Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև 2026 թվականի վերջը։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Բենզինի արտահանման արգելքի վերաբերյալ օպերատիվ շտաբում որոշում ենք կայացրել այն երկարաձգել ինչպես արտադրողների, այնպես էլ ոչ արտադրողների համար», — նշել է Նովակը։
Միևնույն ժամանակ, փոխվարչապետը հավելել է, որ դիզելային վառելիքի արտահանման արգելքը կչեղարկվի «շուկայի վերականգնմանը զուգընթաց», որպեսզի նավթավերամշակման գործարանները դժվարությունների չբախվեն գերհագեցածության և վերամշակման ծավալների կրճատման պատճառով։
Նովակն ընդգծել է, որ ներքին շուկան ապահովելուց հետո Ռուսաստանի համար առաջնահերթություն կլինի դիզվառելիքի արտահանումը՝ գործարանների ամբողջական բեռնվածությունն ապահովելու նպատակով։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետը հայտնել էր, որ այս ամռանը Ռուսաստանում վառելիքի մատակարարումների խափանումներ են առաջացել՝ պայմանավորված լոգիստիկ շղթաների փոփոխություններով։ Իրավիճակը կայունացնելու համար կառավարությունը մի շարք միջոցներ էր ձեռնարկել, այդ թվում՝ սահմանափակելով բենզինի և դիզվառելիքի արտահանումը։ Ներկայում վառելիքի արտահանման արգելքը գործում է մինչև հուլիսի 31-ը։
Leave a Reply