Քաջարան-Ագարակ հատվածի կամուրջների հեծանները Հայաստանում առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղ

Written by

in

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում կամուրջների հեծանների մոնտաժման աշխատանքներն իրականացվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի (Launching Gantry) միջոցով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ այս մեթոդը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ՝ ապահովելով շինարարական աշխատանքների բարձր ճշգրտություն և անվտանգություն։

Կառույցից տեղեկացնում են, որ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Կառուցվում է II տեխնիկական կարգի 32 կմ երկարությամբ ճանապարհ։ Արդյունքում երթևեկության ներկայիս 50 կմ/ժ միջին արագությունը կավելանա մինչև 80 կմ/ժ-ի, ուղևորության ժամանակը կկրճատվի 35-40 րոպեով։

Ծրագիրը ներառում է նաև 5 նոր տրանսպորտային հանգույցների, 6 նոր վերգետնյա անցումների, մոտ 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունելների և 15 նոր կամուրջների կառուցում։ Կառուցումից հետո ճանապարհը կհամապատասխանի միջազգային առաջադեմ չափանիշներին:

Ծրագիրն իրականացվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *