«ՏաԹեւեր»-ը հավակնում է 5-րդ անգամ ստանալ World Travel Awards մրցանակը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 16-ին «ՏաԹեւեր» ճոպանուղին նշելու է գործարկման 16-ամյակը։

«ՏաԹեւեր»-ը հինգերորդ անգամ առաջադրվել է World Travel Awards միջազգային մրցանակի՝ World’s Leading Cable Car Ride՝ «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում։

 

Նախորդ չորս առաջադրումներն ավարտվել են հաղթանակով․ «ՏաԹեւեր»-ը World Travel Awards-ի մրցանակին արժանացել է 2021, 2023, 2024 եւ 2025 թվականներին։ 

 

2026 թվականին «ՏաԹեւեր»-ը մրցակցում է Բրազիլիայի, Վիետնամի, Նոր Զելանդիայի եւ ՀԱՀ-ի ճոպանուղիների հետ։

 

Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնած «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում ստեղծված ճոպանուղին գործարկվել է 2010 թվականին եւ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաերկար՝ 5752 մետր երկարությամբ հետադարձելի ճոպանուղի։ 16 տարի անց այն շարունակում է Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից այցելուներին հասցնել Տաթեւ՝ դեպի Հայաստանի կարեւորագույն պատմամշակութային կենտրոններից Տաթեւի վանական համալիր։

 

16 տարվա ընթացքում նախագիծը զգալի ազդեցություն է ունեցել նաեւ տարածաշրջանի զբոսաշրջային զարգացման վրա․ Սյունիքում զբոսաշրջային հոսքն աճել է 17 անգամ, մասնավոր ներդրումների ծավալը՝ 11 անգամ, իսկ Տաթեւում, Գորիսում եւ հարակից համայնքներում բացվել է շուրջ 40 նոր հյուրատուն։ Ճոպանուղու գործարկումից ի վեր «ՏաԹեւեր»-ից օգտվել է շուրջ 1,6 միլիոն ուղեւոր։

 

Հայաստանի բնակիչներն ու արտասահմանցի այցելուները կարող են միանալ «ՏաԹեւեր»-ին եւ աջակցել նախագծին՝ օգնելով այն հասցնել հինգերորդ հաղթանակին։

 

Քվեարկելու համար անհրաժեշտ է՝

 

•    անցնել մրցանակաբաշխության պաշտոնական կայքի հղումով,

•    գրանցվել էլեկտրոնային փոստով,

•    հաստատել ստացված էլ. հաղորդագրությունը,

•    սեղմել Start Voting կոճակը,

•    ընտրել World բաժինը,

•    ընտրել 63-րդ տողը՝ World’s Leading Cable Car Ride 2026,

•    քվեարկել Wings of Tatev, Armenia-ի օգտին։

 

Քվեարկությունը կշարունակվի մինչեւ 2026 թ. հոկտեմբերի 30-ը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *