Հայաստանի Հանրապետությունը, ըստ աշխարհագրական դիրքի գտնվում է երեք կենսաաշխարհագրական շրջանների
հատման վայրում: Կլիմայական պայմանների զանազանությունը և երկրաբանական ակտիվ
գործընթացները հանգեցրել են տարբեր էկոհամակարգերի և բարձր աստիճանի էնդեմիզմ ունեցող հարուստ կենսաբազմազանության
առաջացմանը:
Հայաստանի Հանրապետության բուսական
աշխարհը
Ֆլորան. Հայաստանի Հանրապետության ֆլորան այժմ ներկայացված է շուրջ 3800 տեսակի անոթավոր բույսերով` 160 ընտանիքից և 913 ցեղից: Ներկայումս Հայաստանի Հանրապետության ֆլորայի կազմում առկա է 142 էնդեմիկ տեսակ (ամբողջ ֆլորայի 3.8 %-ը): Հայաստանի Հանրապետությունում Ֆլորիստիկական ուսումնասիրությունների վերլուծությունները մեծ ծավալներով իրականացվել են «Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի լրամշակում» ծրագրի շրջանակներում, որի ընթացքում առկա տվյալների և դաշտային նոր հետազոտությունների հիման վրա պատրաստվել է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի երկհատորյակը:
Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում ընդգրկվել են անոթավոր բույսերի 452 տեսակ (Հայաստանի Հանրապետության ֆլորայի 11.89 %), սնկերի` 40 տեսակ (Հայաստանի Հանրապետության բիոտայի 1.05 %): Գրանցված տեսակների կատեգորիաները սահմանվել են ըստ Բնության պահպանության միջազգային միության (այսուհետ՝ IUCN) չափորոշիչների: Դրանք են՝ կրիտիկական վիճակում գտնվողներ (CR)-143 տեսակ, վտանգվածներ (EN) – 249 տեսակ, խոցելի տեսակներ (VU)-60 տեսակ: Բացի այդ՝ բույսերի Կարմիր գրքում բերվում է տեղեկատվություն անհետացման վիճակին մոտ գտնվող (NT)` 21, տվյալներն անբավարար են (DD)` 96 և քիչ մտահոգող {LC)` 106 տեսակների վերաբերյալ: Բույսերի Կարմիր գրքում գրանցված մակրոսկոպիկ սնկերի կատեգորիաները հետևյալն են՝ անհետացած (EX)–1 տեսակ, կրիտիկական վիճակում գտնվող (CR)-6 տեսակ, վտանգված (EN)-15 տեսակ, խոցելի (VU)-12 տեսակ, անհետացման եզրին գտնվող (NT)–2 տեսակ, տվյալներն անբավարար են (DD)–4 տեսակ: Նշված սնկերից 5-ը ընդգրկված են սնկերի Եվրոպական Կարմիր ցուցակում:
Բացի այդ, Եվրոպայում սնկերի վտանգված տեսակների քարտեզում ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերված 10 տեսակի սնկեր: Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների բաշխումը ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի հետևյալն է՝ Արագածոտնի մարզ–42, Արարատի մարզ–137, Արմավիրի մարզ–26, Գեղարքունիքի մարզ–39, Լոռու մարզ–47, Կոտայքի մարզ–60, Շիրակի մարզ–38, Սյունիքի մարզ–186, Վայոց Ձորի մարզ–98, Տավուշի մարզ–52: 2010 թ.-ին ավարտվել
է «Բույսերի Կարմիր ցուցակի պատրաստում» միջազգային ծրագիրը (CEPF), որի արդյունքում
Միջազգային Կարմիր ցուցակում ներառվել են Կովկասի էկոտարածաշրջանի ֆլորայի 375 էնդեմիկ
տեսակներ, այդ թվում՝ 109 տեսակ Հայաստանից:
Բուսականությունը.
Հայաստանի Հանրապետությունում զարգացած բուսական տիպերի ծագումը, ձևավորումը և բուսաաշխարհագրական
տարածումը պայմանավորված է երկրի լեռնային ռելիեֆով, բարձունքային գոտիականությամբ,
կլիմայական պայմաններով, ֆլորիստիկ տարբեր երկրամասերի հատման տեղում տաղաբաշխմամբ:
Բուսականությունն աչքի է ընկնում համակեցությունների բազմազանությամբ, տեսակային հարուստ
կազմով, էնդեմիզմի բարձր մակարդակով:
Բուսականության հիմնական տիպերն են
Կիսաանապատներ և անապատներ. Զարգացած են ծովի մակարդակից 400-1250 մ բարձրությունների
վրա՝ զբաղեցնելով շուրջ 4550 կմ2 տարածք, որի 80-90 %-ը օգտագործվում է գյուղատնտեսական
նպատակներով: Մերձարաքսյան հատվածում տեղ-տեղ կան ավազային կուտակումներ, իսկ ցածրադիր
աղակալված հողերի վրա ձևավորվել են աղուտային անապատները, որի առավել հետաքրքիր հատվածը`
ջուզգունային (Calligonum) անապատը, միակ տեղամասն է Փոքր Կովկասում: Կիսաանապատային
էկոհամակարգերը 623.14 հա ընհանուր տարածքով
պահպանության են վերցված «Էրեբունի» և «Խոսրովի անտառ» արգելոցներում, «Արևիկ»
ազգային պարկում, «Որդան կարմիր» ու «Գոռավանի
ավազուտներ» արգելավայրերում, ինչը ԲՀՊՏ-ների ողջ տարածքի 0.2 %-ն է:
Տափաստաններ. Զարգացած են ծովի մակարդակից 1200-2500 մ բարձրությունների
վրա՝ զբաղեցնելով շուրջ 8000 կմ2 տարածք: Լեռնային տափաստանները, ի տարբերություն հարթավայրային
ընդարձակ և միատիպ տափաստանների, խիստ խայտաբղետ են և աչքի են ընկնում բուսական համակեցությունների
բազմազանությամբ ու տեսակային կազմի հարստությամբ: Բնորոշ է չորասեր, գուղձավոր, պնդաճիմ
հացազգի խոտաբույսերի, փշաբարձիկավոր տարախոտերի առկայությունը: Համակեցություններում
հանդիպում են մոտ 1600 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնցից 46-ը էնդեմիկներ են: Տափաստանային
էկոհամակարգերի պահպանությունը կատարվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, «Սևան», «Դիլիջան»,
«Արփի լիճ», «Արևիկ» ազգային պարկերում, մի շարք արգելավայրերում, որտեղ դրանց մակերեսը
կազմում է 61 391.7 հա, ինչը ԲՀՊՏ-ների ողջ տարածքի 15.8 %-ն է:
Չորասեր նոսրանտառներ. Բուսականության ամենահին տիպերից է, որը ներկայացված
է ինչպես ասեղնատերև (գիհուտներ), այնպես էլ սաղարթավոր տեսակներով (պիստակենի բթատերև,
թխկի վրացական, փռշնի ներկատերև, տանձենի ուռատերև, նշենի ֆենցլի և այլն) ու շիբլյակով:
Զարգացած են ծովի մակարդակից 600-2200 մ բարձրություններում՝ զբաղեցնելով մոտ 2000
կմ2 տարածք: Համակեցություններում հանդիպում են մոտ 900 տեսակի բարձրակարգ բույսեր,
որոնցից 35-ը էնդեմիկներ են: Չորասեր նոսրանտառների պահպանությունը կատարվում է «Խոսրովի
անտառ» արգելոցում, «Սևան», «Դիլիջան», «Արևիկ» ազգային պարկերում, «Հեր-Հերի նոսրանտառային»
և «Գիհու նոսրանտառային» արգելավայրերում:
Անտառներ. Զարգացած են ծովի մակարդակից 550-2400 մ բարձրությունների
վրա՝ զբաղեցնելով շուրջ 3340 կմ2 տարածք: Տարածված են նախալեռնային, ստորին և միջին
լեռնային գոտիներում` 20-250 թեքության լեռնալանջերին: Անտառների ստորին սահմանը հյուսիսում
անցնում է ծովի մակակարդակից 500 մ բարձրության վրա, իսկ վերին սահմանը հասնում է
2300-2400 մ բարձրությունները: Ներկայացված են ծառերի (125 տեսակ), թփերի (111), թփիկների
(30), կիսաթփերի (48) և բնափայտավոր լիանների (9) արժեքավոր ներկայացուցիչներով: Առավել
բարձր արտադրողական անտառներ առաջացնում են կաղնին և հաճարենին, որոնք կենտրոնացված
են 1300-1600 մ բարձրություններում: Անտառային համակեցություններում տարածված են շուրջ
870 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնցից 23-ը էնդեմիկներ են: Անտառների պահպանությունն
իրականացվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան», «Սևան», «Արևիկ»
ազգային պարկերում, շուրջ 13 արգելավայրերում, որտեղ անտառային լանդշաֆտները զբաղեցնում
են 110 269.2 հա՝ կազմելով ԲՀՊՏ-ների ընդհանուր տարածքի 28.5 %-ը:
Մերձալպյան և ալպյան մարգագետիններ. Զարգացած են ծովի մակարդակից 2200-4000 մ բարձրությունների
վրա՝ զբաղեցնելով շուրջ 4000 կմ2 տարածք: Այստեղ հանդիպում են մոտ 1100 տեսակի բարձրակարգ
բույսեր, որոնցից 24-ը էնդեմիկներ են: ԲՀՊՏ-ների համակարգում կազմում են 87 516.24
հա` զբաղեցնելով ԲՀՊՏ-ների ընդհանուր տարածքի 22.6 %-ը: Առավել լավ են ներկայացված
«Արփի լիճ» և «Արևիկ» ազգային պարկերում, «Զանգեզուր», «Խուստուփ», «Արագածի ալպյան»,
«Սև լիճ» և «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրերում:
Ջրաճահճային բուսականություն. Տարածված են բարձունքային բոլոր
գոտիներում՝ զբաղեցնելով շուրջ 1774 կմ2 տարածք: Բազմազան դրսևորումներով զարգացած
են լճերում, գետերում, առվակներում, ճահճակալած վայրերում և փոփոխվում են կախված միջավայրի
պայմաններից ու բարձրությունից: Համակեցություններում հանդիպում են շուրջ 630 տեսակի
բույսեր, որոնցից երեքը էնդեմիկներ են:
Պետրոֆիլ բուսականություն. Տարածված են բարձունքային բոլոր
գոտիներում՝ զբաղեցնելով մոտ 800 կմ2 տարածք: Զարգացած են ժայռոտ, քարափլվածքային,
քարացրոնային լանջերին: Համակեցություններն աչքի են ընկնում տեսակային կազմի մեծ բազմազանությամբ:
Այստեղ հանդիպում են ավելի քան 1100 տեսակի բույսեր, որոնցից 27-ը էնդեմիկներ են:
Հայաստանի
Հանրապետության կենդանական աշխարհի բազմազանությունը նույնպես աչքի
է ընկնում տեսակային կազմի հարստությամբ: Վերջին 10-ամյակում կատարված ուսումնասիրությունների
արդյունքում պարզվել է, որ ողնաշարավոր կենդանիների
տեսակային կազմի պարզաբանման գործընթացը գրեթե ավարտված է, ինչը չի կարելի ասել անողնաշար
կենդանիների մասին՝ ուսումնասիրված է մոտ 30 %-ը:
Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհն
աչքի է ընկնում բարձր էնդեմիզմով՝ 495 տեսակ (ֆաունայի շուրջ 3 %-ը), որոնց գերակշռող
մասը պատկանում են անողնաշար կենդանիներին: Հայաստանի Հանրապետությունում կենդանաբանական ուսումնասիրությունների
վերլուծությունները մեծ ծավալներով իրականացվել
են «Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի լրամշակում» ծրագրի
շրջանակներում: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում ընդգրկվել
են անողնաշար կենդանիների 155 և ողնաշարավոր կենդանիների 153 տեսակներ:
Ինչպես արդեն
նշվել է՝ լեռնային ռելիեֆը Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության հարստութան և դրա բաշխվածության որոշիչ
գործոն է հանդիսանում, որի ազդեցությունն էական է նաև ըստ բարձունքային գոտիների կենդանական
աշխարհի բաշխվածության վրա: Այդ տեսակետից հիմնական առանձնահատկություններ են՝
Կիսաանապատային
գոտի. Այստեղ ցամաքային էկոհամակարգերում
գրանցված է ողնաշարավոր կենդանիների 101 տեսակ (երկկենցաղների՝ 4, սողունների՝ 30,
թռչունների՝ 23, կաթնասունների 44) և անողնաշար կենդանիների 1687 (այդ թվում՝ փափկամարմինների
59, սարդակերպերի 97, միջատների 1531): Որոշ սողուններ բնորոշ են քսերոֆիտ բուսականությամբ
ոչ ընդարձակ անապատային տարածքներին:
Կիսաանապատներում հանդիպում են
բազմաթիվ էնդեմիկ անողնաշար տեսակներ, ներառյալ միջերկրածովային, իրանական, կովկասյան
և ղրիմյան ծագում ունեցողները: Աղուտային հալոֆիլ համակեցությունների հետ է կապված
էնդեմիկ տեսակի՝ Արարատյան որդանի (Porphirophora hamelii) գոյությունը: Մեծ հետաքրքրություն
է ներկայացնում եզակի և քիչ ուսումնասիրված Արմավիրի մարզի հարավ-արևմուտքում` Արաքս
գետի հովտում գտնվող կիսաանապատային լանդշաֆտը: Տեղանքի բնական պայմանների շնորհիվ
այստեղ պահպանվել են ֆաունայի հազվագյուտ, անհետացող և էնդեմիկ տեսակներ, որոնք այլ
լանդշաֆտներում գրեթե չեն հանդիպում: Հայաստանի Հանրապետությունում տարածված 51 տեսակի սողուններից
շատերը հանդիպում են Արարատյան դաշտում, այդ թվում՝ Արմավիրի մարզում:
Տափաստանային գոտի. Հայաստանի Հանրապետության տափաստաններին բնորոշ տեսակներից
գրանցված է ողնաշարավոր կենդանիների 96 (երկկենցաղների 4, սողունների 32, թռչունների
19, կաթնասունների 41) և անողնաշար կենդանիների 992 տեսակ (փափկամարմինների 81, սարդակերպերի
126, միջատների 785):
Անտառային գոտի. Վերջին տարիներին ճշգրտված տվյալների
համաձայն անտառներին բնորոշ տեսակներից գրանցված է ողնաշարավոր կենդանիներից 90-ը
(երկկենցաղների 6, սողունների 25, թռչունների 42, կաթնասունների 17) և անողնաշարներից
2212-ը (փափկամարմինների 95, սարդակերպերի 85, միջատների 2032): Անտառային համակարգերն
աչքի են ընկնում անողնաշար կենդանիների ամենաբարձր տեսակային բազմազանությամբ:
Մերձալպյան և ալպյան մարգագետնային գոտի. Այս գոտու ֆաունայի կազմում գրանցված է ողնաշարավոր կենդանիների
58 տեսակ (երկկենցաղների 3, սողունների 10, թռչունների 12, կաթնասունների 33) և անողնաշարների
508 (փափկամարմինների 49, սարդակերպերի 12, միջատների 447) տեսակ:
Ջրաճահճային տարածքներ. Ջրաճահճային էկոհամակարգերում
ֆաունայի ներկայացուցիչներից գրանցված է ողնաշարավոր կենդանիների 255 տեսակ (երկկենցաղների
7, սողունների 5, թռչունների 213, կաթնասունների 30), անողնաշարների 786 (փափկամարմինների
50, սարդակերպերի 12, միջատների 724): Արարատյան հարթավայրի ջրաճահճային հանդակները
բնադրավայր ու ապրելավայր են հանդիսանում թռչունների ավելի քան 200 տեսակի համար: Արմաշի
ձկնաբուծական լճերը IUCN-ի կարմիր ցուցակում ընդգրկված սպիտակագլուխ բադի և մարմարյա
մրտիմնի Հայաստանում բնադրման միակ վայրն են:
Կենսաբազմազանության կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար
Հայաստանի Հանրապետության բնակչության բարեկեցությունը մեծապես կախված է բուսական և կենդանական աշխարհի պաշարների (կենսաբանական պաշարներ) առկայությունից, որոնք երկրի համար հանդիսանում են ռազմավարական ռեսուրսներ: Այդ տեսակետից Հայաստանի Հանրապետության հարուստ կենսաբազմազանությունը,
ունենալով էկոհամակարգերի կայունությունը ապահովող բարձր հատկանիշներ, միաժամանակ հանդիսանում
է երկրի տնտեսական զարգացման նախապայմանը: Վայրի օգտակար բույսերի և կենդանիների էնդեմիկ
ցեղերի ներկայացուցիչները պայմանավորում են գուղատնտեսության այնպիսի բնագավառների
զարգացումը, ինչպիսիք են բուսաբուծությունը, անասնաբուծությունը, մեղվաբուծությունը,
ձկնաբուծությունը, թեթև և սննդարդյունաբերության որոշ կարևոր ճյուղերը: Անգնահատելի
է կենսաբազմազանության դերը էկոհամակարգերի ծառայությունների (այսուհետ՝ ԷԾ) քանակական և որակական հատկանիշների պահպանման գործում,
հատկապես՝ գենոֆոնդի պահպանության, սելեկցիայի, դեղամիջոցների ստացման և կենսատեխնոլոգիաների
միջոցով նոր նյութերի արտադրման համար: Որպես սննդամթերք օգտագործվող Հայաստանի Հանրապետության ֆլորայի և մակրոսնկերի օգտակար տեսակները
ներկայացված են հետևյալ խմբերով՝
ա. ուտվող խոտաբույսեր՝
շուրջ 200 տեսակ.
բ. վայրի պտղա-հատապտղատուներ՝ շուրջ 120 տեսակ.
գ. մեղրատու բույսեր՝
շուրջ 350 տեսակ.
դ. ուտելի սնկեր՝ 290 տեսակ:
Կենդանական աշխարհը ևս հարուստ
է սնունդ հանդիսացող կենդանիներով՝ ձկներ (Սևանի իշխան, Սևանի կողակ, Սևանի բեղլու,
կարմրախայտ, գետային կողակ, լոքո, Արաքսի ենթաբերան, ծածան, կարաս և այլն), խեցգետին,
թռչուններ (լոր, քարակաքավ, բադերի տեսակներ, վայրի աղավնի և այլն) և կաթնասունների
շատ տեսակներ (վարազ, այծյամ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն և այլն):
Անտառներից ստացվող բնափայտն օգտագործվում
է կենցաղում որպես վառելափայտ և շինանյութ: Բարձր է գնահատվում կաղնու, հաճարենու,
բոխու բնափայտը: Ընդ որում շինափայտը կազմում է տարեկան հատված փայտանյութի ընդհանուր
ծավալի 8-11 տոկոսը:
Դեղաբույսերը կազմում են երկրի
ֆլորայի տեսակային կազմի շուրջ 10 տոկոսը: Ապացուցված է, որ լեռնային շրջաններում աճող
վայրի դեղաբույսերի օգտակար հատկություններն ակնհայտորեն բարձր են: Շուրջ 15 տեսակ
օգտագործվում է զովացուցիչ և բուժիչ թեյերի պատրաստման համար, որոնք մեծ պահանջարկ
ունեն Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս: Դեղաբանական
հատկություններ ունեն երկրում աճող 122 տեսակի մակրոսնկեր: Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից դեղագործական նպատակներով օգտագործվում է ձեռնաթևավորների թռչնաղբը, գորշուկի յուղը, թունավոր օձերի (հայկական իժ, անդրկովկասյան գյուրզա) թույնը՝ էպիլեպսիայի, հեմոֆիլիայի, քաղցկեղի և բրոնխների աստմայի բուժման համար և այլն:
Կերային բույսերից հայտնի են ավելի
քան 2000 տեսակներ: Եթերայուղային բույսերը ներկայացված են շուրջ 150, իսկ ներկատու
բույսերը` մոտ 120 տեսակով: Տնտեսական նշանակություն ունեն նաև բազմաթիվ վիտամինատու,
դաբաղանյութեր պարունակող և խեժատու բույսերը:
Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերված մշակաբույսերի
վայրի ցեղակիցները (հացազգիները, պտղատու ծառերը և այլն) գենետիկական նյութի աղբյուր
են հանդիսանում: Հայաստանի Հանրապետության տարածքը պատկանում է մշակաբույսերի (փափուկ
և կարծր ցորեն, ոլոռ, ոսպ, խաղող) առաջացման Առաջավոր Ասիական կենտրոնին: Մշակաբույսերի
վայրի ցեղակիցների հարուստ գենոֆոնդը օգտագործվում է բուժիչ, երաշտադիմացկուն, ցրտադիմացկուն
և հարմարվողականության այլ հատկանիշներով օժտված նոր սորտերի ստացման համար: Գիտությանը
հայտնի ցորենի չորս վայրի տեսակներից Հայաստանի Հանրապետության տարածքում աճում է երեքը` վայրի
միահատիկը, ուրարտու միահատիկը և վայրի երկհատիկավոր արարատյանը: Հայաստանի Հանրապետության տարածքում աճում են հատիկաընդեղեն
մշակաբույսերի բազմաթիվ վայրի տեսակներ, բանջարանոցային (280 տեսակ), յուղատու, դեղատու,
համեմունքային բույսերի վայրի ազգակիցներ: Պտղահատապտղայիններից՝ աճում են մոտ 30 տեսակի
վայրի ազգակիցներ:
Կենսաբազմազանության փոփոխությունների ազդեցությունը ԷԾ-ների վրա և դրա սոցիալ-տնտեսական ու մշակութային հետևանքները
Լեռնային էկոհամակարգերը կարևոր արտադրական ռեսուրս են հանդիսանում
և բնակչությունը դարեր շարունակ օգտվում է էկոհամակարգերի կողմից տրամադրած բարիքներից ու ծառայություններից: Հայաստանի տնտեսության ճյուղերի զարգացումը` ներառյալ գյուղատնտեսության, ուղղակի կամ միջնորդավորված, լիովին կամ մասնակի կախվածություն ունի բնական էկոհամակերգերի կարգավորող, ապահովող, մշակութային, նպաստող (կամ միջավայրագոյացնող) ծառայություններից:
Ընդ որում` էկոհամակարգերի և դրանց գործառույթների թեկուզ մասնակի վերականգնումը
սովորաբար շատ ավելի թանկ է, քան դրանց պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը: Դրա ցայտուն օրինակը այն ֆինանսական ներդրումներն են, որոնք վերջի 10 տարվա ընթացքում ուղղվում են Սևանա լճի մակարդակի բարձրացման վրա, կամ Սևանա լճում ձկնային պաշարների վերականգնմանը (տարեկան միայն երկու տեսակի մանրաձկան աճեցման և լիճ վերադաձման համար պետբյուջեից տրամադրվում է 60 մլն.դրամ): Հաշվի առնելով մեր երկրում բնության
վրա մարդու ազդեցության ծավալները, ԷԾ-ների պահպանումը և վերականգնումը պետք է դառնա տնտեսական գործունեության անբաժանելի
մասը, ինչը պահանջում է տնտեսական վարքի նորմերի ու կանոնների, ինչպես նաև որոշումների կայացման փոփոխություն:
Hayacq.com
Leave a Reply