Category: ArmPulse

  • ՀՀ պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին | Հայաստան

    Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի (HLPF) 2026 թվականի աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից։

    Համաժողովի առաջին շաբաթվա ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանը նախագահել է մաքուր էներգիայի, կայուն համայնքների և Փոքր կղզի զարգացող պետությունների (SIDS) վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև մի շարք Կամավոր ազգային զեկույցների (VNR) ներկայացումները։

    Դեսպան Մարգարյանը նաև որպես բանախոս մասնակցել է «Միջին եկամուտ ունեցող երկրների համար ԿԶՆ-ների իրագործման արագացում» թեմայով քննարկմանը, որտեղ ընդգծել է, որ երկրի կողմից առաջնորդվող զարգացումն ու ազգային առաջնահերթությունների հիման վրա ձևավորված քաղաքականությունները պետք է լինեն միջին եկամուտ ունեցող երկրների համար նախատեսվող ապագա Ռազմավարական գործողությունների ծրագրի հիմքում։

    «Լեռնային տարածաշրջանների համար գործողությունների արագացում․ 2023–2027 թվականների Գործողությունների հնգամյակի իրականացում» խորագրով HLPF-ի շրջանակներում կազմակերպված միջոցառման ընթացքում նա կարևորել է Ռիոյի կոնվենցիաների միջև փոխկապակցվածության ամրապնդումը և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (CBD COP17) առաջիկա նախագահող երկիր, նպաստելու գլոբալ լեռնային օրակարգի առաջմղմանը՝ կենսաբազմազանության պահպանության, կլիմայական գործողությունների և հողերի կայուն կառավարման ոլորտներում գործնական ու ինտեգրված մոտեցումների միջոցով։

    Համաժողովի աշխատանքները կշարունակվեն հաջորդ շաբաթ նախարարական հատվածի շրջանակներում, որը կհամախմբի բարձրաստիճան պետական ներկայացուցիչների՝ քննարկելու 2030 թվականի օրակարգի և Կայուն զարգացման նպատակների իրականացման առաջընթացը։

  • Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան | Հայաստան

    Կորեայում Հայաստանի նորանշանակ դեսպան Մոնիկա Սիմոնյանը (նստավայրը՝ Տոկիո) հավատարմագրերի պատճենն է հանձնել ԿՀ ԱԳ նախարարության արարողակարգի հարցերով վարչության պետ Ջե Հվան Կվոնին, հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։

     

    Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Ջե Հվան Կվոնն արդյունավետ աշխատանք է մաղթել նրան Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման գործում։

     

    Դեսպան Սիմոնյանն իր հերթին խոստացել է ակտիվ ջանքեր գործադրել երկկողմ կապերի խորացման և ընդլայնման ուղղությամբ։ Երկուստեք մտքեր են փոխանակվել հաջորդ տարի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի կապակցությամբ համատեղ միջոցառումների անցկացման վերաբերյալ։

     

    Այցի ընթացքում դեսպանը հանդիպում է ունեցել նաև ԱԳՆ Եվրոպական հարցերով բյուրոյի տնօրեն Հյոն Չուլ Պակի հետ։

     

    Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հյոն Չուլ Պակը կորեական կողմի պատրաստակամությունն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել երկկողմ օրակարգի առաջմղմանը միտված գալիք բոլոր նախաձեռնություններում։

     

    Դեսպան Սիմոնյանն ընդգծել է, որ հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն՝ կարևորելով մասնավորապես քաղաքական երկխոսության և միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդումը, առևտրատնտեսական և գործարար կապերի խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարությունների, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հաստատումը, կրթամշակութային և հումանիտար փոխանակումների, ինչպես նաև զբոսաշրջային փոխայցելությունների ակտիվացումը։

  • Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստան

    Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-ի, 16-ի և 17-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 12-17-ի առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ։ 

    Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկն առանձին լեռնային շրջաններում կնվազի 2-3 աստիճանով, Լոռիում և Տավուշում՝ 4-6 աստիճանով, հուլիսի 13-14-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը | Հայաստան

    Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

    Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականցնել Աստծո կամքը:

    Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

    Վարդավառը գալիս ա, ծաղիկը ցնծալիս ա,
    Այ գյուլում կանչող աղջիկ, ձենդ ծլվլալիս ա…
    («Սոնա յար» Կոմիտաս)

    Ժողովրդի մեջ տոնն առավել հայտնի է Վարդավառ անունով:  

    Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի` խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «Խաչբուռ» էին պատրաստում: Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն:

    Ինչպես առաջին խաղողն ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին, այնպես էլ տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Մինչև Վարդավառ ընդունված էր խնձոր չուտել, «խնձորի պաս» էր: 

    Տոնի կարևոր պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը: Հատկապես երիտասարդներն առուների եզրին կամ աղբյուրների մետ հավաքվելով՝ ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր էին ցողում միմյանց վրա:

    Վարդավառը ցնծության, կերուխումի, երգ ու պարի տոն էր` ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով:

    Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը: Իսկ հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

  • Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել | Հասարակություն

    Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծիրանի այգում, ինչի հետևանքով բեռնատարում հրդեհ է բռնկվել։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

    Փրկարարները մարել են բեռնատարում բռնկված հրդեհը, սակայն բեռնատարն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի,  վաշտի հրամանատար Վահան Սանթելյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի մակնիշը և վիրավոր վարորդի ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով, կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի կմ-ից։

  • Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․Վահան Կոստանյան | Քաղաքականություն

    Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

    «Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին ինչպես այս դժվարին պահին, այնպես էլ՝ լուսավոր ժամանակներում, որոնք անպայմանորեն գալու են»,- ԱԳՆ տեղեկացմամբ՝ հայտարարել է Կոստանյանը։

    Նշվում է, որ փոխարտգործնախարարը հուլիսի 7-9-ը աշխատանքային այցով գտնվում էր Լիբանանում՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված հումանիտար օգնությունը հանձնելու նպատակով:

  • Կադրային փոփոխություններ՝ դատախազությունում | Հայաստան

    Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի մայիսի, հունիսի և հուլիսի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

     

    Մասնավորապես՝

     

    Նարեկ Մովսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից:

     

    Ծովակ Մնացականյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:

     

    Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Շահբազյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:

     

    Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Վահան Սարգսյանն ազատվել է պաշտոնից:

     

    Արթուր Դանիելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

     

    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Սարգիս Սարգսյանըփոխադրվել է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների  կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին:

     

    Նաիրա Արտաշեսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

     

    Ֆիլիանա Բելլույանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

     

    Էվելինա Սարգսյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնից:

     

    Սպարտակ Մնացականյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրաջանի ավագ դատախազի պաշտոնից:

     

    Հայկ Ժամակոչյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազի պաշտոնից:

     

    Արմեն  Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

     

    Արսեն Ավետիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

     

    Տավուշի մարզի դատախազության դատախազ Գայանե Մանուկյանըփոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

     

    Հրաչյա Մարգարյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

     

    Արտուշ Կարապետյանը  նշանակվել է Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

     

    Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ  դատախազ Էլեն Անանյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

     

    Կարապետ Սմբատյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի  պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

     

    Լոռու մարզի դատախազության դատախազ Դավիթ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

     

    Արմավիրի մարզի դատախազության դատախազ  Վահագն Վարդանյաննազատվել է զբաղեցրած պաշտոնից:

     

    Արմավիրի մարզի դատախազության դատախազ Անի Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

     

    Արարատի մարզի դատախազության դատախազ Ահարոն Սաֆարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

     

    Նարինե Չիչակյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

     

    Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Նորայր Շահինյանը  փոխադրվել է Արարատի մարզի դատախազության  դատախազի պաշտոնին:

     

    Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Վազգեն Մկրտչյանըփոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

     

    Դավիթ Նավասարդյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետի պաշտոնին՝ ազատվելով նույն բաժնի ավագ դատախազի պաշտոնից:

     

    Վազգեն Վարդանյանը նշանակվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի պետի պաշտոնին՝ ազատելով նույն բաժնի ավագ դատախազի պաշտոնից:

     

    Կապանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Գարեգին Իսախանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

     

    Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Վահե Եզեկյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  • AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը | Էկոնոմիկա

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվել է | Տարածաշրջան

    Ադրբեջանական մամուլը գրում է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության առաջխաղացումը կասեցվել է, իսկ դրա քննարկումը թե՛ կառավարական, թե՛ խորհրդարանական մակարդակներում փաստացի արգելափակվել է։

     

    Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ դա կապվում է Ադրբեջանի կողմից իրականացված դիվանագիտական քայլերի և կոչերի հետ՝ ուղղված Իսրայելի պաշտոնական շրջանակների վրա ազդեցություն գործելուն։

     

  • Տավրոս Սափեյանը նույնպես չի վերցնի պատգամավորական մանդատը. որոշել է մնալ Թալինում | Քաղաքականություն

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տավրոս Սափեյանը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից: Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։

    Սափեյանը, որը ՔՊ ընտրական ցուցակում 61-րդ համարն էր, պարզաբանել է, որ որոշել է մնալ տեղական ինքնակառավարման համակարգում.

    «Շարունակելու եմ աշխատանքս որպես Թալին համայնքի ղեկավար։ Այս որոշումը կայացրել եմ՝ առաջնորդվելով իմ համաքաղացիների վստահությամբ, արտահայտած կամքով և այն համոզմամբ, որ այսօր առավել օգտակար կարող եմ լինել հենց այստեղ։ Այս որոշումը երկար մտածված է, և համոզված եմ՝ անելիքս Թալինում է»,- նշել է նա։

    Նա նաև վստահեցրել է, որ իր ընտրությունը չի փոխում իր նպատակը՝ ծառայել ժողովրդին, համայնքին ու հայրենիքին։ Հիշեցնենք, որ Տավրոս Սափեյանը Թալինի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականից։