Author: Balance2

  • Ադրբեջանով Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ

    Ադրբեջանով Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներԲաքուն միակողմանիորեն վերացրել է Երեւանի նկատմամբ սահմանված բոլոր տարանցիկ սահմանափակումները, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Շուշիում 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ։

    Ալիեւը նշել է, որ Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից Ադրբեջանով Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ։ «Ավելին, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք արտահանել Հայաստան։ Եթե չեմ սխալվում, մինչ օրս մատակարարվել է ավելի քան 10,000 տոննա նավթամթերք։ Հատկապես ներկայիս իրավիճակում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Առանց դրա, Հայաստանը, հավանաբար, ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրել աշխարհի այլ վայրերում», – ընդգծել է Իլհամ Ալիեւը։

  • Իրանի ԱԳՆ-ն զգուշացնում է. երրորդ երկրները կդառնան թիրախ, եթե մասնակցեն Թեհրանի դեմ ագրեսիային

    Իրանի դեմ ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մասնակցություն նրանց կդարձնի պատասխան հարվածների օրինական թիրախներ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ի հայտարարությանը։

    «Ագրեսոր կողմերի հետ ցանկացած մասնակցություն կամ համագործակցություն հետևանքներ կունենա, և այն աղբյուրներն ու վայրերը, որտեղից Իրանի դեմ հարվածներ են հասցվում, կդառնան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանական հարվածների օրինական թիրախներ», – ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

    Ավելի վաղ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Իրանի դեմ հերթական հարձակման ավարտի մասին, որը տևել էր գրեթե վեց ժամ։

  • Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ

    «Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի որոշմամբ՝ Գևորգ Գորգիսյանն ընտրվել է կուսակցության փոխնախագահ: Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից:
    Գևորգ Գորգիսյանը երկար տարիներ ակտիվ մասնակցություն է ունեցել կուսակցության քաղաքական և կազմակերպչական գործունեությանը՝ իր ներդրումն ունենալով կուսակցության զարգացման, ծրագրային առաջնահերթությունների առաջմղման և քաղաքական գործունեության իրականացման գործում։

  • Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ հուլիսի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, ովքեր ըստ դեպքի վայրում հավաքվածների 2 հոգու բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

    Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ, մեկ այլ ավտոմեքենայի վրա էլ առկա է կրակոցի հետք, իսկ մեկ այլ ավտոմքենայի վրա՝ արնանման հետքեր, հայտնաբերվել է նաև կացինի պոչ, որի վրա նույնպես կա արնանման հետքեր, գլխարկներ, հողաթափեր, որոնց վրա նույնպես առկա են արնանման հետքեր։

    Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, վնասվածք ավտոմեքենաների սեփականատարերի, վիրավորների և դեպքի մասնակիցների ինքնությունը։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն





    Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ խոսված Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում՝ Պայծառակերպության տոնի առիթով.

    «Դա է որդի իմ սիրելի ընդ որ հաճեցայ, դմա լուարուք»

    «Սա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, նրա՛ն լսեցեք» (Մտթ․ ԺԷ 5)։

    Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ

    Սուրբ Հակոբ եկեղեցու սիրելի՛ հավատացյալներ,

    Այսօր տաղավար տոն է՝ Սուրբ Պայծառակերպության կամ Վարդավառի լուսաշող տոնը, որով Սուրբ Եկեղեցին մեզ բարձրացնում է Թաբոր լեռ, որպեսզի մեր աչքերը տեսնեն այն, ինչ սովորական աչքը չի տեսնում, և մեր սրտերը լսեն այն, ինչ աշխարհի աղմուկի մեջ հաճախ չի լսվում. «Սա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, նրա՛ն լսեցեք»։ Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալներին տրված երկնային այս հայտնությունը մշտահունչ պատգամ է՝ ուղղված ամբողջ Եկեղեցուն և ամեն քրիստոնյայի։ Սինա լեռան վրա Աստված իր ժողովրդին տվեց Օրենքը, որպեսզի մարդը ճանաչի Աստծո կամքը, իսկ Թաբոր լեռան վրա հայտնեց իր Որդուն, Ով Ինքն է Աստծո կամքի կատարյալ հայտնությունը։ Եթե Սինայում Աստված ասաց՝ ինչպես պետք է ապրել, ապա Թաբորում ցույց տվեց՝ Ում պետք է հետևել։ Այդ պատճառով էլ ամպից հնչեց ոչ թե նոր պատվիրան, այլ մեկ պատգամ. «Դա է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեցեք»։

    Հետևաբար, քրիստոնյայի համար Աստծո կամքը Քրիստոսի կենդանի ձայնն է․ ով լսում է նրան, կատարում է ամբողջ Օրենքը, որովհետև Քրիստոս լրումն է Օրենքի և մարգարեությունների (Հռոմ. Ժ 4)։ Թաբորի վրա հնչած երկնային ձայնը դառնում է քրիստոնեական կյանքի ամենահակիրճ բանաձևը. քրիստոնյա լինել նշանակում է լսել Քրիստոսին։ Այսօր աշխարհը լեցուն է ձայներով, որոնք ձգտում են գրավել մարդու միտքն ու սիրտը։ Ամեն օր մեզ առաջարկվում են նոր ճշմարտություններ, նոր արժեքներ, նոր ճանապարհներ։ Սակայն հավատացյալի կոչումն է բոլոր այդ ձայների միջից տարբերակել մեկ Ձայն՝ Բարի Հովվի ձայնը։ Այդ Ձայնը չի խաբում, չի մոլորեցնում, չի փոխվում ժամանակին զուգընթաց, որովհետև Քրիստոս «նույնն է երեկ, այսօր և հավիտյան»։ Նրա խոսքը պարզապես ուսուցում չէ, այլ կյանք պարգևող զորություն, որովհետև «հոգի է և կյանք» (Հովհ. Զ 63)։

    Սիրելի՛ հավատացյալներ,

    Տոնական օրվա Ավետարանը մեզ ներկայացնում է մի ուղեցույց, որի յուրաքանչյուր քայլը պատրաստում է հաջորդը։ Եվ այդ ամենն սկսվում է մի հարցից, որը հնչում է ոչ միայն Կեսարիայի ճանապարհին, այլև այսօր՝ մեր սրտերում․ «Դո՞ւք ինչ եք կարծում, ո՞վ եմ ես» (Մտթ․ ԺԶ 15)։ Ավետարանի ամենաանձնական հարցերից մեկը, որով Հիսուս ակնկալում է ամեն մեկիս անձնական պատասխանը։ Եթե Հիսուս մեզ համար պարզապես մեծ ուսուցիչ է կամ պատմության նշանավոր դեմք, ապա նրա խոսքերը կարող են մեզ միայն հիացնել։ Բայց եթե, Պետրոսի նման, մեր սրտի խորքից հռչակում ենք՝ «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծո Որդին», ապա այս խոստովանությունը այլակերպում է մեր կյանքը, որովհետև այդ պահից մենք հետևում ենք ոչ թե մի ուսուցչի, այլ կենդանի Աստծո Որդուն։

    Ուշագրավ է, որ Տերը չի թողնում աշակերտներին կանգ առնել միայն հավատքի խոստովանության վրա։ Պետրոսի շուրթերից դեռ չէր լռել «Դու Քրիստոսն ես․․․» խոսքը, երբ Հիսուս արդեն խոսում է ոչ թե փառքի, այլ խաչի մասին։ Նա հայտնում է, որ Մեսիայի ճանապարհը անցնում է չարչարանքի, մերժման, մահվան և ապա հարության միջով։ Ավելին՝ նույն ճանապարհն առաջարկում է նաև իր աշակերտներին․ «Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մտթ․ ԺԶ 24)։ Այդպես Քրիստոս ցույց է տալիս, որ հավատքի ճշմարիտ խոստովանությունը վերածվում է կյանքի ճանապարհի։

    Եվ միայն այս խոսքերից հետո է Տերը բարձրանում Թաբոր լեռ՝ իր հետ տանելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին։ Սա պատահական հաջորդականություն չէ, այլ Աստծո փրկարար մանկավարժությունը։ Քրիստոս նախ հայտնում է խաչի խորհուրդը, ապա միայն մի պահ բացում իր աստվածային փառքի վարագույրը։ Նա ցանկանում է, որ աշակերտները հասկանան՝ դեպի փառք տանող ճանապարհը խաչի միջով է անցնում։ Ահա թե ինչու Թաբորն ու Գողգոթան հակադիր լեռներ չեն, այլ մեկ փրկարար խորհրդի երկու անբաժանելի գագաթներ։ Թաբորը վկայում է Քրիստոսի աստվածության մասին, իսկ Գողգոթան՝ նրա անսահման սիրո։ Առանց Թաբորի խաչը կարող էր ընկալվել որպես պարտություն, իսկ առանց Գողգոթայի Թաբորի փառքը կմնար անհասկանալի հայտնություն։ Միայն երկուսը միասին են բացում Ավետարանի ամբողջ ճշմարտությունը. խաչը Քրիստոսի փառքի ճանապարհն է, որը մի ակնթարթ լուսարձակում է Այլակերպության պահին։

    Սիրելինե՛ր, Թաբորն ու Գողգոթան միմյանցից անբաժանելի են նաև մեկ այլ խորունկ իմաստով։ Երկու լեռների վրա էլ մենք տեսնում ենք Քրիստոսի «այլակերպումը», բայց՝ երկու տարբեր կերպերով։ Թաբորի վրա Նրա դեմքը փայլում է աստվածային լույսով, և աշակերտները տեսնում են Նրա անթաքույց փառքը։ Իսկ Գողգոթայի վրա նույն այդ դեմքը խոշտանգվում է, արյունով պատվում և «կորցնում է մարդու կերպարանքը» (Ես. ԾԲ 14)։ Մի լեռան վրա Քրիստոս պայծառակերպվում է, մյուսի վրա՝ հանուն մեր փրկության կամովին «այլանդակվում»՝ կրելով մեղքի և մահվան ամբողջ ծանրությունը։ Բայց սա երկու տարբեր Քրիստոս չէ։ Նույն Տերն է՝ Թաբորի վրա Իր աստվածային փառքը հայտնող, իսկ Գողգոթայի վրա՝ մինչև վերջ սիրող Աստված։ Թաբորը մատնանշում է, թե ով է նա, իսկ Գողգոթան՝ թե որքան է նա սիրում մեզ։ Այս երկու լեռները միասին բացահայտում են Քրիստոսի ամբողջ ճշմարտությունը՝ փառքով լուսավորված և սիրով խաչված։

    Մարդու սրտի բնական ցանկությունն է մնալ Թաբորի վրա։ Այդ ցանկությունն է արտահայտում Պետրոսը. «Տե՛ր, ի՜նչ լավ է այստեղ…»։ Ո՞վ չէր ցանկանա մշտապես ապրել Աստծո ներկայության և խաղաղության մեջ։ Սակայն Քրիստոս իջնում է լեռից, որովհետև լեռան ստորոտում նրան սպասում է տառապող աշխարհը՝ հիվանդները, հուսահատները, մեղքի ու մահվան դեմ պայքարող մարդիկ։ Թաբորի լույսը տրված չէր աշխարհից հեռանալու, այլ աշխարհն Աստծո լույսով լուսավորելու։ Ահա թե ինչու աղոթքը չի ավարտվում ինքնահափշտակությամբ։ Այն պսակվում է ծառայությամբ։ Ով իսկապես հանդիպել է Քրիստոսին, չի կարող չվերադառնալ իր եղբոր մոտ։ Թաբորը երբեք հանգրվան չէ. այն զորության աղբյուր է՝ սիրով ծառայելու և հավատարմությամբ կրելու կյանքի գողգոթաները։

    Սիրելինե՛ր, Թաբորի հայտնությունը տրվեց ոչ թե մի քանի ակնթարթ հիանալու, այլ աշակերտների հավատն ամրապնդելու։ Շուտով նրանք պիտի տեսնեին իրենց Վարդապետին անարգված, խաչված ու արյունաքամ։ Այդժամ նրանց զորացնելու էր Թաբորի հիշողությունը. պայծառակերպված դեմքը պիտի լուսավորեր խաչված դեմքը, իսկ Հոր ձայնը՝ «Սա է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեցեք», պիտի հաղթահարեր ամբոխի աղաղակն ու ծաղրանքը։ Այսօր այդ խոսքը մեզ էլ է ուղղված։ Մեր կյանքի ճանապարհին նույնպես գալիս են խաչի օրեր, երբ թվում է, թե լռում է երկինքը։ Բայց հենց այդ ժամանակ առավել քան երբևէ պետք է լսենք Քրիստոսին։ Նրա խոսքը մնում է անփոփոխ նույնիսկ այն ժամանակ, երբ փոխվում են հանգամանքները։ Ով կառչում է այդ խոսքից, չի պարտվում փորձությանը, որովհետև գիտի, որ խաչը ճանապարհ է, ոչ թե վերջնակետ։

    Օրհնաբեր այս տոնի առիթով չեմ կարող չարտահայտել իմ խորին երախտագիտությունը Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու սիրելի համայնքին։ Աստծո նախախնամությամբ և Նորին Սրբության տնօրինությամբ հենց այս սուրբ տաճարից սկսեցի առաջնորդական իմ ծառայությունը Մասյացոտնի թեմում։ Այդ օրերին, երբ մեր թեմը կանգնած էր ծանր փորձությունների, անորոշության և ներքին ու արտաքին մարտահրավերների առջև, դուք ինձ ընդունեցիք սիրով, անկեղծ աղոթքով և ջերմ հավատարմությամբ։ Ձեր վերաբերմունքը դարձավ մխիթարության և զորության աղբյուր՝ ամրացնելով իմ սիրտը շարունակելու ինձ վստահված ծառայությունը։ Այսօր, թեև փորձությունների ճանապարհը դեռևս ավարտված չէ, և հոգևոր պայքարը շարունակվում է, սակայն պետք է գիտակցենք, որ չարի գործելակերպը հաճախ փոխում է իր կերպերը․ երբեմն այն հանդես է գալիս ոչ թե բացահայտ, այլ ավելի ծածուկ, խաբուսիկ և խորամանկ ճանապարհներով։ Բայց մեր հույսը ոչ թե մարդկային ուժերի, այլ Քրիստոսի հաղթանակի մեջ է։ Ուստի ձեր հավատարմությունն ու եկեղեցասիրությունը մեզ համար մնում են մեծագույն զորություն և վկայություն։

    Հատուկ երախտագիտություն և գնահատանք եմ հայտնում նաև համայնքի հոգևոր հովվին՝ մեր սիրելի Տեր Հարություն քահանային, որ այս դժվարին ժամանակներում իր ծառայությամբ դրսևորեց քաջ հովվի կերպարով՝ հավատարիմ մնալով իր կոչմանը։

    Քաջ հովիվը ճանաչվում է ոչ միայն խաղաղության օրերին իր ծառայությամբ, այլ հատկապես այն ժամանակ, երբ գալիս են փորձության և մարտահրավերների պահերը։ Տեր Հարություն քահանան իր անխարդախ կեցվածքով վկայեց Տիրոջ այն խոսքը, թե «Հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց» (Հովհ․ Ժ 11)։

    Տեր Հիսուս Քրիստոս, Սուրբ Հակոբի բարեխոսությամբ, առատապես թող օրհնի այս հոգևոր ընտանիքը։ Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցին թող մշտապես մնա հավատքի, միաբանության և սիրո օջախ՝ զորանալով Աստծո սրբարար շնորհներով և շողարձակելով պայծառակերպության անսպառ լույսը․ Ամեն»։


  • Դավիթ Խաժակյանը դուրս է եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից

    Դավիթ Խաժակյանը դուրս է եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։

    «Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը իմ ընտրությունն էր, իսկ այժմ նաև Լուսավոր Հայաստան կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված՝ թողնելով ջերմեռանդ երիտասարդական ջանքս և ինձ հետ վերցնելով մեծ փորձառություն, ջերմ հիշողություններ և բազմաթիվ լավ ընկերներ»,-գրել է նա ֆեյսբուքյան էջում:

  • Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան

    Մինչ տեղական կառավարիչը հայտարարում է, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի տարեվերջին, Բաքվից ի պատասխան հիշեցնում են, որ մինչև իրենց պահանջը չկատարվի՝ Սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիր չեն ստորագրի։  Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։

    «Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն։

    Թե հընթացս ինչ նոր ծրագրեր կկազմվեն և ինչ կպարտադրվի գործող իշխանությանը, դեռ դժվար է ասել»,-գրել է  Աբրահամյանը։

  • Հայտարարություն՝ հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

    Հայտարարություն՝ հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

    Սույն թվականի հուլիսի 17-ին` ժամը 15:00-17:00, հուլիսի 20-ին` ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, հուլիսի 21-ին` ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստ:

    Օրակարգում`

    1. Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության անցկացում:

    2. Հանրային հատվածի հաշվապահի որակավորման հետ կապված այլ հարցերի քննարկում:

  • Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր Կամենդատյան

    ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, արեք ձեզ ենք հիշել։ Քանի որ դուք ապիկարներ եք և ձեր պատճառով երկիրը մլրդ Ամն դոլարի վնասներ է կրում, հիմա ձեզ մի լավ առաջարկ ենք անում։ Խոսքը արտահանողների լոգիստիկայի մասին է։
    ԵՎ Լիովին հասկանալի է մեր մտահոգությունը։ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի, և հաճախ բյուրոկրատական ապարատը (այդ թվում՝ Էկոնոմիկայի նախարարությունը) չունի այն ճկունությունն ու արագությունը, որոնք անհրաժեշտ են միջազգային բեռնափոխադրումների ճգնաժամային խնդիրները լուծելու համար։ Նախարարության գործառույթը քաղաքականություն մշակելն է, այլ ոչ թե օպերատիվ լոգիստիկ կապեր կառավարելը։
    Մեր առաջարկած գաղափարի հիման վրա՝ ստորև ներկայացված է Բեռնափոխադրումների ազգային օպերատորի (ԲԱՕ) ստեղծման հայեցակարգի նախագիծը։
    ՀԱՅԵՑԱԿԱՐԳ․ Բեռնափոխադրումների ազգային օպերատորի (ԲԱՕ) ստեղծում
    1. Նպատակը և հիմնավորումը
    Արտահանման լոգիստիկ շղթաների կառավարումը դուրս է բերվում Էկոնոմիկայի նախարարության ենթակայությունից և փոխանցվում է անկախ, մասնագիտացված կառույցի։
    Խնդիրը: Նախարարությունը չի կարող գործել որպես բիզնես գործընկեր, չունի օպերատիվ արձագանքման գործիքներ (օրինակ՝ Լարսի խցանումների, լաստանավային խնդիրների ժամանակ)։
    Լուծումը: Ստեղծել անկախ ազգային օպերատոր (օրինակ՝ Բաժնետիրական ընկերություն՝ պետություն-մասնավոր հատված ձևաչափով), որը կզբաղվի բացառապես հայկական բեռների անխափան տեղաշարժով։
    2. ԲԱՕ-ի Կառուցվածքը և Կարգավիճակը
    Որպեսզի կառույցը չվերածվի հերթական դանդաղաշարժ պետական հիմնարկի, առաջարկվում է հետևյալ մոդելը.
    Մոդելը: Պետություն-Մասնավոր գործընկերություն (PPP)։ Պետությունը կարող է ունենալ բաժնեմաս (օրինակ՝ ռազմավարական վերահսկողության համար), բայց կառավարումը պետք է հանձնվի միջազգային փորձ ունեցող լոգիստիկ մենեջերների։
    Համակարգումը: Կառույցը պետք է ֆունկցիոնալ կապ ունենա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (որը զբաղվում է ճանապարհներով ու տրանսպորտով) և ՊԵԿ-ի հետ, բայց լինի ինքնավար մարմին։
    3. Ազգային Օպերատորի Հիմնական Գործառույթները
    Ա. Ռազմավարական միջանցքների և սեփական շարժակազմի կառավարում

    Ունենալ կամ վարձակալել սեփական բեռնատարների պարկ, սառնարանային վագոններ և կոնտեյներներ։

    Կնքել ուղիղ, երկարաժամկետ պայմանագրեր ծովային և երկաթուղային օպերատորների հետ (օրինակ՝ վրացական և ռուսական նավահանգիստներում առաջնահերթություն ստանալու համար)։
    Բ. «Մեկ պատուհան» արտահանողների համար
    Հայ արտահանողը գործ է ունենում միայն ԲԱՕ-ի հետ։ Օպերատորն իր վրա է վերցնում բեռի ընդունումը, փաստաթղթավորումը, մաքսային ձևակերպումների աջակցությունը և տեղ հասցնելը։

    Գ. Ճգնաժամային լոգիստիկա և այլընտրանքային ուղիներ

     

    Վերին Լարսի փակման դեպքում Օպերատորն ավտոմատ միացնում է այլընտրանքային սխեմաները (մուլտիմոդալ փոխադրումներ՝ լաստանավ, երկաթգիծ, օդային բեռնափոխադրումներ թանկարժեք/շուտ փչացող ապրանքների համար)։
    4. Ակնկալվող Արդյունքները։
    Նամակագրության կրճատումը, աշխարհագրության ընդլայնումը։
    5. Հաջորդ քայլերը (Ճանապարհային քարտեզ)
    1. Օրենսդրական փոփոխություններ: Էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունից հանել լոգիստիկ օպերացիաների կառավարման գործառույթը։
    2. Աշխատանքային խմբի ստեղծում: Ներգրավել խոշոր արտահանողներին և լոգիստիկ մասնավոր ընկերություններին՝ ԲԱՕ-ի կանոնադրությունը գրելու համար։

    3. Կապիտալիզացիա: Պետական բյուջեից կամ միջազգային դոնորներից ռեսուրսներ ներգրավելը։

    և այլ բազմաթիվ հանգույց կետեր։

    Եկեք աշխատենք, ընտրական ձայն կեղծելու բացի այլ կյանք էլ կա։

     

  • «Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան

    Արագ փոփոխվող տնտեսական միջավայրը բանկերից պահանջում է ոչ միայն ճկունություն, այլև ռազմավարական մոտեցումներ։ Ֆինանսական կառավարման դերը վաղուց դուրս է եկել սոսկ թվային ցուցանիշներ արձանագրելու շրջանակից՝ դառնալով կայունության և աճի գլխավոր շարժիչ ուժը։

    Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի` ֆինանսական գծով տեղակալ Ռուբեն Բադալյանը խոսել է ֆինանսական ռիսկերի զսպման արդյունավետ մեխանիզմների, ներքին գործընթացների ավտոմատացման ու թվայնացման ազդեցության, ինչպես նաև շուկայում երկարամյա վստահության ամրապնդման և հանրության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված բանկի առաքելության մասին։

    Պարո՛ն Բադալյան, այսօր համաշխարհային ֆինանսական շուկաները շարունակում են գործել բավական փոփոխական և անկայուն միջավայրում։ Ինչպե՞ս է Հայէկոնոմբանկին հաջողվում տնտեսական անորոշությունների պայմաններում պահպանել կայունությունը, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ֆինանսական ռիսկերի զսպման ուղղությամբ։

    Վերջին տարիներին ֆինանսական շուկաներն իսկապես աչքի են ընկնում բարձր տատանողականությամբ: Աշխարհաքաղաքական զարգացումները և տնտեսական մարտահրավերները բանկերից պահանջում են ճկունություն, արագ արձագանքման և, միաժամանակ, երկարաժամկետ պլանավորման կարողություն։

    Մեր առաջնահերթությունը ֆինանսական կայունության, իրացվելիության բարձր մակարդակի և հաճախորդների վստահության պահպանումն է։ Այդ նպատակով մենք մշտապես վերահսկում ենք ակտիվների ու պարտավորությունների կառուցվածքը, պահպանում ենք իրացվելիության բավարար պաշարներ և առանձնակի ուշադրությամբ հետևում տոկոսադրույքի, արժութային և իրացվելիության ռիսկերին։

    Միաժամանակ, մենք պարբերաբար իրականացնում ենք սթրես-թեստավորումներ և տարբեր սցենարային վերլուծություններ, ինչը թույլ է տալիս հնարավոր մարտահրավերներին պատրաստ լինել նախապես։ Մեծ ուշադրություն ենք դարձնում նաև ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացմանը, ավանդային բազայի կայունությանը և կապիտալի բավարար մակարդակի պահպանմանը։

    Ֆինանսական կայունությունը պատահական արդյունք չէ. այն ամենօրյա կարգապահ աշխատանքի, պատասխանատու ռիսկերի կառավարման և ռազմավարական մտածողության արդյունք է։

    Ժամանակակից բանկն այլևս հնարավոր չէ պատկերացնել առանց տեխնոլոգիական լուծումների: Ի՞նչ ազդեցություն է ունենում թվայնացումը Ձեր ամենօրյա աշխատանքի վրա, և արդյո՞ք այդ փոփոխություններն ուղղակիորեն զգում է հաճախորդը:

    Այսօր արդեն դժվար է պատկերացնել արդյունավետ ֆինանսական կառավարում առանց թվայնացման։ Եթե տարիներ առաջ բազմաթիվ գործառույթներ կատարվում էինաշխատակիցների կողմից առանձին ծրագրերի միջոցով, ապա այժմ ավտոմատացված համակարգերը հնարավորություն են տալիս դրանք իրականացնել զգալիորեն ավելի արագ և ճշգրիտ՝ նվազեցնելով գործառնական ռիսկերն ու բարձրացնելով հաշվետվությունների որակը։ Արդյունքում մեր թիմը կարողանում է ավելի շատ ժամանակ հատկացնել խորքային վերլուծություններին, ֆինանսական պլանավորմանն ու ռազմավարական որոշումների կայացմանը։

    Այս ամենն անմիջական ազդեցություն ունի նաև հաճախորդի վրա։ Երբ ներքին գործընթացներն ավելի արդյունավետ են, բանկը կարողանում է ճկուն կառավարել իր ծախսերը, արագացնել ծառայությունների մատուցումը և հաճախորդներին առաջարկել ավելի մրցունակ պայմաններ։

    Թվայնացման հիմնական նպատակը միայն ծախսերի կրճատումը չէ. այն առաջին հերթին բարձրացնում է սպասարկման արագությունը, անվտանգությունն ու հարմարավետությունը:

    Գաղտնիք չէ, որ բանկային ավանդների շուկան բավականին մրցակցային է: Ի՞նչն է, ըստ Ձեզ, այսօր ձևավորում հաճախորդների վստահությունը, և ֆինանսական ի՞նչ գործիքակազմով է Հայէկոնոմբանկն ապահովում հաճախորդների հավատարմությունը։

    Մեր փորձը ցույց է տալիս, որ հաճախորդներն իրենց ընտրությունը վաղուց արդեն չեն կատարում միայն տոկոսադրույքի հիման վրա։ Ոչ պակաս կարևոր են բանկի հուսալիությունը, պատմությունը, սպասարկման որակն ու թվային հնարավորությունները։

    Մեր նպատակը ոչ թե պարզապես միջոցներ ներգրավելն է, այլ երկարաժամկետ հարաբերություններ կառուցելը, որոնց հիմքում կանխատեսելիությունն է։ Դրա համար մենք առաջարկում ենք տարբեր ժամկետայնությամբ և տարբեր արժույթներով ավանդներ, թողարկում պարտատոմսեր, վարում շուկային համահունչ տոկոսադրույքային քաղաքականություն և շարունակաբար զարգացնում մեր թվային հարթակները, որ յուրաքանչյուր հաճախորդ կարողանա հեշտ և հարմար կառավարել իր ֆինանսները:

    Վստահությունը ձևավորվում է ոչ թե մեկ առաջարկով, այլ տարիների հետևողական աշխատանքով, թափանցիկ գործունեությամբ և պատասխանատու վերաբերմունքով։

    Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն ունի ֆինանսական գրագիտությունը հաճախորդների պատասխանատու վարքագծի ձևավորման գործում, և ինչպե՞ս կարող են բանկերը նպաստել այդ գործընթացին։

    Ֆինանսական գրագիտությունն այսօր արդեն հավելյալ գիտելիք չէ, այլ ֆինանսական կայունության կարևոր նախապայման։ Որքան բարձր է հանրության իրազեկվածությունը ֆինանսական գործիքների, ռիսկերի և հնարավորությունների վերաբերյալ, այնքան ավելի հիմնավորված և հեռանկարային են նրանց որոշումները՝ լինի դա խնայողությունների կառավարում, ներդրումների իրականացում, թե վարկային պարտավորությունների ստանձնում։

    Տեղեկացված հաճախորդն արդյունավետ է կառավարում ոչ միայն իր բյուջեն, այլև նպաստում է ամբողջ ֆինանսական համակարգի առողջ զարգացմանը, և բանկերն այստեղ լրջագույն կրթական ու տեղեկատվական առաքելություն ունեն:

    Ֆինանսական գծով փոխտնօրենի դերը ժամանակակից աշխարհում վաղուց դուրս է եկել միայն թվեր արձանագրելու շրջանակից. այն ունի ընդգծված ռազմավարական նշանակություն: Այս համատեքստում, առաջիկա տարիներին զարգացման ի՞նչ գլխավոր նշաձողեր եք սահմանել Ձեր թիմի համար:

    Բանկի ռազմավարական առաջընթացն անհնար է առանց ներքին գործընթացների արդյունավետ կառավարման:

    Մենք շարունակում ենք աշխատել գործընթացների ավտոմատացումը խթանելու, տվյալների վերլուծությունն ընդլայնելու, ռիսկերի արդյունավետ զսպման և կայունության ապահովման, ինչպես նաև ռեսուրսների դիվերսիֆիկացման ուղղությամբ: Սրանք այն ուղղություններն են, որոնք սահմանում են մեր այսօրվա օրակարգը և երաշխավորում Բանկի կայուն զարգացումն ապագայում։

    Ֆինանսական կայունությունն ու աճը երբեք պատահական չեն. դրանք ամենօրյա կանոնակարգված աշխատանքի և պատասխանատու կառավարման արդյունք են: Դա հենց այն հիմքն է, որ ձևավորում է Հայէկոնոմբանկի նկատմամբ երկարամյա վստահությունն ու ամրապնդում մեր դիրքերը շուկայում՝ որպես կայուն և հեռանկարային գործընկեր յուրաքանչյուր հաճախորդի համար:

    86 86 | aeb.am
    Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: