Կիբեռհանցագործությունների թիվն աճում է․ ինչպես է Հայաստանը պայքարում դրանց դեմ

Written by

in

Վերջին տարիներին Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը շարունակաբար աճում է․ եթե 2023 թվականին արձանագրվել էր 1236 կիբեռհանցագործություն, ապա 2026 թվականի միայն առաջին կիսամյակում դրանց թիվն արդեն հասել է 1488-ի։

Պաշտոնական տվյալները՝ ըստ տարիների․

  • 2023թ․ — 1236 դեպք
  • 2024թ․ — 1474 դեպք
  • 2025թ․ — 1501 դեպք
  • 2026թ․ առաջին կիսամյակ — 1488 դեպք

Ինֆոգրաֆիկայում 2026-ի ցուցանիշը առաջին կիսամյակն է

Կիբեռսպառնալիքների աճի պայմաններում 2024 թվականին Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանում։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանում կիբեռհանցագործությունների վիճակագրությունն ու նորաստեղծ ստորաբաժանման գործունեության արդյունքները։ Փորձել ենք պարզել, թե ինչ հանցագործություններ են առավել տարածված, քանի հանցավոր խումբ է բացահայտվել, որքան գումար է վերականգնվել և ինչ գործիքներ են ներդրվել կիբեռհանցագործությունների դեմ պայքարում։

Համակարգչային հափշտակություններն ամենատարածվածն են

2023-2026 թվականների տվյալները ցույց են տալիս, որ արձանագրված կիբեռհանցագործությունների զգալի մասը համակարգչային հափշտակություններ են։

  • 2023 թվականին արձանագրվել է 568 խարդախություն, 630 համակարգչային հափշտակություն և համակարգիչ, համակարգչային համակարգ կամ ցանց ներթափանցելու 38 դեպք։
  • 2024 թվականին՝ 599 խարդախություն, 853 համակարգչային հափշտակություն և համակարգիչ, համակարգչային համակարգ կամ ցանց ներթափանցելու 22 դեպք։
  • 2025 թվականին՝ 537 խարդախություն, 922 համակարգչային հափշտակություն և համակարգիչ, համակարգչային համակարգ կամ ցանց ներթափանցելու 42 դեպք։
  • 2026 թվականի առաջին կիսամյակում արդեն արձանագրվել է 508 խարդախություն, 942 համակարգչային հափշտակություն, համակարգիչ, համակարգչային համակարգ կամ ցանց ներթափանցելու 27 դեպք, համակարգչային սաբոտաժի 4 և համակարգչային տվյալներն ապօրինի որսալու կամ դրանց տիրանալու 7 դեպք։

Այսինքն՝ 2026 թվականի առաջին վեց ամիսներին միայն համակարգչային հափշտակությունների թիվն արդեն գերազանցել է ամբողջ 2025 թվականի ցուցանիշը։

Հազարավոր հանցագործություններ, բայց տասնյակ վարույթներ են հասնում դատարան․ ինչպե՞ս

«Փաստերի ստուգման հարթակը» Քննչական կոմիտեից հետաքրքրվել է նաև, թե կիբեռհանցագործությունների վերաբերյալ քանի քրեական վարույթ է ուղարկվել դատարան։

Ըստ տրամադրված տվյալների՝

  • 2023 թ․ — 11 վարույթ
  • 2024 թ․ — 19 վարույթ
  • 2025 թ․ — 29 վարույթ
  • 2026 թ․ — 12 վարույթ

Առաջին հայացքից այս թվերը խիստ փոքր են արձանագրված կիբեռհանցագործությունների ընդհանուր քանակի համեմատ։ Սակայն Քննչական կոմիտեից պարզաբանել են, որ մեկ քրեական վարույթում կարող են միավորվել մեծ թվով հանցագործության դեպքեր։

Օրինակ՝ եթե նույն անձը հեռախոսային խաբեության միջոցով հափշտակում է 100 քաղաքացու գումար, վիճակագրությունում դրանք կարող են հաշվառվել որպես 100 առանձին հանցագործություն, մինչդեռ դատարան ուղարկվել մեկ քրեական վարույթի շրջանակում։

Կոմիտեից նաև հայտնել են, որ առանձին վարույթներում ներառված հանցագործությունների քանակի վերաբերյալ միասնական վիճակագրություն չի վարվում։ Այդ տվյալները ստանալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր վարույթի առանձին ուսումնասիրություն։

Ի՞նչ է առցանց խարդախությունը, քարտային տվյալների հափշտակությունն ու ֆիշինգը

Առցանց խարդախությունը համացանցի, սոցիալական ցանցերի, հաղորդագրությունների, էլեկտրոնային փոստի կամ առցանց ծառայությունների միջոցով իրականացվող խաբեություն է, որի նպատակը մարդկանցից գումար կամ անձնական ու ֆինանսական տվյալներ կորզելն է։ Օրինակ՝ խարդախը կարող է ներկայանալ որպես բանկի աշխատակից, առցանց խանութի ներկայացուցիչ կամ նույնիսկ ծանոթ անձ և համոզել զոհին գումար փոխանցել կամ հայտնել գաղտնի տվյալներ։

Բանկային քարտի տվյալների հափշտակության դեպքում հանցագործները փորձում են ձեռք բերել քարտի համարը, գործողության ժամկետը, անվտանգության CVV/CVC կոդը կամ վճարում կատարելու համար անհրաժեշտ այլ տվյալներ։ Դրանք հետագայում կարող են օգտագործվել չարտոնված վճարումների կամ այլ խարդախությունների համար։

Ֆիշինգը (phishing) առցանց խարդախության տարածված մեթոդներից է։ Հանցագործները ներկայանում են որպես վստահելի կազմակերպություն կամ անձ, օրինակ՝ բանկ, պետական մարմին, առաքման ծառայություն կամ հայտնի առցանց հարթակ։

Զոհին սովորաբար ուղարկվում է իրականին նմանվող կեղծ կայքի հղում, որտեղ պահանջվում է մուտքագրել գաղտնաբառ, բանկային քարտի տվյալներ կամ այլ անձնական տեղեկություն։ Մուտքագրված տվյալներն այդպիսով հայտնվում են խարդախների ձեռքում։

12 հանցավոր խումբ և ավելի քան 1 միլիարդ դրամի վերականգնում

Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանման ստեղծումից հետո բացահայտվել է 12 հանցավոր խմբի գործունեություն։

Դրանցից՝

  • 1-ը՝ 2024 թվականին,
  • 4-ը՝ 2025 թվականին,
  • 7-ը՝ 2026 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ։

Ըստ ՆԳՆ-ի՝ այս գործերով արդեն վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 1 միլիարդ 77 միլիոն դրամի վնաս, իսկ 45 անձի մեղադրանք է ներկայացվել։

Բացահայտված խմբերի գործունեությունը վերաբերել է բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ ֆինանսական խարդախություններին, համակարգչային հափշտակություններին, կեղծ ներդրումային հարթակներին, ապօրինի առցանց խաղային գործունեությանը, հեռահաղորդակցման համակարգերում զանգերի ապօրինի տերմինացիային և ֆիշինգային հարձակումների միջոցով օգտահաշիվների յուրացմանը։

Կիբեռգործիքներով բացահայտվել են նաև այլ հանցագործություններ

ՆԳՆ-ից հայտնում են, որ մասնագիտացված ստորաբաժանման գործունեությունը չի սահմանափակվում միայն դասական կիբեռհանցագործությունների բացահայտմամբ։ ՆԳՆ-ի տվյալներով՝ կրիպտոակտիվների վերլուծության և միջազգային համագործակցության միջոցով ստորաբաժանումը մասնակցել է նաև ԱՄՆ քաղաքացու առևանգման դեպքի բացահայտմանը, որի քննության ընթացքում օգտագործվել են թվային հետքեր։

Բացահայտվել է նաև համացանցում երեխաների սեռական շահագործմանն առնչվող երկու դեպք։ Երկու գործերով էլ մեկական անձ դատավճռով մեղավոր է ճանաչվել մանկական պոռնոգրաֆիկ նյութեր պահելու և տարածելու համար։

Կանխվել են միլիոնավոր դրամների հափշտակություններ

ՆԳՆ-ի տվյալներով՝ ստորաբաժանման միջամտությամբ հաջողվել է կանխել քաղաքացիներից շուրջ 7 միլիոն և 15 միլիոն դրամ հափշտակելու երկու փորձ։ Կապի օպերատորների հետ համագործակցությամբ սահմանափակվել է նաև մի շարք ֆիշինգային կայքերի հասանելիությունը։ Միջազգային գործընկերների աջակցությամբ արգելափակվել են ֆինանսական բուրգի սկզբունքով գործող և Հայաստանի քաղաքացիներին թիրախավորող առցանց հարթակներ։

Թեժ գիծ, Telegram-ալիք և «Կիբեռմարտահրավեր»

Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուղղություններից մեկն էլ կանխարգելումն ու հանրային իրազեկումն է։

ՆԳՆ-ն ստեղծել է մասնագիտական խորհրդատվություն տրամադրող 011 52 52 52 թեժ գիծը և կիբեռսպառնալիքների մասին օպերատիվ տեղեկություններ հրապարակող Telegram-ալիքը։

Գործարկվել է նաև «Կիբեռմարտահրավեր» իրազեկման տեսաշարը։ Կրթական հաստատություններում անցկացվում են դասախոսություններ ու հանդիպումներ, որոնց ընթացքում ներկայացվում են առցանց խարդախությունների հիմնական տեսակներն ու թվային անվտանգության կանոնները։

Միջազգային համագործակցություն

Կիբեռհանցագործությունները հաճախ չեն սահմանափակվում մեկ երկրի տարածքով, ինչի պատճառով դրանց դեմ պայքարում կարևոր նշանակություն ունի միջազգային համագործակցությունը։

Հայկական ստորաբաժանումը համագործակցում է Ինտերպոլի, Եվրոպոլի, ինչպես նաև «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի անդամ երկրների իրավապահ մարմինների հետ։ Այդ համագործակցության օրինակներից է Եվրոպոլի համակարգմամբ իրականացված Operation Endgame («Վերջնախաղ») միջազգային գործողությունը, որն ուղղված էր վնասաբեր ծրագրերի միջոցով գործող անդրազգային հանցավոր ցանցերի խափանմանը։

Գործողության շրջանակում տարբեր երկրներում իրականացվել է շուրջ երկու տասնյակ խուզարկություն, ձերբակալվել է 4 անձ, որոնցից մեկը՝ Հայաստանում, վնասազերծվել է շուրջ 100 սերվեր, իսկ իրավապահների վերահսկողության տակ է անցել ավելի քան 2000 դոմեն։

Մինչև տարեվերջ նախատեսվում է ստեղծել կիբեռլաբորատորիա

ՆԳՆ-ում նախատեսվում է մինչև 2026 թվականի տարեվերջ ստեղծել նաև կիբեռլաբորատորիա՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ։ Ըստ նախարարության՝ լաբորատորիան կհագեցվի ժամանակակից համակարգչատեխնիկական սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ։ Ակնկալվում է, որ այն կօգնի բարձրացնել ինչպես կիբեռհանցագործությունների, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող այլ հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը։

Եզրակացություն

Այսպիսով, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի համակարգը վերջին երկու տարում նկատելիորեն ընդլայնվել է, ստեղծվել է մասնագիտացված ստորաբաժանում, բացահայտվել են տասնյակ հանցավոր խմբեր, վերականգնվել է ավելի քան 1 մլրդ դրամ, զարգացել է միջազգային համագործակցությունը, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է ստեղծել համապատասխան լաբորատորիա։ 

Սակայն թվերը ցույց են տալիս մյուս կողմը․ կիբեռհանցագործությունների աճի տեմպը դեռևս չի հաջողվում կասեցնել։ 2026 թվականի ընդամենը վեց ամսում արձանագրվել է կիբեռհանցագործության գեթե այնքան դեպք, որքան 2025 թվականի ամբողջ ընթացքում, իսկ համակարգչային հափշտակությունների թիվն արդեն գերազանցել է նախորդ տարվա ամբողջ ցուցանիշը։ 

Ստացվում է իրավապահների գործիքակազմերի մեծացմանն ու բացահայտման արդյունքներին զուգահեռ, մեծանում է նաև խնդրի մասշտաբը՝ ընդգրկելով հանրության լայն շերտերի։ 

Արեն Նահապետյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *