Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ

Written by

in

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել կարգալույծ նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) դեմ։

Հայցադիմումի համաձայն՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող և զրպարտություն համարվող փաստացի տվյալները։

Խոսքը 2026 թվականի սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում Ստեփան Ասատրյանի հնչեցրած հայտարարությունների մասին է։

Հայցվորը պահանջում է, որ պատասխանողը հերքումը հրապարակի նույն լրատվամիջոցով՝ նշելով, որ հաղորդման ընթացքում իր հնչեցրած տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը, և ինքը զրպարտել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Եթե նույն լրատվամիջոցով հերքման հրապարակումն անհնար լինի, հայցվորը պահանջում է այն հրապարակել Հայաստանում գործող առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում։

Բացի այդ, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը պահանջում է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 999 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև փոխհատուցել նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Գործը կքննվի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատավորն է Հովհաննես Մելքոնյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *