Author: Balance2

  • ՀՀ ներկայացուցիչները մասնակցել են ԵՄ «Հանուն կանաչ վերականգնման» տարածաշրջանային համաժողովին

     2026 թ․ հուլիսի 1-2-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը և ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը մասնակցել են «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգման» ծրագրի ղեկավար հանձնախմբի տարածաշրջանային համաժողովին, ինչպես նաև համաժողովի շրջանակներում կազմակերպված՝ ջրերում նորահայտ աղտոտիչների և գետավազանային կառավարման ու պլանավորման թեմատիկ աշխատաժողովներին։

     

    Համաժողովին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով ծրագրի շրջանակներում գրանցած առաջընթացը և նախանշելով նախարարության գերակայությունները ծրագրի իրականացման հաջորդ տարվա ընթացքում։

     

    Գետավազանային կառավարման և պլանավորման աշխատաժողովում ջրային քաղաքականության վարչության պետն հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացն ու ձեռքբերումները, ինչպես նաև առկա մարտահրավերները։

     

    Հուլիսի 2-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները մասնակցել են Ֆրանսիայի Արտուա-Պիկարդի գետավազանային խորհրդում կազմակերպված քննարկումներին, որտեղ ի թիվս այլ թեմաների՝ ներկայացվել են նաև ֆրանսիական կողմի փորձը գետավազանային կառավարման պլանների մշակման և իրականացման, ջրային ոլորտում կիրառվող տնտեսական մեխանիզմների, մասնակցային կառավարման և ջրային ոլորտի ԵՄ առանցքային դիրեկտիվների իրականացման բնագավառներում։

     

    Կազմակերպվել են շահագրգիռ քննարկումներ և երկկողմանի հանդիպումներ՝ ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող աջակցության շարունականությունն ապահովելու վերաբերյալ։

  • ԱԱ-2026․ Ֆրանսիան կիսաեզրափակչում է | Oratert.am



    Այսօր մեկնարկեց ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլը։ Բոստոնում հանդիպեցին Ֆրանսիայի ու Մարոկկոյի հավաքականները։

    Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ ֆրանսիացիների։ Գոլերի հեղինակ դարձան Կիլիան Մբապեն ու Ուսման Դեմբելեն։ Առաջին խաղակեսում Յասին Բունուն “որսաց” Մբապեի հարվածը 11 մետրանոցից։

    Կիսաեզրափակչում Դիդյե Դեշամի թիմը կհանդիպի Իսպանիա-Բելգիա զույգի հաղթողի հետ։


    Քառորդ եզրափակչի մյուս հանդիպումներում Անգլիան կմրցի Նորվեգիայի հետ, իսկ Արգենտինան՝ Շվեյցարիայի։

    Մբապեի ռեկորդները

    Կիլիան Մբապեն դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն անցկացրել է Աշխարհի առաջնության 20 հանդիպում։ Ֆրանսիացի հարձակվողը մեկնարկային կազմում էր Մարոկկոյի դեմ հանդիպմանը։ Սա Մբապեի 20-րդ հանդիպումն էր մրցաշարում. 27 տարեկան և 201 օրական հասակում նա ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը հասել է այս նշաձողին։
    Ավելին, Մբապեն Դիդիե Դեշամի գլխավորությամբ մասնակցել է Աշխարհի առաջնության բոլոր 20 հանդիպումների, ինչը ևս ռեկորդ է՝ մեկ մարզչի գլխավորությամբ այդքան հանդիպում անցկացրած ֆուտբոլիստի համար։

    Մբապեն թարմացրեց Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում գոլերի ռեկորդը, որը պատկանում է հենց Կիլիանին։ Այսօրվա գոլը Մբապեի համար 12-րդն էր Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլում։ Նա այս ցուցանիշով առաջատարն է՝ գերազանցելով բրազիլացի Ռոնալդոյին և Լեոնիդասին, որոնք փլեյ-օֆֆ խաղերում խփել են ութական գոլ։


  • Քարվաճառի (Քելբաջարի) շրջանում ականի պայթյունի երկու դեպք է գրանցվել

    Նշվում է, որ տվյալ տարածքում նախկինում ևս գրանցվել են ականի պայթյունի դեպքեր
  • Ծառուկյանը բանտից էլ շարունակում է վնասել մեր սպորտին ու կեղծիքներ տարածել. MediaNews Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում էՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել. ՏեսանյութՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին

    Ծառուկյանը բանտից էլ շարունակում է վնասել մեր սպորտին ու կեղծիքներ տարածել. MediaNews Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում էՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել. ՏեսանյութՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին

  • Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան

    Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

    «Մենք դիտարկում ենք, որ մանդատը հնարավորություն է և գործիք մեր ընդհանուր նպատակին հասնելու համար, ոչ թե խոչընդոտ: Այլ ճանապարհ նշանակում է խուսափել պատասխանատվությունից, շարունակելու ենք մեր պայքարը վերջնական փոփոխության հասնելու համար: Ե՛վ հանրահավաքներ են լինելու, և՛ փողոցային պայքար, «վաբանկ» գնացող ուժեր են պետք»,- ասաց Սաղաթելյանը:

  • Իրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրա

    Իրանը հուլիսի 9-ին 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրա։

    Հորդանանի պետական ​​լրատվական գործակալությունը նույն օրն ավելի վաղ հայտարարել էր, որ ոչնչացրել է Իրանի արձակած 8 հրթիռներ։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

    ԻՀՊԿ-ն զգուշացրել է նաև, որ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները օրինական թիրախ կդառնան, եթե ամերիկացիների հարձակումը Իրանի վրա կրկնվի։

  • Շատ կոշտ խոսեցի ԳՇ պետի հետ, ասացի՝ ի՞նչ է կատարվում. հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու համար, ցինիզմը չափ պետք է ունենա. Ռոբերտ Քոչարյան





    Իսկապես, ես մինչև այսօր չեմ հասկանում, թե ինչի մեջ են մեղադրում: Առաջին օրից չեմ հասկացել, որևէ պարզաբանում ո՛չ քննիչն է տվել, ո՛չ դատախազներն են տվել: Այս մասին դատարանի դահլիճում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտի 1-ին առնչվող գործի շրջանակում:

    «Կոնցեպտը հետևյալն է. առաջինը՝ հանդիպում բարձրաստիճան զինվորականների հետ։ Ընտրություններն ավարտվել են, որոշումը կայացվել է և երկրորդ տեղը զբաղեցրած, 21,5% հավաքած թեկնածուն հայտարարել է, որ ինքը չի ընդունում արդյունքները, ինքը հաղթել է ընտրություններում, պետք է գնա նախագահական պաշտոնի։ Սա ուղղակի հայտարարություն է, որը ձայնագրված է, որը կա, նաև ցանցերում կա այսօր։

    2021 թվականի խորհրդարանական ընտրություններին, որի ժամանակ մենք հավաքել ենք 25%, հիմա պատկերացնում եմ՝ եթե հայտարարեինք, որ մենք հաղթել ենք այդ ընտրությունները և պետք է գնանք Կառավարության շենք, ի՞նչ կլիներ»,-նշել է նա:

    Նա հավելել է, որ այդ ժամանակ, Երկրապահ կամավորական ընկերության շենքում շուրջօրյա մի քանի օր ժողովներ են եղել՝ միանալ, թե չմիանալ ցուցարարներին թեմայով։

    «Վարչության կեսից ավելին գործող զինվորականներ էին և այդ զինվորականներն ամբողջ օրը գտնվում էին երկրապահում, մի մասն ասում էին՝ գնանք, մի մասն ասում էին՝ չգնանք։ Բանակի ղեկավար մարմնի մի մասն այնտեղ քննարկում էր միանան, թե՞ չմիանան։ Երկրի նախագահն ի՞նչ պետք է աներ, ինձ կարո՞ղ է մեկը բացատրել»,-ասել է նա:

    Ռոբեր Քոչարյանը մանրամասնել է՝ դա տևել է 2-3 օր, երբ ինքն այցով Մոսկվայում է գտնվել, որից հետո եկել է, հանդիպել զինվորականների հետ:

    «Զինվորականների հետ հանդիպում պե՞տք է ունենայի, թե՞ ոչ: Եթե չունենայի, ինձ արդյոք պե՞տք է այսօր դատեին անգործության համար։ Հավաքման մասին այն, ինչ գրված է այստեղ, սուտ է: Հավաքման նպատակը հետևյալն էր. մեկ խնդիր կար՝ զինվորականնե՛ր, ով Երկրապահ կամավորական ընկերության վարչության կազմում է, կողմնորոշվեք՝ եթե այդտեղ զբաղվում եք քաղաքականությամբ, ուրեմն ազատվում եք ձեր պաշտոնից։ Կա՛մ այստեղից եք դուրս գալիս, կա՛մ բանակում եք և չեք զբաղվում քաղաքականությամբ: 25-30 հոգի մարդ է եղել, բոլորի ցուցմունքը դա է, ուրիշ հարց չի քննարկվել:

    Շատ կոշտ խոսեցի Գլխավոր շտաբի պետի հետ, ասացի՝ ո՞նց ես թույլ տալիս, ի՞նչ է կատարվում։ Ես պարտավո՞ր էի դա անել, թե՞ պարտավոր չէի։ Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու համար: Լավ, ցինիզմն ինչ-որ չափ պետք է ունենա, թե ոչ»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը:



    դիտվել է 113 անգամ

  • Հավաքական գիտակցության կապիտուլյացիան կամ բանականությունն ընդդեմ վախի

    Երբ քաղաքագիտությունն ու ռացիոնալ միտքն անզոր են լինում բացատրելու հայաստանյան ընտրական ֆենոմենը, խաղի մեջ են մտնում նեյրոկենսաբանությունն ու հոգեբանությունը։ Քաղաքականությունը, կարելի է ասել, տեղով մեկ հոգեբանություն է, քանի որ քաղաքական որոշումներն ու գաղափարախոսությունները ձևավորվում են մարդկային էմոցիաների, վախերի և մանիպուլյացիաների հիման վրա։ Քաղտեխնոլոգները լավ գիտեն՝ էմոցիան միշտ հաղթում է բանականությանը։ 

    Ցանկացած կայուն ժողովրդավարական համակարգում աղետալի պատերազմում պարտված, ազգային արժեքները ոտնահարող, հակառակորդի բոլոր պահանջներին, մեղմ ասած, ականջալուր լինող իշխանության վերստին ու երիցս ընտրությունն անհնարին կլիներ։ Ինչպե՞ս է լինում, որ մեր դեպքում անհնարը դառնում է հնարավոր։ Այս ֆենոմենը փորձենք հասկանալ ոչ թե պարզ, կենցաղային «տեսությունների», այլ նեյրոկենսաբանության ու հոգեբանության  տեսանկյունից։ 

    Նախընտրական շրջանի դիտարկումներում անընդհատ մի երևույթ էր «աչք ծակում»․ հանրությանը մանիպուլյացնելու դոմինանտ գործոններից էր վախը։ Ընդհանրապես, նախընտրական քարոզարշավների ժամանակ քաղաքական գործիչները մշտապես «խաղում» են անհատի բազային պահանջմունքների լարի վրա, որոնց մեկը հենց անվտանգությունն է։ Այս քարոզարշավի ժամանակ մանիպուլյատիվ այլ մեխանիզմներ, բնականաբար, ևս կիրառվում էին, սակայն գերական հենց վախի «ներարկումն» էր։ 

    Նեյրոկենսաբանության տեսանկյունից նայելիս՝ երբ մարդը գտնվում է մշտական վախի ու սպառնալիքի ներքո, նրա ուղեղում, պատկերավոր ասած, տեղի է ունենում կենաց- մահու պայքար։ Շրջանցելով նեյրոկենսաբանական բարդ տերմինաբանությունը՝ մատչելի լեզվով ասած,  մեր ուղեղի հնագույն շերտերը, որոնք պատասխանատու են ֆիզիկական գոյատևման ու հույզերի համար, ուղղակիորեն արգելափակում են մեր բանականությունը։ Այս անհավասար պայքարում մեր «մտածող ու բանական» ուղեղը բառացիորեն կապիտուլյացիայի է ենթարկվում։ Բանականությունը պարտվում է վախին, քանի որ մեր «կենսաբանական էությունը» նախընտրում է ոչ թե արժանապատիվ ապրելը, այլ պարզապես ողջ մնալը։  Այն ազգերը, որոնք կարճ ժամանակում հոգեբանական ու ֆիզիկական ուժեղ հարվածներ են ստանում, հաճախ հրաժարվում են մեծ նպատակներից՝ հանուն տարրական գոյատևման։ Մեր դեպքում, այդ հարվածները, թերևս, թվարկելու կարիք էլ չկա։ 

    Վախը նաև «լավագույն» էմոցիան է մարդուն ենթարկեցնելու ու ստիպելու անել այն, ինչն անվտանգ պայմաններում երբեք չէր անի։  Այսինքն, ոչ միայն փաստացի վախն է «վախենալու», այլև վախը՝ հենց վախից։ Այս վախի գեներացման արդյունքում ՝ ընտրողը տրամաբանական ընտրության փոխարեն իռացիոնալ ընտրություն է անում։ Վախը դառնում է բացարձակապես անկառավարելի, երբ արտաքին հնարավոր սպառնալիքին միանում է նաև ներքինը։ Այսինքն, երբ թշնամու սպառնալիքներն ավելի մեծ ջանքերով «շրջանառության» մեջ է դնում հայրենի իշխանությունն ու վախեցնում է նույն «լեզվով»։ Ընտրությունը դառնում է ոչ թե գաղափարական, այլ զուտ կենսաբանական։ Մանիպուլյացիոն խայծը կուլ է տրված։ 

    Այս երևույթն ավելի պատկերավոր հասկանալու համար բերենք մի պարզ օրինակ․ առողջ ընտանիքում մեծացող երեխան արտաքին աշխարհի վտանգներից պաշտպանություն է գտնում տանը։ Սակայն, երբ տունը դադարում է անվտանգ լինել, ավելին՝  երբ արտաքին սպառնալիքին միանում է ներքինը, երեխան  զրկվում է դիմադրության ցանկացած հենարանից, ինչն էլ վերջնարդյունքում աղետալի հետևանքներ է ունենում։  Սա այն է, ինչ տեղի է ունենում նաև պետության ներսում՝ հավաքական «երեխաների» դեպքում։ Ավելին, մեր դեպքում պետական քարոզչամեքենան շահարկել է ոչ միայն պատերազմի վախը՝ արտաքին թշնամուց, այլև հրաշալիորեն ձևավորել ու կիրառել է «ներքին թշնամու» կերպարը։  Այս ամենն արվել է ոչ միայն սեփական իշխանությունը պահելու, այլ հետագա ցավալի զիջումների համար։ Զիջումներ, որոնք այլևս ոչ էլ ցավալի են թվալու՝ վախի կառավարման հոգեբանական մեխանիզմների շնորհիվ։ 

    Մշտապես գտնվելով իրական և/կամ վերացական անվտանգային տագնապի մեջ, ի վերջո, հանրության հոգեբանական ռեսուրսները սպառվում են, և նա կորցնում է իր դիմադրողականությունը։ Այս հոգեկան հյուծման արդյունքում առաջանում է «սովորեցված անօգնականության» հոգեբանական սինդրոմը․ մարդը դառնում է բացարձակ հնազանդ՝ համոզված լինելով, որ իր դիմադրությունն այլևս ոչինչ չի փոխելու։ Համակերպված հանրությունը հրաժարվում է սեփական ճակատագրի պատասխանատվությունից, ձեռք է բերում հոգեբանական պաշտպանական վահան, որով արդարացնում ու ներում է ցանկացած կործանարար որոշում՝ այն ընկալելով որպես «փրկության» միակ ճանապարհը․ պատրանքային ճանապարհը։

    Այս հոգեբանական վահանի անխափան աշխատանքն էլ ապահովում է մեկ այլ մեխանիզմ՝ կոգնիտիվ դիսոնանսը։ Մարդու ուղեղը ֆիզիկապես ունակ չէ միաժամանակ ընդունել երկու իրարամերժ իրականություն․ անհնար է պահպանել հոգեկան հավասարակշռությունը՝ մեկտեղելով «ես արժանապատիվ ազգի ներկայացուցիչ եմ» ներքին համոզմունքը, և «այս իշխանությունը հակառակորդի կամակատարն է» իրողությունը։ Հոգեկանն այս ցավալի բախումից «ողջ» դուրս գալու համար դիմում է տարբեր «հնարքների», այդ թվում՝ ռացիոնալիզացիայի։ Արդյունքում՝ «ասպարեզ են դուրս գալիս» կեղծ տրամաբանական, բայց հանգստացնող մտքերը՝ «եթե զիջենք, եթե լռենք, ապա պատերազմ չի լինի»։ Այսպիսի ինքնախաբեությունը դառնում է հրաշալի փրկօղակ՝ արդարացնելու ցանկացած կործանարար քայլ։ 

    Իսկ կործանվելը․․․կործանվելը մեզ համար խորթ չէ․ դարեր շարունակ պետականության բացակայությունը կոլեկտիվ հայի անգիտակցականի մեջ արմատավորել է «տառապյալ, բայց հարատևող» ազգի կերպարը։ Մեզ համար պատմականորեն ավելի «հարմարավետ» է կորցնելն ու ողբալը, քան արժանապատվորեն պայքարելը։ Հանրությունը, կարծես, անգիտակցորեն ձգտում է վերադառնալ իր պատմական «կոմֆորտ» վիճակին։

    Նազիկ Ասատրյանը լրագրող է և հոգեբան:

    Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

  • Արդյոք Ծառուկյանը առյուծներին պահելու թույլտվություն ունեցել է․ ի՞նչ են ասում փաստերը

    Գագիկ Ծառուկյանի գործի քննության ընթացքում դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի կողմից պահվող կենդանիների թեմային։ Մասնավորապես, Տոնոյանն ասել է. «Ինչ վերաբերում է կենդանիների պահման հանգամանքին, Հայաստանում լավագույն պայմաններն են ապահովված եղել այն կենդանիների համար, որոնք այդ վայրում պահվել են և կադրերում երևում են, ունենալով բոլոր թույլտվությունները, բոլոր տեսակի մասնագետների առկայությունը․․․», այնուհետև հավելում է` «բոլոր կենդանիների հետ կապված առկա են եղել բոլո տեսակի թույլտվությունները, պահպանման վայրը, պայմանները, բոլորը համապատասխանել են նորմերին»։

    Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթներից մեկը վերաբերում է վայրի կենդանիների և թռչունների ապօրինի որսին։ Նրա առանձնատնից առգրավվել էին տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր։

    Ավելի ուշ Երևանի կենդանաբանական այգին հայտնել էր, որ առգրավված առյուծներից մեկը անկել է մեծ տարիքի և ուղեկցող հիվանդությունների հետևանքով։

    «Կենդանական աշխարհի մասին» օրենքի համաձայն՝ վայրի կենդանիներին կիսաազատ կամ անազատ պայմաններում պահելու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված թույլտվություն՝ բացառությամբ այն կենդանիների, որոնք ընդգրկված են թույլտվություն չպահանջող տեսակների ցանկում։ 

    Առյուծներն ու վագրերը այդ ցանկում ներառված չեն, հետևաբար դրանց պահման համար նախարարության թույլտվությունը պարտադիր է։

    FIP.am-ը դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն, քանի որ ինչպես նշեցինք, հենց այս գերատեսչությունն է օրենքով լիազորված վայրի կենդանիների կիսաազատ կամ անազատ պայմաններում պահելու թույլտվություն տրամադրելու համար։

    FIP.am-ի հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Անի Հակոբյանը հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը համապատասխան թույլտվություն չի ունեցել։ Նրա խոսքով՝ Ծառուկյանը դիմել է թույլտվություն ստանալու համար, սակայն ներկայացված փաստաթղթերի անբավարար լինելու պատճառով նախարարությունը չի տրամադրել թույլտվությունը։ Խոսնակը չմանրամասնեց, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, քանի որ ընթանում է քննություն:

    Հրապարակված տեսանյութերից երևում է, որ Ծառուկյանի կենդանիները պահվել են սահմանափակ տարածքներում։ Սակայն միայն տեսանյութերի հիման վրա նրանց առողջական վիճակի կամ բարեկեցության ամբողջական գնահատական տալ հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ մասնագետների խոսքով՝ մասնավոր պայմաններում հնարավոր չէ ապահովել խոշոր վայրի կատվազգիների բնական միջավայրին համարժեք պայմաններ:

    Բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրող Մարիամ Թասչյանը FIP.am-ի հետ զրույցում նշել է, որ տարիների ընթացքում իրականացված բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների հիման վրա մասնագետները եզրակացրել են, որ տնային կամ մասնավոր պայմաններում հնարավոր չէ առյուծների, վագրերի և այլ խոշոր վայրի կատվազգիների համար ապահովել բնական միջավայրին համարժեք կենսապայմաններ։ Բնությունը ներառում է տարածքային, վարքային, էկոլոգիական և այլ գործոններ, որոնք մարդը չի կարող ամբողջությամբ վերարտադրել։

    Միաժամանակ, հարց է առաջանում, թե ինչ նպատակով էին պահվում այդ կենդանիները։ «Կենդանական աշխարհի մասին» օրենքով վայրի կենդանիների պահումը կարող է իրականացվել, օրինակ, գիտական, կրթական, բնապահպանական, վերականգնողական կամ օրենքով նախատեսված այլ նպատակներով։ 

    Հրապարակված տեսանյութերից, լուսանկարներից կամ հանրային հասանելի տեղեկատվությունից չի երևում, որ կենդանիները պահվել են այդ նպատակներից որևէ մեկով։

    Այսպիսով, Իվետա Տոնոյանի պնդումը, թե կենդանիների պահման համար առկա են եղել «բոլոր տեսակի թույլտվությունները», չի հաստատվում փաստերով․ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ առյուծների և վագրի պահման պարտադիր թույլտվություն չի տրամադրել։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե կենդանիների համար ապահովված էին «Հայաստանում լավագույն պայմանները», ապա այն չի հիմնավորվում ներկայացված որևէ փաստով և հակասում է մասնագիտական դիրքորոշմանը, ըստ որի` մասնավոր պայմաններում հնարավոր չէ խոշոր վայրի կատվազգիների համար ստեղծել բնական միջավայրին համարժեք կենսապայմաններ։ 

    Արեն Նահապետյան

  • Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մամուլի խոսնակի փնտրտուքի մեջ է։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետը նշել է, որ նոր խոսնակը պետք է անպայման լինի իգական սեռի ներկայացուցիչ։

    Այս փուլում արդեն քննարկվում են 3-4 թեկնածուների անուններ, սակայն Փաշինյանը վերջնական որոշում դեռևս չի կայացրել։

    Ըստ կառավարական աղբյուրների՝ վարչապետին ներկայացվել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի երեք ներկայացուցիչների թեկնածությունները։ Խոսքը վերաբերում է ՔՊ երիտասարդական կառույցի անդամներ Էլինա Իշխանյանին, Մելանյա Հարությունյանին և Սյուզաննա Սայադյանին։

    Երեք թեկնածուներն էլ ակտիվ մասնակցություն են ունեցել ՔՊ-ի նախընտրական քարոզարշավներին՝ հայտնի «16 երգի» ներքո կազմակերպված ելույթների ընթացքում։

    Հավելենք, որ վարչապետի գործող մամուլի խոսնակ Նազելի Բաղդասրյանը մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը և կրկին տեղափոխվել օրենսդիր՝ շարունակելով իր գործունեությունն Ազգային ժողովում։