Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին կառավարությունում հյուրընկալելիս ասել է, որ COP-17-ն ամենամեծ միջոցառումն է, որ երբեւէ կազմակերպվել է Հայաստանում, իսկ Գուտերեշը երկրորդ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է, որ այցելում է Հայաստան:
Կառավարությունից հայտնել են, որ Անտոնիու Գուտերեշը Հայաստան է ժամանել Երեւանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կարեւորել է վերջին 8 տարիներին համատեղ աշխատանքը եւ նշել, որ այդ ընթացքում շատ բաներ են տեղի ունեցել տարածաշրջանում եւ աշխարհում։ Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի դերի մասին թեման բոլոր տեսակի քննարկումների կենտրոնում է եղել, միջազգային ասպարեզում անընդհատ քննարկվել է բազմակողմանիության կարեւորությունը։
«Թվում է, թե շատ միջազգային խաղացողներ շատ են ցանկանում տեսնել այդ բազմակողմանիությունը՝ լավ հասկանալով ՄԱԿ-ի դերը։ Բայց ցավոք, շատ տեղերում մենք տեսնում ենք միակողմանիություն, եւ աշխարհում իրավիճակը գնալով բարդանում է։
Բայց բարեբախտաբար, մեր տարածաշրջանում, շատ դժվար իրադարձությունների միջով անցնելուց հետո, մենք ի վիճակի ենք եղել փոխել իրավիճակը, եւ հիմա մեր գլխավոր նպատակն է հասնել վերջնական կետին։ Ես նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը։ Այն մեր հիմնական նպատակն է, եւ մենք պետք է կենտրոնանանք դրա վրա, որովհետեւ դա իրականացնելը հեշտ չէ, բայց մյուս կողմից մենք պետք է լինենք հնարավորինս կենտրոնացած այդ նպատակի վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Իր հերթին Անտոնիու Գուտերեշը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության եւ COP 17 համաժողովի լավագույնս կազմակերպման համար։
«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանին, որովհետեւ այս համաժողովը չափազանց լավ է կազմակերպվել։ Իմ գործընկերները պատմում են, որ բանակցություններում համատեղ հայտարարության կամ համաձայնության հասնելը միշտ դժվար է։ Հայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն` գործելով հրաշքներ, միավորելով տարբեր կարծիքներ եւ տեսակետեր։ Այն բոլոր ոլորտներում, որտեղ COP-ը աշխատում է՝ կենսաբազմազանություն, կլիմա, իսկապես հայկական ղեկավարության ու դիվանագիտության որակը աչքի է ընկնում»,– ասել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը։ Միաժամանակ, Անտոնիու Գուտերեշը կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը եւ այդ գործում ընդգծել վարչապետ Փաշինյանի անձնական ներդրումը։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային գործընթացներին, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացման ընթացքին։
Leave a Reply