Թուրքիայի Թուզլուջայի քաղաքապետ Ահմեթ Սաիթ Սադրեթթին Թյուրքանը հայ-թուրքական սահմանի զրոյական կետում գտնվող Հալըքիշլա գյուղում գնահատականներ է տվել տարածաշրջանի պատմությանը, անվտանգությանը և երկու երկրների միջև հարաբերություններին։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Թյուրքանը նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ամուր համագործակցությունը օգուտ կբերի երկու կողմերին էլ: Թյուրքանն ասել է. «Որպես թուրք ժողովուրդ և տարածաշրջանի ժողովուրդ, մենք միշտ ասում ենք խաղաղություն, եղբայրություն և հանգստություն: Մենք հավատում ենք, որ նոր դարաշրջանում Թուրքիայի հետ համատեղ գործող բոլոր ժողովուրդներն ու պետությունները կհաղթեն»:
Նա անդրադարձել է նաև ՀՀ վարշապետ Փաշինյանին և նրա քայլերին դրական գնահատական տվել։
Հայտնելով, որ ինքը դրական է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջերս ընդունված ուղերձներն ու որոշումները, Թյուրքանը նշել է, որ այդ քայլերը չափազանց կարևոր են տարածաշրջանում խաղաղ միջավայրի ստեղծման համար:
Նշելով, որ թուրքական կողմից մոտ 6 միլիարդ դոլարի ներդրումներ են կատարվել, Թյուրքանն ասել է, որ եթե սահմանը բացվի և հարաբերությունները կարգավորվեն, այդ ներդրումները նաև տնտեսական օգուտներ կբերեն հայ ժողովրդին.
«Սահմանի այս կողմում մեծ ներդրումներ են կատարվում: Ինչո՞ւ մյուս կողմի ժողովուրդը նույնպես չպետք է օգտվի այս հնարավորություններից: Խաղաղությունն ու համագործակցությունը կապահովեն տարածաշրջանի ժողովուրդների ընդհանուր զարգացումը»:
Անդրադառնալով Թուրքիա-Հայաստան սահմանի անվտանգության միջոցառումներին, Թյուրքանը նշել է, որ Թուրքիայի զինված ուժերը ուշադիր հետևում են սահմանին՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական համակարգեր:
Իր խոսքը խաղաղության և եղբայրության ուղերձներով ավարտելով՝ Թյուրքանն ասել է. «Կեցցե՛ եղբայրությունը, կեցցե՛ գեղեցկությունը, կեցցե՛ տարածաշրջանի ժողովուրդների զարգացումը, առաջընթացը և խաղաղությունը։ Ես հավատում եմ, որ ամեն ինչ ավելի լավ կլինի»։
Leave a Reply