Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի պատժամիջոցներին, IRINN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի ֆինանսների նախարար Ալի Մադանիզադեն։
«Ըստ ամենայնի, ԱՄՆ-ն որոշել է ևս մեկ անհաջող փորձ ձեռնարկել։ Մենք վաղուց էինք սպասում դրան և շատ լավ տեղեկացված էինք նրանց ծրագրերի մասին։ Կառավարությունն ունի երկամյա ծրագիր և լիովին պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը»,- ասել է Մադանիզադեն։
Պաշտոնյան ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի նկատմամբ «տնտեսական ահաբեկչության դիմելու» ձգտման մեջ։ «Մենք նույնպես ունենք մեր գործիքները և գիտենք, թե ինչպես խաղալ այս խաղը»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ Մադանիզադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է ակնկալի, թե Իրանի պատասխանը «զուտ պաշտպանական կլինի, և մենք միայն պաշտպանվելու ենք»։ «Նրանք նույնպես պետք է պատրաստ լինեն, որ մենք անցնելու ենք հարձակման»,- հայտարարել է նախարարը։
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին Իրանի նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու արշավի մեկնարկի մասին։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, որ դրա նպատակն է «խաթարել այն տնտեսական ոլորտների գործունեությունը, որոնք թույլ են տալիս իրանական ռեժիմին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին գոյատևել»։
Leave a Reply