ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հուլիսի 8-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։
Վթարի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել վարորդներից Անդրանիկ Գ.-ն, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 66-ամյա Անահիտ Գ.-ն, իսկ մյուս ուղևոր 5-ամյա Անահիտ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Որոշ ժամանակ անց «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, և հայտնել են, որ վիրավորներից Անահիտ Գ.-ն գիտակցության չգալով մահացել է։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ նախ «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների, հետո արդեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը, իսկ մահացածը նրա տատիկն էր։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաննեում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել էին «Ford Tranist», «Dodge» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել էր երկաթե արգելապատնեշներին։
Գյումրու ավագանին արտահերթ նիստում հաստատել է 2027 թվականի սուբվենցիոն հայտը, որով նախատեսվում է հիմնանորոգել 48 փողոց և 1 հրապարակ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 7 միլիարդ դրամ է, որից 4.2 միլիարդը (60%-ը) կներդնի համայնքը։
Ըստ «Արմենպրես»-ի՝ սա հաջորդում է նախորդ տարիներին (2021-2026 թթ.) արդեն իսկ իրականացված և ընթացիկ տասնյակ փողոցների վերանորոգման աշխատանքներին։
Չնայած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս անգամ ևս ամբողջ կազմով բոյկոտել էր նիստը (ինչպես հունիսի 25-ի չկայացած նիստին), այսօր այլ ուժերի շնորհիվ հաջողվել է քվորում ապահովել և ընդունել որոշումը։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսի և Միրիամ Լեքսմանի հյուրընկալությամբ հուլիսի 14-ին Եվրոպական խորհրդարանում կայացավ «Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով քննարկում, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի անդամներ, իրավաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ և Ադրբեջանում պահվող հայ պատանդառվածների ընտանիքների անդամներ։ Քննարկումը կենտրոնացած էր Ադրբեջանում շարունակվող հայ ռազմագերիների և քաղաքական պատանդառվածների պահման, ինչպես նաև նրանց ազատ արձակման ապահովման գործում Եվրոպական միության հնարավոր դերակատարության վրա։
Բանախոսները քննարկեցին խնդրի մարդասիրական, իրավական և քաղաքական ասպեկտները՝ պնդելով, որ հայ գերիների շարունակվող անօրինական կալանավորումը խաթարում է ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հեռանկարները։
Քննարկումը սկսեց Կոստաս Մավրիդեսը՝ վերահաստատելով Եվրոպական խորհրդարանի հստակ դիրքորոշումը, որով պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Նա նաև Եվրոպական հանձնաժողովին հիշեցրեց վերջինիս մանդատի մասին՝ հանդես գալու նման պահանջներով, ինչպես ամրագրված է Եվրոպական խորհրդարանի մի շարք բանաձևերում, ինչպես նաև ընդգծեց ԵՄ–Ադրբեջան էներգետիկ համաձայնագիրը միջազգային իրավունքի և մարդու իրավունքների տեսանկյունից վերանայելու անհրաժեշտությունը։ Նա կիսվեց այն հիասթափությամբ, որն արտահայտում էին ներկաներից շատերը, որ գործադիր իշխանության աշխարհաքաղաքական նկատառումները ստվերել են թե՛ Եվրոպական խորհրդարանի կամքը, թե՛ այն արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպական միությունը։
Իր հերթին Միրիամ Լեքսմանը հավելեց, որ Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների շարունակական խորացումը հնարավորություն է տալիս Եվրոպական հանձնաժողովին առաջատար դեր ստանձնել այս հարցում։ Նա շեշտեց՝ քաղաքական բանտարկյալների հարցը պետք է արժանանա առավելագույն առաջնահերթության և չպետք է դրվի վտանգի տակ։
Ներկայացնելով կալանավորվածների ընտանիքները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը, խոսեց իր հոր բանտարկության ազդեցության մասին։ Նա պատմեց, որ իր հայրը 2023 թվականին, Արցախի հայ բնակչության բռնի տեղահանության ընթացքում, մնացել էր Արցախում՝ աջակցելու խաղաղ բնակիչների անվտանգ տարհանմանը, որից հետո ձերբակալվել էր ադրբեջանական իշխանությունների կողմից։ Այդ ժամանակվանից ի վեր նա քաղաքական դրդապատճառներով դատավարությունից հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Անդրադառնալով ավելի քան 1000 օր տևող բաժանվածությանը՝ Արմեն Իշխանյանը նկարագրեց այն ծանր հոգեբանական ազդեցությունը, որ բանտարկությունը թողել է իր ընտանիքի վրա։ Հիշելով դստեր հետ ունեցած զրույցը՝ նա ասաց. «Երբ հարցրի նրան, թե ինչ է ցանկանում ծննդյան նվեր, նա պարզապես պատասխանեց. «Ես ուզում եմ, որ պապիկս տուն գա»»։
Համաժողովում քննարկվեցին նաև կալանավորվածների շարունակվող ազատազրկման իրավական հետևանքները։ Փաստաբան Սիրանուշ Սահակյանը, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում է բազմաթիվ հայ գերիների շահեր, ընդգծեց, որ այդ գործերի նշանակությունը շատ ավելին է, քան առանձին անձանց ճակատագրերը։ Նա մասնավորապես նշեց․ «Հայ գերիների անօրինական կալանավորումն ու դատապարտումները պարզապես մարդու իրավունքների խնդիր չեն, այլ որոշիչ փորձություն՝ Եվրոպայի կարողության համար պաշտպանելու իրավունքի գերակայությունն ու միջազգային իրավակարգը։ Թեև Եվրոպական խորհրդարանն ընդունել է կարևոր բանաձևեր, այժմ դրանք պետք է ուղեկցվեն արդյունավետ քաղաքական գործողություններով։ Հակառակ դեպքում վաղը անպատժելիությունը կդառնա նորմ»։
Մարդու իրավունքների միջազգային գործընկերության Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին իր հերթին նշեց, որ կալանավորվածների ազատ արձակումը պետք է դիտարկվի որպես ցանկացած արժանահավատ խաղաղության գործընթացի նախապայման։ Ըստ նրա՝ «Խաղաղությունը չի կարող արժանահավատ լինել, քանի դեռ հայ գերիները մնում են բանտարկված Ադրբեջանում։ Նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը երկրորդական հարց չէ, այլ հիմնարար մարդասիրական պարտավորություն և ցանկացած իրական խաղաղության գործընթացի անհրաժեշտ հիմք։ Արդարությունը, վստահությունն ու հաշտեցումը պետք է սկսվեն յուրաքանչյուր գերու անվտանգ և առանց հապաղման տուն վերադարձով»։
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն Ջոել Վելդքեմփը նշեց, որ այս հարցը նաև ավելի լայն ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի համար։ Ըստ Վելդքեմփի՝ «Ուժեղ Հայաստանը կարող է օգտակար դաշնակից լինել Եվրոպական միության համար՝ այն ժամանակաշրջանում, երբ աճում է Թուրքիայի ազդեցությունը, իսկ միջազգային նորմերը թուլանում են։ Հայաստանը հզորացնելու նպատակով եվրոպացի քաղաքական որոշում կայացնողները պետք է փնտրեն ուղիներ՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը դարձնելու ավելի հավասարակշռված։
Բաքվում պահվող քսան հայ պատանդների պաշտպանության ուղղությամբ միջամտությունը հիանալի մեկնարկ կլիներ»։
Համաժողովի ողջ ընթացքում բանախոսները Եվրոպական միությանը կոչ արեցին դուրս գալ մտահոգություն արտահայտող հայտարարությունների շրջանակից և կիրառել իր տրամադրության տակ գտնվող դիվանագիտական ու քաղաքական գործիքները՝ ճնշում գործադրելու կալանավորվածների անհապաղ ազատ արձակման համար։ Նրանք ընդգծեցին՝ հայ քաղաքական բանտարկյալների և ռազմագերիների շարունակվող ազատազրկումը շարունակում է մնալ վստահության ձևավորման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտներից մեկը։
Համաժողովն ավարտվեց միասնական կոչով՝ ուղղված Եվրոպական միության հաստատություններին՝ ակտիվացնել Ադրբեջանի հետ իրենց ներգրավվածությունը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել անհապաղ առաջնահերթություն։
Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ տեղեկատվության՝ այն պահից, երբ ԱՄՆ-ը խախտել է հրադադարի ռեժիմի պայմանները, ԻՀՊԿ-ն վեց անգամ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա։
Ավելի վաղ Իրանի Զինված ուժերը հարվածներ էին հասցրել Հորդանանում գտնվող «Ալ-Ազրաք» ավիաբազային։
Իսկ դուք ի՞նչ եք կարդում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս խորագրով տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում:
«Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը, որը ահագին ժամանակ առաջ էի սկսել: Իսկ դուք ի՞նչ եք կարդում»,- ասում է վարչապետը տեսանյութում:
Հայաստանի կառավարությունն առաջարկում է 1 միլիարդ 34 միլիոն 715 հազար դրամ հատկացնել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի ութ համայնքում իրականացվող ինը սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։ Համապատասխան չզեկուցվող նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ հուլիսի 16-ի նիստի օրակարգում։
Ծրագրերն իրականացվելու են Արտաշատ, Արաքս, Գավառ, Փամբակ, Ալավերդի, Սիսիան, Նոյեմբերյան և Իջևան համայնքներում։
Արարատի մարզի Արտաշատ համայնքին կհատկացվի 157 միլիոն 111 հազար դրամ՝ Արաքսավան, Դիտակ, Մրգանուշ, Այգեստան, Հնաբերդ և Դվին բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցման և վերանորոգման համար։
Արմավիրի մարզի Արաքս համայնքին կտրամադրվի 31 միլիոն 906,8 հազար դրամ՝ Մեծամոր գյուղի Խաչատուր Աբովյանի փողոցի ասֆալտապատման նպատակով։
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքին նախատեսվում է հատկացնել 310 միլիոն 400 հազար դրամ՝ Գավառ, Ծովազարդ, Հայրավանք, Բերդկունք, Նորատուս, Կարմիրգյուղ, Սարուխան և Գանձակ բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար։
Լոռու մարզում նախատեսված է երկու ծրագիր՝ ընդհանուր 67 միլիոն 618,1 հազար դրամ արժեքով։ Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրի գազաֆիկացմանը կհատկացվի 19 միլիոն 778 հազար դրամ, իսկ Ալավերդի համայնքի Արևածագ, Կարմիր Աղեկ և Հագվի բնակավայրերի խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի կառուցմանն ու նորոգմանը՝ 47 միլիոն 840,1 հազար դրամ։
Սյունիքի մարզի Սիսիան համայնքին կհատկացվի 143 միլիոն 857,3 հազար դրամ՝ Սիսիան քաղաքի մի շարք բազմաբնակարան շենքերի բակային փողոցների, ինչպես նաև Զորավար Անդրանիկ և Հովհան Որոտնեցի փողոցների վերջնամասերի կապիտալ վերանորոգման համար։
Տավուշի մարզում կիրականացվի երեք ծրագիր՝ ընդհանուր 323 միլիոն 822 հազար դրամ արժեքով։
Նոյեմբերյան համայնքում 244 միլիոն 743,7 հազար դրամ կուղղվի Կողբի թիվ 1 մանկապարտեզի նոր շենքի կառուցմանը, իսկ 26 միլիոն 980,2 հազար դրամ՝ Դովեղ բնակավայրի 2-րդ փողոցը տուֆ քարով սալապատելուն։
Իջևան համայնքին կհատկացվի 52 միլիոն 98,1 հազար դրամ՝ Իջևան քաղաքի Սարիբեկ Օհանյան փողոցի 1-ին նրբանցքի հիմնանորոգման համար։
Երեկ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռերի փողոցի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնասպանություն է գործել։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնեցին ՔԿ–ից։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 15-ին, ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզուրին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ–ից։
Ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության՝ կողմերը քննարկել են իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք առանցքային թեմաներ․
Ուշադրության կենտրոնում են եղել բռնի տեղահանվածների, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցողների, ազգային փոքրամասնությունների և ԼԳԲՏՔ+ անձանց իրավունքները:
Պաշտպանն անդրադարձել է Հայաստանում ատելության խոսքի լուրջ ծավալներին և դրան հակազդելու կարևորությանը:
Շեշտվել է մարդու իրավունքների կրթության բարեփոխման, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ թեև որոշ ուղղություններով առաջընթաց կա, սակայն ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ մարտահրավերներ, որոնք հետևողական աշխատանք են պահանջում։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։