ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP

Written by

in

ԱՄՆ իշխանություններն ու վերջիններիս նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդի» ներկայացուցիչները կարծում են, որ պաղեստինյան ծայրահեղական «ՀԱՄԱՍ» շարժմանը ենթակա ոստիկանական ուժերը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում սկսելու են զենք հանձնել Գազայի ժամանակավոր իշխանություններին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։

Ամերիկյան ղեկավարությունը լավատեսորեն է տրամադրված Գազայի խաղաղ կարգավորման համաձայնագրի երկրորդ փուլի շուտափույթ իրականացման հարցում։ Այնուամենայնիվ, խոսքը դեռևս վերաբերում է միայն «ՀԱՄԱՍ»-ի վերահսկողության տակ գտնվող ոստիկանական ստորաբաժանումներին։ «ՀԱՄԱՍ»-ի հիմնական զինված ուժերի զինաթափման, այդ թվում՝ ծանր սպառազինության հանձնման ժամկետները դեռևս անհայտ են։ ԱՄՆ իշխանությունների և «Խաղաղության խորհրդի» որոշ ներկայացուցիչների գնահատմամբ՝ այդ գործընթացը կարող է ձգվել 200-ից 350 օր։

Ինչպես հինգշաբթի օրը հայտնել է Axios պորտալը, Վաշինգտոնում կարծում են, որ «ՀԱՄԱՍ» շարժման զինաթափումը կսկսվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։ Ձեռք բերված փոխհամաձայնության համաձայն՝ «ՀԱՄԱՍ»-ն ու Իսրայելը մոտ 7-8 ամսվա ընթացքում պետք է փոխադարձության սկզբունքով մի շարք քայլեր ձեռնարկեն, որոնց իրականացումը կհաստատվի անկախ կողմի կողմից։ Հրապարակման համաձայն՝ նախատեսվում է նաև հիմնովին ոչնչացնել «ՀԱՄԱՍ»-ի ջոկատների կողմից օգտագործվող թունելներն ու զենքի արտադրամասերը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը պայմանավորվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի և այլ զինված խմբավորումների լիակատար զինաթափման շուրջ։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել էր, որ դրանից հետո իսրայելական ստորաբաժանումները դուրս կբերվեն Գազայից:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *