Կառավարությունը նախատեսում է աջակցություն տրամադրել Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող արդյունագործական ձկնաբուծական 135 տնտեսություններին | Էկոնոմիկա

Written by

in

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է աջակցություն տրամադրել Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող արդյունագործական ձկնաբուծական 135 տնտեսություններին։

Ինչպես հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, աջակցություն կտրամադրվի այն տնտեսություններին, որոնք զբաղվում են իշխանի և թառափի բուծմամբ, բեղնավորված ձկնկիթի ու խավիարի արտադրությամբ և հանդիսանում են ԱԱՀ վճարող։

«Աջակցությունը տրամադրվելու է միանվագ փոխհատուցման ձևով հետևյալ բանաձևով. 2026 թվականի առաջին կիսամյակում ձեռք բերված ձկան կերի 1 ամսվա միջին արժեքի 20%-ի չափով, ընդ որում` 1 կիլոգրամի համար հաշվարկել ենք 900 դրամ արժեք», – ասաց Պապոյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։

Նա նշեց, որ ձեռք բերված կերը պետք է լինի սերտիֆիկացված և համապատասխանի ԵԱՏՄ և ԵՄ ստանդարտներին։

Նախարարի խոսքով՝ ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է ձկան և ձկնամթերքի արտահանման սահմանափակումների հետևանքով արդյունաբերողների ունեցած ֆինանսական դժվարություններով։

Նախագծի նպատակն է մեղմել այդ դժվարությունները, ինչը տնտեսվարողներին հնարավորություն կտա ներքին շուկայում իջեցնել գները և ավելացնել սպառումը, միևնույն ժամանակ արտաքին շուկաներում գտնել նոր ուղիներ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *