Էկրանային կախվածությունը եւ երեխայի տարիքը

Written by

in

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ գաջեթների և համացանցի ազդեցությունը երեխաների վրա յուրաքանչյուր տարիքային փուլում տարբեր է, քանի որ յուրաքանչյուր տարիքում փոխվում են երեխայի հոգեբանական, ճանաչողական և սոցիալական կարիքները։ 

1–3 տարեկան (վաղ մանկություն)

Այս տարիքում երեխան ճանաչում է աշխարհը խաղի, շարժման և մեծահասակների հետ անմիջական շփման միջոցով։ Էկրանի երկարատև օգտագործումը կարող է դանդաղեցնել խոսքի ու շարժողական զարգացումը, թուլացնել ծնող-երեխա կապը, ինչպես նաև դառնալ հուզական կախվածության և քնի խանգարումների առաջացման պատճառ։

4–6 տարեկան (նախադպրոցական տարիք)

Առաջատար գործունեությունը դերային խաղն է, որի միջոցով զարգանում են երևակայությունը, խոսքը և սոցիալական հմտությունները։ Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է սահմանափակել ստեղծագործական խաղը, նվազեցնել կենդանի շփումը և բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա։

7–13 տարեկան (դպրոցական և կրտսեր դեռահաս տարիք)

Այս փուլում մեծանում է ուսման, ընկերների և թվային միջավայրի դերը։ Սոցիալական ցանցերի և առցանց խաղերի չվերահսկվող օգտագործումը կարող է հանգեցնել ուսման առաջադիմության նվազման, ֆիզիկական պասիվության, ինքնագնահատականի խնդիրների, տագնապի և կիբերբուլինգի ռիսկի առաջացման։

14–17 տարեկան (դեռահասություն)

Դեռահասության շրջանում ձևավորվում են ինքնությունը, արժեքային համակարգը և ինքնուրույնությունը։ Սմարթֆոնը հաճախ դառնում է շփման և ինքնարտահայտման հիմնական միջոց, իսկ դրա չափից ավելի օգտագործումը կարող է նպաստել քնի խանգարումների, տագնապային և դեպրեսիվ վիճակների, իրական շփումների նվազման և վարքային կախվածությունների ձևավորմանը։

Կարևոր է հիշել

Երեխայի զարգացումը փուլային և շարունակական գործընթաց է։ Գաջեթների օգտագործումը պետք է համապատասխանի երեխայի տարիքին, զարգացման առանձնահատկություններին և լինի մեծահասակների վերահսկողության ներքո։ Հավասարակշռված առօրյան, կենդանի շփումը, խաղը, ֆիզիկական ակտիվությունը և բավարար քունը կարևոր նախապայմաններ են երեխայի առողջ հոգեբանական զարգացման համար:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *