Category: FreeNews

  • Վահագն Խաչատուրյանը Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 14-ին Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

     

    Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Ալ Թանի ընտանիքին և Կատարի ժողովրդին՝ Կատարի Հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա ալ Թանիի մահվան կապակցությամբ՝ մաղթելով տոկունություն և ուժ ծանր կորստի պահին։

     

    Հանդիպման ընթացքում նախագահն արձանագրել է, որ շեյխ Համադ ալ Թանիի հմուտ առաջնորդությամբ իրականացված մեծածավալ բարեփոխումների արդյունքում Կատարի Պետությունը սրընթաց վերելք է ապրել։ Նախագահ Խաչատուրյանը մեծապես արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում շեյխ Համադ բին Խալիֆա ալ Թանիի ունեցած ավանդը։

     

    Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության օրակարգի հարցերին և տարածաշրջանային զարգացումներին։

  • Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը

    Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը: Թեմայի վերաբերյալ իրազեկման տեսանյութ է հրապարակել ՀՀ արդարադատության նախարարությունը:

    Մանրամասները՝ տեսանյութում:

  • Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար

    Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

    «Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։

    Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»,- հրապարակած տեսանյությում ասել է նախարարը։

  • Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը

    Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Մեկնարկը տրվել է Թամարա Ստեփանյանի հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Արտոյի երկիրը» դրամայով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

    Ֆիլմը 2025 թվականի օգոստոսին արդեն իսկ բացել է Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնը։ Դրանից ի վեր այն ճամփորդել է բազմաթիվ մայրցամաքներով և վերջապես ներկայացվել է իր հայրենի՝ Արտոյի երկրի հանդիսատեսին։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ որպես կինոյի ոլորտի բյուջետային ծրագիր։ Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

    Փառատոնի մեկնարկը տրվել է Chora Gavit: A Score for Moving Bodies տարածական երաժշտական ինստալացիա-պերֆորմանսով, որը կինոփառատոնի մուտքը վերածել է ստեղծագործական իրադարձության։ Այն իրականացվրել է hosq հիմնադրամի հետ համագործակցությամբ։  Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Տիգրան Վիրաբյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, դեսպաններ, հյուրեր, կինոգործիչներ և կինոսերներ։

    Միջոցառման շրջանակում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը միջազգային մրցույթի  ժյուրիի նախագահ,  ռեժիսոր Ջեսիքա Հաուսներին է հանձնել «Ոսկե ծիրանի վարպետ»մրցանակը։ Փառատոնային ծրագրում ընգրկվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։ Ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը, «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում։ Այն կտևի մինչև մինչև հուլիսի 19-ը։

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

    «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

    Ջերմորեն շնորհավորում եմ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առիթով։

    Հուլիսի 14-ն առանձնահատուկ խորհուրդ ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև ազատության, հավասարության և եղբայրության արժեքները կիսող բոլոր ժողովուրդների համար։ Այս օրը լավագույն առիթն է արժևորելու Ֆրանսիայի հարուստ քաղաքական և գաղափարական ժառանգությունը, որի հիմքում ընկած սկզբունքները դարձել են ժամանակակից ժողովրդավարական աշխարհի հիմնասյուներից։

    Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ հենց այդ արժեքների հիմքի վրա խարսխված՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են աննախադեպ մակարդակի՝ ձեռք բերելով նոր որակ և ռազմավարական բովանդակություն։

    Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով՝ քաղաքական երկխոսությունից և պաշտպանությունից մինչև տնտեսություն, ներդրումներ, ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, գիտություն, մշակույթ և ապակենտրոնացված համագործակցություն։ Միևնույն ժամանակ մեր համագործակցությունը հաջողությամբ ընդլայնվում է այնպիսի հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են նորարարությունները, արհեստական բանականությունը, կենսաբազմազանության պահպանությունն ու կլիմայական օրակարգը։ Վստահ եմ, որ համատեղ ձևավորած հավակնոտ օրակարգի հետևողական իրականացումը մեր գործընկերությունը կհասցնի առավել բարձր մակարդակի՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների։

    Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի առանցքային դերակատարությունն ու հետևողական աջակցությունը Եվրոպական միության հետ մեր երկրի գործընկերության խորացման, Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության օրակարգի ընդլայնման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ զարգացման գործում։

    Կցանկանայի վերստին ընդգծել, թե որքան բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայնության ամրապնդմանը և ժողովրդավարական զարգացմանը։ Առանձնակի երախտագիտությամբ եմ գնահատում այս ուղղությամբ Ձեր անձնական առաջնորդությունն ու հանձնառությունը:

    Վերստին շնորհավորելով Ձեզ և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին Ազգային տոնի առիթով՝ մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և շարունակական հաջողություններ, իսկ Հայաստանին ու Ֆրանսիային՝ նոր ձեռքբերումներ և մեր ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդում՝ ի շահ երկու ժողովուրդների։

    Ընդունեք խնդրեմ, մեծարգո՛ պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը։

    Բարեկամաբար՝ Նիկոլ Փաշինյան»:

  • Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի առգրավում տեղի չի ունենալու։

    Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից: 

    «Ընդամենն իրականացվել է ձիերի զննություն, ձիերի՝ տեղափոխելու հետ կապված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,- մանրամասնել են ՔԿ-ից։

    Փաստաբան Հովհաննես Վարդանյանը Ծառուկյանի առանձնատան մոտ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի ու փասիանների առգրավումը հետաձգվել է։

  • Բնակարան՝ բազմազավակ ընտանիքներին. նոր աջակցության ծրագրի…

    Բնակարան՝ բազմազավակ ընտանիքներին. նոր աջակցության ծրագրի…

  • «Ոսկե ծիրանը» բացվել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը»…

    «Ոսկե ծիրանը» բացվել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը»…

  • ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

    Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորությամբ:

    ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է առաքելության ստեղծումն ու տեղակայումը Հայաստանում՝ կարևորելով վերջին տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմ աջակցությունը, ինչպես նաև դիմակայունության ամրապնդմանն ուղղված կարողությունների զարգացման շուրջ իրականացվող միջոցառումները:

    Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

    Վերոնշյալի համատեքստում ՀՀ ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ առաքելության և ՀՀ պետական մարմինների միջև սերտ համագործակցությունը կնպաստի առաքելության մանդատով նախատեսված խնդիրների լիարժեք և արդյունավետ իրականացմանը:

     

  • Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն՝ Կատարի Հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ ցավակցելու և նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով։