Փաշինյանն ու Պուտինը համաձայնության չեն եկել ԵՄ/ԵԱՏՄ հանրաքվեի հարցում

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանը Պուտինին «խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ»։

 

«Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների ս․թ, մայիսի 29–ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։

Միեւնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է բաց, գործընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության Կառավարության պատրաստակամությունը», – ասվում է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

 

Մեդիամաքսը նշում է, որ Կրեմլի կայքում Փաշինյանի եւ Պուտինի հեռախոսազրույցի մասին ասված է հետեւյալը․

 

«Վլադիմիր Պուտինը հաստատել է հավատարմությունը 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում ընդունված Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդների համատեղ հայտարարությանը՝ Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելուն ուղղված գործողությունների վերաբերյալ։ Մասնավորապես, ընդգծվել է անհրաժեշտությունը հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում անցկացնել համաժողովրդական հանրաքվե՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *