Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախազգուշացրել է, որ Թուրքիան, Կատարը և Եգիպտոսը կարող են Գազայի հարցով «արմատական քայլեր» ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն բավարար ճնշում չգործադրի Իսրայելի վրա, հայտնում է Turkiye Today-ը։
«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ը անհրաժեշտ ճնշում կգործադրի Իսրայելի վրա։ Հակառակ դեպքում մենք՝ Թուրքիան, Կատարը և Եգիպտոսը, ստիպված կլինենք այս հարցում արմատական քայլեր ձեռնարկել», — հայտարարել է Ֆիդանը։
Այս հայտարարությունները հնչել են Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթիի հետ Էլ-Ալամեյնում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ Թուրքիայի և Եգիպտոսի համատեղ պլանավորման խմբի երկրորդ նիստում։
Ֆիդանը Եգիպտոսում էր պաշտոնական այցով, որի ընթացքում նաև բանակցություններ են անցկացվել Լիբիայի, Սուդանի և երկկողմ առևտրի շուրջ։
Ֆիդանի խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են Գազայում տիրող իրավիճակը և դրա կարգավորման հնարավոր ուղիները։ Նա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրա կառավարությանը մեղադրել է այն քաղաքականության սրմամբ, որը «ոտնահարում է մարդկային արժանապատվությունը» և մարտահրավեր է նետում միջազգային հանրությանը։ Ֆիդանը նշել է, որ իրավիճակը դուրս է եկել տարածաշրջանային խնդրի շրջանակներից և վերածվել է ողջ համաշխարհային հանրության անվտանգության հարցի։
Նա հայտնել է, որ երկու երկրները համաձայնել են ավելի լուրջ միջոցների ընդունման անհրաժեշտության շուրջ, ներառյալ հումանիտար օգնության հասանելիության ապահովումը, պաղեստինցիների զոհերի կանխումը և Գազայի խաղաղության ծրագրի պայմանների պահպանումը։
Ֆիդանը շեշտել է, որ Անկարան և Կահիրեն «ամենաբարձր մակարդակով» համակարգում են խաղաղության ծրագրի շուրջ իրենց գործողությունները և շարունակում են ջանքերը՝ Գազային հումանիտար օգնություն տրամադրելու ուղղությամբ։
Նա հավելել է, որ թեև ծրագրի առաջին փուլը՝ իր բնորոշմամբ ցեղասպանության դադարեցումը, միջազգային ճնշման ներքո ձեռք է բերվել, Գազա մտնող հումանիտար օգնության ծավալը դեռևս մնում է անհրաժեշտ կարիքներից ցածր։
Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի իրական նպատակը պաղեստինցիներին Գազայից դուրս մղելն է և այնտեղ ոչ ոքի չթողնելը, և կոչ է արել ուժեղացնել միջազգային ճնշումը Նեթանյահուի վրա, որպեսզի նա հրաժարվի այդ «անխոհեմ» ծրագրերից։
Leave a Reply