2026թ. հոկտեմբերի 14-ին IDBank-ը եւ Մեդիամաքսը անակնկալ են մատուցել բանկի «Բաղրամյան» մասնաճյուղի այցելուներին:
IDBank-ի 35-ամյակի միջոցառումների շրջանակում նրանք նվեր էին ստանում Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի վերջերս լույս տեսած «Բաղրամյանով վերեւ-ներքեւ» գիրքը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հեղինակը ներկա էր միջոցառմանը եւ մակագրում էր գիրքը:
«Քանի որ այցելուների մեծ մասը ապրում են Բաղրամյան պողոտայում կամ դրա հարեւանությամբ, հուսով եմ, որ գիրքը հետաքրքիր կլինի նրանց համար: Ես ներկայացրել եմ Բաղրամյանի հետ կապված իմ հիշողությունները եւ պատմությունները, որոնք գուցե հոգեհարազատ լինեն նրանց համար», – ասել է Արա Թադեւոսյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Բաղրամյանով վերեւ-ներքեւ» գրքում հեղինակը պատմում է, որ եթե 1994 թվականի նոյեմբերին չայցելեր Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում տեղակայված մի գրասենյակ, նույն թվականի դեկտեմբերին Մոսկվա չէր մեկնի եւ «Մոսկովսկիե նովոստի» թերթի հայաստանյան թղթակիցը չէր դառնա:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Այսօրվա միջոցառման վայրը եւս խորհրդանշական է. 1995 թվականին հենց այս բանկային մասնաճյուղից էի ստանում «Մոսկովսկիե նովոստի»-ի կողմից փոխանցվող հոնորարները», – հիշել է Արա Թադեւոսյանը:
Սա IDBank-ի, Իդրամի եւ Մեդիամաքսի առաջին «գրքային համագործակցությունը» չէ:
2026 թվականի փետրվարին՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ, Իդրամի տրամադրած օժանդակության շնորհիվ Մեդիամաքսը «Հայորդի» հիմնադրամին էր փոխանցել բրիտանացի լրագրող Գաբրիել Գեւինի «Մեր հայրերի մոխիրը» գրքի 100 օրինակ՝ շահառուներին նվիրելու համար:
2020 թվականին էլ IDBank-ը հանդիսացել էր Արա Թադեւոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի գործընկերը:
«Բաղրամյանով վերեւ-ներքեւ» գիրքը կարելի է ձեռք բերել «Բուկինիստ», «Զանգակ», «Էպիգրաֆ» ցանցերի գրախանութներում եւ Գրողների միության հարեւանությամբ (Բաղրամյան 3) գործող գրքերի կրպակում, ինչպես նաեւ առցանց՝ այս հղումով. https://premium.mediamax.am/am/books/baghramyan
Leave a Reply