Հեռավար աշխատանքից հեռու՛ մնացեք – Mediamax.am

Written by

in

Մայքլ Սթրեյնը American Enterprise Institute-ի տնտեսական քաղաքականության գծով տնօրենն է:

 

Մի խորհուրդ ունեմ վերջին ամիսներին բակալավրի դիպլոմ ստացած եւ կարիերան դեռ նոր սկսող երիտասարդներին. գնացե՛ք աշխատանքի, ընդ որում՝ բառիս բուն իմաստով։ Եթե ձեզ առաջարկվող աշխատանքը հիբրիդային գրաֆիկ է ենթադրում, մի՛ օգտվեք այդ հնարավորությունից։ Եղե՛ք աշխատավայրում շաբաթական հինգ (իսկ ավելի լավ է՝ վեց) օր։ Իսկ եթե աշխատանքն ամբողջությամբ հեռավար է, սկսե՛ք նորը փնտրել։

 

Նույն խորհուրդը տալիս էի նաեւ 2021 թվականին, երբ միլիոնավոր «սպիտակ օձիքավորներ» որոշեցին, թե հեռավար աշխատանքը միակ լավ բանն է, որ արժե պահպանել COVID-19-ի լոքդաուններից հետո։ Այն ժամանակ մենք քիչ տվյալներ ունեինք այն մասին, թե ինչպես է հեռավար աշխատանքն ազդում աշխատաշուկայի վրա։ Այժմ այդ տվյալները հասանելի են։

 

Նոր հետազոտության մեջ տնտեսագետներ Նատալյա Էմանուելը, Էմմա Հարինգթոնը եւ Ամանդա Փալեն հաշվարկել են, որ 2025 թվականին բուհերի մինչեւ 29 տարեկան շրջանավարտների շրջանում գործազրկության մակարդակը 1,3 տոկոսային կետով ավելի բարձր էր, քան 2019-ին (այսինքն՝ նախքան համավարակը եւ հեռավար աշխատողների թվի քառապատիկ աճը)։ Ավելի տարեց շրջանավարտների շրջանում աճը կազմել է ընդամենը 0,4 տոկոսային կետ։

 

Այս տարբերությունը բացատրելու համար հեղինակները համեմատել են գործազրկության մակարդակն այն աշխատողների շրջանում, որոնց աշխատանքը հեշտ է կատարել հեռավար տարբերակով (օրինակ՝ ծրագրավորողներ), եւ նրանց, ում աշխատանքը հեռավար կատարելը դժվար է (օրինակ՝ ինժեներ-մեխանիկներ)։ 

 

Պարզվել է, որ հենց հեռավար աշխատանքն է բացատրում մինչեւ 29 տարեկան շրջանավարտների եւ ավելի փորձառու մասնագետների գործազրկության մակարդակի միջեւ եղած ճեղքվածքի գրեթե երկու երրորդը։ Ընդ որում, արդյունքները պահպանվում են նույնիսկ այն ճշգրտմամբ, թե այս կամ այն մասնագիտությունն որքանով է ենթակա ավտոմատացման՝ գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) միջոցով։

 

Այս եզրակացությունները համահունչ են մեկ այլ հետազոտության արդյունքներին։ Տնտեսագետներ Փիթեր Ջոն Լամբերտը եւ Յանիկ Շինդլերը ուսումնասիրել են չորս անգլախոս երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, եւ պարզել, որ համավարակից հետո հեռավար աշխատանքի աճը թե՛ հավաքագրումը, թե՛ թափուր տեղերը շեղել է դեպի ավելի փորձառու աշխատակիցները՝ ի վնաս նրանց, ովքեր միայն երկու տարվա փորձ ունեն։ Ավելին, նրանք ցույց են տվել, որ ԱԲ գործիքների հայտնվելն ու տարածումը ոչ մի կերպ չեն ազդել կրտսեր մասնագետների նկատմամբ պահանջարկի այս անկման վրա։

Լուսանկարը` REUTERS

Հուսով եմ՝ այս տվյալները կմոտիվացնեն բարձրագույն կրթությամբ երիտասարդ մասնագետներին։ Ֆիզիկապես աշխատանքի գնալը նրանց շահերից է բխում։ Գործատուներն ավելի ու ավելի հաճախ են հրաժարվում փորձ չունեցող աշխատակիցներին հեռավար հաստիքների ընդունել, քանի որ նման ձեւաչափերը ավելի մեծ վերահսկողություն եւ ջանքեր են պահանջում, որպեսզի մարդը յուրացնի նոր գիտելիքներն ու հմտությունները։ Այս խնդիրները լուծելը շատ ավելի բարդ է (եւ թանկ), երբ նոր աշխատակիցը նստած է տանը՝ բազմոցին, եւ գործընկերների հետ շփվում է Zoom-ի միջոցով։

 

Գրասենյակում աշխատելու դեպքում, ընդհակառակը, երեկվա շրջանավարտներն ավելի արագ են զարգացնում էմոցիոնալ ինտելեկտը, որը կրիտիկական նշանակություն ունի բազմաթիվ մասնագիտություններում հաջողության հասնելու համար։ Մարմնի լեզուն, դեմքի արտահայտությունն ու հնչերանգները կարդալը հմտություններ են, որոնք հնարավոր չէ յուրացնել Zoom-ով։ Թիմային ոգին ու համախմբվածությունն ամենալավը ձեւավորվում են մշտական անձնական փոխգործակցության միջոցով։ Իսկ սկսնակ մասնագետների համար, ովքեր նոր են կառուցում իրենց պրոֆեսիոնալ կապերն ու աճի նոր հնարավորություններ փնտրում, սուրճի մեքենայի մոտ կամ կայանատեղիում պատահական զրույցները երբեմն կարող են անգնահատելի լինել։

 

Այդուհանդերձ, շատերը կարիերայի սկզբում զրկում են իրենց այս առավելություններից։ Ոմանք՝ անձնական կյանքի համար ավելի շատ ժամանակ ազատելու նպատակով, ոմանք էլ՝ գործատուի համար սեփական արժեքի մասին չափազանցված պատկերացումների պատճառով։ Սակայն խնդիրը հաճախ շատ ավելի պարզ է. գործատուները հիբրիդային գրաֆիկն առաջարկում են որպես բոնուս եւ երիտասարդ աշխատակիցները համաձայնում են։ Պետք չէ տրվել այդ գայթակղությանը։ Այն, որ հեռավար աշխատանքը հասանելի է, դեռ չի նշանակում, որ դրանից պետք է օգտվել։

 

Ավելի մեծ փորձ ունեցող աշխատակիցների պարագայում ճիշտ որոշումը, հավանաբար, 2019 թվականի ձեւաչափին ամբողջական վերադարձը չէ։ Իմ կարծիքով, նման աշխատակիցների համար հիբրիդային գրաֆիկի կորուստները մեծապես փոխհատուցվում են արդեն իսկ ձեւավորված աշխատանքային հարաբերություններով, որոնք կառուցվել են կոլեկտիվում տարիների անձնական շփման շնորհիվ։

 

Ավելի փորձառու աշխատակիցները հաճախ իրական անձնական պարտավորություններ ունեն՝ խնամք երեխաների կամ տարեց ծնողների հանդեպ եւ ստիպված են համատեղել այն աշխատանքի հետ։ Հենց այդ պատճառով էլ նրանք բարձր են գնահատում հեռավար աշխատանքը:

 

Գործատուների տեսանկյունից՝ հիբրիդային ձեւաչափն ավելի քիչ է վնասում արտադրողականությանը, քան լիովին հեռավարը, իսկ որոշ դեպքերում կարող է նույնիսկ բարձրացնել այն։ Հեռավար աշխատանքը զգալիորեն օգնել է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց. նրանց զբաղվածության մակարդակն այսօր շատ ավելի բարձր է, քան նախքան համավարակը։ 

Լուսանկարը` REUTERS

Հաշվի առնելով բոլոր ռիսկերն ու թերությունները՝ ուղերձս երիտասարդ աշխատողներին շատ պարզ է. ֆիզիկապես տեղում եղե՛ք։ Աշխատե՛ք ջանասիրաբար։ Թակե՛ք դռները։ Գրասենյակ եկե՛ք ղեկավարից շուտ եւ մի՛ հեռացեք, քանի դեռ նա չի գնացել։

 

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

 

Copyright: Project Syndicate, 2026.

www.project-syndicate.org 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts