Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
Ինչպես նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, «ռուսական կողմին են ներկայացվել լուրջ մտահոգությունն ու խիստ բողոքը՝ կապված վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության մեդիա եւ տեղեկատվական տիրույթում Ադրբեջանի Հանրապետության, ադրբեջանական ժողովրդի եւ երկրի ղեկավարության հասցեին ուղղված սադրիչ, վիրավորական եւ սպառնալից բնույթի հայտարարությունների հետ»։
«Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել մեր երկրի, ժողովրդի եւ Ադրբեջանի ղեկավարության հասցեին արված արտահայտություններին, որոնք հնչել են 2026 թվականի օգոստոսի 13-ին «Ըմբռնման մաքրություն» ծրագրի շրջանակներում եթեր հեռարձակված հաղորդման ընթացքում։
Ընդգծվել է, որ ադրբեջանական պետության ներքին քաղաքական գործընթացներին միջամտելու հնարավորությունների քննարկումն ու ադրբեջանական ժողովրդի եւ Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ ֆիզիկական բռնության կոչերի հնչեցումն անթույլատրելի են։
Նշվել է, որ, չնայած ադրբեջանական կողմի բազմիցս հնչեցրած կոչերին՝ նման գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ, ինչպես նաեւ այս հարցի քննարկմանը տարբեր քաղաքական մակարդակներում, նման հռետորաբանության շարունակումն ավելի կոշտ ձեւով լուրջ մտահոգություն է առաջացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Leave a Reply