝ կարևորելով վերջիններիս մասնագիտական աջակցությունը՝ Եկեղեցու առջև ծառացած խնդիրների հաղթահարման իրավական ուղիների նախանշման գործում։

    Ապա ի.գ.դ., պրոֆեսոր տիար Գևորգ Դանիելյանը և փաստաբան, ի.գ.թ. տիար Արա Զոհրաբյանն անդրադարձան Հայոց Եկեղեցուն առնչվող նախաձեռնություններին՝ վարչապետի հանձնարարությամբ Եկեղեցու վերաբերյալ պատրաստված զեկույցին և Ազգային ժողովում այս կապակցությամբ ձևավորված քննիչ հանձնաժողովին։ Ներկայացվեցին նաև տեղեկություններ Եկեղեցուն և եկեղեցականներին առնչվող քրեական վարույթների ընթացքի, կայացված դատական ակտերի ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

    Խորհրդակցության մասնակիցները դատապարտեցին Հայոց Եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն գնահատելով որպես բացահայտ հակասահմանադրական և փորձ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։ Ընդգծվեց, որ Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել։ Նշվեց նաև, որ խորհրդարանական վերահսկողություն սահմանելու փորձերը հակասում են Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու ու կրոնական կազմակերպությունների ինքնավարության սահմանադրական սկզբունքներին, ինչպես նաև կրոնական ազատության պաշտպանության միջազգային չափանիշներին։

    Ներկայացվեցին առաջարկություններ՝ Հայոց Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական միջոցների կիրառման, ինչպես նաև Եկեղեցու բնականոն գործունեությունն ու հոգևոր ծառայությունը խաթարող խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ։

    Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերահաստատեց, որ Հայ Եկեղեցին մշտապես գործել և գործում է օրենքի սահմաններում, իսկ Մայր Աթոռի պահանջն է իրավունքի և օրենքի գերակայության ապահովումն ու Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը։ Նորին Սրբությունը կարևորեց ներկայացված մասնագիտական գնահատականներն ու առաջարկությունները՝ առկա խնդիրների հանգուցալուծման համար, և հայցեց Տիրոջ զորակցությունը արդարության և ճշմարտության պաշտպանությանն ուղղված իրավաբանների գործունեությանը»,- նշված է հայտարարության մեջ։

  • «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին

    «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Մասիս Շիրոյանը հրապարակային հարցեր է ուղղել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցություններին՝ կոչ անելով հստակ ներկայացնել իրենց դիրքորոշումները վերջին տարիների առանցքային քաղաքական և անվտանգային գործընթացների վերաբերյալ։

    «Հարցեր պառլամենտական` իրենց ասած ոչ լեգիտիմ ուժերին

    Ո՞ր կարևոր քաղաքական հարցերի շուրջ ունեք տարաձայնություններ, հարցը բովանդակության, ոչ թե ձևի մասին է

    1.Կո՞ղմ եք արդյոք Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը

    2. .Կո՞ղմ եք արդյոք Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուն

    3. .Կո՞ղմ եք արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին

    4. .Կո՞ղմ եք արդյոք Ալիևի և Փաշինյանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրին

    5. .Կո՞ղմ եք արդյոք օգոստոսի 8-ին ստորագրված ԹՐԻՓ-ի(Զանգեզուրի միջանցքի) պայմանագրին

    Հ.գ. Եթե կողմ չեք այս կետերին, որը Հայաստանի Հանրապետության համար բերել էր ՔՊ-ն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը, նշեք ձեր դիրքորոշումները հետևյալ հարցերի շուրջ, թե չէ իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում և չեք առաջարկում»-գրել է նա։

  • Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին

    Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան, մեծ հաշվով, տեղի չէր ունենա: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքին:

    «Դա սովորական կրիմինալ իրավիճակ է: Երբ ոստիկանություն են զանգում , պետք է սպասել ոստիկանության գործողություններին, եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան, մեծ հաշվով, տեղի չէր ունենա»,-ասել է նա:

  • Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան

    Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր, ԱԺ-ում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

    Պապիկյանի խոսքով՝ թերացումներ, բնականաբար, եղել են. «Այդ թերացումները ունեցել են և կունենան հետևանքներ, բայց ամբողջական հետևանքների մասին կարող ենք խոսել ծառայողական քննությունից հետո»։

    Նա նշեց նաև, որ մանրամասներ հնարավոր կլինի տրամադրել ծառայողական քննությունից և քննչական գործողությունների ավարտից հետո։