Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 1998-2005 թվականներին Գերմանիայի արտաքին գործերի նախարարի եւ փոխկանցլերի պաշտոնները զբաղեցրած Յոշկա Ֆիշերի հոդվածի թարգմանությունը։
Յոշկա Ֆիշեր
2027 թվականի փետրվարի 24-ին կլրանա հինգ տարին այն օրվանից, երբ Ռուսաստանը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, ներխուժեց Ուկրաինա։
Վլադիմիր Պուտինի նեոգաղութատիրական արկածախնդրությունը՝ նրա «հատուկ ռազմական գործողությունը», մտահղացված էր որպես կարճատեւ եւ վճռական նվաճողական պատերազմ։ Սակայն շուտով պարզ դարձավ, որ նա թերագնահատել է իր հակառակորդին։ Ուկրաինացիները լցված էին ցանկացած գնով պաշտպանվելու վճռականությամբ, եւ որոշ ժամանակ կարող էին հույս դնել միասնական Արեւմուտքի վրա. ԱՄՆ-ն եւ Եվրոպան համատեղ նրանց ռազմական եւ քաղաքացիական աջակցություն էին ցուցաբերում։
Սակայն անցած 5 տարիների ընթացքում շատ բան է տեղի ունեցել, եւ իրադարձությունները քաղաքական ասպարեզում ավելի նշանակալից եղան, քան նրանք, որոնք ծավալվում էին ռազմի դաշտում։ Դրանցից ամենակարեւորը իշխանափոխությունն էր Սպիտակ տանը. 2025 թվականի սկզբին Ջո Բայդենին փոխարինեց Դոնալդ Թրամփը։
Թրամփը ոչ միայն դավաճանել է Ուկրաինային եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, այլեւ ավելի ու ավելի է անցնում Պուտինի կողմը։ Ոչ պակաս նշանակալից էին իրադարձությունները Եվրոպական Միությունում։ Դաշինքը, որը սովորաբար թաղված է ներքին տարաձայնությունների մեջ, արտասովոր աստիճանի միասնություն եւ վճռականություն դրսեւորեց Ուկրաինային աջակցելու հարցում, ինչպես նաեւ սկսեց ավելի սերտ համագործակցել Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի եւ Կանադայի հետ։ Եվրոպական ժողովրդավարությունները հասկանում են, թե ինչ է դրված խաղասեղանին։ Աջակցելով Ուկրաինային՝ նրանք կարող են ծառայել սեփական անվտանգության շահերին, չնայած նրան, որ նախկին հովանավորը երես է թեքել իրենցից։
Մինչ օրս արտաքին աճող ճնշումը Եվրոպայի նկատմամբ, որը հայտնվել է Արեւելքից Պուտինի եւ Արեւմուտքից Թրամփի միջեւ ստեղծված աքցաններում, միայն ամրապնդել է նրա համախմբվածության զգացումը։ Արագորեն կառուցելով սեփական պաշտպանությունը՝ Եվրոպան ցուցադրում է նաեւ ինքնուրույն գլոբալ տերություն դառնալու վճռականությունը։ Ու թեեւ առջեւում դեռ երկար եւ ծախսատար ճանապարհ է, առաջին կարեւոր քայլն արդեն արված է։
Հիմա իրական վտանգը Եվրոպայի համար գալիս է ներսից։ Չնայած Ուկրաինային աջակցելու հարցում առկա միասնությանը, Եվրոպան ստիպված է հաշվի նստել պատմականորեն արմատացած հայացքների տարբերությունների եւ իր ամենաինքնակործանարար ժառանգական հիվանդության՝ եսակենտրոն ազգայնականության վերածննդի հետ։ Այս գաղափարախոսության կողմնակիցները հարեւան երկրների հետ քաղաքական ինտեգրման մեջ տեսնում են չարիք, այլ ոչ թե ուժի աղբյուր։
Ազգային շովինիզմի վերադարձը գլխավոր վտանգն է Եվրոպայի համար։ Նման քաղաքականությունը սպառնում է վերակենդանացնել պատմական հակամարտություններն ու թշնամանքը, որոնք, ինչպես կարծում էին եվրոպացիների մի քանի սերունդներ, ընդմիշտ հաղթահարված էին։ Դառը հեգնանքն այն է, որ եթե ազգայնականները հաղթանակ տանեն, Եվրոպայի հպատակեցումն արտաքին ուժերին անխուսափելի կդառնա։
Այս ռիսկի ամենաակնհայտ ազդանշանը 2027 թվականին ֆրանս-գերմանական հարաբերություններն են լինելու։ Ապրիլ-մայիսին Ֆրանսիան կընտրի նոր նախագահին, իսկ դրանից կարճ ժամանակ անց կանցկացվեն խորհրդարանական ընտրությունները։ Եթե նախագահ դառնա ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորումման» առաջնորդ Մարին Լե Պենը, մենք կարող ենք համակարգային տրանսֆորմացիայի մեկնարկի ականատեսը դառնալ՝ Եվրոպայի համար ծանր հետեւանքներով։
Քրոնիկական բյուջետային դեֆիցիտը Ֆրանսիային կանգնեցրել է պարտքային ճգնաժամի առջեւ։ Առանց բյուջետային ծախսերի լայնամասշտաբ կրճատման եւ ցավոտ սոցիալական բարեփոխումների՝ ցանկացած ֆրանսիական կառավարություն կշարունակի խախտել եվրոյի գոտու բյուջետային կանոնները, ինչը կուժեղացնի լարվածությունը Գերմանիայի հետ հարաբերություններում։
Գերմանիային նույնպես քաղաքական քաոս է սպառնում՝ թույլ դաշնային կառավարության, նույնիսկ սեփական կուսակցության ընտրողների շրջանում ժողովրդականություն չվայելող կանցլերի եւ տնտեսական բարդ իրավիճակի պատճառով։ Արդյունքը կարող է լինել Գերմանիայի կուսակցական համակարգի արմատական տրանսֆորմացիան, որն ուղեկցվում է ծայրահեղ աջակողմյան նեոազգայնական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հզորացմամբ։
Վատագույն սցենարի դեպքում 2027 թվականը կարող է ճակատագրական լինել Եվրոպայի համար։ Ամերիկան կարող է վերջնականապես հեռանալ մայրցամաքից՝ նախապես անցնելով Պուտինի կողմը, իսկ ֆրանս-գերմանական շարժիչը՝ մարել քաոսային ներքաղաքական գործընթացների հետեւանքով։ Այդ ժամանակ Պուտինը եւ Թրամփը՝ Չինաստանի աջակցությամբ, կփորձեն Ուկրաինային պարտադրել «խաղաղություն», որը ենթադրելու է գրեթե ամբողջական կապիտուլյացիա, տարածքային զգալի կորուստներ եւ ինքնիշխանության լուրջ սահմանափակումներ։
Թրամփն արդեն հայտարարել է, որ ցանկանում է պայմանավորվել պատերազմի դադարեցման մասին Պուտինի եւ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման ընթացքում՝ առանց Ուկրաինայի եւ Եվրոպայի մասնակցության։ Եթե հենց այսպիսին տեսք ունի մեծ տերությունների առաջնորդությունը նոր համաշխարհային կարգում, ապա եվրոպացիների արթնանալու ժամանակն է։ Հնարավոր է՝ սա մեր վերջին հնարավորությունն է ընտրելու ինքնիշխանությունը, այլ ոչ թե հնազանդությունը։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org
Leave a Reply