Category: Ambion.news

  • Վահագ Դարբինյանը նշանակվել է Նինոծմինդայի փոխքաղաքապետ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Նինոծմինդայի մունիցիպալիտետում նոր նշանակում է տեղի ունեցել. քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնել է Վահագ Արամայիսի Դարբինյանը:

    ​Վահագ Դարբինյանը ծնվել է 1991 թվականի ապրիլի 25-ին Նինոծմինդա քաղաքում։ 2010 թվականին ավարտել է տեղի թիվ 3 միջնակարգ դպրոցը, այնուհետև բարձրագույն կրթություն ստացել Թբիլիսիի տեխնիկական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

    ​Նորանշանակ փոխքաղաքապետն ունի տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի զգալի փորձ։ Նա իր գործունեությունը Նինոծմինդայի քաղաքապետարանում սկսել է 2020 թվականին՝ որպես վերահսկողության ծառայության ավագ մասնագետ: 2026 թվականի փետրվարին նա նշանակվել է նույն ծառայության պետի պաշտոնում, իսկ այժմ ստանձնել է փոխքաղաքապետի պարտականությունները։

    ​Ինչպես նշում է Վահագ Դարբինյանը, իր առաջնային նպատակն է նպաստել հարազատ քաղաքի զարգացմանն ու բնակիչների բարեկեցության բարձրացմանը:

    ​Նինոծմինդայի նոր փոխքաղաքապետն ամուսնացած է, ունի երկու զավակ:

     

     

  • Հայաստանի Հանրապետությունում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր

    Հայաստանի Հանրապետությունում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր:

     

    Քաղաքական իշխանությունը ամեն անգամ հրապարակային հայտարարում է որևէ անձի նկատմամբ սկսվելիք քրեական և այլ գործընթացների վերաբերյալ, որից հետո ամբողջ իրավապահ համակարգը, քննչական մարմիններ, դատախազություն, դատարաններ, սկսում են այդ քաղաքական հրահանգի իրականացումը։

    Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով, հստակ հայտարարվել է քրեական գործընթացների, նրան կալանավորելու, քրեակատարողական հիմնարկում պահելու, նրա սեփականությունը խլելո՛ւ, այդ թվում՝ Արարատ ցեմենտը պետականացնելու վերաբերյալ, կառավարիչ նշանակելու վերաբերյալ, որը որ ամենօրյա ռեժիմով ամբողջ իրավապահ համակարգը հստակորեն կատարում է։

    Ընդ որում, դրանում ներգրավված են նույնիսկ իբր անկախ համարվող դատարանները։

     

    Հետո իրար հերթ չտալով հայտարարում են, թե իբրև դրանք զուտ իրավական գործընթացներ են։

    Սակայն չի կարող այնպես լինել, որ այդ ամեն ինչը համընկնի, այսինքն՝ եթե այդ գործընթացները պետք է տեղի ունենային, պետք է տեղի ունենային անկախ քաղաքական իշխանության հրահանգների, հրապարակային հայտարարությունների։

    Իսկ առկա իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ իրավապահ համակարգը գործում է բացառապես քաղաքական նպատակներով՝ քաղաքական իշխանության ցանկությունները իրագործելու համար և նրանց քաղաքական ռեյտինգը բարձր պահելու համար։

     

    Հայտարարվեց, որ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տալու, որ լքի երկիրը, թույլ չտվեցին՝ դատախազությունն ակնհայտ ապօրինի մեղադրանք ներկայացրեց և բացակայելու արգելք կիրառվեց։ Հետո այդ մեղադրանքը հենց իրենք հաստատեցին, որ ակնհայտ ապօրինի էր։

    Հայտարարվեց, որ Գագիկ Ծառուկյանը ընտրություններից հետո պետք է բանտում հայտնվի՝ անմիջապես նրան ձերբակալեցին, կալանավորեցին, և ներկայումս նա քրեակատարողական հիմնարկում է։

    Հայտարարվեց, որ Արարատ ցեմենտը պետք է պետականացվի և կառավարիչ պետք է նշանակվի՝ այսօր արդեն հրապարակում եղավ, որ դատախազության միջնորդությամբ հակակոռուպցիոն դատարան նման որոշում է կայացրել։ Որոշման մասին ընդհանրապես չի էլ տեղեկացվել Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը, այդ գործընթացների մասին որևէ տեղեկություն չի հայտնվել, ներկայումս էլ որոշումը չի տրամադրվել։

    Այս ամենն ուղիղ վկայությունն է այն բանի, որ նախքան քաղաքական իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները նման գործընթացներ անելու կարիք չկար, հայտարարություններից հետո հանկարծ ամբողջ իրավապահ համակարգը արթնանում է և պարզվում է, որ զուտ իրավական առումով նման գործընթացներ պետք է կատարվեին։

     

    Օրենքի և իրավունքի մասին խոսելն ուղղակի ավելորդ է…

  • Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում միասնական աղոթք՝ Գագիկ Ծառուկյանի աջակցության համար

    Նախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում կայացել է միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի։

    Մոսկվայի հայ համայնքի տարբեր սերունդների հարյուրավոր ներկայացուցիչներ հույս և հավատ են հայտնել, որ արդարությունը շուտափույթ կհաղթանակի և ստեղծված իրավիճակն արդար հանգուցալուծում կստանա։

  • Հուլիսի 16-ը Օձերի միջազգային օրն է  – ԱՄԲԻՈՆ NEWS

    Այս օրը նպատակ ունի բարձրացնելու իրազեկվածությունը օձերի բազմազանության, բնության մեջ նրանց կարևոր դերի և պահպանության անհրաժեշտության մասին ✨

     

    Չնայած օձերը հաճախ վախ են առաջացնում, նրանք էկոհամակարգերի կարևոր մասն են։ Սնվելով կրծողներով և այլ մանր կենդանիներով՝ օձերը նպաստում են նրանց թվաքանակի բնական կարգավորմանը, իսկ իրենք սնունդ են դառնում բազմաթիվ գիշատիչ կենդանիների համար՝ կարևոր տեղ զբաղեցնելով սննդային շղթաներում 🍽️

     

    Օձերը սովորաբար խուսափում են մարդուց և հարձակվում են հիմնականում այն ժամանակ, երբ վտանգ են զգում։ Սակայն վախի ու թյուր պատկերացումների պատճառով նրանք հաճախ ոչնչացվում են, իսկ բնական միջավայրերի կորուստը, ճանապարհային երթևեկությունն ու մարդու գործունեության այլ հետևանքները լրացուցիչ վտանգ են ստեղծում նրանց համար 🌎

     

    Հայաստանում հանդիպում է օձերի 23 տեսակ, որոնցից միայն 4-ն են թունավոր։ Հանդիպելով օձի՝ մի՛ մոտեցեք, մի՛ փորձեք բռնել կամ վնասել նրան․ պարզապես պահպանեք անվտանգ հեռավորություն և հնարավորություն տվեք կենդանուն հեռանալու 💚

     

    Յուրաքանչյուր կյանք կարևոր է և իր դերն ունի բնության մեջ։ Եկե՛ք ճանաչենք, հարգենք և միասին պահպանենք օձերին 🐍

  • Իմ վերաբերյալ տարածվող իբր սեքսուալ բնույթի նամակագրությունները ստոր կեղծիք են. դատավոր Սարգիս Պետրոսյան

    Հարգելի՛ քաղաքացիներ

    Սոցիալական ցանցերում իմ վերաբերյալ տարածվող իբր սեքսուալ բնույթի նամակագրությունները ստոր կեղծիք են։ Դրանց տարածումն ակնհայտորեն նպատակ ունի վարկաբեկելու ԻՄ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ կապված ԴԱՏԱՎՈՐԻ իմ մասնագիտական գործունեության հետ։
    Նշված փաստի առթիվ ներկայացրել եմ հանցանքի մասին հաղորդում։
    Այս հանցավոր արարքի կազմակերպիչներն ու կատարողները  կհայտնաբերվեն  և կենթարկվեն քրեական պատասխանատվության։

  • Աղվան Վարդանյանը վերցնում է պատգամավորական մանդատը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Խաղաղվեք. հարցը փակված է

     

    Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։

     

    Բայց այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։

     

    Հիմա ասում եմ՝ մանդատը վերցնում եմ: Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։

     

    Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու: Հետայսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։

     

    Առանց համեստության՝ չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։

     

    Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։

     

    Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։

     

    Վերջում՝ մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք։

  • Արդյո՞ք Հայաստանի տնտեսությունն ապահով է – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հայաստանի տնտեսական կայունությունը վտանգի տակ է: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, որոնք կարող են վտանգել երկրի տնտեսական անվտանգությունը:

    2022 թվականին Հայաստանի տնտեսությունը աճել է ընդամենը 5.7%: Այդ գնահատականը զգալիորեն ցածր է տարածաշրջանային միջինից, ինչը ցույց է տալիս, որ մեր տնտեսական աճը դեռևս բավարար չէ: Դրանից բացի, Հայաստանի արտահանման ծավալները նվազել են 15%-ով, ինչը զգալի ազդեցություն ունի երկրի արտաքին հաշվեկշռի վրա:

    Այս իրավիճակը ոչ միայն տնտեսական քաղաքականության ձախողման հետևանք է: Պետական ինստիտուտների թուլությունը և նոր տեխնոլոգիաների ներդրման պակասը բերում են նրան, որ Հայաստանը չի կարողանում մրցակցել միջազգային շուկաներում:

  • Արդյո՞ք ադամանդը կորցնում է իր փայլը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ադամանդի հսկա De Beers-ը դադարեցնում է իր աշխատանքը Հարավային Աֆրիկայի առաջատար հանքում՝ պահանջարկի անկման պատճառով: Սա հարված է ոչ միայն տեղական տնտեսությանը, այլև ողջ աշխարհում ադամանդի շուկային:

    Աշխարհում ադամանդի պահանջարկի անկումը կարող է ազդել նաև Հայաստանի վրա՝ հաշվի առնելով մեր երկրում ադամանդի մշակման և արտահանման ոլորտի հնարավորությունները: Մենք կարող ենք ռազմավարական առումով վերանայել մեր ադամանդի արդյունաբերության զարգացման ուղղությունները՝ հնարավոր նոր շուկաներ գտնելու համար:

    Հայաստանի համար սա կարող է լինել մի հնարավորություն՝ մուտք գործելու նոր շուկաներ և ընդլայնելու մեր արտահանման պորտֆելը: Սակայն դա պահանջում է խելացի ռազմավարություն և միջազգային շուկայի խորքային վերլուծություն:

    Կարծում եք, ինչպե՞ս կարող ենք Հայաստանը դարձնել ադամանդի արդյունաբերության առավել մրցունակ խաղացող:

  • Ուկրաինան նոր վարչապետ ունի – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ուկրաինայի Գերագույն ռադան նոր վարչապետ է նշանակել Սերգեյ Կորեցկուն, որը նախկինում ղեկավարում էր «Նավթոգազ Ուկրաինա» ընկերությունը։ Նա կփոխարինի Յուլիա Սվիրիդենկոյին։

    Նրա կողմից Ռադային ներկայացվել է 16 նախարարից բաղկացած թեկնածուների ցուցակ՝ բացառությամբ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների, որոնց թեկնածությունները պետք է առաջարկի Վլադիմիր Զելենսկին։ Գերագույն ռադան քվեարկել է նոր կառավարության նախարարների նշանակման օգտին։

  • Ծառուկյանի առանձնատնից գազանանոց է տեղափոխվել 22 կենդանի – ԱՄԲԻՈՆ NEWS

    Կենդանիները «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ին ի պահ են հանձնվել քրեական վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների արդյունքում։

    Տեղափոխվել է 3 առյուծ, 4 վագր, 9 կոկորդիլոս և 13 կարապ: Այս մասին Ambion.news»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից.

    «Ցավոք, տեղափոխված կենդանիներից մեկը՝ էգ առյուծը, թմրեցումից հետո չի արթնացել՝ տարիքով պայմանավորված առողջական խնդիրների պատճառով։

    Տեղափոխված մյուս բոլոր կենդանիները բարեհաջող արթնացել են թմրեցումից։ Նրանց վիճակը բավարար է, ապահովված են համապատասխան պայմաններով և պատշաճ հսկողության ու խնամքի ներքո են»,- ասված է քաղաքապետարանի պատասխանի մեջ: