Վերջին օրերին Հայաստանի մի շարք բանկեր փոփոխել են ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման պայմանները՝ բարձրացնելով միջնորդավճարները կամ ժամանակավորապես դադարեցնելով ծառայության մատուցումը։
Բանկերի հաճախորդները ստացել են իրազեկող հաղորդագրություններ, որոնցով տեղեկացվել են փոփոխությունների բովանդակության և դրանց ուժի մեջ մտնելու ժամկետների մասին։
Հուլիսի 7-ին, օրինակ, Ինեկոբանկը հաճախորդներին տեղեկացրել է, որ ժամանակավորապես դադարեցվում է ՌԴ ռուբլով կանխիկի մուտքագրման ծառայության մատուցումը։
«ՌԴ ռուբլով կանխիկի մուտքագրման ծառայությունների մատուցումը դադարեցվում է 2026 թվականի հուլիսի 7-ից»,– նշված է բանկի տարածած հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ բանկը խնդրել է ընդունել ի գիտություն, որ « նախորդիվ ստացված՝ ՌԴ ռուբլով կանխիկ գումարի սակագնի փոփոխության վերաբերյալ ծանուցմամբ սահմանված պայմաններն այլևս չեն գործում»։
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է խնդիրը, Կենտրոնական բանկի ու Հայաստանի բանկերի միության մոտեցումները, ինչպես նաև հարևան երկրների բանկերի կողմից հայտարարված փոփոխությունները՝ ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման պայմանների և միջնորդավճարների փոփոխությունների համատեքստում։
ԿԲ․ ռուսական ռուբլու կանխիկ ընդունման սահմանափակումների վերաբերյալ որոշում չի կայացվել
Կենտրոնական բանկից FIP.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «բանկերը, ելնելով գործող կարգավորումներից, սեփական ռիսկերի գնահատումից և ռիսկերի կառավարման քաղաքականությունից, ինքնուրույն են որոշում կայացնում հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելու և որոշակի ծառայություններ (այդ թվում՝ դրամական միջոցների մուտքագրման) մատուցելու պայմանների վերաբերյալ»։
Միաժամանակ ԿԲ-ն ընդգծել է, որ «Կարգավորող մարմնի կողմից բանկերի համար կանխիկ ռուսական ռուբլու ընդունման սահմանափակումների հետ կապված որևէ որոշում չի ընդունվել և ֆինանսական կազմակերպությունների հետ որևէ հաղորդակցում չի իրականացվել․․․»։
Հայաստանի բանկերի միություն․ պատճառը Ռուսաստանում կիրառվող սահմանափակումներն են
Թեմայի վերաբերյալ պարզաբանում ենք խնդրել նաև Հայաստանի բանկերի միությունից։ Ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի» հարցման՝ միությունից հայտնել են, որ «ՀՀ առևտրային բանկերի կողմից ռուսական ռուբլով կանխիկ գործարքների սահմանափակումը պայմանավորված է Ռուսաստանում ռուսական բանկերի կողմից կանխիկ ռուբլու ընդունման սահմանափակումներով»: (Այս պարզաբանումը վերաբերում է ռուսական և հայկական բանկերի միջև ռուսական ռուբլու ընդունման և շրջանառության գործընթացին-հեղ․):
Միաժամանակ, Բանկերի միությունից նշել են, որ «սահմանափակումները վերաբերում են ՌԴ տարածքից դուրս գործող, այդ թվում՝ ԵԱՏՄ տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններին»։
Ի՞նչ են ասում հայկական բանկերը
«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողները որպես քաղաքացի հեռախոսազանգերով դիմել են հայաստանյան տարբեր բանկերի օպերատորներին՝ պարզելու ռուսական ռուբլու կանխիկի մուտքագրման գործող պայմաններն ու վերջին փոփոխությունները։
Հայէկոնոմբանկի օպերատորը տեղեկացրեց, որ հուլիսի 16-ից ուժի մեջ կմտնի ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման 10% միջնորդավճար՝ նախկինում գործող 2%-ի փոխարեն։
Կոնվերս Բանկից մեր զանգին ի պատասխան տեղեկացրին, որ այժմ բանկում գործում է 5% միջնորդավճար՝ ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման դեպքում։ Միաժամանակ նշվեց, որ գործող միջնորդավճարի չափը կարող է փոփոխվել։
IDBank-ը ևս բարձրացրել է ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրվող դրամական միջոցների համար սահմանված միջնորդավճարը։ Բանկի կողմից հաճախորդներին ուղարկված հաղորդագրության համաձայն՝ այժմ գործում է 10% միջնորդավճար՝ նախկինում գործող 3%-ի փոխարեն:
Ամերիաբանկի օպերատորը մեր զանգին ի պատասխան տեղեկացրեց, որ հուլիսից բանկը կիրառել է ռուսական ռուբլու մուտքագրման նոր՝ ավելի բարձր միջնորդավճարներ։ Մասնավորապես, մինչ այդ գործող 1.5% միջնորդավճարի փոխարեն սահմանվել է 5% միջնորդավճար։
Թեմայի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմել ենք նաև Ամերիաբանկին՝ խնդրելով պարզաբանել ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման պայմանների փոփոխությունների պատճառները։ Ի պատասխան մեր հարցման՝ բանկից հայտնել են, որ «բանկի կողմից մատուցվող ծառայությունների սակագները սահմանվում են բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ շուկայական պայմանների և ծառայությունների մատուցման ծախսերի համադրությամբ»։
Ռուսական РБК-ն՝ ԵԱՏՄ երկրների բանկերում ռուբլու ավելցուկի մասին
Ավելի վաղ հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ, (1, 2, 3) հղում անելով ռուսական «ՌԲԿ» (РБК) պարբերականին, գրել էին, որ ԵԱՏՄ երկրների վարկային կազմակերպությունները սկսել են սահմանափակել կամ էականորեն թանկացնել բանկային հաշիվներին կանխիկ ռուսական ռուբլու մուտքագրման պայմանները։
«ԵԱՏՄ երկրների բանկերը բախվել են ռուսական ռուբլու ավելցուկի խնդրին, որը դժվար է օգտագործել հաշվարկներում և որի սպասարկումը թանկ է։ Արդյունքում բանկերը մեկը մյուսի հետևից սկսել են սահմանել միջնորդավճարներ և սահմանափակումներ՝ կանխիկ ռուբլու հաշվին մուտքագրման համար»,– նշված է «ՌԲԿ» (РБК) պարբերականի 2026 թվականի հուլիսի 1-ի հոդվածում։
Ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել ԵԱՏՄ երկրների բանկերում
ԵԱՏՄ անդամ երկրների մի շարք բանկերի պաշտոնական հայտարարությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր երկրներում իսկապես ներդրվել են ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման հետ կապված տարբեր սահմանափակումներ և նոր միջնորդավճարներ։
Օրինակ՝ Բելառուսի «Ալֆա Բանկը» պաշտոնական կայքում հայտնել է, որ «Հուլիսի 14-ից ուժի մեջ կմտնեն սակագների ցանկի փոփոխությունները։ Կսահմանվի վճար՝ ոչ ռեզիդենտ հաճախորդից բանկի դրամարկղի միջոցով կանխիկ ռուսական ռուբլու ընդունման և այն բանկում բացված ընթացիկ հաշվին մուտքագրելու համար։ Սակագինը կկազմի հաճախորդի հաշվին մուտքագրված գումարի 5%-ը»։ Միաժամանակ բանկը սահմանել է նաև մի շարք բացառություններ։
Ղրղզստանի «ԷկոԻսլամիկԲանկն» էլ տեղեկացրել է, որ 2026 թվականի հունիսի 19-ից կանխիկ ռուսական ռուբլու ընդունման համար սահմանվել է 5% միջնորդավճար, եթե այն մուտքագրվում է դրամական փոխանցումների համակարգերով կամ SWIFT համակարգով փոխանցումներ իրականացնելու նպատակով։
Ղազախստանի Bank CenterCredit-ը հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 16-ից գործում են նոր սակագներ ֆիզիկական անձանց ռուբլով ընթացիկ և խնայողական հաշիվների համար իրականացվող կանխիկ գործարքների մասով։
Մասնավորապես, կանխիկ ռուսական ռուբլու մուտքագրումը հաշվին, այդ թվում՝ բանկոմատների միջոցով, իրականացվելու է 5% միջնորդավճարով։
Ի՞նչ են ցույց տալիս ԿԲ-ի տվյալները ռուսական ռուբլով փոխանցումների վերաբերյալ
Թեև հայկական և արտասահմանյան բանկերի կողմից հայտարարված փոփոխությունները վերաբերում են հիմնականում կանխիկ ռուսական ռուբլու մուտքագրմանը, թեմայի շուրջ տեղական և միջազգային քննարկումների համատեքստում ուսումնասիրել ենք նաև ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրությունը՝ հասկանալու համար, թե ինչ դինամիկա են ունեցել ռուսական ռուբլով իրականացված դրամական փոխանցումները։
ՀՀ Կենտրոնական բանկի «ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք եղած փոխանցումները՝ ըստ արժույթների» վիճակագրության համաձայն՝ ռուսական ռուբլով իրականացված փոխանցումների ծավալը ԱՄՆ դոլարի համարժեքով 2026 թվականի հունվարին կազմել է 338.5 մլն ԱՄՆ դոլար, փետրվարին՝ 281.8 մլն ԱՄՆ դոլար, մարտին՝ 303.1 մլն ԱՄՆ դոլար, ապրիլին՝ 366.8 մլն ԱՄՆ դոլար, իսկ մայիսին՝ 528.6 մլն ԱՄՆ դոլար՝ դիտարկվող ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշը։
Միաժամանակ, հարկ է ընդգծել, որ այս վիճակագրությունը վերաբերում է արտերկրից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներին և առանձին չի արտացոլում կանխիկ ռուսական ռուբլու մուտքագրումների ծավալը։
Ինչ վերաբերում է ՀՀ բանկեր կանխիկ ռուսական ռուբլու ներհոսքի աճի մասին հարցին, ԿԲ-ից տեղեկացնում են, որ այդ մասով պաշտոնական վիճակագրություն առկա չէ:
Այսպիսով, ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման պայմանների փոփոխություններ արձանագրվել են ոչ միայն Հայաստանում, այլև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի մի շարք բանկերում։ Հայաստանի բանկերի միությունն այդ փոփոխությունները պայմանավորում է Ռուսաստանում ռուսական բանկերի կողմից ռուբլու ընդունման սահմանափակումներով։ Միաժամանակ, հանրային քննարկումներում շրջանառվում է նաև այն վարկածը, որ փոփոխությունները կարող են կապված լինել հայկական բանկերում կանխիկ ռուսական ռուբլու հոսքերի աճի հետ, սակայն այդ պնդումը հաստատող կամ հերքող պաշտոնական վիճակագրություն Հայաստանում առկա չէ։
Եվ թեև ԿԲ-ի հրապարակած վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին ամիսներին աճել է արտերկրից ՀՀ բանկեր ռուսական ռուբլով իրականացված դրամական փոխանցումների ծավալը, այդ տվյալները չեն վերաբերում կանխիկ ռուսական ռուբլու մուտքագրումներին և բավարար չեն վերոնշյալ վարկածը հաստատելու համար։
Գայանե Մարկոսյան


Leave a Reply