Mediamax.am

Written by

in

Եթե Վանաձորում մեկին ասեք՝ «Մելոդիայի մոտ կհանդիպենք», ամենայն հավանականությամբ, նա չի փորձի ճշտել հասցեն։ «Մելոդիա» ձայնապնակների խանութն այլեւս չկա, բայց դրա ցուցանակը դեռ շարունակում է ապրել քաղաքի հիշողության մեջ։ 

 

Խորհրդային շրջանից պահպանված եւ քաղաքի տարբեր սերունդներին իրար կապող՝ Տիգրան Մեծ 8 հասցեում գտնվող այս ցուցանակի նախկին տեսքը որոշել է վերականգնել Syun Agency-ի մասնագետների թիմը: 

 

Մեդիամաքսը զրուցել է ընկերության արտ-տնօրեն Նադյա Ռոմանովայի եւ թիմի անդամ, ուրբանիստ Արամ Սիմոնյանի հետ՝ թե ինչու է կեսդարյա այս ցուցանակը կարեւոր քաղաքի համար:

 

Քաղաքի կողմնորոշիչ ցուցանակը

 

«Մելոդիան» ձայնապնակների խանութը Վանաձորում (նախկինում՝ Կիրովական) բացվել էր 1975 թվականին: Այսօր պահպանվել է միայն ցուցանակը: Արամն ասում է՝ այն վերականգնելու մի քանի պատճառ են ունեցել. 

 

«Ձգտում ենք Հայաստանի մարզերում փոքր ճարտարապետական ձեւերի որակյալ վերականգնման նախադեպ ստեղծել: «Մելոդիան» լեգենդար երաժշտական խանութ է եղել, որի ցուցանակը պահպանվել է որպես ժառանգություն։ Այն մեզ համար այս համատեքստում համեմատաբար պարզ նախագիծ է՝ փորձնական նախաձեռնություն: 

 

Մյուս կողմից՝ նախագծի արժեքն այն է, որ միավորում է տարբեր սերունդների։ Նրանց, որոնք դեռ հիշում են այս խանութը եւ երիտասարդ տարիներին այստեղ էին հանդիպում, նաեւ՝ այսօրվա երիտասարդներին, որոնք ժամադրություններ են նշանակում «Մելոդիայի» մոտ, քանի որ այն վաղուց դարձել է քաղաքի ճանաչելի կողմնորոշիչներից մեկը։ Մեր թիմի երրորդ անդամը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Վանաձորից է, ինչը եւս լրացուցիչ մոտիվացիա է մեզ համար (ծիծաղում է, -հեղ.)»:

Արամ Սիմոնյանը Արամ Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցանակի վերականգնման համար թիմը որոշել է օգտագործել իրական նեոն, ոչ թե ժամանակակից անալոգներ: 

 

«Իրական նեոնն ունի յուրահատուկ գեղագիտական ազդեցություն: Այն ավելի վառ է լուսավորում, բայց միաժամանակ ավելի մեղմ ու բնական տեսք ունի։ Եթե խոսենք երկարակեցության մասին, ապա իրական նեոնը կարող է վնասվել, օրինակ, կարկուտի հետեւանքով, սակայն, եթե նման պատահարներ չլինեն, այն ի վիճակի է ծառայել տասնամյակներ։ Իսկ ժամանակակից նեոնային անալոգները 3-4 տարի անց կորցնում են իրենց տեսքն ու որակը եւ անհրաժեշտ է լինում փոխարինել կամ ամբողջությամբ վերականգնել։

 

Եվ, իհարկե, եթե խոսում ենք ժառանգության պահպանման մասին, կարեւոր է այն վերականգնել հենց այն տեսքով եւ տեխնոլոգիայով, որով ստեղծվել է ի սկզբանե։ Հակառակ դեպքում կստացվի պարզապես մի բան, որը նման է բնօրինակին, բայց այլեւս նույնը չէ»,- ասում է Նադյան։

 

«Մելոդիան» ժամանակի վկայություն 

 

Արամը նշում է, որ այսօր Վանաձորի նման քաղաքներ այցելող շատ զբոսաշրջիկներ ուզում են գտնել իրական, ինքնատիպ պատմություններ, իսկ նման օբյեկտները կարող են էապես բարձրացնել քաղաքի ճանաչելիությունն ու գրավչությունը։

Արամ Սիմոնյանը եւ Նադյա Ռոմանովան Արամ Սիմոնյանը եւ Նադյա Ռոմանովան

Լուսանկարը` Մեդիամաքս

«Եթե խոսենք Վանաձորի մասին, այստեղ նման ժառանգության բազմաթիվ օրինակներ են պահպանվել։ Հին խորհրդային լուսանկարներից տեսնում ենք, որ նախկինում դրանք ավելի շատ էին։ Շատերն ուղղակի կորել են, բայց մենք հասկանում ենք, որ դեռ հնարավորություն ունենք գոնե ինչ-որ բան պահպանելու։ Նման բաները գրավում են ոչ միայն զբոսաշրջիկներին, այլեւ քաղաքի ու տվյալ թաղամասի բնակիչներին։ Մարդկանց համար կարեւոր է, երբ իրենց քաղաքում տեսնում են շարունակականություն։ 

 

«Մելոդիայի» ցուցանակը կարելի է համեմատել վինտաժային հագուստի կամ հին լուսանկարների հետ»,- ասում է Արամը։

 

«Սովորաբար «ժառանգություն» ասելով՝ հասկանում ենք ճարտարապետություն, նշանակալի արվեստի գործեր, այն, ինչ պահվում է թանգարանում, կամ ինչ-որ մեծածավալ, մոնումենտալ կառույցներ։ Իսկ փոքր ցուցանակները, գրությունները, տարբեր ցուցատախտակները, դռները, դրանց բռնակները եւ նմանատիպ մանրուքներ առօրյա կյանքի շերտը պահող ժառանգություններ են, որոնք առաջինն են անհետանում, երբ ավարտվում է որեւէ դարաշրջան։ «Մելոդիան» այդպիսի հուշարձանն է, ժամանակի վկայություն, երբ քաղաքը զարգանում էր։ Այդ ժամանակաշրջանի առօրյայից թեկուզ փոքր մի հատված պահպանելը նշանակում է պահպանել նաեւ քաղաքի մթնոլորտը՝ թե՛ զբոսաշրջիկների, թե՛ քաղաքի բնակիչների համար»,- ասում է Նադյան:

Նա օրինակ է բերում Գյումրիի վարսավիրանոցն ու ցուցանակը

 

«Այն նույնպես լեգենդար է։ Այն ակտիվ է, որովհետեւ վարսավիրանոցը շարունակում է գործել եւ հին ցուցանակն էլ օգնում է նրան։ Այն միաժամանակ նաեւ զբոսաշրջային օբյեկտ է։ Բազմաթիվ տեսանյութեր ու պատմություններ ենք տեսնում այն մասին, թե ինչպես են մարդիկ այցելում այդ վարսավիրանոց։ Նրանց շատ հաճելի է կիսվել այդ լուսանկարներով, որովհետեւ այնտեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է, ժամանակի ընթացքում ոչինչ չեն փոխել»:

 

Ձեռք են սեղմում, ժպտում, ոգեւորվում 

 

Արամն ու Նադյան ասում են, որ նման նախագծերի միջոցով շատ հեշտ է մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնել եւ կապ ստեղծել.

 

«Մենք շփվել ենք վանաձորցիների, այդ թվում՝ հենց այս շենքի բնակիչների հետ։ Երբ մարդկանց պատմում ես նախագծի մասին, անմիջապես դրական են արձագանքում, ձեռք են սեղմում, ժպտում, ոգեւորվում։ Մեզ համար սա հաճելի եւ կարեւոր է։ 

 

Կապվել ենք նաեւ Վանաձորի համայնքապետարանի հետ եւ ստացել այս աշխատանքն իրականացնելու թույլտվությունը»։ 

Նադյա Ռոմանովան Նադյա Ռոմանովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչ վերաբերում է բուն խանութի տարածքին, Արամն ասում է, որ այն այսօր մասնավոր սեփականություն է. 

 

«Իհարկե, շատ գեղեցիկ կլիներ այնտեղ ինչ-որ հանրային տարածք ստեղծել: Պարտադիր չէ, որ այն հենց երաժշտության հետ կապված լինի, թեեւ երաժշտությունը նույնպես կարող է այնտեղ իր տեղն ունենալ։ Այսօր հաճախ ընդունված է ստեղծել բազմաֆունկցիոնալ տարածքներ՝ հագուստ, սրճարան, երաժշտություն եւ այլն։ Այստեղ էլ նման լուծումը շատ գեղեցիկ կլիներ։ Բայց նույնիսկ առանց դրա՝ «Մելոդիա» ցուցանակն ինքնին կարեւոր ժառանգություն է»։ 

 

«Մելոդիան» վերադարձնելու դրամահավաքը

 

Ցուցանակի վերականգնման համար նախաձեռնության անդամները դրամահավաք են նախաձեռնել ռեԱրմենիա հարթակում:

 

«Այս պահին հարթակում հավաքվել է ավելի քան 700 հազար դրամ: Միջոցների հավաքագրումը դժվար է ընթանում։ Իհարկե, հասկանում ենք, որ այն, ինչի մասին խոսեցինք, շատ գեղեցիկ է, մարդկանց շատ է դուր գալիս, բայց նման նախագծերի համար ինչ-ինչ պատճառներով դժվար են աջակցում, թեկուզ փոքր գումարներով: 

 

Հասկացանք, որ պետք է փնտրենք մեծ դոնոր, որը կփորձի ամբողջ գումարը տրամադրել։ Այդ դեպքում ցուցանակի վրա կունենանք նաեւ նրա լոգոն՝ որպես մեր հիմնական գործընկեր, որն աջակցել է նախագծին եւ կարեւորում է այն»,- ասում է Արամը։

 

Այս պահին միայն ցուցանակի տառերն են մաքրել 50 տարվա կոռոզիայից. 

 

«Հասկացանք, որ կատարյալ տարբերակում ճիշտ կլինի նախ ամբողջ գումարը հավաքել, հետո միայն սկսել հիմնական աշխատանքը։ Տեխնիկապես արդեն կարող էինք ապամոնտաժել ցուցանակը եւ սկսել մետաղական մասի աշխատանքները, բայց հավաքված գումարը նեոնի համար հաստատ չի բավականացնի։ Իսկ ցուցանակը հանել եւ թողնել արհեստանոցում այնքան ժամանակ, մինչեւ նեոնի գումարն էլ հավաքվի, կարծում եմ՝ ճիշտ չէ»:

Արամ Սիմոնյանը Արամ Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հեղինակները նշում են, որ շենքի ճակատին մասին կտեղադրվի նաեւ QR կոդ, որը կբացի քաղաքացիների հիշողություններով եւ այդ դարաշրջանի երաժշտությամբ էջը: Դրա միջոցով հնարավոր կլինի մտնել կայք, լսել այդ ժամանակաշրջանի երաժշտությունը, տեսնել լուսանկարներ եւ հասկանալ, թե ինչ տեսք ու նշանակություն ուներ «Մելոդիան»։ Ստացվում է, որ ցուցանակ-հուշարձանը ինքն է «խոսելու եւ պատմելու» իր պատմությունը։

 

Հայկական ջազը, Օրբելյանն ու «Բիթլզը»

 

Նադյայից ու Արամից հետաքրքրվում եմ՝ ցուցանակին նայելիս ի՞նչ երաժշտություն է պտտվում իրենց գլխում:

 

«Հայկական ջազ»,- անմիջապես պատասխանում է Նադյան:

 

«Իրականում խորհրդային շրջանի հայկական երաժշտության մեջ կա մի շերտ, որը շատ նման է հենց «Մելոդիա» խանութին։ Մի կողմից՝ խորհրդային էր, բայց մյուս կողմից՝ այնքան էլ չէ, ինչպես հենց այդ խանութը: Այն առանձնանում էր նրանով, որ, օրինակ, Ռուսաստանից եկած մարդկանց համար շատ արեւմտյան, շատ եվրոպական տեսք ուներ։ Նույնը կարելի է ասել նաեւ այդ ժամանակաշրջանի հայկական երաժշտության մասին, որն ինչ-որ առումով ավելի ազատ էր, ավելի փորձարարական»,- ավելացնում է նա:

Արամ Սիմոնյանը եւ Նադյա Ռոմանովան Արամ Սիմոնյանը եւ Նադյա Ռոմանովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամին էլ ցուցանակը Կոնստանտին Օրբելյանի ալբոմն է հիշեցնում. «Բայց այս խանութի գեղեցկությունն այն է, ինչպես Նադյան նշեց, որ այնտեղ խորհրդային երաժշտությունից բացի՝ կար նաեւ «Բիթլզ» եւ շատ այլ արեւմտյան երաժիշտներ։ Որոշ բաներ վաճառվում էին նույնիսկ վաճառասեղանի տակից (ծիծաղում է, -հեղ.)։

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

 

 

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *