«Եթե պատմությանը նայենք որպես դրամատուրգիական սյուժե, կարելի է նկատել որոշակի մետաֆիզիկական օրինաչափություն: XX դարը սկսվեց հայերի ողբերգությամբ եւ հետո աշխարհը ստացավ այն, ինչ ստացավ: XXI դարը սկսվեց հայերի ողբերգությամբ եւ մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Արցախը դարձավ յուրօրինակ ռեզոնատոր: Հաջորդած համաշխարհային աբսուրդի մասշտաբն այսօր իրենից ներկայացնում է դժվարությամբ զսպվող բազմավեկտոր աղետ: Քաղաքակրթական առումով մենք բոլորս պարտվում ենք։ Եթե չասենք, որ պարտվել ենք»:
Այսպիսի տեսակետ է հայտնում պերֆորմանսի հետազոտող, մշակութաբանության թեկնածու Մարիա Անտոնյանը՝ դիտարկելով ժամանակակից համաշխարհային ճգնաժամերը պերֆորմատիվ հետազոտությունների պրիզմայով:
Մեդիամաքսը զրուցել է Մարիա Անտոնյանի հետ 2026 թվականի հունիսի 4-ից 5-ը Մանչեսթերի համալսարանում (Մեծ Բրիտանիա) կայացած Performing European Publics միջազգային համաժողովում նրա ելույթից հետո:
Նրա «Performance and European Publics: Humanitarian Appeals in the Context of Nagorno-Karabakh» («Պերֆորմանսը եւ եվրոպական հանրությունը. մարդասիրական դիմումները Լեռնային Ղարաբաղի համատեքստում») զեկույցը նվիրված էր 2020-2023 թվականներին արեւմտյան հասարակությանն ուղղված մարդասիրական եւ գեղարվեստական դիմումներին՝ ընդգրկելով պատերազմի, հաջորդած շրջափակման եւ Արցախից հայերի ամբողջական տեղահանման ժամանակաշրջանը:
Մարիա Անտոնյանը ծնվել է Երեւանում, մեծացել՝ Մոսկվայում, ապրել եւ սովորել է Իսպանիայում եւ ԱՄՆ-ում: Ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի օտար լեզուների եւ տարածաշրջանագիտության ֆակուլտետի սպեցիալիտետն ու ասպիրանտուրան, հետազոտություններ է իրականացրել Կոլումբիայի համալսարանում, Նյու Յորքի համալսարանի Տիշ արվեստի դպրոցում եւ Նյու Յորքի MoMA հետազոտական կենտրոնում: Տարբեր տարիների դասավանդել է Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ում եւ Դիզայնի բրիտանական բարձրագույն դպրոցում: «Պերֆորմանսի ընկալումը. Մարինա Աբրամովիչը ներկա է» («Рецепция перформанса. Марина Абрамович присутствует») գրքի հեղինակն է, ծավալուն մի շարք պերֆորմատիվ ցուցահանդեսների համադրող:
Մեդիամաքսի հետ զրույցում Մարիան պատմել է Performing European Publics համաժողովին իր մասնակցության, ելույթի թեմաների եւ այն մասին, թե ինչպես են ստեղծվում ու փոխհաղորդվում պերֆորմատիվ գործողությունները Արցախի թեմային անդրադառնալու շրջանակում:
Պերֆորմանսը՝ ժամանակակից արվեստի մարդակենտրոն ժանր
Պերֆորմանսը (performance art) ժամանակակից արվեստի ժանր է, որում արվեստագետն օգտագործում է սեփական մարմինը, գիտակցությունը, գործողությունը, հանդիսատեսի ներկայությունը, ժամանակի չափումը եւ անգամ լռության լեզուն՝ գեղարվեստական ասելիք ստեղծելու համար: Այն կենտրոնացած է մարդու վրա, ռեֆլեքսիայի է ենթարկում տաբուները, կարող է քեզ տանել այնտեղ, որտեղ դու ինքդ երբեք չէիր հայտնվի: Դա «կենդանի» արվեստ է, որն աշխատում է էներգիայի, ստատիկայի ու ներգրավվածության հետ՝ հաճախ պահանջելով ընկալման այլ եղանակ: Միեւնույն ժամանակ, գոյություն ունի պերֆորմանս որպես գեղարվեստական ժանր, եւ գոյություն ունի մի ամբողջ գիտակարգ՝ Performance Studies (պերֆորմատիվ հետազոտություններ), որը պերֆորմանս հասկացությունը շատ ավելի լայն է դիտարկում:
Մարիա Անտոնյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Որպես ժամանակակից արվեստի մարդակենտրոն ժանր՝ պերֆորմանսն անդրադառնում է ամենատարբեր թեմաների՝ այդ թվում նաեւ քաղաքական: Կարեւոր է տարբերակել քաղաքական ակցիոնիզմը եւ քաղաքական կամ սոցիալական պերֆորմանսը:
Չնայած այն հանգամանքին, որ հայկական պերֆորմանսի պատմությունը շատ հետաքրքիր եւ բազմազան է, այսօր երկրում, ցավոք, շատ քիչ են մարմնի լեզվով աշխատող արվեստագետները: Բայց Հայաստանից դուրս կային արվեստագետներ, որոնք այս տարիների ընթացքում արել են մի քանի աշխատանքներ՝ կապված հենց արցախյան հակամարտության հետ: Դրանցից մի քանիսին անդրադարձել եմ իմ զեկույցում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գեղարվեստական եւ ոչ գեղարվեստական պերֆորմատիվ գործողությունները զեկույցում վերլուծվել են արեւմտյան լսարանին ուղղված մարդասիրական դիմումների վիզուալ լեզվի եւ ձեւերի տեսանկյունից: Կարեւոր է նշել, որ քաղաքական կողմն ամբողջությամբ բացառվել է: Արցախում ռազմական գործողությունների ամբողջ թատերաբեմը դիտարկվել է դասական պիեսի դրամատուրգիական կառույցի միջոցով, որտեղ կա նախերգանք, վերջերգ եւ երեք «գործողություն»՝ պատերազմ, շրջափակում եւ էթնիկ զտում, որն, ըստ էության, դարձավ բացարձակապես աստվածաշնչյան սյուժե:
Համաժողովի կազմակերպիչներին մարտահրավեր
Երբ ինձ ուղարկեցին համաժողովի մասին տեղեկատվությունը, ինձ հետաքրքրեց երկու բան: Նախ այն, որ Եվրոպան սկսել է ինքն իրեն հարց տալ՝ ի՞նչ է այն իրենից ներկայացնում այսօր, որքանո՞վ է համապատասխանում սեփական արժեքներին եւ ի՞նչ է նշանակում ստեղծել ու կատարել (to perform)՝ բառի լայն իմաստով, Եվրոպայի ներսում կամ նրան դիմելով:
Երկրորդ, ինձ կարեւոր թվաց, որ կազմակերպիչները պերֆորմանսը դիտարկում էին առավելագույնս լայն՝ սկսած արվեստի գործերից, մինչեւ բողոքի ակցիաներ, սադրանքներ, քաղաքական ելույթներ եւ այլն:
Միակ բանը, որն ինձ հետաքրքիր էր քննարկել թեմայի շրջանակում որպես պրոֆեսիոնալ եւ որպես ազգային ցնցում ապրած մարդ [նկատի ունի Արցախի պատերազմը եւ 2020–2023թթ. էթնիկ զտումները – Խմբ.], այն հարցն էր, թե ինչ է Եվրոպան ոչ եվրոպացու տեսանկյունից:
Մարիա Անտոնյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Ուստի Արեւմուտքին ուղղված մարդասիրական դիմումների պերֆորմատիվ լեզվի առանձնահատկությունների, միջազգային իրավունքի ու հումանիստական արժեքների երաշխավորի դերում Եվրոպայի կասկածելի ինքնադիրքավորման եւ բուն Արցախի հարցի մասին խոսակցությունը բավականին լուրջ մարտահրավեր էր կազմակերպիչների համար:
Ես հասկանում էի, որ, ամենայն հավանականությամբ, ոչ ոք ռիսկի չի դիմի առաջարկել նման թեմա եւ, առավել եւս, ոչ ոք ռիսկի չի դիմի այդ թեման ներառել ծրագրում: Սակայն արդեն հաջորդ առավոտյան ելույթ ունենալու հրավեր ստացա: Ավելի ուշ կազմակերպիչները խոստովանեցին, որ որոշ ժամանակ տատանվել են, բայց հայտը նրանց վրա ուժեղ տպավորություն է թողել, եւ նրանք մասնագիտական առումով անհրաժեշտ են համարել ինձ խոսք տրամադրել:
Այն, ինչ մենք ձախողեցինք
Համաժողովին մասնակցում էին հետազոտողներ ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Լեհաստանից, Իտալիայից, Լատվիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Թուրքիայից եւ Հունաստանից: Ես ելույթ ունեցա վերջիններից մեկը: Իմ ամբողջ զեկույցն անցավ բացարձակ լռության պայմաններում: Ելույթից հետո գործընկերներս մոտենում էին ինձ եւ խոստովանում, որ, ի ամոթ իրենց, նրանք գրեթե ոչինչ չգիտեին այն մասին, թե ինչ էր կատարվում Արցախում վերջին տարիներին: Միայն երկուսն էին ծանոթ թեմային՝ Բուլղարիայից եւ Հունաստանից ժամանած հետազոտողները:
Արցախի էթնիկ զտում, 2023-ի սեպտեմբեր
Լուսանկարը` Ղավիթ Ղահրամանյանի
Եվ սա այն է, ինչ մենք եւ մեր սփյուռքը ինքներս ենք ձախողել: Ոչ պակաս չափով, քան Արեւմուտքը: Մենք պարտվել ենք նաեւ տեղեկատվական պատերազմում:
Հետաքրքիր է, որ զեկույցից հետո ինձ մոտեցավ Թուրքիայից ժամանած հետազոտողը եւ շնորհակալություն հայտնեց նրա համար, որ ես պատմեցի այդ մասին: Դա շատ արժեքավոր էր: Հետո ես դուրս եկա փողոց, բացեցի սոցիալական ցանցերը եւ տեսա կադրեր, որտեղ իմ երկրի վարչապետը գոռում է Արցախում պատերազմած իմ հայրենակցի վրա՝ հարցնելով, թե ինչու նա չի զոհվել: Այսպես ես բառացիորեն գոյություն ունեի միաժամանակ երկու զուգահեռ իրականություններում:
Գործողությունն ավելի ուժեղ է, քան խոսքը. արվեստագետներն Արցախի մասին
Գեղարվեստական ակցիաները կարելի է բաժանել պերֆորմանսների եւ արտ-ակտիվիզմի այլ ձեւերի:
Պերֆորմանսիստ Միշա Բադասյանը երկու վառ աշխատանք է իրականացրել եւ երկուսն էլ դարձել են եվրոպական սոցիալական տարածքի մաս: 2020 թվականին Բեռլինում՝ Թուրքիայի դեսպանատան դիմաց, նա իրականացրեց «Կանգնեցրեք պատերազմները» (Stop Wars!) խորագրով պերֆորմանս: Դա լուռ, ստատիկ աշխատանք էր. նա կանգնել էր հետիոտնային անցման մոտ՝ փաթաթված երկար կարմիր հոսող կտորի մեջ՝ տեսողականորեն աղերսվելով կողքին կախված թուրքական դրոշի հետ:
Միշա Բադասյանի պերֆորմանսը Բեռլինում, 2020 թվական
Լուսանկարը` Abdulsalam Ajaj
Ավելի ուշ՝ 2023 թվականին, Ցյուրիխում Բադասյանն իրականացրեց մի աշխատանք, որը կոչվում էր «Շրջափակման հացը» (The Bread of the Blockade)՝ իրական ժամանակում պատմելով Լեռնային Ղարաբաղի սովամահ լինող բնակիչների մասին: Նա մի քանի օր շարունակ հավաքել էր մնացորդային հացեր, որոնք այնուհետեւ ներառվել էին ինստալացիայում: Պերֆորմանսիստն իրեն եւ հացի բոքոնները փաթաթել էր փշալարերով եւ տեղադրել հակիրճ պաստառային տեքստ: Բեռլինի եւ Ցյուրիխի փողոցները վերածելով գեղարվեստական տարածքի՝ նա հրահրեց մի իրավիճակ, որում եվրոպական հանրությունը դառնում էր Արցախում կատարվողին վկա հանդիսատես:
Միշա Բադասյանի պերֆորմանսը Ցյուրիխում, 2023 թվական
Լուսանկարը` Alexandra Kononchenko
2020 թվականին Լոս Անջելեսում մեկ այլ տպավորիչ աշխատանք իրականացրին She Loves Collective արտ-խմբի արվեստագետները: Այն կոչվում էր «Հրացաններ, որոնք մեր նախնիները չունեին» (The Rifles Our Ancestors Didn’t Have): Զգեստների վրա պատկերված հրացանները շարունակում էին հիմնական վիզուալ մոտիվը՝ ցիտելով 1885 թվականի հայտնի լուսանկարը, որտեղ պատկերված են երկու զինված զեյթունցի կանայք: Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձը, ընդհանուր առմամբ, կարմիր թելով անցնում էր Արցախի ողբերգությանը նվիրված բողոքի ակցիաների մեծ մասում: Պերֆորմանսի մասնակիցներն իրենց ֆիզիկական ներկայությամբ շարունակում էին չդադարող լուռ հայտարարությունը՝ լինելով վերապրածների անմիջական ժառանգները եւ պաշտպանելով իրենց նմաններին:
Առանձին կերպով մտաբերվում է նաեւ Բելգիայից հայ թավջութակահար Սեւակ Ավանեսյանի քայլը: Շուշիի ռմբակոծությունից ավերված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի ներսում նա նվագեց Կոմիտասի «Կռունկը»՝ որպես երաժշտական աղոթք ավերակների վրա եւ աշխարհին ուղղված դիմումի ակտ:
Մարիա Անտոնյանը
Արտ-ակտիվիզմը դրսեւորվում էր տարբեր կերպ: Վառ օրինակը կապված է Լաչինի միջանցքում այսպես կոչված ադրբեջանցի «բնապահպանների» ակցիայի հետ, որոնք ասում էին իբրեւ թե սարսափելի անհանգստացած են Արցախի բնապահպանության համար եւ խաղաղություն են ուզում: Տեղի ունեցավ այն, ինչ գեղարվեստական սյուժեի տեսանկյունից կարելի է անվանել նվեր: Հիշում ենք, թե ինչպես մուշտակով կանանցից մեկը ձեռքում թափահարում էր խաղաղության խորհրդանիշ սպիտակ աղավնուն: Բայց երբ նա փորձեց թռչնին երկինք բաց թողնել, այն անշունչ ընկավ, քանի որ արդեն որոշ ժամանակ առաջ արդեն խեղդամահ էր եղել նրա ձեռքում: Այսպիսի բան դիտմամբ չես հորինի: Բնականաբար, հայերն անմիջապես անդրադարձան այս դրվագին եւ այն օգտագործեցին որպես շրջափակման խորհրդանիշներից մեկը:
Նկարչուհի Նվարդ Երկանյանն այն ժամանակ ստեղծեց մի աշխատանք՝ «Նրանք եկել ենք «խաղաղությամբ» (They Came with “Peace”) գրությամբ, որտեղ սեւ ձեռքը բռնել էր անշունչ աղավնուն: Հետո նա թույլ տվեց օգտագործել այդ նկարը պաստառների վրա: Ավելացվեց QR-կոդ, որը տանում էր դեպի շրջափակման մասին կայք, որտեղ կար ընթացող շրջափակման օրերի հաշվիչ, ինչպես նաեւ տարբեր նորություններ եւ բազային տեղեկատվություն: Աշխարհի տարբեր քաղաքներում հայերն այս պաստառները փակցնում էին փողոցներում: Ես անձամբ գիտեմ, թե ինչպես դա եղավ Նյու Յորքում. Մանհեթենի շատ փողոցներ այն ժամանակ պատված էին այդ սպիտակ աղավնու կարմիր սթիքերներով:
Նվարդ Երկանյանի աշխատանքը
Կա եւ ավելի թարմ օրինակ, որը կապված է Արցախի ոչնչացման հետեւանքների եւ այսօրվա իրողության հետ: Երեւանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նախօրեին մի շարք ակտիվիստներ փակցնում էին անվնաս պաստառներ եւ սթիքերներ՝ «Free Armenian Hostages» եւ «Տուն բերեք գերիներին» գրություններով: Ակցիայի նպատակն էր գագաթնաժողովի հյուրերի եւ միջազգային լրագրողների ուշադրությունը գրավել այս խնդրի վրա: Արդեն հաջորդ օրը պաստառների կեսը պոկված էր:
Լուսանկարը` Մեդիամաքս
SOS ազդանշանը տեղ հասցնելու փորձերը
Գոյություն ունեն պերֆորմատիվ հաղորդակցության մի քանի հիմնական հնարքներ, որոնց միջոցով հայերը՝ ինչպես Արցախում եւ Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, փորձում էին աշխարհին հասցնել SOS ազդանշանը:
Նախեւառաջ, դրանք առօրյա կյանքի պերֆորմատիվ ակտերն էին՝ հեշթեգեր սոցիալական ցանցերում, խնդրագրեր, հայտնի մարդկանց ներգրավում թեմային, հանրահավաքներ եւ բողոքի ակցիաներ Թուրքիայի եւ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի մոտ:
2023 թվականի ապրիլի 7-ին արցախցի մայրերի ակցիան
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի
Ամենամասշտաբային գործողություններից մեկը դարձավ համաեվրոպական արշավը, որի շրջանակում ցուցարարները բուն Եվրոպան վերածեցին քաղաքական պերֆորմանսի տարածքի՝ տարբեր երկրներում կազմակերպելով մայրուղիների համակարգված շրջափակումներ եւ պահանջելով Արցախի միջազգային ճանաչում:
2020 թվականին փակվեցին առանցքային տրանսպորտային երթուղիները Ֆրանսիայի եւ Իսպանիայի, Բելգիայի եւ Նիդեռլանդների, Նիդեռլանդների եւ Գերմանիայի, Լյուքսեմբուրգի եւ Բելգիայի, Լյուքսեմբուրգի եւ Ֆրանսիայի, ինչպես նաեւ Գերմանիայի եւ Դանիայի միջեւ:
Իննամսյա շրջափակման աշխարհագրական բեմանկարչությունն ինքնին Արցախը վերածեց պերֆորմատիվ տարածքի հենց այն պահին, երբ փակվեց Լաչինի միջանցքը: Մինչ Եվրոպայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Հայաստանից սննդամթերքով, դեղորայքով եւ մարդասիրական օգնությամբ շարասյուները շրջապատում էին տարածաշրջանը, 120.000 մարդ նստած էր ներսում արգելափակված՝ զրկված սննդից, դեղորայքից, ջեռուցումից եւ բենզինից: Ստեղծվեց ծուղակի յուրօրինակ կոնֆիգուրացիա:
Շրջափակումից հետո առաջին մեծ հանրահավաքը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, 2025-ի դեկտեմբեր
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի
Եթե հիշում եք, շրջափակման յոթերորդ ամսին բաժանված ժողովուրդը՝ մի մասը արգելափակված լինելով Ստեփանակերտում, մյուս մասը՝ հավաքված Երեւանում, կազմակերպեց միաժամանակյա զանգվածային հանրահավաքներ՝ միացնելով երկու քաղաքներն ուղիղ հեռարձակմամբ: Շատ առումներով այս ակցիան դարձավ այս ժամանակաշրջանի ամենամասշտաբային մարդասիրական պերֆորմանսներից մեկը:
Այնուամենայնիվ, ամենաարմատական պերֆորմատիվ գործողությունները, որոնք տեղի էին ունենում Արցախում, իհարկե, սեփական տների հրկիզումն էր, հարազատների աճյունների արտաշիրիմումը եւ ձիերին հարկադրաբար ազատ արձակելը, որոնք հետո միայնակ թափառում էին Ստեփանակերտի դատարկ փողոցներում:
Հանրահավաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, 2023-ի հուլիս
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի
Ըստ էության, ռազմական գործողությունների թատերաբեմի հենց երրորդ գործողությունն իր գագաթնակետին հասավ էթնիկ զտումների, գերեվարումների եւ տաճարների ու գերեզմանոցների նպատակաուղղված ոչնչացման ժամանակ: Ելքի ողջ գործընթացը ծավալվեց որպես մասշտաբային աստվածաշնչյան նարատիվի վերարտադրություն: Համաշխարհային լսարանը, ներառյալ ռուս խաղաղապահները, ընտրեցին մարդասիրական աղետին չմիջամտելու, այն սոսկ դիտելու եւ լուռ վկայելու քաղաքականությունը: Ելքը վերածվեց տեւական պերֆորմատիվ ակտի: Արցախից Հայաստան ճանապարհը, որը սովորաբար տեւում էր մոտ չորս-հինգ ժամ, ձգվեց քառասուն ժամից մինչեւ երեք օր: Բուն ճանապարհը դարձավ առանձին պերֆորմատիվ գործընթաց: Այդ ժամանակ ճանապարհին մահացավ ավելի քան 60 մարդ:
2023 թվականի սեպտեմբեր, Գորիս
Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի
2023 թվականի աշնանը հետեւելով կատարվողին՝ լիովին համոզված էի, որ մարդկային, դրամատուրգիական եւ համազգային բոլոր օրենքներով ամբողջ երկրից մարդիկ Գորիս կգնան՝ դիմավորելու Արցախից եկող տանջված փախստականներին: Այնտեղ կգտնվեն առնվազն հայ մտավորականության, եկեղեցական առաջնորդների, իշխող կուսակցության քաղաքական գործիչների կամ ընդդիմության առաջնորդների առյուծի բաժինը: Բայց ես խիստ սխալվում էի. չկար ոչ մի նշանավոր դեմք: Այս կարեւոր խորհրդանշական ժեստը, իսկ ավելի ճիշտ՝ հումանիստական ակտը, տեղի չունեցավ: Մարդկանց դիմավորում էին սովորական կամավորներ, տեղացի երիտասարդներ, մի քանի քահանաներ, լրագրողներ եւ բժիշկներ: Եվ սա նույնպես վերջերգ է:
Մարիա Անտոնյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Հաջորդ տարի Մանչեսթերի համաժողովի արդյունքներով նախատեսվում է գրքի հրատարակություն: Ես համաձայնել եմ գրել իմ թեմային վերաբերող գլուխը: Ձեռագրերը, ինչպես հայտնի է, չեն այրվում: Թողնել փաստագրական հենք եւ հետազոտական փաստաթուղթ, որն արձանագրում է պատմական իրադարձությունները եւ ռազմական գործողությունների թատերաբեմի պերֆորմատիվ լեզուն՝ տվյալ դեպքում իմ պարտականությունն է: Դու ֆիքսում ես պատմությունը, որպեսզի որոշ ժամանակ անց մեզ նորից չփորձեն ասել, թե ոչինչ չի եղել, եւ մենք ինքներս ենք ամեն ինչ հորինել:
Մարիա Անտոնյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը
Մարիա Անտոնյանի լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Արցախից արխիվային կադրերը՝ Դավիթ Ղահրամանյանի