Հայոց Ցեղասպանությունն ու Բերգեն-Բելզենում Ռեյգանի ելույթի գաղտնիքը

Written by

in

2024 թվականի օգոստոսին եւ 2026 թվականի փետրվարին հրապարակումներ էինք ունեցել Քենեթ Խաչիկյանի «Փակ դռների հետեւում. Ռեյգանի եւ Նիքսոնի հետ սենյակում» գրքի մասին, որում հեղինակը պատմում է ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ռոնալդ Ռեյգանի հետ իր աշխատանքի մասին:

 

Թեեւ Խաչիկյանը Սպիտակ տան մշտական աշխատակից չէր, հենց նա է 1980-1988 թվականներին հեղինակել Ռոնալդ Ռեյգանի առանցքային ելույթներից մի քանիսը: 

Գրքում Քենեթ Խաչիկյանը մանրամասներ է ներկայացրել Ռեյգանի մի ելույթի մասին, որը կարող էր ճակատագրական դառնալ ոչ միայն նախագահական կարիերայի, այլեւ տիկնոջ՝ Նենսի Ռեյգանի հետ հարաբերությունների համար: 

 

1985 թվականին աշխարհում պատրաստվում էին տոնել ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմում հաղթանակի 40-ամյակը: Ձմռանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Հելմուտ Քոլը Ռոնալդ Ռեյգանին առաջարկել էր մայիսին Գերմանիա կատարելիք այցի ընթացքում այցելել Բերգեն-Բելզեն նախկին համակենտրոնացման ճամբարի տարածքում գործող գերեզմանատունն ու հուշահամալիրը եւ ելույթ ունենալ այնտեղ: Ռեյգանը դրական պատասխան էր տվել, սակայն շուտով պարզվել էր, որ այդ գերեզմանատանը թաղված է նաեւ նացիստական ՍՍ զորքերի մի քանի տասնյակ անդամ: 

 

ԱՄՆ-ում եւ աշխարհում բողոքի լուրջ ալիք բարձրացավ, Ռեյգանի շատ թիմակիցներ, այդ թվում՝ ԱՄՆ առաջին տիկինը փորձում էին նախագահին համոզել հրաժարվել Բերգեն-Բելզեն այցելելուց եւ այնտեղ ելույթ ունենալուց: 

 

Սակայն Ռեյգանը մտադիր չէր դրժել Քոլին տված խոստումը: Իր հուշերում նա, մասնավորապես, գրել է.

 

«Բիտբուրգի գերեզմանատուն մեկնելու որոշումս, որտեղ թաղված են պատերազմի ժամանակ զոհված երկու հազար գերմանացիներ, վեճեր առաջացրեց։ Համաձայնություն տալիս՝ չգիտեինք, որ գերեզմանատանը թաղված են նաև 48 ՍՍ-ականներ։ Երբ ձմռանը մեր աշխատակիցներն այցելել էին գերեզմանատուն, այդ գերեզմանները ձյան տակ էին։

Ռոնալդ Ռեյգան 1985թ. մայիսի 5-ին Բերգեն-Բելզենում Ռոնալդ Ռեյգան 1985թ. մայիսի 5-ին Բերգեն-Բելզենում

Լուսանկարը` REUTERS

Համակենտրոնացման ճամբարի նախկին բանտարկյալ Էլի Վիզելը Սպիտակ տանը համոզում էր ինձ. «Պարոն նախագահ, Ձեզ վայել չէ ներկա գտնվել այդ վայրում»։ Անգամ Նենսին կարծում էր, որ չարժե այնտեղ գնալ։ Այնուամենայնիվ, ես մեկնելու որոշում կայացրի։ Կարծում եմ, մենք չպետք է գերմանացիների նոր սերունդներից պահանջենք հավերժ ապրել այդ մեղքի հետ՝ առանց քավության որևէ հույսի։ Չի կարելի երիտասարդությանը ստիպել կրել այս բեռը։ Նրանցից շատերի պապերը զոհվել են այդ պատերազմում։ Այդ մարդիկ նացիստ չէին, նրանք չէին աշխատում համակենտրոնացման ճամբարներում, նրանք պարզապես զինվորներ էին, որոնք կատարում էին իրենց պարտքը պատերազմում»։

 

Երբ պարզ դարձավ, որ Ռեյգանը որոշումը չի փոխելու, ելույթի տեքստը գրելու համար հրավիրեցին Քեն Խաչիկյանին: Նա շատ քիչ ժամանակ ուներ, այն դեպքում, երբ պետք է մի տեքստ գրեր, որը կգոհացներ բոլորին՝ նախագահ Ռեյգանին, նրա տիկնոջը, Գերմանիայի ղեկավարներին, հասարակ ամերիկացիներին եւ գերմանացիներին: 

Time ամսագրի շապիկը Time ամսագրի շապիկը

 

Ստորեւ ներկայացնում ենք Քենեթ Խաչիկյանի «Փակ դռների հետեւում. Ռեյգանի եւ Նիքսոնի հետ սենյակում» գրքի այն հատվածը, որտեղ նա պատմում է, թե ինչը ոգեշնչեց իրեն գրել ելույթը, որը համարվում է ամենաազդեցիկներից մեկը Ռոնալդ Ռեյգանի 8-ամյա նախագահության ընթացքում:

 

***

 

«Օքսոն Հիլլի իմ հարեւան եւ մտերիմ ընկեր Ջիմ Ռենջիլյանը պնդեց, որ իրեն ուղեկցեմ Արլինգթոնի գերեզմանատուն՝ Ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառմանը՝ Օսմանյան թուրքերի կողմից մեր հայ նախնիների համակարգված տեղահանության եւ բնաջնջման 70-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը։ Ես փորձեցի հրաժարվել՝ պատճառաբանելով, որ վերջնաժամկետիս մնում է ընդամենը 36 ժամ։

 

Ջիմը կարողացավ ինձ համոզել, որ իմ ազգային ժառանգությունն ինձանից պահանջում է միանալ իրեն եւ Վաշինգտոնի մետրոպոլիտեն շրջանում բնակվող ամերիկահայերի փոքր խմբին։

Ռոնալդ եւ Նենսի Ռեյգանները 1985թ. մայիսի 5-ին Բերգեն-Բելզենում Ռոնալդ եւ Նենսի Ռեյգանները 1985թ. մայիսի 5-ին Բերգեն-Բելզենում

Լուսանկարը` REUTERS

Երգչախմբի կատարման ու տեղի հայ հոգեւորականների մատուցած պատարագի ժամանակ սկսեցի լսել այլ ձայներ՝ ձայներ, որոնք լսել էի, երբ փոքր էի։ Ծնողներիս շրջապատի շատ ընկերներ, ինչպես եւ հայրս, հայ ներգաղթյալներ էին եւ Ցեղասպանությունը վերապրածներ՝ Թուրքիայի Կապադովկիայի տարածաշրջանում գտնվող իրենց նախնիների գյուղից՝ Չոմաքլուից։ Երբ նրանք հավաքվում էին, երբեմն ցածրաձայն անդրադառնում էին իրենց տներից հարկադիր աքսորին, երբ թուրքերը սպանեցին Անատոլիայի բնակչությանը զենքի, սովի, համաճարակների եւ բռնի տեղահանության միջոցով։ Պապս գաղթել էր մինչեւ 1915 թվականը, սակայն տատս, հայրս, հորաքույրս եւ հորեղբայրս իրենց համագյուղացիների հետ աքսորվել էին դեպի սիրիական եւ հորդանանյան անապատներ՝ սկզբում ոտքով, այնուհետեւ՝ անասունների փոխադրման համար նախատեսված մեքենաներում խցկված։

Չոմաքլուի ուսուցիչը՝ Արիս Կալֆայանը, ողջ էր մնացել եւ հետագայում գրքում նկարագրել էր այդ սարսափները։ Ես կարդացել էի նրա նկարագրություններն այն զրկանքների ու դաժանությունների մասին, որոնց նրանք ենթարկվել էին սիրիական անապատը ոտքով անցնելու ճանապարհին՝ իրենց ճանապարհորդության առաջին քառասուն օրվա ընթացքում։ Կալֆայանը նկարագրում էր, թե ինչպես վիճակն ավելի վատացավ, երբ նրանց խցկեցին գերբեռնված, կեղտոտ եւ ոջիլներով վարակված մեքենաներ՝ ցերեկը կիզիչ արեւի տակ, իսկ գիշերը՝ սառցաշունչ ցրտին… Երբ յոթ մարդու հրամայվեց նրանց վագոններից իջեցնել Վադի Սիրհան անապատում՝ տեղ ազատելու ողջ մնացածների համար։

Ռոնալդ եւ Նենսի Ռեյգանները 1985թ. մայիսի 5-ին Բերգեն-Բելզենում Ռոնալդ եւ Նենսի Ռեյգանները 1985թ. մայիսի 5-ին Բերգեն-Բելզենում

Լուսանկարը` REUTERS

Տիֆը տարածված էր բոլոր ճամբարներում, իսկ սարսափելի ոջիլները կպնում էին տեղահանվածների մարմիններին եւ թափանցում մաշկի ծակոտիները։ Սովն այնպիսի աստիճանի էր հասել, որ «կյանքից դեռ կառչած այդ փախստականները հաճախ ստիպված էին ուտել փտող կենդանիների մնացորդները կամ նույնիսկ մաղել ձիու գոմաղբը՝ չմարսված վիճակում դուրս եկած գարու հատիկներ գտնելու համար»…

 

Հայրս հազվադեպ էր խոսում այդ զրկանքների մասին, սակայն, երբ խոսում էր, նրան եւ նրա ընտանիքին հետապնդում էր ճնշող սովի հիշողությունը։ 16 տարեկանում նա կորցրեց մորը, եղբորն ու քրոջը։ Ալկոհոլից նրա խուսափելու պատճառն այն էր, որ ցանկանում էր կանխել անգամ ամենաթույլ գինովցածությունը, որը կարող էր մելամաղձ առաջացնել եւ արթնացնել այդ սարսափելի տարիների արձագանքները։

Արլինգթոնում հնչող երաժշտությունն ու աղոթքները ցնցեցին ինձ՝ հիշեցնելով իմ ազգային ժառանգության մասին եւ վերադարձնելով մանկությանս այդ տխուր հիշողությունները։ 1915 թվականին սիրիական անապատում գոյություն ուներ Բերգեն-Բելզեն, որի մասին պատմությունը մոռացել էր, եւ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրածների կրած ցավն ու տառապանքը հանկարծ շատ իրական դարձրին իմ առաքելությունը՝ Սպիտակ տուն վերադառնալու մեր լուռ ճանապարհին։

 

Անմիջապես գնացի իմ աշխատասենյակ եւ սկսեցի գրել։ IBM գրամեքենայի ստեղների չխկչխկոցը սկսեց իմ միջոցով բարձրաձայն պատմել այն պատմությունը, որը ներծծել էի այդ առավոտ»։

 

Պատրաստել են Արա Թադեւոսյանը եւ Դիանա Մանուկյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *