Ռոսսելխոզնադզորը հուլիսի 14-ից 21-ն անցկացրած ստուգումների արդյունքում արգելել է Հայաստանից արտահանվող՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող կաթնամթերքի իրացումը Ռուսաստանում։
Ըստ գերատեսչության՝ հայկական կաթնավերամշակման ձեռնարկությունների ստուգման ժամանակ իբր հայտնաբերվել են դեռևս 2023-2024 թվականներին արձանագրված խախտումների կրկնություններ, որոնք վերաբերում են հետագծելիության համակարգերին, հումքի և պատրաստի ապրանքների անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ձևակերպմանը, ինչպես նաև արտադրական հսկողության ծրագրերին։
Ստուգումների ընթացքում պարզվել է, որ Ռուսաստան արտահանվող արտադրանքի համար օգտագործվել է վարակված անասնագլխաքանակից ստացված կաթ։ Բացի այդ, չնայած Հայաստանի անասնաբուժական ծառայության նախնական հավաստիացումներին՝ արձանագրվել են երրորդ երկրների հումքի օգտագործման դեպքեր՝ բարձր յուղայնությամբ արտադրանք պատրաստելու համար։
Ռոսսելխոզնադզորում նշել են, որ Հայաստանում մինչև օրս պատշաճ կերպով չի կարգավորվել կաթի ծագումն ու անվտանգությունը հաստատող համակարգը՝ հատկապես ֆիզիկական անձանցից մթերվող հումքի մասով, ինչի հետևանքով կառույցը միջոցներ է ձեռնարկել ռուսաստանյան շուկայում վտանգավոր մթերքի հայտնվելը թույլ չտալու համար։
Leave a Reply